Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի №32-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի №32-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 1-ի №32-Ն որոշմամբ հաստատված գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայով ներդրվել է 10-ամյա խթանիչ սակագնային քաղաքականություն` երկու 5-ամյա փուլերով, համաձայն որի կարգավորման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ամրագրվել են գազամատակարարման համակարգում կորուստների, աշխատողների թվաքանակի, նորոգման և նյութական ծախսերի, շահագործման և պահպանման այլ ծախսերի մեծությունները՝ տվյալ ժամանակահատվածի ավարտին նախատեսելով դրանց օպտիմալացման թիրախային ցուցանիշները։ Մասնավորապես՝
1) կորուստներն ամրագրվել են ներկրվող գազի ծավալի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ. առաջին 5-ամյա ժամանակահատված համար` 5.07%, երկրորդ 5-ամյա ժամանակահատված համար՝ 3.9% և դրա ավարտից հետո՝ 3.4%: Ընդ որում, նշված տոկոսային մեծություններն ամրագրելիս հաշվի էր առնվել բնական գազի ներկրման ծավալների կանխատեսվող աճի դինամիկան։ Սակայն, վերջին տարիներին նկատվում է հակառակ տենդենցը, ինչը հիմնականում պայմանավորված է արևային էներգետիկայի զգալի աճի պայմաններում ՋԷԿ-երի, ինչպես նաև ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի սպառման ծավալների նվազմամբ։ Այս առնչությամբ հարկ է նաև նշել, որ գազամատակարարման համակարգում տեղի ունեցող տեխնոլոգիական անխուսափելի կորուստները հիմնականում հաստատուն մեծություններ են և կախված են համակարգի տեխնիկական վիճակից, իսկ սպառման ծավալների փոփոխությունը էական ազդեցություն չի ունենում կորուստների մեծության վրա։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել երկրորդ 5-ամյա ժամանակահատվածից սկսած կորուստների թիրախային մեծությունները ամրագրել ծավալային մեծությամբ՝ ելնելով 2021-2024 թվականների փաստացի միջին տարեկան մեծություններից և կորուստների կրճատման ուղղությամբ իրականացվող ներդրումներից։
2) աշխատողների թվաքանակը առաջին 5-ամյա ժամանակահատված համար ամրագրվել է 5383 (Գազպրոմի դեպքում՝ 4601 և Տրանսգազի դեպքում՝ 782), երկրորդ 5-ամյա ժամանակահատված համար՝ 5083 (Գազպրոմի դեպքում՝ 4308 և Տրանսգազի դեպքում՝ 775) և դրա ավարտից հետո՝ 4883 (Գազպրոմի դեպքում՝ 4113 և Տրանսգազի դեպքում՝ 770): Սակայն, գազամատակարարման ցանցի ավելացմամբ կամ նվազմամբ պայմանավորված փոփոխվում է համակարգը սպասարկող և նորոգող անձնակազմի անհրաժեշտ քանակը։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել կարգավորման յուրաքանչյուր փուլի ավարտին աշխատողների թվաքանակի թիրախային մեծությունների կրճատման հետ մեկտեղ կատարել նաև բաշխիչ ցանցի երկարության նախատեսվածից ավել աճով կամ նվազմամբ պայմանավորված աշխատողների թվքանակի ճշգրտում։
3) կարգավորման առաջին 5-ամյա ժամանակահատված համար գումարների հավաքագրման ծախսը հաշվարկվել էր դրան նախորդող տարվա բնակչության սպառման ծավալների և այդ պահին գործող սակագների հիման վրա և ամրագրվել է 885.45 մլն դրամ։ Սակայն, բնակչության սպառման ծավալները և վերջինիս համար սահմանված սակագները ավելացել են, ինչպես նաև դրանցով պայմանավորված ստացված լրացուցիչ հասույթները փաստացի տվյալների հիման վրա նվազեցվում են հաջորդ սակագներից և չեն մնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։ Այս պարագայում անհրաժեշտություն է առաջացել կարգավորման յուրաքանչյուր փուլի ավարտին գումարների հավաքագրման թիրախային մեծությունների կրճատման հետ մեկտեղ կատարել նաև բնակչության սպառման ծավալների աճով կամ նվազմամբ պայմանավորված տվյալ ծախսի ճշգրտում։
4) արագամաշ առարկաների գծով ծախսը իր բնույթով հանդիսանում է նյութական ծախս, մինչդեռ սակագների հաշվարկներում ներառված է եղել այլ ծախսային հոդվածում։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել կատարել ճշտում՝ կարգավորման երկրորդ 5-ամյա ժամանակահատվածից սկսած։
Միևնույն ժամանակ, գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայով իրականացվող մեծածավալ ներդրումների ազդեցությունը բնական գազի սակագների վրա մեղմելու նպատակով ամրագրվել է ներդրումների նկատմամբ հաշվարկվող մաշվածության և շահույթի առավելագույն մեծություն։ Սակայն, դրա հետ մեկտեղ ներդրումների իրականացման համար ներգրավված փոխառու միջոցների վերադարձի ժամկետում ընկերության վճարունակության ապահովման նպատակով նախատեսվել է նաև ավելի բարձր մաշվածության նորմայի կիրառման հնարավորություն։ Հետևաբար, անհրաժեշտ է մեթոդիկայում ամրագրել, որ մաշվածության և շահույթի մեծությունների առավելագույն շեմը դիտարկելիս միայն տվյալ հաշվարկների իրականացման նպատակով ենթակա է կիրառման մաշվածության 4% նորման։
2. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում են՝
1) սակագների հաշվարկներում կարգավորման երկրորդ 5-ամյա ժամանակահատվածից սկսած կորուստների թիրախային մեծությունները ամրագրել ծավալային մեծությամբ, մասնավորապես, երկրորդ 5-ամյա ժամանակահատվածի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկրվող բնական գազի ծավալի մասով 109 մլն խմ (այդ թվում՝ փոխադրման ցանցում՝ 74.6 մլն խմ և բաշխմա ցանցում՝ 34.4 մլն խմ), իսկ այդ ժամկետի ավարտից հետո՝ 103.3 մլն խմ (այդ թվում՝ փոխադրման ցանցում՝ 70 մլն խմ և բաշխմա ցանցում՝ 33.3 մլն խմ)։ Այլ անձանց կողմից ներկրվող բնական գազի մասով կորուստները կորոշվեն նշված ծավալների հիման վրա հաշվարկված տոկոսային մեծությունից ելնելով։
2) կարգավորման երկրորդ 5-ամյա ժամանակահատվածի համար և դրա ավարտից հետո բաշխիչ ցանցի աշխատողների թվաքանակի թիրախային մեծությունների կրճատման հետ մեկտեղ կատարել նաև բաշխիչ ցանցի երկարության նախատեսվածից ավել աճով կամ նվազմամբ պայմանավորված աշխատողների թվքանակի ճշգրտում։ Ընդ որում, որպես ցանցի երկարության բնականոն աճ, առաջարկվում է հիմք ընդունել 2011-2020 թվակաների ընթացքում շահագործման մեջ գտնվող գազատարների երկարության միջին տարեկան աճը և կարգավորման յուրաքանչյուր փուլում ցանցի բնականոն աճից ավել աճով կամ նվազմամբ պայմանավորված նոր միայն կատարել բաշխիչ ցանցի աշխատողների թվաքանակի ճշգրտում։
3) երկրորդ 5-ամյա ժամանակահատվածի համար և դրա ավարտից հետո գումարների հավաքագրման թիրախային մեծությունների կրճատման հետ մեկտեղ կատարել նաև բնակչության սպառման ծավալների աճով կամ նվազմամբ պայմանավորված տվյալ ծախսի ճշգրտում։
4) կարգավորման երկրորդ 5-ամյա ժամանակահատվածից սկսած արագամաշ առարկաների գծով ծախսը դիտարկել նյութական ծախսերում։
5) մաշվածության և շահույթի մեծությունների առավելագույն շեմը դիտարկելիս միայն տվյալ հաշվարկների իրականացման նպատակով մաշվածության մեծությունը հաշվարկել 4% նորմայով։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի խթանիչ սակագնային քաղաքականության և համակարգում անհրաժեշտ ներդրումների իրականացումը, ինչպես նաև կապահովվի գազամատակարարման համակարգի բնականոն գործունեությունը։
-
Քննարկվել է
28.05.2025 - 13.06.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Գերատեսչություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 1713
Տպել