Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

Ներկայումս Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում չկան սահմանված իրավական հիմքեր և պահանջներ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի բացահայտման, նյութականացման և դրանց վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման հետ կապված: Վերջիններիս բացակայությունը ստեղծում է ռիսկեր գործառույթի շարունակականության և ինստիտուցիոնալացման տեսանկյունից։ Միաժամանակ, հաշվի առնելով Ազգային ժողովում քննարկումների արդյունքները՝ հարկաբյուջետային ռիսկերի ներկայացման և քննարկումների գործող մեխանիզմները արդյունավետորեն չեն ապահովում հարկաբյուջետային ռիսկերի կառավարումը և հաշվետվողականությունը։

 

 2. Առկա իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակահարմարությունը պայմանավորված է ներկայումս Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում հարկաբյուջետային հատուկ ռիսկերի բացահայտման, նյութականացման, տեղեկատվության ներկայացման և հրապարակման մասին կարգավորող դրույթների սահմանման անհրաժեշտությամբ:

Չնայած ռիսկերի վերլուծության համար պաշտոնական իրավական պահանջի բացակայությանը՝ 2021 թվականից ի վեր իրազեկության և թափանցիկության ապահովման նպատակով հարկաբյուջետային հատուկ ռիսկերի մասին որոշ տեղեկատվություններ ընդգրկվել են ինչպես տարեկան բյուջեի ուղերձում, այնպես էլ միջնաժամկետ ծախսերի ծրագրերում: Մասնավորապես, յուրաքանչյուր տարի վերլուծվում և ներկայացվում են պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) պայմանագրերից, պետական մասնակցությամբ ընկերություններից, բյուջետային վարկերից և երաշխիքներից բխող հարկաբյուջետային ռիսկերի մասին մանրամասն տեղեկատվություններ:

Պետական-մասնավոր գործընկերության պայմանագրերը կարող են զգալի հարկաբյուջետային ռիսկեր պարունակել, օրինակ՝ ֆինանսական պարտավորություններ, որոնք կարող են ամբողջությամբ չհաշվառվել բյուջետավորման գործընթացներում: Այդպիսի պարտավորություններ են որոշակի պայմանների կատարման դեպքում երաշխավորված վճարումները մասնավոր գործընկերներին (պայմանական պարտավորություններ)։

Պետական մասնակցությամբ ընկերությունների ֆինանսական առողջությունը և գործունեությունը կարող են հարկաբյուջետային ռիսկեր առաջացնել հանրային միջոցների արդյունավետ կառավարման տեսանկյունից, հատկապես, եթե այդ ընկերություններին ուղղվում են զգալի սուբսիդիաներ, վարկեր, կապիտալի ներարկումներ կամ օժանդակություն՝ ֆինանսական անկայունության ժամանակ:

Բյուջետային վարկերը Կառավարության կողմից տրամադրվող վարկեր են, հաճախ շուկայականից ցածր տոկոսադրույքներով՝ քաղաքականության տարբեր առաջնահերթ նպատակներին աջակցելու համար: Այս պարագայում կա ռիսկ, որ այդ վարկերը կարող են տրամադրվել անարդյունավետ, չմարվել, կամ մարումը կարող է հետաձգվել՝ բացասաբար ազդելով Կառավարության հարկաբյուջետային շրջանակի վրա: Նշված ռիսկերն ի հայտ են գալիս նաև բյուջետային երաշխիքների տրամադրման գործընթացում։

Միաժամանակ, «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվում են որոշակի փոխհատուցումներ, տույժեր և տուգանքներ և այլ վճարներ, որոնք ներառված չեն պետական բյուջեի եկամուտների աղբյուրները սահմանող հոդվածներում:

 

 3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նյութականացման, գնահատման և կառավարման, դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն ապահովող դրույթներ: Մասնավորապես, նախատեսվում է.

  • Միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային քաղաքականությունը և Կառավարության բյուջետային ուղերձը շարադրող դրույթներում ավելացնել հարկաբյուջետային հատուկ ռիսկերին առնչվող տեղեկատվությունները:
  • Օրենքում ավելացնել հարկաբյուջետային հատուկ ռիսկերի գնահատման նպատակով պետական մարմինների կողմից տեղեկատվության հավաքագրման ընթացակարգը սահմանող դրույթ:
  • Օրենքի պետական բյուջեի եկամուտների աղբյուրները սահմանող հոդվածներում ներառել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով սահմանված ՊՄԳ պայմանագրերի շրջանակներում մասնավոր գործընկերոջ կողմից հանրային գործընկերոջը վճարվող փոխհատուցումները, տույժերն ու տուգանքները և այլ վճարները:

Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի իրավական գործիքակազմ հարկաբյուջետային հատուկ ռիսկերի մասով, դրանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացման իրավական պահանջներ և հիմքեր:

 

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ Ֆինանսների նախարարության և Ասիական զարգացման բանկի փորձագետների կողմից:

 

 5. Օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:

 

 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ

  Օրենքի նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության՝ Ֆինանսների նախարարության կողմից իրականացման ենթակա միջոցառումների ծրագրի 27-րդ կետով սահմանված՝ «Պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեությունից բխող ֆիսկալ ռիսկերի կառավարման արդյունավետության բարելավում» և 28-րդ կետով սահմանված՝ «Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) պայմանագրերից բխող ֆիսկալ ռիսկերի գնահատման արդյունավետության բարելավում» նպատակներից։       

  • Քննարկվել է

    09.04.2025 - 25.04.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1275

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: