Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենք) մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2025 թվականի ապրիլի 15-ի «Օդի աղտոտվածության նվազեցման կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը հաստատելու մասին» N 27-Ա որոշման,  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը  մոտարկման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 6-րդ հոդվածի ապահովման պահանջներից։

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նշվածից պարզ է, որ Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե որոշում ընդունելու լիազորությունը վերապահված է կամ Սահմանդրությամբ կամ օրենքներով։

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեությունից առաջացած մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկները իրականացվում են տարբեր երկրների մեթոդաբանություններով, մասնավորապես, Խորհրդային Միության ժամանակահատվածում կամ Եվրամիության երկրներում մշակված մեթոդաբանություններով։ ՄԱԿ-ի ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի քարտուղարություն է նաև ներկայացվում   տարեկան կտրվածքով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվառման տվյալների վերաբերյալ հաշվետվություն, որոնք հաշվարկված են ևս տարբեր մեթոդաբանություններով։ Սակայն կոնվենցիայի կողմից առաջարկվում է արտանետումների հաշվարկման համար EMEP/EEA օդի աղտոտիչների արտանետումների գույքագրման ուղեցույցը, որը կօգնի ապահովել արտանետումների հաշվետվությունների ճշգրտությունը և համադրելիությունը միջազգային մակարդակում:

 «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքը լրամշակվել է 2022 թվականին։ Սակայն օրենքով սահմանված դրույթների կիրարկման արդյունքում, մասնավորապես, արտանետումների կառավարման, սահմանափակման և գույքագրման գործընթացը ճշգրիտ ապահովելու համար, ինչպես նաև միջազգային պարտավորությունների կատարման ընթացքում, անհրաժեշտություն առաջացավ օրենքի  6-րդ հոդվածում կատարել լրացումներ։ Մասնավորապես՝ մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումները կառավարելի և վերահսկելի դարձնելու, հաշվառման տվյալները հստակեցնելու, որակը բարելավելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի հաշվարկման ազգային մեթոդական ուղեցույցը։

Անհրաժեշտություն է առաջացել օրենքում ամրագրել նաև մթնոլորտային օդի որակի պահպանության պլանների մշակման ուղեցույց  հաստատելու վերաբերյալ լիազորող նորմ, որը հնարավորություն կտա համայնքներին սույն նախագծով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում մշակել մթնոլորտային օդի որակի պահպանության պլաններ, պլաններից բխող երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ միջոցառումներով` միևնույն մեթոդական ուղեցույցը և  միևնույն ակնկալվող արդյունքը հիմք ընդունելով։ Լիազորության սահմանման անհրաժեշտությունը բխում է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (ՀԳՀՄ) և համահունչ է Եվրոպայի համար մթնոլորտային օդի որակի և ավելի մաքուր օդի մասին Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի մայիսի 21-ի 2008/50/ԵՄ դիրեկտիվի պահանջին։

Արդյունաբերական արտանետումների մասին Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 24-ի 2010/75/ԵՄ հրահանգի մոտարկման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել մշակել և հաստատել տնտեսական օբյեկտներում լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև դրանց հիման վրա տեխնիկական նորմատիվները։ Մինչ նորմատիվները հաստատելը անհրաժեշտ է որպեսզի երկիրն ունենա տնտեսական գործունեության յուրաքանչյուր ոլորտի համար մշակված ԼՀՏ եզրակացությունները (BAT conclusions), որն իրենից ներկայացնում է  այնպիսի փաստաթուղթ, որը պարունակում է ԼՀՏ ելակետային փաստաթղթի այն մասերը, որոնցում սահմանվում են լավագույն հասանելի տեխնոլոգիաների մասին եզրակացությունները, դրանց նկարագրությունը, դրանց կիրառումը գնահատելու համար տեղեկությունները, լավագույն հասանելի տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ կատարվող արտանետումների մակարդակները, դրանց դիտանցումը, սպառման մակարդակները և, անհրաժեշտության դեպքում, տեղանքի վերականգնման համապատասխան միջոցները:

Անհրաժեշտություն է առաջացել նաև Օրենքի  4-րդ հոդվածում ամրագրված «աղտոտվածության կրիտիկական մակարդակ» հասկացությունը համապատասխանեցնել  Եվրոպայի համար մթնոլորտային օդի որակի և ավելի մաքուր օդի մասին Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2008 թվականի մայիսի 21-ի 2008/50/ԵՄ, ինչպես նաև այդ հրահանգը փոփոխող 2024/2881/ԵՄ հրահանգին։

2.Առաջարկվող կարգավորման բնույթը

  «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  ամրագրել հետևյալ լիազորող նորմեր.

  • շարժական աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի հաշվարկման ազգային մեթոդական ուղեցույցի մշակում և հաստատում,
  • անշարժ աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի հաշվարկման ազգային մեթոդական ուղեցույցի մշակում և հաստատում,
  • մթնոլորտային օդի որակի պահպանության պլանների մշակման ուղեցույցի մշակում և հաստատում,
  • տնտեսական օբյեկտների համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների վերաբերյալ եզրակացությունների մշակում և հաստատում,
  • մթնոլորտային օդի որակի պլանների մշակումը և հաստատումը՝ նախապես համաձայնեցնելով  լիազոր մարմնի հետ,
  • «աղտոտվածության կրիտիկական մակարդակ» հասկացության համապատասխանեցում ԵՄ 2024/2881 հրահանգին։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

    Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  

  1. Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունմամբ կունենանք.

  • շարժական աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի հաշվարկման ազգային մեթոդական ուղեցույց,
  • անշարժ աղբյուրներից մթնոլորտ վնասակար նյութերի հաշվարկման ազգային մեթոդական ուղեցույց,
  • մթնոլորտային օդի որակի պահպանության պլանների մշակման ուղեցույց՝ երկարաժամկետ և կարճաժամկետ միջոցառումների համար նախատեսված,
  • տնտեսական օբյեկտների համար լավագույն հասանելի տեխնոլոգիաների վերաբերյալ հաստատված ոլորտային եզրակացություններ (BAT conclusions),
  • մշակված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված մթնոլորտային օդի որակի պահպանության պլաններ,
  • 2008/50/ԵՀ և այդ հրահանգը փոփոխող 2024/2881/ԵՀ հրահանգներով ամրագրված «աղտոտվածության կրիտիկական մակարդակ» հասկացություն։

  

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացված նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Քննարկվել է

    05.06.2025 - 20.06.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1647

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: