Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ համաձայն`

  1. Մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող զույգը՝ միայն կնոջ (ամուսնու) հետ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում, եթե ամուսիններից մեկը մինչև 55 տարեկան է (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան).

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող մինչև 55 տարեկան տղամարդը կամ կինը՝ իր ցանկությամբ (հղիությունը կրելու դեպքում կնոջ տարիքային շեմը սահմանվում է մինչև 53 տարեկան):

Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանի 2024 թվականի հունիսի 18-ի ՍԴԱՈ-100 աշխատակարգային որոշմամբ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից գրավոր ընթացակարգով քննվել է «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 1-ի N ՍԴՈ-1775 որոշման համաձայն` մեջբերում եմ «Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։» մեջբերման ավարտ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում, Կառավարությունը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում նախաձեռնում է համապատասխան իրավական ակտեր մշակելը և Ազգային ժողով ներկայացնելը:

Հիմք ընդունելով իրավական ակտի մշակման անհրաժեշտության հանգամանքը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է ««Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ):

2. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով ներկայացված կարգավորումներով Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 1-ի N ՍԴՈ-1775 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը:

Մասնավորապես` «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի տարիքային սահմանափակում է նախատեսվել տղամարդկանց համար (55 տարեկան), կանանց համար (53 տարեկան), ինչպես նաև կանանց համար նշյալ իրավունքից օգտվելու տարիքային շեմը տարբերակվել է՝ ելնելով հղիությունը փաստացի կրելու հանգամանքից (53 տարեկան, եթե կինն է փաստացի կրում հղիությունը, և 55 տարեկան, եթե կինը հղիությունը փաստացի չի կրում): Ներկայացված Նախագծով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերց հանվել են վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար նախատեսված սահմանափակումները` կանանց և տղամարդկանց համար սահմանված որոշակի տարիքային շեմը։

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 1-ի N ՍԴՈ-1775 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթները համապատասխանեցնել Սահմանադրությանը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի N 1641-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության 3-րդ գլխի 2.1 մասի Ռազմավարական նպատակ 1-ից (Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը:):

6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    04.06.2025 - 19.06.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1900

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: