ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ (ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության որոշման նախագծի
1․ Անհրաժեշտությունը
Նախագիծն ընդունվում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:
Նախագծի ընդունումը կնպաստի մարզային առողջապահական համակարգի տարածքային համաչափ զարգացմանը:
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում առկա են բժշկական կադրային ներուժի պատրաստման, նրանց օպտիմալ և տարածքային համաչափ բաշխման խնդիրներ:
Առողջապահության նախարարությունը փորձում է տարաբնույթ ծրագրերով լրացնել այդ բացը` համագործակցելով մարզային իշխանությունների հետ:
Մարզերի կադրային պահանջարկի համալրման հիմնական մեխանիզմներից մեկն է նաև պետական պատվերի շրջանում կլինիկական օրդինատուրան ավարտած մասնագետների պարտադիր նշանակման պրակտիկան:
ՀՀ առողջապահության նախարարությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակը և ակնկալվող կադրային պահանջարկը, մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու, Երևանի՝ կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:
Համաձայն Առողջապահության նախարարությունից ստացած տեղեկատվության՝ նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի շահառուների մեծ մասը (շուրջ 96%-ը) ավարտելուց հետո գորրծուղվել են համապատասխան առողջապահական կազմակերպություններ: Աշխատանքից հրաժարվել են շուրջ 4 %-ը, ովքեր համաձայն պայմանգրի պարտավորվել են համապատասխան վճարումներ կատարել պետական բյուջե: Աշխատանքից հրաժարվելու հիմնական պատճառներն են աշխատանքի այլ առաջարկը, երկրից դուրս գնալը կամ անձնական խնդիրները:
Անկախ կրթական աստիճանից (բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագիր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) ընդունելության գործընթացի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում վերաբաշխել թափուր մնացած տեղերը, ընդ որում վերաբաշխումն անհրաժեշտ է իրականացնել մրցույթի հիմնական փուլի ավարտից հետո այնպիսի ժամկետում, որ մրցույթի հիմնական փուլի և թափուր տեղերի մրցույթի արդյունքում ուսումնական հաստատություն ընդունվածները հնարավորություն ունենան դասերին մասնակցել միաժամանակ:
Հիմք ընդունելով 2022/2023 ուսումնական տարվա ընդունելության արդյունքները, երբ թափուր մնացած տեղերը վերաբաշխելու նպատակով ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի N 956-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1951-Ն որոշմամբ փոփոխվեցին ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացված տեղերը՝ Առողջապահության նախարարությունը նախորդ տարիների նման, այս տարի ևս առաջարկել է դիտարկել 2025/2026 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերի վերաբաշխման հնարավորությունը` տրամադրված տեղերի շրջանակներում:
Ելնելով վերոգրյալից, Կառավարության որոշման նախագծում ներառվել է դրույթ, ըստ որի՝ Կառավարությունը լիազորում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա, տրամադրված տեղերի շրջանակում վերաբաշխել թափուր մնացած տեղերը:
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների՝ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցման կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը:
Առողջապահության ծառայությունների մատուցման, բժշկական օգնության որակի բարձրացման համար շատ կարևոր գործոն է համակարգը բարձր որակավորմամբ մասնագետներով համալրելը, ինչպես նաև մարդկային ներուժի հավասարաչափ բաշխումը՝ Երևանում և մարզերում:
Համաձայն Առողջապահության նախարարության տվյալների՝ նպատակային կլինիկական օրդինատուրայի իրականացված ծրագրերի արդյունքում մարզային բժշկական կազմակերպություններում բժշկական կադրերով համալրվածությունը վկայում է այն մասին, որ ծրագիրը հնարավորություն է տալիս լրացնել մարզային բժշկական կազմակերպությունների կադրային բացը 20-40%-ով:
Ըստ մասնագիտությունների առավել պահանջված են ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգները և ռեանիմատոլոգներ, թերապևտները, նյարդաբանները, վիրաբույժները, մանկաբույժերը և այլն:
Նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը իրականացվում է մրցութային կարգով, ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ: Ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո շահառուները պարտավորվում եմ աշխատանքային պայմանագիր կնքել Առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ` վերջիններիս առաջարկած պայմաններով, առնվազն 3 տարի ժամկետով:
ՀՀ հետբուհական բժշկական կրթության բարեփոխումների ճանապարհային քարտեզ մշակելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 6005-Լ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 54-L «Բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա փորձարարական հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր ներդնելու ծրագիրը հաստատելու մասին» համատեղ հրամանով իրականացվում է փորձարարական ծրագիր՝ Մանկաբուժություն մասնագիտությամբ:
Փորձարարական ծրագրի միջոցով ակնկալվում է որոշել կլինիկական ռեզիդենտուրայի համապետական ներդրման համար անհրաժեշտ կարիքները (իրավական, կրթական, նյութական, մարդկային) և ապահովել կլինիկական օրդինատուրայից կլինիկական ռեզիդենտուրա անցնցում անցման պայմանները:
2024/2025 ուսումնական տարում «Մանկաբուժություն» մասնագիտությանը հատկացված 11 տեղերից համալրվել է 7-ը:
Սույն նախագծով «Մանկաբուժություն» մասնագիտությանը կրկին հատկացվել է 11 տեղ:
4․ Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:
Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը:
Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ:
6․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումն՝ ըստ համապատասխան մասնագիտությունների:
7․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից, ինչպես նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «4.5 Առողջապահություն բաժնի» 13-րդ ենթակետի դրույթներից, այն է. Կառավարության գերակա նպատակներից է առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բժշկական հաստատությունները բարձրագույն և հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելը՝ բժշկական օգնության և սպասարկման որակը բարձր պահելու նպատակով: