ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն (այսուհետ՝ Կազմակերպություն) իր կանոնադրական գործառույթների շրջանակներում յուրաքանչյուր տարի իրականացնում է ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1544-Լ (այսուհետ՝ Պատվաստում) և ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Հայաստանի հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 818-Լ որոշումներով հաստատված պետական պատվերի ծրագրերը՝ (այսուհետ՝ Համարակալում) Կազմակերպության համապատասխան ստորաբաժանման անասնաբույժ-մասնագիտների և բնակավայրերում միջոցառումներ իրականացնող անասնաբույժների միջոցով։
Պատվաստում ծրագրի շրջանակներում ներառված հիվանդությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 30–ի «Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1081–Ն որոշմամբ հաստատված հավելվածի ցանկով կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություններ են, որոնց նկատմամբ իրականացվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ՝ ապահովելով կայուն անասնահամաճարակային իրավիճակ։
Պատվաստում ծրագրի շրջանակներում իրականացվում են․ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ, խոշոր եղջերավոր կենդանիների լեյկոզ հիվանդությունների նկատմամբ արյունառում, տուբերկուլյոզ և ձիերի խլնախտ հիվանդությունների նկատմամբ ախտորոշիչ հետազոտություն, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և ձիերի սիբիրախտ, խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալար և հանգուցավոր մաշկաբորբ, մանր եղջերավոր կենդանիների ծաղիկ, հիվանդությունների նկատմամբ կախարգելիչ միջոցառումներ՝ պատվաստումներ։
Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի N 1599-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1698-Ն որոշման N N 1 և 2 հավելվածների համաձայն անասնաբուժության բնագավառում անասնաբույժների միջոցով իրականացվող աշխատանքները համարվում են ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ։
Ուստի, սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է անասնաբույժ մասնագետների կողմից իրականացվող առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ իրականացնելու առանձնահատկություններից։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Անասնաբույժների կողմից բազմիցս բարձրացված խնդիրները վերաբերում են ցածր աշխատավարձներին, որը հնարավորություն չի տալիս հոգալ և ընտանիքի կարիքները և պատշաճ բժշկական ծառայություններից օգտվելու և հանգիսը կազմակերպելու համար։
Կազմակերպության համապատասխան ստորոբաժանման անասնաբույժ-մասնագիտները և բնակավայրերում միջոցառումներ իրականացնող անասնաբույժներն անմիջական շփում ունեն պատվատանյութերի հետ, որոնք պարունակում են ապաակտիվացված կենդանի շտամներ՝ հարուցիչներ, ինչպես նաև հիվանդությունների հետ, օրինակ բրուցելոզի հարուցչի հետ, վարակվում են բրուցելոզ հիվանդությամբ՝ արյունառում կամ պատվաստում իրականացնելիս կամ Համարակալում ծրագրի շրջանակներում միջոցառում իրականացնելիս, ինչպես նաև քիչ չեն տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստանալու դեպքերը՝ ծրագրերի շրջանակներում միջոցառումներ իրականացնելիս։
Այսպիսով, հատկանշական է այն փաստը, որ անասնաբույժներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում գրեթե ամեն օր առնչվում են մի շարք ռիսկերի հետ՝
- պատվատանյութերի հետ աշխատելիս,
- կենդանիներից վտանգավոր վարակիչ հիվանդություններով (բրուցելյոզ, տուբերկուլյոզ, լեյկոզ, սիբիրախտ, կատաղություն, խլնախտ և այլն) վարակվելու վտանգ,
- ստանալով տարբեր վնասվածքներ վտանգում են իրենց առողջությունը, իսկ որոշ դեպքերում վնասվածքները կարող են կյանքի հետ լինել անհամատեղելի։
Կազմակերպության անասնաբույժները հիմնականում երիտասարդ մասնագետներ են և մասնագիտական գործունեության իրականացման գրավչությունը գրեթե բացակայում է, քանի որ երիտասարդ անասնաբույժ մասնագետները միայն ցածր աշխատավարձով չեն կարող, թեկուզ, տարին մեկ անգամ օգտվել բուժզննության ծառայությունից և կազմակերպել հանգիստը հանրապետության որևէ հանգստյան տնում, իսկ Պատվաստում և Համարակալում ծրագրերի շրջանակներում միջոցառումներ իրականացնող անասնաբույժ մասնագետների միջին տարիքային շեմը 60 տարեկան և ավելի է, ինչը վկայում է այն փաստը, որ անասնաբուժությունը՝ մասնավորապես բնակավայրերում Պատվաստում և Համարակալում ծրագրեր իրականացնող անասնաբույժները մոտիվացիա և գրավչություն չունեն, քանի որ անասնաբուժական ծառայության մատուցման համար ստացած վճարը չի բավարարում ամենամյա բուժզննում կամ արձակուրդը հանգստյան տներում կազմակերպելու համար։ Բնակավայրերում Պատվաստում ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ իրականացնող անասնաբույժների թվաքանակը տարեցտարի նվազում է և մասնագիտական սերնդափոխությունը չի ապահովում։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի կարգավորման նպատակն է՝
- անասնաբույժների առողջապահական և սոցիալական կարիքների բավարարումը,
- մասնագիտական մոտիվացիան և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումը,
- անասնաբուժության գրավչության բարձրացումը,
- պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման համար մասնագետների համալրում երիտասարդ մասնագետներով,
- առողջ ապրելակերպի ձևավորումը:
Այս համատեքստում հարկ է նշել, որ Պատվաստում ծրագիրը հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն, այն առումով, որ միջոցառումների ժամանակին և պատշաճ իրականացումը նպատակ ունի կանխարգելելու կենդանիների, կենդանիներից մարդուն փոխանցվող հիվանդությունների բռնկումը և տարածումը, ապահովելու ազգաբնակչությանը անվտանգ և որակյալ կենդանական ծագման մթերքով, խթանել կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի արտահանումը և ներմուծումը, ինչպես նաև կանխել կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցումը հանրապետություն։
Միաժամանակ սույն նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է միջազգային առաջադեմ փորձը։
Ուստի, խիստ կարևորվում է Կազմակերպության համապատասխան ստորոբաժանման անասնաբույժ-մասնագիտներին և բնակավայրերում միջոցառումներ իրականացնող անասնաբույժներին ապահովել սոցփաթեթի շահառու դառնալու հնարավորությունը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ
Սույն նախագիծն անուղղակի բխում է ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը․ գյուղատնտեսություն բաժնից։
Սույն նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով անասնաբույժների համար համապատասխան սոցիալական փաթեթի շահառու դառնալու հնարավորությունը, որը լրացուցիչ գործիք կհանդիսանան անասնաբուժություն մասնագիտության մոտիվացման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման համար:
6․ Ֆինանսական բաղադրիչը
Սույն նախագծով առաջարկվող կարգավորման շրջանակը ներառում է Կազմակերպության համապատասխան ստորոբաժանման անասնաբույժ-մասնագիտների և բնակավայրերում միջոցառումներ իրականացնող անասնաբույժների թվով 550 անասնաբույժ, որը սոցփաթեթի շահառուին փոխանցման ենթակա ընդհանուր գումարը տվյալ բյուջետային տարում կկազմի 550 × 72 000 = 39 600 000 դրամ և ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 17-ի Սոցիալական փաթեթի շահառուների, ինչպես նաև պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգը, նրանց` պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթը հաստատելու մասին N 375-Ն որոշմամբ հաստատված կարգով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից օգտվելու համար՝ շուրջ 60 000 դրամ, որ կկազմի 550 × 60 000 = 33 000 000 դրամ։
Այսպիսով, 550 անասնաբույժների համար սոցփաթեթի շահառու դառնալու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն՝ 72 600 000 դրամ։
7․ Ակնկալվող արդյունքը
Ամբողջ աշխարհում անասնաբույժ մասնագետների դերը սննդամթերքի անվտանգության, պարենի ապահովման, կենդանական ծագման մթերքի և հումքի արտահանման և ներմուծման գործընթացներում առաջանային է, քանի որ վարակիչ հիվանդությունների մարտահրավերների դեմ անասնաբույժն այն մասնագետն է ով առաջինն է պայքարում և կանխարգելում հիվանդությունն՝ ապահովելով կայուն անասնահամաճարակային իրավիճակ և անվտանգ սննդամթերք։
Ուստի, սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը մի գործիք է, որի դեպքում ակնկալվում է ներառել 550 անասնաբույժներին սոցիալական փաթեթի շրջանակներում, դրանով իսկ բավարարել առողջապահական և սոցիալական կարիքները, բարձրացնել մասնագիտական մոտիվացիան՝ ապահովելով մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումը, նպաստել կադրերի սերնդափոխությանը՝ երիտասարդ անասնաբույժներով։
-
Քննարկվել է
23.06.2025 - 09.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1792
Տպել