Հանձնաժողովի ստեղծումը պետական լիազորված մարմինների արդյունավետ համագործակցությամբ կապահովի նշված մարմինների միջև մշտական հաղորդակցությունը՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության գործնականում կիրառման արդյունքում արձանագրված խնդիրների վերհանում և հավաքագրում, կարիքների գույքագրում՝ ոլորտի օրենսդրության կատարելագործման և համապատասխան օրենսդրական դրույթների իրականացմանն աջակցելու ու դրանց կիրառումն ապահովելու նպատակով:
Հանձնաժողովի գործունեությունն ուղղված է լինելու արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմանը՝ իրավակիրառ գործունեության ընթացքում վերհանվող խնդրահարույց իրավիճակների և բացերի, պրակտիկայում ի հայտ եկած տարբեր խնդիրներին արագ արձագանքման և լուծման, ինչպես նաև շարունակական ի հայտ եկող այլ կարիքների բացահայտման արդյունքում անհրաժեշտ ոլորտային փոփոխությունների իրականացման միջոցով:
Հանձնաժողովը կունենա խորհրդատվական որոշումների կայացման լիազորություն և իր գործունեությամբ կնպաստի համակարգային բարելավումներին, կխթանի Քրեակատարողական ծառայության, Պրոբացիայի ծառայության և պետական այլ գերատեսչությունների և շահագրգիռ կողմերի միջև միջգերատեսչական գործուն համագործակցությանը, կդառնա մասնագիտական մտքերի փոխանակման կարևոր հարթակ: