ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՐԳԸ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ, ԶԲՈՍԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՔԱՐՏԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Որոշման ընդունման անհրաժեշտությունը․
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունված «Զբոսաշրջության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետի պահանջներից՝
- Զբոսավարները և ուղեկցորդները որակավորվում են։ Զբոսավարների և ուղեկցորդների որակավորումը պարտադիր է։
- Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջները, որակավորման ընթացակարգը, վերապատրաստման ծրագիրը, կարգը, պարբերականությունը և ժամկետները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը, զբոսավարների ու ուղեկցորդների անվանաքարտերի ձևերը, մասնագիտացման ուղղությունները, որակավորման դադարման հիմքերը սահմանում է Կառավարությունը։
Կազմակերպված/փաթեթով զբոսաշրջային խմբերի սպասարկման դեպքում մեծ դեր է կատարում զբոսավարը, որը շրջագայության ամբողջ ընթացքում ուղեկցում է խմբին և պատասխանատվություն կրում այդ ժամանակահատվածում ապահովելու ծագած հարցերի լուծումը։
Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի, տեղաբնակների սովորույթների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության և զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների վերաբերյալ զբոսաշրջիկների պատկերացումները հիմնականում ձևավորվում են զբոսավարի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա։
Բացի մասնագիտական գիտելիքներից, զբոսավարը և ուղեկցորդը պետք է տիրապետեն մի շարք հմտությունների, որոնք հիմք են հանդիսանում զբոսաշրջիկների բավարարվածության, անվտանգության և դրական արձագանքի համար։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս զբոսաշրջիկը շրջագայում է արդեն իսկ որոշակի տեղեկատվության ծավալով` կարող է առցանց հետևել և անմիջապես գրանցել սխալ տեղեկատվությունը։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ-ում զբոսավարների և ուղեկցորդների գործունեության դաշտը ներկայումս կարգավորված չէ՝ չկան հստակ պահանջներ, կանոններ կամ վերահսկողական մեխանիզմներ: Այդ բացը հանգեցնում է ոլորտում մասնագիտական որակների և փորձի անհավասար մրցակցային պայմանների ձևավորմանը, ինչը բացասաբար է ազդում ծառայությունների որակի և սպառողների վստահության վրա:
Ոլորտի առջև ծառացած խնդիրներից է նաև՝ ՀՀ-ում զբոսաշրջային ծառայություններ մատուցող օտարազգի զբոսավարների անխոչընդոտ գործունեության հնարավությունը։ Վերջիններս, լիարժեք չտիրապետելով Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ տեղեկատվությանը, տեղաբնակների սովորույթներին, հասարակական և կրոնական ծիսակատարություններին, վարքագծի կանոններին, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքներին, ապահովագրությանը և զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմաններին, ՀՀ ժամանած զոսաշրջիկներին ներկայացնում են ոչ ճշգրիտ կամ աղավաղված տեղեկատվություն։
Այսպիսով, օտարազգի զբոսավարների կողմից մշակութային ժառանգության ոչ ճշգրիտ կամ աղավաղված ներկայացումը կարող է հանգեցնել ոչ միայն տեղեկատվական խեղաթյուրումների, այլև մեր ազգային ինքնության և մշակութային անվտանգության սպառնալիքների։
Միջազգային փորձը հավաստում է, որ զբոսավարների և ուղեկցորդների ծառայությունների որակի ապահովման լավագույն տարբերակը վերջիններիս գործունեության կարգավորումն է: Շատ երկրներում զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը լիցենզավորվում է, մի շարք երկրներում՝ որակավորում, նաև՝ վերապատրաստման և ատեստավորման պահանջներ են ընդունված:
Հայաստանում գործում են բազմաթիվ ընկերություններ որոնք կազմակերպում են զբոսավարների պատրաստման և վերապատրաստման դասընթացներ՝ արդյունքում շնորհելով որակավորման վկայականներ։ Սակայն, ներկայումս չունենք որևէ միասնական կրթական ծրագիր՝ նվազագույն գիտելիքների և հմտությունների պահանջով:
- Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը․
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն մշակել է «Զբոսավարների և ուղեկցորդների որակավորման պահանջների, որակավորման ընթացակարգերի, վերապատրաստման ծրագրի, կարգի, պարբերականության, ժամկետների, մասնագիտացման ուղղությունների մասին» որոշման նախագիծ, որը նախատեսում է երեք հիմնական որակավորման ընթացակարգերի ներդրում՝ պարզեցված, արագացված և կանոնավոր։ Այս մոտեցումը հնարավորություն կտա թե՛ փորձառու զբոսավարներին, թե՛ սկսնակներին անցնել համապատասխան որակավորման գործընթաց՝ ըստ իրենց փորձի և պատրաստվածության մակարդակի։
Նախագծի նպատակն է բարձրացնել զբոսավարների և ուղեկցորդների մասնագիտական որակը, ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունն ու տեղեկատվական անվտանգությունը, ինչպես նաև նպաստել ոլորտի զարգացմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից միջազգային գործընկերների աջակցությամբ։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները․
Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի ապահովել միասնական ծրագրով զբոսավարների և ուղեկցորդների վերապատրաստումը, ինչպես նաև Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումն ու զբոսաշրջիկների անվտանգությունը։
Միևնույն ժամանակ, պարտադիր վերապատրաստման և որակավորման համակարգի ներդրումը կնպաստի շուկայում առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։
- Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը պետական բյուջեից հավելյալ ֆինանսական միջոցների հատկացում չի պահանջում։ Միաժամանակ, նախագծի իրականացումը կնպաստի պետական բյուջեի եկամուտների աճին՝ համաձայն «Պետական տուրքի մասին» օրենքի 19․2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի գ) և դ) պարբերությունների պահանջների։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf , 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf , 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․2 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։