Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագիծը  ներկայացվում է ի կատարումն  ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «10.2 Հայաստանի զբոսաշրջության 2022-2030թթ․ ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և իրագործում» միջոցառման։

Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ օրենսդրական, համակարգելու հրամայականից։

Բացի այդ՝ ռազմավարության առկայությունը հնարավորություն է տալիս համակարգել և լուծում տալ մի շարք այնպիսի խնդիրների, որոնք անմիջականորեն կապված են զբոսաշրջիկների, նրանց փորձառությունների, մատուցվող ծառայությունների հետ, սակայն նմանատիպ խնդիրների լուծումը կախված չէ զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնից։ Նմանատիպ խնդիրներից են դեպի զբոսաշրջավայրեր տանող ճանապարհների բարելավումը, մաքրության ապահովումը, զբոսաշրջիկների կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների ապահովումը (այդ թվում՝ սանհանգույցների) և այլն։

Ռազմավարությունը ուղենիշային փաստաթուղթ է համարվելու առաջիկա 5 տարիների գործունեության համար, ապահովելու է զբոսաշրջության բնագավառում պետական ծրագրերի իրականացման, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ենթակառուցվածքների բարելավման համակարգվածությունը։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Վերջին տարիներին համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող սրընթաց գործընթացներն իրենց ազդեցությունն են թողնում նաև զբոսաշրջության բնագավառի վրա։ Վերջինիս գումարվեցին նաև կորոնավիրուսային համավարակի (COVID-19), 44-օրյա պատերազմի հետևանքները, ինչպես նաև՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակի ազդեցությունը։

Տնտեսական նոր իրողությունների շրջանակում կարևորվում է զբոսաշրջության զարգացման համապարփակ ռազմավարության հաստատումը, որն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և առնչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքակա­նու­թյունների, այդ թվում՝ մարզերում զբոսաշրջության զարգացման ռազմավարական փաստաթղթերի համար։

Վերոգրյալ իրողությունների պատճառած սոցիալական և տնտեսական վնասը առանձնահատուկ մարտահրավեր է էական նշանակություն ունեցող ելակետային տվյալների և թիրախների սահմանման հարցում: Հաշվի առնելով վերը նշվածը և առկա փորձը և հատկապես զբոսաշրջության բնագավառի զգայունությունը այլ բնագավառներում իրականացվող փոփոխությունների հանդեպ՝ երկարաժամկետ ծրագրեր մշակելիս և հաստատելիս անհրաժեշտ է պահպանել զգուշավորություն կամ նախատեսել ոչ ավել, քան հինգ տարվա ծրագրեր, միջոցառումներ կամ գործողություններ։ Ուստի, ռազմավարական ծրագրերն ու միջոցառումները նախատեսված են մինչև 2028թ․-ը՝ 2030թ․-ի փոխարեն։

2023թ․ դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագծերի փաթեթը մշակվել էր համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650 - Լ որոշմամբ հաստատված հավելված N 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» կատարումն ապահովող միջոցառումների 258.1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 - Լ որոշմամբ հաստատված հավելված N 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10.1-ին կետի։

Ակնկալվում է, որ ընդունված փոփոխությունները և լրացումները նպաստելու են քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանությանը, զբոսաշրջային գործունեության ծառայություններին և սուբյեկտերին ներկայացվող պահանջների հստակեցմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլն:

Ռազմավարական ծրագրի ընդունումը հնարավորություն կընձեռի նաև օրենսդրական բարեփոխումների առավել արդյունավետ համակարգումն ապահովելու համար։

Ռազմավարական ծրագրով սահմանված են այն բոլոր միջոցառումները, որոնցից առաջիկա 5 տարիների ընթացքում բխելու են պետական աջակցության կամ այլ ծրագրերը։ Պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների համար 2022թ․ ծախսվել է շուրջ 165 միլիոն ՀՀ դրամ,  2023թ․` 1 միլիարդ ՀՀ դրամ, իսկ 2024թ․ համար նախատեսված է 1,5 միլիարդ դրամ, 2025 թվականին նյուջեն նվազել է՝ հասնելով 800 միլիոնի և, հաշվի առնելով հետագա տարիների ընթացքում նախատեսվող միջոցառումների ծավալի մեծացումը, պետական բյուջեից տրամադրվող գումարը հետագա տարիներին կունենա աճողական բնույթ՝ կապված տարեկան ծրագրերի շրջանակում մարկետինգային միջոցառումների ծավալի ավելացման հետ։

Ծրագրային միջոցառումները հիմնականում վերաբերում են ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացմանը, համայնքային ռեսուրսների հիման վրա զբոսաշրջային արդյունքի բազմազանեցմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների և կարողությունների զարգացման աջակցությանը, զբոսաշրջության բնագավառում ներդրումների ներգրավմանը, միջազգային համագործակցության զարգացմանը, վիճակագրական համակարգի կատարելագործմանը, ծառայությունների որակի բարելավմանը, ոլորտում բիզնես նախաձեռնություններին աջակցությանը, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների (DMO-ների) և զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների գործունեությանը աջակցությանը։ Մեծ ուշադրություն է դարձվելու Հայաստանի զբոսաշրջային գրավչության վերականգնման մարկետինգային միջոցառումների իրականացմանը։

Ծրագրի շրջանակում կիրականացվեն Ռազմավարական ծրագրի նախագծով նախատեսված միջազգային լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական բազայով Հայաստանում մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց աջակցության միջոցառումներ, որոնց արդյունքում կապահովվեն մարդկային ռեսուրսների զարացմանը, ինչպես նաև՝ զբոսաշրջության բնագավառում մասնավոր և պետական համակարգի կարիքներին աջակցությանն ուղղված քայլերը։  

2026թ․-ից կգործարկի Ռազմավարությամբ նախատեսված Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակում նախատեսված է 5 միլիարդ դրամի ֆինանսավորում (հետագա տարիներին կունենա աճողական բնույթ, այդ թվում՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորումը)։

2023թ․ Հայաստան միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 2․3 միլիոն, աճը 2022 թվականի համեմատ (1665,7 հազար զբոսաշրջային այցելու)՝ շուրջ 39 %: 2024 թվականին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է 2.208.179՝ 2023 թվականի համեմատ նվազելով 4,7%-ով։ Նվազման միտումը շարունակվում է նաև 2025 թվականին։ Ուստի Ռազմավարական ծրագիրը նաև կնպաստի այցելությունների վերականգնմանը։

Մինչև 2030 թվականը նախատեսվում է Հայաստանի գրավչության բարձրացման միջոցով միջազգային զբոսաշրջիկների այցելությունների թվի ավելացում տարեկան մինչև 10 տոկոսով՝ 2030 թվականին միջազգային այցելությունների թիվը հասցնելով շուրջ 3 միլիոնի, ինչի արդյունքում նախատեսվում է ստացված եկամուտների ավելացում տարեկան մինչև 3 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով։

Զբոսաշրջային հոսքերի ավելացմանն ուղղված կանխատեսումները կիրականանան հետևյալ ռազմավարական քայլերի ապահովման դեպքում՝ 

  • Ենթակառուցվածքների բարելավում,
  • Ներդրումների ներգրավում,
  • նախատեսվող ակտիվ մարքեթինգային միջոցառումների իրականացում,
  • ծառայությունների որակի ապահովում,
  • մարդկային ռեսուրսների զարգացում,
  • միջազգային համագործակցության ակտիվացում,
  • նոր ուղղություններով չվերթների գործարկում,
  • հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացում։
  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

Սույն նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։

Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի, թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

Ռազմավարոության ընդունումը կնպաստի ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N1363-Ա որոշմամբ  և ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թ․թ․ գործունեության միջոցառումների զբոսաշրջության զարգացման թիրախների ապահովմանը։

Ռազմավարության ընդունմամբ հնարավոր կլինի ունենալ ուղենիշային փաստաթուղթ առաջիկա 5 տարիներին զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար՝ ի նպաստ զբոսաշրջության կայուն զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստանի՝ որպես ապահով և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը, Հայաստանի ճանաչելիության և հասանելության բարձրացմանը և այլն։

  1. Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերը բխում են Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի 16-րդ «Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան» մեգանպատակից և «Վերափոխենք հարյուր միլիոնավոր օտարերկրացիների և նրանց առաջնորդների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» «Զանգվածային վերափոխման իմաստը»-ից (հղում՝ https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf, 28-րդ և 70-րդ էջեր), Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «2 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» բաժնի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ պարբերություններից և «2.5 Զբոսաշրջություն» բաժնից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1363hav.pdf, 27-րդ, 28-րդ և 38-39-րդ էջեր) և ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 10․2 կետ (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf 231-232-րդ էջ)։  

  • Քննարկվել է

    21.05.2025 - 05.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2424

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: