Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոինիսի 27-ի N 971-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ

27-Ի N 971-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոինիսի 27-ի N 971-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմա­նավորված է տնտեսավարողների մոտ առկա կոնյակի սպիրտների մնացորդների իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 971-Լ որոշմամբ հաստատված Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում 2024 թվականի հունիսի 28-ից մինչև դեկտեմբերի 30-ը «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 4-րդ բաժնի 1.2-րդ տողում նշված՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողների կողմից 100 հազար լիտրը (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացում» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերած տնտեսավարողներից 3  տնտեսավարողի ցուցաբերվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 2-րդ պարբերությունով սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի՝ արտահանված կոնյակի սպիրտների ծավալներին համարժեք շուրջ 823.3 մլն դրամի չափով աջակցություն, որի շրջանակներում  արտահանված կոնյակի սպիրտի ծավալը կազմել է ավելի քան 8.2 մլն բացարձակ լիտր։

2021-2024 թվականներին կազմակերպությունների կողմից մթերված խաղողից արտադրված կոնյակի սպիրտների ծավալները գնահատվում են շուրջ 45․0 մլն բացարձակ լիտր։ Կոնյակի սպիրտը պետք է իրացվի առնվազն 3 տարի հնացումից հետո։ 2024 թվականին և 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կոնյակի սպիրտի իրացման ծավալը կազմել է շուրջ 13,3 մլն բացարձակ լիտր։ Հետևաբար տնտեսավարողների մոտ 2021-2024 թվականներին մթերված խաղողից արտադրված սպիրտների մնացորդները գնահատվում են շուրջ 30․0 մլն լիտր։

Ծրագրի իրականացումը մեծապես նպաստել է կոնյակի սպիրտի իրացման ծավալների ավելացմանը և 2024 թվականի խաղողի բերքի մթերումների գործընթացն առանց խոչընդոտների կազմակերպմանը։ 

2025 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ում շշալցված կոնյակի ակցիզային հարկը և վաճառքի նվազագույն գինն ավելացել է շուրջ 100.0 ՌԴ ռուբլով, որը լուրջ ազդեցություն է թողել ՌԴ-ում իրացվող կոնյակի ծավալների, այդ թվում՝ Հայաստանից արտահանվող կոնյակի ծավալների նվազման վրա։ 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին շշալցված կոնյակի արտահանման ծավալը կազմել է շուրջ 4,2 մլն բացարձակ լիտր, ինչը 28 տոկոսվ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանված ծավալից, իսկ կոնյակի սպիրտի արտահանման ծավալը մնացել է գրեթե նույն մակարդակի վրա։

Վերջին շրջանում Վրաստանում հայկական շշալցված կոնյակի տարանցիկ փոխադրաման ընթացքում առաջացած խաչընդոտներն էական ազդեցություն են ունենում հայկական կոնյակի արտահանման ծավալների կրճատման վրա։  Արդյունքում ավելանալու են կոնյակի սպիրտի մնացորդները, նվազելու է խաղողի պահանջարկը, որը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման գործընթացում։   

3. Կարգավորման նպատակը և բնույթը։ Շշալցված կոնյակի արտահանման ծավալների կրճատումը կոնյակի սպիրտի արտահանման ծավալների հաշվին լրացնելու նպատակով Նախագծով առաջարկվում է 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը կոնյակի սպիրտներ արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրել աջակցություն՝ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820890 ծածկագրին դասվող կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրողի կողմից 100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցելուց հետո այլ խմբաքանակների իրացման իրավունքի ձեռքբերման համար տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակի 5.1-ին կետի 3-րդ պարբերությամբ սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի շրջանակներում արտահանված արտադրանքներին համարժեք տուրքի չափով։

Ընդ որում աջակցությունը չի տրամադրվում ներքին շուկայում իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ոլորտի տնտեսավարողների առաջարկությունների հիման վրա: Որոշման նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

5Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման արդյունքում տնտեսավարողներին կտրամադրվի պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտների համար 100 դրամի չափով, որը վերջիններիս հնարավորություն կտա նվազեցնելու թողարկվող արտադրանքի ինքնարժեքը, իրացման շուկաներում ներկայացնելու ավելի մրցունակ գներով արտադրանք, ավելացնելու արտահանման ծավալները, ինչպես նաև ապահովելու 2025 թվականի խաղողի մթերումների գործընթացը։

Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ աջակցության տրամադրման դեպքում 2025 թվականի երկրորդ կիսամյակում կարտահանվի շուրջ 7․0 մլն լիտր կոնյակի սպիրտ, որի արդյունքում  կունենանք շուրջ 80.0 հազար տոննա խաղողի մթերման համար անհրաժեշտ լրացուցիչ ազատ տարողություններ, որը կազմում է 2024 թվականին մթերված խաղողի շուրջ 50 տոկոսը։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ- Սույն որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf,  226-րդ էջ)։

7 Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները- Նախագծի շրջանակներում ցուցաբերվող աջակցությամբ տնտեսավարողներին հետ է վերադարձվում իրենց կողմից վճարված լրացուցիչ պետական տուրքի շրջանակներում արտահանված արտադրանքներին համարժեք տուրքի գումարը։

Նախագծի ընդունման դեպքում 2025 թվականին պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների պահանջարկը կկազմի շուրջ 700.0 մլն դրամ, որը նախատեսվում է ապահովել Էկոնոմիկայի նախարարության կողմից պետական աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025 թվականին պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցների հաշվին՝ վերաբախշում կատարելու արդյունքում։

 

  • Քննարկվել է

    27.05.2025 - 11.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1629

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: