Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն նախագծի իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում յուրաքանչյուր տարի իրականացվող կանխարգելիչ միջոցառումների՝ դաբաղի, սիբիրախտի, խշխշան պալարի, հանգուցավոր մաշկաբորբի և ծաղիկ հիվանդությունների դեմ անխափան և ժամանակին կատարմանը։

Հարկ է նշել, որ Ծրագրում ներառված հիվանդությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 30–ի «Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1081–Ն որոշմամբ հաստատված հավելվածի ցանկում հանդիսանում են և կարանտինային, և հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություն։

Գնումների ընթացակարգով կազմակերպվող մրցույթները շատ հաճախ չեն կայանում, անհրաժեշտություն է առաջանում մեկ տեսակի պատվաստանյութի ձեռքբերման համար հայտարարել մրցույթ մի քանի անգամ, կամ մատակարարի կողմից մատակարարումներն ուշացումը հանգեցնում է միջոցառման կատարման  ժամանակացույցի խախտմանը, որը կարող է առաջացնել անասնահամաճարակի բռնկում։

Անասնահամաճարակային իրավիճակի ապակայունացումը կանխելու նպատակով, Նախարարությունը համապատասխան պատվաստանյութի ձեռքբերումը հաճախ իրականացնում է հրատապ մեկ անձ գնման ձևով։

Ծրագրի շրջանակներում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն, ուստի պահանջվող պատվաստանյութերի ձեռքբերման համար սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը խիստ կարևորվում է։

Միաժամանակ ներկայացվում է հիվանդությունների առանձնահատկությունները՝

  • Դաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումն ունի ռազմավարական նշանակություն։ Դաբաղ հիվանդության հարուցիչը վիրուս է և համարվում է հատուկ վտանգավոր ախտածին՝ դասվում է խիստ վտանգավոր վարակիչ հպավարակային հիվանդությունների շարքում՝ A խումբ: Դաբաղ հիվանդության վիրուսը դասակարգվում է 7 տիպերի՝ O, A, C, Азия 1, SAT 1, SAT 2 և SAT 3, որոնցից յուրաքանչյուրն ունի 10 և ավելի ենթատիպ։ Դաբաղի պատվաստանյութն իր մեջ կարող է ներառել որևէ մեկ տիպ /մոնովալենտ/ կամ ենթատիպ և մեկից ավելի տիպ կամ ենթատիպ /բազմավալենտ/, որոնք համապատասխան տվյալ տիպի նկատմամբ կենդանու օրգանիզմում առաջացնում են վարակամերժություն։    

Հայաստանի Հանրապետությունը 12.12.1997 թվականից Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԿԱՀԿ) լիիրավ անդամ-երկիր է և կենդանիների վարակիչ հիվանդությունների արձանագրման դեպքում՝ ենթակա են պարտադիր ծանուցման, միջազգային ծանուցումը կատարվում է ԿԱՀԿ պաշտոնական կայք էջում՝ սահմանած ընթացակարգով:

Այս համատեքստում, դաբաղ հիվանդության արձանագրման դեպքում կարգելափակվի հանրապետության արտահանման և ներկրման գործընթացը, քանի որ դաբաղի հարուցիչը համարվում է հատուկ վտանգավոր ախտածին:

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանալով Անկախ պետությունների համագործակցության /ԱՊՀ/ անդամ երկիր, 30.05.2014 թվականին որոշմամբ սահմանված անասնաբուժության բնագավառում՝ «Դաբաղի դեմ պայքարի և կանխարգելման համատեղ համալիր միջոցառումների ծրագիր» համագործակցության ծրագրի շրջանակներում պարտավորվում է ապահովել կայուն անասնահամաճարակային իրավիճակ, կենդանական ծագման հումքի և մթերքի արտադրության, արտահանման և ներկրման համար բարենպաստ պայմաններ,

  • 2022 թվականին Թուրքիայի և Իրաքի հանրապետություններում /ՄԱԿ–ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 2022 թվականի հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսների հաշվետվություն/, իսկ 2023 թվականին արդեն Ադրբեջանի հանրապետությունում ԿԱՀԿ պաշտոնական կայք էջում հրապարակված է մանր եղջերավոր կենդանիների ծաղիկ հիվանդության դեպքը: Ծաղիկ հիվանդությունը N 1081–Ն որոշմամբ հաստատված հավելվածի ցանկում ներառված է որպես կարանտինային և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություն, ինչից հետևում է, որ ծաղիկ հիվանդության բռնկման և հաստատման դեպքում այն կհրապարակվի ԿԱՀԿ պաշտոնական կայք էջում և կսահմանվի կարանտին։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Սույնով ներկայացվում է Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի գնումների օրենսդրությամբ սահմանված կարգով պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը։

Այս առումով հարկ է նշել, որ 2016 թվականի 1-ին կիսամյակում հակադաբաղային պատվաստանյութի (այսուհետ՝ Պատվաստանյութ) ձեռքբերման մրցույթին մասնակցել էր «Շոլկովսկի բիկոմբինատ» կազմակերպությունը, իսկ 2-րդ կիսամյակում՝ «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոն» հաստատությունը (այսուհետ՝ Հաստատություն), վերջինս մինչև 2021 թվականը մասնակցել է հայտարարված մրցույթին, ընդ որում միակն է եղել, ճանաչվել է հաղթող, և սահմանված ընթացակարգով ապահովել է պայմանագրի կատարումը։

2021-2024 թվականներին Պատվաստանյութի համար հայտարարված մրցույթներին միակ մասնակից է եղել «Ինովատոր» կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), որը հանդիսանում է Հաստատության ներկայացուցիչը։

Ներկայացվում է 2018-2024 թվականների ընթացքում ձեռքբերված Պատվաստանյութի՝ միավորի արժեքի գնաճն ըստ մատակարարների՝

  • 2018 թվականին Հաստատության կողմից մատակարարված 1 դոզայի արժեքը կազմել է 138 դրամ /1 մլ՝ 69 դրամ/,
  • 2019 թվականին Հաստատություն՝ 1 մլ՝ 70,5 դրամ,
  • 2020 թվականին Հաստատություն՝ 1 մլ՝ 71,25 դրամ,
  • 2021 թվականին Կազմակերպություն՝ 1 մլ՝ 96,8 դրամ,
  • 2022 թվականին Կազմակերպություն՝ 1 մլ՝ 111,3 դրամ,
  • 2023 թվականին Կազմակերպություն՝ 1 մլ՝ 111,3 դրամ, և մոնովալենտ Պատվաստանյութ՝ 41 դրամ,
  • 2024 թվականին Կազմակերպություն՝ 1 մլ՝ 320,5 դրամ։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ 2021-2024 թթ ընկած ժամանակահատվածում տարբեր գնման ընթացակարգերով մատակարար է հանդես գալիս «Ինովատոր» կազմակերպությունը, և որ վերջինիս կողմից առաջարկվող գները գրեթե եռակի անգամ բարձրացվել է և 1 մլ արժեքը 96, 8 դրամից դարձել է 320, 5 դրամ:

Այս համատեքստում հարկ է նշել, որ 2023 և 2024 թվականների համար անհրաժեշտություն էր առաջացել բացի բազմավալենտ՝A Իրան 2005 և АG -VII, Օ Պան Ասիա-2, Ասիա 1, Sindh-08 տիպերից ձեռք բերել նաև մոնովալենտ SAT-2 տիպի առակայությամբ պատվաստանյութ։

Անդրադառնալով 2024 թվականի համար Պատվաստանյութի ձեռքբերմանը, նշեմ, որ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման 1116-11001 Ծրագրի N 9.1 հավելվածի արդյունքային ցուցանիշներով հաստատված էր 1 500 000 հատ դաբաղի դեմ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների պատվաստում, որի իրականացման նպատակով, համաձայն N 10 հավելվածի հաստատված է 1 640 528 մլ հակադաբաղային պատվաստանյութի ձեռքբերում՝ 111.3 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) միավորի արժեքով, ընդամենը՝ 182 590, 8 հազ․ դրամ։ Էկոնոմիկայի նախարարության կողմից 2023 թվականի դեկտեմբերի 6–ին հայտարարված ՀՀ ԷՆ-ԷԱՃԱՊՁԲ-23-24/14 ծածկագրով մրցույթը չի կայացել, քանի որ A Իրան 2005 և АG -VII, Օ Պան Ասիա-2, Ասիա 1, Sindh-08, SAT-2 Eritrea տիպերի դեմ հակադաբաղային պատվաստանյութի գնման ընթացակարգով մասնակցության հայտ չէր ներկայացվել:

Մինչդեռ, Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոն» /ФГБУ ВНИИЗЖ/ հաստատությանը 2023 թվականի դեկտեմբերի 14–ին և 2024 թվականի մարտի 4–ին ներկայացրել էր իր գնային առաջարկները, որում նշված էր նաև, որ «Ինովատոր» կազմակերպությունը հանդիսանում է Հաստատության ապրանքի մատակարարողը։ Արդյուքում՝ Հաստատության կողմից ներկայացված գնային առաջակը հիմք էր հանդիսացել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ։ Ինչպես նաև «Շոլկովսկի բիկոմբինատ» կազմակերպությունը 2024 թվականի մարտի 12–ի գրությամբ ներկայացված առաջարկությամբ նշված է, որ պահանջվող պատվաստանյութը կարող է պատրաստ լինել 2024 թվականի 2–րդ կիսամյակում՝ 1000 դոզան 147 000 ռուբլի, սակայն հայտարարված մրցույթներին չէր մասնակցել, այն դեպքում, երբ Նախարարությունը պաշտոնական գրությամբ ուղարկվել էր մրցույթին մասնակցելու առաջարկ։

2024 թվականին, ելնելով տարածաշրջանում դաբաղ հիվանդության հարուցչի, մասնավորապես տարածաշրջանում SAT-2 տիպի շրջանառությամբ պայմանավորված՝ խիստ կարևորվել է Պատվաստանյութը ժամանակին մատակարարելու և Հայաստանի Հանրապետությունում պատվաստման գործընթացն ապահովելու հանգամանքը։ Հաշվի առնելով անհրաժեշտ քանակի Պատվաստանյութի ձեռքբերման կարևորությունը ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N 565-Ն որոշման կատարման շրջանակներում հայտարարված՝ «Գնումների մասին» օրենքի 15–րդ հոդվածի 6–րդ մասի համաձայն, իսկ երկրորդ կիսամյակի համար անհրաժեշտ դաբաղի պատվաստանյութը՝ գնումների մրցութային ընթացակարգով մրցույթների արդյունքում միակ մասնակիցն էր «Ինովատոր» կազմակերպությունը, զբաղեցնելով առաջին տեղը՝ առաջարկելով 1 մլ համար 320,5 դրամ։

Հայաստանի Հանրապետությունում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու, ինչպես նաև պետական բյուջեի նկատմամբ տնտեսապես առավել շահավետ միջոցառումներ իրականացնելու նպատակով 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Էկոնոմիկայի նախարարությունը Պատվաստանյութ արտադրող ռուսական, եվրոպական, իրանական ընկերությունների հետ ուղիղ բանակցությունների, աշխատանքային հանդիպումների, գնային հարցումների՝ պաշտոնական գրություններով և տեսաձայնային կապի ձևաչափով ձեռնարկված քայլերի արդյունքում 2025 թվականի համար Պատվաստանյութը ձեռք է բերվել ուղիղ արտադրողից՝ Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոն» հաստատությունից:

ՀՀ կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի Գնման գործընթաց կազմակերպելու մասին N 1914-Ա որոշման համաձայն 2025 թվականի  համար «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով նախատեսված անասնաբուժության մեջ կիրառվող բազմավալենտ, սորբինացված, կուլտուրալ, ակտիվազրկված պատվաստանյութ դաբաղի վիրուսի A Իրան 2005 և АG -VII, Օ Պան Ասիա-2, Ասիա 1, Sindh-08 և SAT-2 տիպերի դեմ պահանջվող պատվաստանյութի ձեռքբերումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատությունից, 1 մլ՝ 172,36 դրամ /ներառյալ ԱԱՀ/։ 2025 թվականին 3 496 300 մլ Պատվաստանյութի ձեռք բերման համար ընդհանուր գումարը կազմել է 602 608 283 դրամ /ներառյալ ԱԱՀ/։

Անդրադառնալով 2024 թվականի ձեռքբերմանը՝ 3 568 300 մլ Պատվաստանյութի ընդհանուր գումարը կազմել է 1 143 625 876,8 դրամ /ներառյալ ԱԱՀ/, որը մոտ 2 անգամ թանկ է եղել 2025 թվականին ձեռքբերման գումարից։

Միաժամանակ, բացի ֆինանսական բեռից, խիստ կարևորվում է նաև այն հանգամաքը, որ դաբաղի վիրուսի տիպերի շրջանառությունը արագ փոփոխվում է, որը հնարավոր չէ կանխատեսել։

Այսպես՝

  • դաբաղը հանդիսանալով մշտական խնդիր տարածաշրջանի երկրների համար և չնայած վերջին տարիներին մեր հանրապետությունում ի հաշիվ հակադաբաղային պատվաստումների առկա էր կայուն անասնահամաճարակային իրավիճակ, սակայն 2016 թվականին գրանցվել է հիվանդության բռնկման դեպք՝ պայմանավորված գենտիկորեն նոր A տիպի AGVII դաբաղի վիրուսի ենթատիպով: 2016 թվականին ԿԱՀԿ պաշտոնական կայք էջում հրապարակվել է խոշոր եղջերավոր կենդանու 1 դեպք, որը տևական ժամանակ հանգեցրեց հանրապետությունից կենդանական ծագման հումքի և մթերքի արտահանման գործընթացի արգելափակմանը /հղումը՝ «Росселхознадзор» կայք էջ/։ Շտապ ձեռնարկված քայլերի արդյունքում՝ Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոն» հաստատությունը արտադրեց A տիպի AGVII դաբաղի վիրուսի ենթատիպով պատվաստանյութը, որը արդյունավետ կիրառվում է մինչ այժմ,
  • 2022-2023 թվականներին Թուրքիայի և Իրաքի հանրապետություններում արձանագրվել են դաբաղ հիվանդության հարուցչի՝ SAT-2 տիպի բռնկման դեպքեր, որոնք հրապարակվել են ԿԱՀԿ պաշտոնական կայք էջում։ Տարածաշրջանում դաբաղ հիվանդության հարուցչի SAT-2 տիպով պայմանավորված բռնկման դեպքերը խիստ մտահոգիչ են եղել այն առումով, որ գյուղատնտեսական կենդանիները SAT-2 տիպի և դրա ենթատիպերի նկատմամբ վարակամերժություն չունեն, հետևաբար ներթափանցման ռիսկն անխուսափելի է։ Ուստի, 2023 թվականին հրատապ անհրաժեշտությունից ելնելով ձեռք է բերվել պահանջվող պատվաստանյութը՝ արդյունքում ապահովվել է դաբաղի նկատմամբ կայուն անասնահամաճարակային իրավիճակ,
  • 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին Բահրեյնում և Իրաքում արձանագրվեցին և ԿԱՀԿ պաշտոնական կայք էջում հրապարակվեց դաբաղ հիվանդության հարուցչի SAT-1 տիպը։ Այս դեպքերը մտահոգիչ են, քանի որ վիրուսը տարածվում է նաև օդակաթիլային ճանապարհով՝ 60 կմ/ժամ քամու արագությամբ։
  • Տարածաշրջանում 2022-2023 թվականներին արձանագրված մանր եղջերավոր կենդանիների ծաղիկ հիվանդության արձանագրման դեպքերը հանրապետության համար շատ մտահոգիչ են եղել, ուստի վերջին տարիներին Ծրագրում բացի խոշոր եղջերավոր կենդանիների հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումից ներառված է նաև մանր եղջերավոր կենդանիների ծաղիկ հիվանդության դեմ պատվաստումը, և այս երկու հիվանդությունների դեպքում կիրառվում է մանր եղջերավոր կենդանիների ծաղիկի, խոշոր եղջերավոր կենդանիների հանգուցավոր մաշկաբորբի ասոցացված կուլտուրալ, չոր, վիրուսային պատվաստանյութը։
  • Հայաստանի Հանրապետության որոշ համայնքեր անապահով են սիբիրախտ և խշխշան պալար հիվանդությունների նկատմամբ և սահմանված ժամանակահատվածում միջոցառումների իրականացումը կանխում է հանրապետությունում սիբիրախտ և խշխշան պալար հիվանդությունների բռնկման դեպքերը։

Այս համատեքստում հարկ է նշել, որ Ծրագրի շրջանակներում պետության կարիքների համար ձեռքբերվող պատվաստանյութերի համար գնումների ընթացակարգով կազմակերպվող մրցույթները հաճախ չեն կայանում կամ մատակարարվում են սահմանված ժամկետների ուշացումներով, ինչպես նաև արհեստական գնաճով պայմանավորված՝ կարող են լուրջ խնդիրներ առաջացնել

  • ազգաբնակչության շրջանում և կենդանիների մոտ հիվանդությունների բռնկումներ,
  • Ծրագրում ներառված հիվանդությունների հարուցիչները հատուկ վտանգավոր ախտածիներ են և ԿԱՀԿ-ին պարտադիր ծանուցման ենթակա, և վերջինիս հետևանքով հանրապետության նկատմամբ միջազգայնորեն կկիրառվեն սահմանափակումներ՝ հանգեցնելով տնտեսական կոլապսի։

Ելնելով վերոգրյալից, սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է՝

  • դաբաղի հարուցչի անընդհատ փոփոխությամբ,
  • տարածաշրջանում արձանագրված հատուկ վտանգավոր և կարանտինային հիվանդությունների դեպքերով,
  • միավոր գնաճով,
  • պետական բյուջեի միջոցների զգալի տնտեսումներ ապահովելով,
  • անասնահամաճարակային կայուն իրավիճակի ապահովմամբ։

Կից ներկայացվում է 2019-ից 2024 թվականների ընթացքում հակադաբաղային պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը։

3 Կարգավորման նպատակը և բնույթը

Ելնելով վերոգրյալից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է պետական բյուջեի 1116–11001 «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժության մեջ կիրառվող պատվաստանյութերի ձեռքբերումն իրականացնել՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մաս 1-ին կետը։

Սույն նախագծի իրավակարգավորման նպատակն է հանրապետությունում ապահովել կայուն անասնահամաճարակային իրավիճակ՝ շատ կարճ ժամանակահատվածում  ձեռք բերել պահանջվող չափաքանակներով պատվաստանյութեր։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ

Համաձայն ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝  Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:

6 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հանրապետության տարածքում կապահովի գյուղատնտեսական կենդանիների հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների բռնկման և տարածման կանխումը, կստեղծվի հիվանդության նկատմամբ պատվաստված անասնագլխաքանակի կայուն վարակամերժության ֆոն, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման բարենպաստ պայմաններ:

Միաժամանակ հարկ է նշել, որ սույն նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսապես առավել շահավետ միջոցառման իրականացում՝ թեթևացնելով պետության ֆինանսական բեռը՝ ապահովելով կայուն անասնահամաճարակային իրավիճակ։

Նախագծի ընդունման արդյունքում միջազգային հարթակներում կներկայացվեն հանրապետությունում հիվանդությունների դեմ իրականացված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև կապահովի միջազգային թափանցիկ համագործակցությունը և պարտավորությունների կատարումը։

                  

  • Քննարկվել է

    12.05.2025 - 02.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2346

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: