Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (14.04.2025թ. ՀՕ-73-Ն), որով սահմանված է, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից ապահովվելու է վարձու աշխատողներին՝ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակումը, հաշվարկումը և ՀՀ պետական բյուջեի հաշվին վճարվող նպաստների գումարների վճարումը։
Այս նպատակով, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմամբ հնարավորություն է տրվում նպաստի համար անհրաժեշտ տեղեկատվության (այդ թվում՝ ՊԵԿ-ի բազայից) ինքնաշխատ փոխանակման միջոցով նպաստների նշանակման գործընթացը իրականացնել պետական մարմնի միջոցով։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․ Գործող օրենսդրության շրջանակներում վարձու աշխատող հանդիսացող անձի թե՛ մայրության նպաստը, թե՛ ժամանակավոր անաշխատունակության նպաստը նշանակում հաշվարկում և վճարում է գործատուն, որը որպես հարկային գործակալ՝ նպաստների և դրանցից հաշվարկված (պահված) եկամտային հարկի գումարներն արտացոլում է հարկային մարմին ներկայացվող՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում։
Քանի որ, գործատուների վարձու աշխատողների նպաստները վճարվելու են Միասնական սոցիալական ծառայության կողմից, ուստի այդ աշխատողներին վճարված նպաստների և դրանցից հաշվարկված (պահված) եկամտային հարկի վերաբերյալ Միասնական սոցիալական ծառայությունը միայն ամփոփ տվյալներ կարող է ներառել եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկներում։ Այսինքն՝ Միասնական սոցիալական ծառայությունը, տվյալ դեպքում չի հանդիսանում գործատու և գործատուների վարձու աշխատողներին վճարված նպաստների և դրանցից հաշվարկված (պահված) եկամտային հարկի վերաբերյալ եկամտային հարկի և սոցիալական վճարների ամսական հաշվարկներում անհատական տվյալներ չի կարող ներառել։
- Առկա խնդրի առաջարկվող լուծումը․ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի (14.04.2025թ. ՀՕ-73-Ն) ընդունմամբ պայմանավորված, առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ՝ նախատեսելով, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից վարձու աշխատողներին ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստ նշանակելուց հետո համապատասխան տեղեկատվություն (այդ թվում՝ հաշվարկված եկամտային հարկի վերաբերյալ) է տրամադրվում հարկային մարմնին, ինչպես որ գործող օրենսդրությամբ նախատեսված է անհատ ձեռնարկատերերին և նոտարներին նպաստ նշանակելու դեպքերի համար։
- Կարգավորման առարկան․ Նախագծով առաջարկվում է, որ Միասնական սոցիալական ծառայությունը վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստ նշանակելուց (հաշվարկելուց, վերահաշվարկելուց) հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնին է տրամադրում, մասնավորապես, գործատուների վարձու աշխատողներին վճարված նպաստների և դրանցից պահված (հաշվարկված) և վճարված եկամտային հարկի չափի վերաբերյալ անհատական տվյալներ, որոնք մուտքագրվում են վարձու աշխատողի անհատական հաշիվ։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը․ Նախագիծն ընդունվելու դեպքում կնախատեսվի իրավական կարգավորում՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից վարձու աշխատողներին վճարված նպաստների և դրանցից հաշվարկված (պահված) և վճարված եկամտային հարկի վերաբերյալ հարկային մարմին անհատական տեղեկություններ ներկայացնելու համար։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․ նախագծի ընդունումը բխում ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունից բխող միջոցառումների» 1.1.9. (նպաստների գծով տեղեկատվության փոխանակման ինքնաշխատ համակարգի ներդրում) կետից։
-
Քննարկվել է
01.07.2025 - 16.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 998
Տպել