Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի № 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի № 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Զինվորական հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի  № 657-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1269-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետով հաստատված զինվորական հաշվառման կարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորում է Հայաստանի Հանրապետության զինապարտ քաղաքացիների զինվորական հաշվառումը կազմակերպելու և իրականացնելու, զինվորական հաշվառման գործընթացին առընչվող մարմինների գործունեության հետ կապված հարաբերությունները:

Կարգի 7-րդ կետի համաձայն «Զինվորական հաշվառում իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում գործող զինվորական կոմիսարիատներն են: Զինվորական կոմիսարիատները զինվորական հաշվառման վերցված և ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության կամ քրեակատարողական ծառայության կամ փրկարարական ծառայության համակարգերում ծառայության անցած, ինչպես նաև ոստիկանության կամ ազգային անվտանգության ծառայության ուսումնական հաստատություն ընդունված զինապարտների մասին տվյալները համապատասխանաբար փոխանցում են ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, քրեակատարողական ծառայությանը և փրկարարական ծառայությանը՝ այդ ծառայությունների գործունեությունը կարգավորող օրեսդրության պահանջների համաձայն նշված զինապարտների զինվորական հաշվառումն իրականացնելու համար:»:

««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը ստեղծվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով: Մինչև Օրենքի ընդունումը Կարգի 7-րդ կետի դրույթները տարածվում էին նաև ՀՀ պետական պահպանության ծառայության վրա՝ հաշվի առնելով, որ այն գործում էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կազմում: Մինչդեռ Օրենքի ընդունումից և ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով ՀՀ պետական պահպանության ծառայության ստեղծմամբ առաջացել է օրենսդրական բաց:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ.

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ու ազգային անվտանգության և պետական պահպանության մարմինների համակարգերում օրենքով սահմանված պետական ծառայության տեսակ է: (...):»:

«Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը  դասվում է այլ զորքերի շարքին:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«1. Ծառայությունը համալրվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի զինծառայողներով։

Ծառայության սպաները և ենթասպաները զինծառայողներ են և զինվորական ծառայությունն անցնում են ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան (...)։»:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի № 1269-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Կարգի 7-րդ կետում կատարել համապատասխան լրացումներ՝ լիազորելով ՀՀ պետական պահպանության ծառայությանը զինվորական կոմիսարիատների կողմից զինապարտների մասին փոխանցված տվյալների հիման վրա իրականացնել ՀՀ պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության անցած զինապարտների հաշվառում:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն զինվորական կոմիսարիատներում հաշվառված և ՀՀ պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության անցած զինապարտների մասին տվյալների փոխանցման և զինվորական հաշվառման իրականացման հետ կապված իրավահարաբերությունները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի № ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ» բաժնի վերջին նախադասությունից՝ «Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին» և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հա­յաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործու­նեու­թյան մի­ջո­ցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին № 1902-Լ որոշման № 1 հավելվածի Անվտան­գու­թյան խորհրդի գրասենյակ բաժնի 2-րդ կետի 4-րդ սյունակից՝ «Պետական պահպանության ծառայությունը Վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակի տրամադրում՝ այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից»:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը ևպետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

  • Քննարկվել է

    07.05.2025 - 22.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պետական պահպանության ծառայություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1746

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: