ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՄԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2025-2027 թվականների գործողությունների ազգային երրորդ ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 2-ի N 803-Լ որոշումով ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի ժամկետը լրացել է և անհրաժեշտություն է առաջացել նախապատրաստելու գործողությունների նոր Ծրագիր, ինչը հնարավորություն կտա շարունակել աշխատանքները կանայք, խաղաղություն և անվտանգություն ՄԱԿ-ի օրակարգի դրույթների իրականացման ուղղությամբ, Հայաստանը ներգրավելով այս թեմայով միջազգային համագործակցության տարբեր հարթակներում տարվող աշխատանքներում:
Ծրագիրը լավագույնս համադրում է ՀՀ ներքին խնդիրներն ու արտաքին առաջնահերթությունները:
Ծրագրի մշակումն ու իրականացումը բխում է նաև Հայաստանին տրված միջազգային հանձնարարականների իրականացման անհրաժեշտությունից: Այսպես, ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի դրույթների համաձայն ազգային ծրագիր մշակելու վերաբերյալ Հայաստանին տրվել են հանձնարարականներ ՄԱԿ-ի երկու կարևոր մոնիտորինգային մարմինների կողմից՝ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի և ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակում:
Այս պահին ՄԱԿ անդամ 113 երկիր ունեն «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» գործողությունների ազգային ծրագրեր:
ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի իրականացումը անվտանգային խնդիրներին անդրադառնալու և դրանց լուծումներ առաջարկելու հնարավորություն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՄԱԿ ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2025-2027 թվականների գործողությունների ազգային երրորդ ծրագրի իրականացման աշխատանքները նախաձեռնվել են հասարակական կազմակերպությունների կողմից: Հարթակը բաց է եղել շահագրգիռ բոլոր կազմակերպությունների համար: Արտաքին գործերի նախարարությունը համակարգելով աշխատանքները, ապահովել է դրանց բաց, թափանցիկ և մասնակցային ընթացքը:
«Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգը ՀՀ ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, քանի որ անդրադառնում է ՀՀ համար կարևորություն ունեցող մի շարք խնդիրներին, որոնցից առաջնայինը կանանց համար անվտանգ միջավայրի ապահովումն է, բռնի տեղահանված և սահմանամերձ գոտիներում բնակվող կանանց իրավունքների ապահովումն է, կայուն խաղաղության ապահովման գործընթացում կանանց ներգրավումն է:
Ելնելով նրանից, որ նախորդ երկու Ծրագրերը միջազգային գործընկերների կողմից դրական արձագանքի են արժանացել, նպատակահարմար ենք համարում շարունակել այս գործընթացը՝ հատկապես ՀՀ առջև ծառացած նոր անվտանգային մարտահրավերները հաշվի առնելով: Նոր Ծրագիրը, հաշվի առնելով նախորդ Ծրագրի ձեռքբերումներն ու քաղած դասերը, առաջարկում է համապարփակ մոտեցումներ և լուծումներ անվտանգային մի շարք խնդիրների հաղթահարման համար:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը բավականին առաջընթաց է գրանցել որոշումներ կայացնող օղակներում, այդ թվում ուժային կառույցներում կանանց ներգրավվածությունն ապահովելու առումով, այնուամենայնիվ դեռ ջանքեր պետք է գործադրվեն կանանց և տղամարդկանց ընդգրկման հավասար ցուցանիշներ ապահովելու ուղղությամբ:
Գործողությունների ազգային երրորդ ծրագիրը կարևորում է պետական կառավարման մարմիններում, այդ թվում՝ ուժային կառույցների որոշում կայացնող օղակներում, քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածության ու ակտիվ մասնակցության ապահովմանն ուղղված ՀՀ ջանքերը: Ծրագիրը ընդգրկում է երեք տարվա ժամանակահատված: Առաջարկվող Ծրագիրը՝ հիմնվելով մասնակցություն, պաշտպանություն, կանխարգելում, օժանդակություն, արձագանք և վերականգնում 1325 բանաձևի չորս հիմնական սյուների վրա, 2025-2027թթ. համար առաջարկում է նաև «համագործակցություն» առանձին ուղղությունը, ինչը հնարավորություն կտա Ծրագրի իրականացման աշխատանքներում լայնորեն ներգրավվել միջազգային տարբեր կառույցների, դոնոր-երկրների, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը: Գործողությունների ազգային ծրագրի (այսուհետ՝ ԳԱԾ) զգալի բարելավումը հզոր մոնիթորինգի բաժնի ներդրումն է, որը ներառում է արդյունքների ցուցանիշները մանրամասնող համապարփակ տեղեկատվություն:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը
ԳԱԾ-ի պաշտպանության քաղաքականությունը վերաբերում է ինչպես հրատապ անվտանգային խնդիրներին, այնպես էլ կանանց երկարաժամկետ առաջխաղացմանը: Այս քաղաքականությունը ներառում է համապարփակ իրավական շրջանակ, անվտանգային բարեփոխումներ և ապահովում է ծառայություններ հակամարտությունից տուժածներին, հաշվի առնելով գենդերային բաղադրիչը: Թե՛ գենդերային զգայուն անվտանգային բարեփոխումները, և թե՛ համայնքակենտրոն մոտեցումները՝ նպատակ ունեն ապահովելու տևական խաղաղություն և անվտանգություն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Գործողությունների ազգային ծրագրի նախագծի մշակման աշխատանքները համակարգվել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից՝ հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ:
Գործողությունների ծրագրի մշակումն իրականացվել է պետություն և հասարակական կազմակերպություններ փոխգործակցության արդյունքում՝ մասնակցային սկզբունքով` ներգրավվելով ոլորտի տարբեր շահառուների: Մասնավորապես, Ծրագրի մշակմանը մասնակցել են հետևյալ պետական կառույցների ներկայացուցիչները՝ ՀՀ պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի, ներքին գործերի, արդարադատության, առողջապահության, էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի, ազգային անվտանգության ծառայության, սփյուռքի հանձնակատարի գրասենյակից:
Գործողությունների ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, պետական այլ գերատեսչությունների և կառույցների, միջազգային և տեղական գործընկերների կողմից ներկայացված առաջարկները, հանրային քննարկումների արդյունքները։ Երրորդ ծրագրի աշխատանքներին մասնակցություն են ունեցել տասնյակ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Դեմոկրատիան այսօր», «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ները և «ՕքսԵՋեն» հիմնադրամը: Տեղի են ունեցել Ծրագրի բաց քննարկումներ քաղ.հասարակության և միջազգային կառույցների մասնակցությամբ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծն արտահայտում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության նպատակները, և առաջին հերթին ՀՀ-ում կանանց ներուժի օգտագործման խնդիրը:
Ծրագիրը բխում է նաև ՀՀ կառավարության՝ 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ ընդունված 2021-2026թթ. ծրագրի ընդհանուր նպատակներից, այդ թվում անվտանգության ապահովման, իրավունքների պաշտպանության և հումանիտար հարցերի լուծմանն ուղղված գործողությունների առումով: Այն նպատակ ունի խորացնելու ՀՀ համագործակցությունը ՄԱԿ-ի հետ՝ խաղաղության, անվտանգության, խոցելի բնակչության իրավունքների ամրապնդմանն ուղղված հարցերում՝ օգտագործելով կազմակերպության փորձն ու ներուժը:
Հիմնվելով ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի վրա, ԳԱԾ-ն արտացոլում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի կարևոր ուղղություններից մեկը՝ զանգվածային ոճրագործությունների դեմ պայքարը և այս համատեքստում մեծ կարևորություն է տալիս կանանց և աղջիկների դերակատարությանը ցեղասպանությունների կանխարգելման գործում:
Բացի այդ, Ծրագիրը համահունչ է կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության հարցերով Հայաստանի այլ ռազմավարությունների հետ՝ հաշվի առնելով նաև Հայաստանի կողմից կանանց իրավունքների և գենդերային հավասարության հարցերով ստանձնած միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի, 2030 կայուն զարգացման նպատակների, Համընդհանուր պարբերական դիտարկման գործընթացի շրջանակում:
5․ Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Ծրագիրը պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում: Առաջարկվող գործողությունները ֆինանսավորվելու են նախարարությունների ընթացիկ բյուջեների հաշվին: