Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 502-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 502-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրման կարգը, ինչպես նաև դատապարտյալին տրամադրվող միանվագ դրամական օգնության չափն ու տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ 502-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) գործնականում կիրառելիության ընթացքում առաջացել են մի շարք դժվարություններ:

Մասնավորապես, բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի կազմակերպման վերաբերյալ Որոշմամբ նշված ժամկետները հաճախ առաջացնում են տարընկալում, ուստի Նախագծով առաջարկվում է սահմանել վերոնշյալ աջակցությունների տրամադրման գործընթացում գործողությունների կատարման հստակ ժամանակացույց։

Միևնույն ժամանակ, Որոշմամբ դատապարտյալների վերաբերյալ տարբեր կառույցներից տեղեկատվություն ստանալու գործընթացում նրանց գրավոր համաձայնության անհրաժեշտության վերաբերյալ որևէ ամրագրում առկա չէ։ Մինչդեռ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատապարտյալների դիմումներում նշված գրավոր համաձայնության բացակայության պարագայում գործնականում հնարավոր չէ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 502-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) նախատեսվել է, որ սոցիալական աջակցության տրամադրման նպատակով դատապարտյալի կողմից ներկայացվող դիմումը պետք է պարունակի նաև համաձայնություն՝ տարբեր կառույցներին ու կազմակերպություններին հարցումներ ուղարկելու և նրա վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու մասին։

Որոշմամբ հստակեցված չեն պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող միանվագ դրամական աջակցության և բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման շրջանակներում իրականացվող ուսումնասիրության ժամանակ աջակցության տրամադրման գնահատման չափորոշիչները:

Բացի այդ, միանվագ դրամական օգնության տրամադրումը կազմակերպելիս, պատժից ազատվող դատապարտյալի անհատական կարիքների գնահատման գործընթացում դատապարտյալի մոտ եկամուտների առկայության կամ բացակայության, նրա անձնական հաշվին առկա գումարի չափի վերաբերյալ տեղեկատվության ճշգրտումը գործնականում անհնար է իրականացնել, քանի որ ՀՀ կենտրոնական բանկից վերոնշյալ տեղեկատվությունը ստանալու վերաբերյալ Որոշմամբ համապատասխան կարգավորում չի տրվում: Ավելին՝ բոլոր բանկերից առանձին տեղեկատվության ստացումը պահանջում է դատապարտյալի կողմից լիազորագիր տրամադրելու և բանկում հավելյալ վճարումներ կատարելու անհրաժեշտություն, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջացնում սոցիալական աջակցության կարիք ունեցող դատապարտյալների համար: Ուստի, Նախագծում առաջարկվում է դատապարտյալների բանկային հաշիվներում գումարի առկայության և դրա չափի վերաբերյալ տեղեկատվության ստացումը կազմակերպել ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ:

Որոշմամբ ամրագրված չէ նաև բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման տրամադրման նպատակով դատապարտյալի բնակարան փնտրելու կարգը, ինչպես նաև այդ գործընթացում քրեակատարողական հիմնարկի գործառույթները։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է ամրագրել, որ դատապարտյալների վերաբերյալ տարբեր կառույցներից տեղեկատվություն ստանալու համար սոցիալական աջակցության տրամադրման նպատակով դատապարտյալի կողմից ներկայացվող դիմումը պետք է պարունակի նաև համաձայնություն՝ տարբեր կառույցներին ու կազմակերպություններին հարցումներ ուղարկելու և անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ։

Նախագծով հստակեցվել են բնակարանի վարձավճարի հատուցման և միանվագ դրամական աջակցության տրամադրման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ գործողությունները և դրանց ժամկետները, հստակեցվել են նաև ուսումնասիրության ժամանակ աջակցության տրամադրման գնահատման չափորոշիչները, որով հստակ ընդգծվում են այն գործոնները, որոնք պետք է հաշվի առնվեն աջակցության տրամադրման վերաբերյալ կայացվող որոշումներում:

Նախագծում առաջարկվում է դատապարտյալների բանկային հաշիվներում գումարի առկայության և դրա չափի վերաբերյալ տեղեկատվության ստացումը կազմակերպել ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ:

Ի տարբերություն Որոշման, Նախագծում բնակարանի վարձակալության վարձավճարի հատուցման տրամադրման գործընթացում հստակ ամրագրվում է դատապարտյալի բնակարան փնտրելու կարգը, ինչպես նաև այդ գործընթացում քրեակատարողական հիմնարկի գործառույթները։

Նախագծով հստակեցվում են նաև դատապարտյալներին սոցիալական աջակցության տրամադրելու գործընթացի պատասխանատու կառույցները, յուրաքանչյուրի պարտականությունները և կատարման ենթակա գործողությունները:

 

3.Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված նախագծի ընդունմամբ կհստակեցվի դատապարտյալներին սոցիալական աջակցության տրամադրելու ողջ գործընթացը, այդ թվում՝ պատասխանատու կառույցները, յուրաքանչյուրի պարտականությունները, դատապարտյալի կողմից համապատասխան սոցիալական աջակցություն ստանալու համար դիմում ներկայացնելու կարգը, ժամկետները, սոցիալական աջակցություն տրամադրման գնահատման չափորոշիչները:

 

4.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում։

 

6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:

 

7. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    17.04.2025 - 05.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սոցիալական ապահովություն, Քրեակատարողական

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1930

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: