«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ապահովագրական գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ բանկերը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա` «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա են կատարվում բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավումը։ Օրենսդրական մի շարք փոփոխությունների, ինչպես նաև նոր իրավական ակտերի ընդունման արդյունքում (օրինակ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենք) բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման (առգրավման) որոշումները գրեթե քառապատկվել են։
Ծավալների շեշտակի աճով պայմանավորված՝ խնդրո առարկա տեղեկատվության մշակման ու պատրաստման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները ևս ավելացել են, ինչը դժվարացրել է թե՛ իրավապահ համակարգի, թե՛ ֆինանսական կազմակերպությունների աշխատանքը՝ հանգեցնելով նաև պահանջվող տեղեկատվության տրամադրման համար նախատեսված անհրաժեշտ ժամկետների հետաձգման:
Մասնավորապես, ներկայում գործընթացը իրականացվում է ամբողջությամբ թղթային եղանակով, որը խոչընդոտում է և/կամ դժվարացնում է քրեական վարույթի իրականացումը, առաջանում են նաև գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրներ:
Նախագծով առաջարկվող իրավակարգավորումները հնարավորություն կտան բանկային և հարակից գաղտնիք պարուկանող տեղեկությունների ստացման գործընթացն իրականացնել նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով։
Հիշյալ գործընթացը Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով իրականացնելը միտված է տեղեկատվության մշակման ու պատրաստման վրա ծախսվող ժամանակը և ռեսուրսները կրճատելուն, ինչը հնարավորություն կտա դատարանի կողմից նշված ժամկետներում վարույթն իրականացնող մարմնին տրամադրել պահանջվող բանկային և հարակից գաղտնիք պարուկանող տեղեկատվությունը՝ այդպիսով նպաստելով նաև գործի քննության ողջամիտ ժամկետի սկզբունքի պահպանմանը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով առաջարկվում է բանկային և հարակից գաղտնիք պարուկանող տեղեկատվություն ստանալու մասին դատարանի որոշման և բանկային և հարակից գաղտնիք պարուկանող տեղեկատվության տրամադրումը իրականացնել էլեկտրոնային հարթակ-համակարգի միջոցով, որի շահագործման և անվտանգության կանոնները սահմանվելու են ՀՀ արդարադատության նախարարության և Կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով։
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում էապես կբարելավվի իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագիծը մշակվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:
-
Քննարկվել է
05.06.2025 - 21.06.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Անվտանգություն, Ֆինանսական, Քրեական օրենսդրություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1843
Տպել