Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. 1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հանրային վստահությունը և մասնակցայնությունը քաղաքականության վերաբերյալ որոշումների կայացմանը ժողովրդավարական կառավարման հիմնարար տարրեր են, որոնք կարևոր են կառավարության բարեփոխումների օրինականության և արդյունավետության ապահովման համար: Թափանցիկությունը և հաշվետվողականությունը քաղաքացիների ու կառավարության միջև հանրային վստահության ամրապնդման կարևորագույն գործիքներ են, որոնց հասնելու հնարավոր ճանապարհներից մեկը քաղաքացիական հասարակությանը քաղաքականության որոշումների կայացմանը ներգրավելու օրենսդրական կայուն հիմքերի ապահովումն է:

ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին ընդունվել է «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը» (այսուհետ՝ Ռազմավարություն), որը մանրամասնորեն վերլուծում է անցած 30 տարիների ընթացքում հանրային կառավարման ձևավորման, իրականացված բարեփոխումների փուլերը, թույլ տված բացերի պատճառները, հետևանքները և սահմանում է առաջիկա տարիների ռազմավարական նպատակները ու գործողությունների պլանը։

Ռազմավարական նպատակներից մեկը քաղաքականության մշակման և մասնակցային կառավարման համակարգի զարգացումն է։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել նախարարներին կից հասարակական խորհուրդների գործունեության միջազգային չափանիշներին բավարարող իրավական հիմքեր։

  1. 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հասարակական խորհուրդների գործունեության օրինակելի աշխատակարգը հաստավել է 2015 թվականին կառավարության արձանագրային որոշմամբ, որի հիման վրա, որպես կանոն, նախարարությունները հաստատել են նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը։ Սակայն հարկ է նշել, որ նշված արձանագրային որոշումը գործել է մինչև 2021 թվականի հոկտեմբեր և ՀՀ կառավարության 2021թ․ հոկտեմբերի 21-ի N 1728-Ն որոշմամբ ճանաչվել է անվավեր։ 

Գործող օրենսդրության և ընթացիկ իրավիճակի վերլուծության արդյունքում վեր են հանվել հետևյալ հիմնական համակարգային խնդիրները՝

  • Նախարարին կից հասարակական խորհրդի գործառույթները չեն համապատասխանում Ռազմավարությամբ առաջադրված խնդիրներին։

Նախարարին կից հասարակական խորհրդի գործառույթների մի մասը հստակ չեն, անհասկանալի են դրանց իրականացման մեխանիզմները, իսկ մի մասը չեն ապահովում Ռազմավարությամբ որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցության ապահովման ինստիտուցիոնալ հիմքերը, մասնակցության ձևերի իրավական ու ընթացակարգային մեխանիզմները։

Եթե խմբավորենք հասարակական խորհրդի լիազորությունները, ապա կստանանք հետևայալ պատկերը: Խորհուրդները՝

  • աջակցում են նախարարությանը,
  • նախարարությանը ներկայացնում են կարծիքներ ու դիտողություններ,
  • քննարկում են կարծիքներ և տեսակետներ։

Քննարկման կարիք ունի կառավարության ներկա կառուցվածքի պարագայում խորհրդի նախագահի դերը բացառապես նախարարին վերապահելու դրույթը։ Խոշորացված նախարարությունների պարագայում հասարակական խորհրդի նիստի ընթացքում նախարարը գործնականում հնարավորություն չի ունենա անդրադառնալ նախարարության բոլոր ոլորտների խորքային և բովանդակային հարցերին։

Բացակայում են կարգավորումներ խորհրդի կազմում մարզային ՔՀԿ-ների ներգրավման վերաբերյալ։ Խորհրդի աշխատանքները կազմակերպվում են բացառապես տեղում՝ նիստերի միջոցով, բացակայում են հեռավար նիստերի անցկացման հնարավորության վերաբերյալ կարգավորումները, որը ինչ որ առումով կլուծեր մարզային ՔՀԿ-ների մասնակցության հարցը։

Խնդրահարույց է նաև օրակարգի ձևավորման վերաբերյալ կարգավորումները։ Մասնավորապես, եթե հաշվի առնենք հասարակական խորհուրդներ ստեղծելու նպատակի վերաբերյալ նախարարությունների օրինակելի կանոնադրության գործող դրույթը, ապա օրենսդրությամբ պետք է սահմանված լինեն օրակարգային այն հարցերի նվազագույն ծավալը, որոնք պարտադիր պետք է քննարկվեն Խորհրդում։

Նախարարների կողմից ընդունված աշխատակարգերը, որոնք գրեթե ամբողջությամբ կրկնում են այլևս չգործող 2015 թվականի արձանագրային որոշման դրույթները, չեն կարգավորում ՔՀԿ-ների հետ ընթացիկ աշխատանքների ապահովման հարցերը։ Խորհրդի անդամների լիազորություններն ամբողջական և ավարտուն չեն։ Եթե նախարարի կողմից անդամի առաջարկած հարցը չի ընդգրկվում օրակարգում, ապա այդ հարցին որևէ կերպ նախարարության կողմից անդրադառնալու կարգավորում նախատեսված չէ։ Նույն իրավիճակն է նաև Խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի շուրջ կարծիք հայտնելու լիազորության մասով։

 

  • Ոլորտը կարգավորող իրավական դաշտի համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին։

Ոլորտը կարգավորող իրավական ակտերում բացակայում են մասնակցային կառավարման միջազգայնորեն ընդունված սկզբունքների վերաբերյալ կարգավորումները։

Մասնակցային կառավարման կառուցակարգերի ու գործիքակազմերի միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ՔՀԿ-ների քաղաքականության մշակման որոշումների կայացման փուլերին արդյունավետ ներգրավելու համար կան հիմնարար սկզբունքներ, որոնք անհրաժեշտ է ապահովել ոլորտը կարգավորող օրենսդրության մակարդակում։ Այդ սկզբունքներն են՝

  • տեղեկատվության ժամանակին և համապարփակ տրամադրումը, տեղեկատվության փոխանակումը քաղաքականության մշակման ընթացիկ գործընթացների վերաբերյալ,
  • որոշումների կայացման հստակ, բաց և մատչելի ընթացակարգերի կիրառումը, որոնք սահմանում են քաղաքականության մշակման գործընթացին ՔՀԿ-ների մասնակցության նպատակները, քննարկվող որոշումների տեսակները, առաջարկություններ ներկայացնելու և դրանք քննարկելու կարգը, գործընկեր պետական մարմնի պաշտոնյաների պարտականությունները․
  • նախարարությունների ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը ՔՀԿ-ների հետ քննարկումներին, հատկապես՝ կարծիքները, առաջարկությունները և դիտողությունները լսելու և ժամանակին արձագանքելու միջոցով․
  • քաղաքականության ռազմավարական, հայեցակարգային նախագծեր մշակելիս ՔՀԿ-ների հետ երկու փուլով քննարկումների իրականացում՝ մեկնարկային փուլում, երբ քննարկվում են հայեցակարգային մոտեցումները, գաղափարները և նախագիծը մշակելուց անմիջապես հետո (այսպես կոչված նախագծի զրոյական տարբերակ կամ առնվազն շահագրգիռ պետական մարմիններ այն շրջանառելուն զուգահեռ):

ԵՄ անդամ երկրներում հանրային քաղաքականության մշակման գործընթացներում քաղաքացիների և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման համար հիմնարար փաստաթուղթը Եվրոպական Հանձնաժողովի 12.12.2023թ.(EU) 2023/2836 հանձնարարականն է, որը պարտավորեցնում է ունենալ պարզ և հասանելի ընթացակարգեր։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծի ընդունման նպատակն է ապահովել իրավական ակտ, որը կանոնակարգում է ՀԽ-ների ստեղծման և աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը։ Վարչապետի որոշման նախագծով հաստատվում են.

Ա. ՀՀ նախարարությունների հասարակական խորհուրդների աշխատակարգը,

բ. ՀՀ նախարարությունների հասարակական խորհուրդների ձևավորման կարգը։

Որոշման նախագծով հստակ կարգավորվում են ուսումնասիրությունների ընթացքում վերհանված հետևյալ հարցերը.

  • Նախարարությունները պարտավոր են խորհրդի աշխատանքները հեռարձակել on-line.
  • Սահմանվում է նվազագույն հարցերի շրջանակ, որոնք պարտադիր ենթակա են քննարկման ՀԽ-ներում.
  • Նախատեսվում է մարզային ՔՀԿ-ների պարտադիր ներգրավման նվազագույն քվոտա, սահմանելով, որ այդ կազմակերպություններն աշխատանքներին կարող են միանալ հեռավար, իսկ նախարարությունը պարտավոր է ապահովել այն.
  • Նախարարություններում ՔՀԿ-ների հետ արդյունավետ աշխատանքի կազմակերպման և հետադարձ կապի ապահովման համար նշանակվում է համակարգող պաշտոնատար անձ և պատասխանատու անձ՝ իրենց հստակ գործառույթներով
  • Հասարակական խորհուրդը կոնկրետ հարցերի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար կարող է ձևավորել փորձագիտական խմբեր.
  • Խորհրդի անդամ ՔՀԿ-ների հետ քննարկումներ իրականացվելու են քաղաքականության որոշման հայեցակարգային փուլում (պարտադիր չէ նիստերի միջոցով, հնարավոր է նաև համակարգող պաշտոնատար անձի միջոցով) և մշակելուց ու պաշտոնական շրջանառության դնելուց անմիջապես առաջ.
  • Խորհրդի օրակարգը և օրակարգային հարցերի նյութերը, նիստը սկսելու օրը, ժամը, on-line նիստին հետևելու հնարավորության մասին տեղեկությունները նիստից մի քանի օր առաջ հրապարակվելու են նախարարության պաշտոնական կայքում, ինչպես նաև սոց.ցանցերի էջերում, եթե այդպիսիք առկա են.
  • Կանոնակարգվում է խորհրդի անդամների առաջարկությունների և դիտողությունների քննարկման հետ կապված հարցերը (ժամկետներ, հետադարձ կապ, ամփոփաթերթ և այլն).
  • Խորհրդի անդամների հետ քննարկված իրավական ակտի նախագծերը պաշտոնական շրջանառությունից հետո, մինչև հաստատող կամ ընդունող մարմնին ներկայացնելը, տեղեկացվում է Խորհրդի անդամներին՝ էլեկտրոնային փոստի միջոցով։

 

 

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի կողմից՝ քաղաքացիական հասարակության և մասնագիտան ուղղվածություն ունեցող կազմակերպությունների ակտիվ ներգրավմամբ:

 

  1. 5. Կապը ռազմավարական ծրագրերի հետ

Համաձայն Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշման հավելված 1-ի 34-րդ կետի՝ Մասնակցային կառավարման համակարգի բարելավման նպատակով կիրականացվեն հետևյալ միջոցառումները՝

1) Մասնակցային կառավարման կառուցակարգերի ու գործիքակազմի վերանայում՝ ապահովելով բաց ու ներառական որոշումների կայացման գործընթաց, այդ թվում՝ «նախարարներին կից գործող հասարակական խորհուրդների գործառույթների ու արդյունավետության բարելավմանն ուղղված միջամտությունները»:

Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ 2022-2024 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1568-Լ որոշմամբ հաստատված մասնակցային կառավարման քաղաքականության զարգացման միջոցառումներից։ 

 

6.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվում է համապատասխան իրավական դաշտ և միջավայր Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ նախանշված արդյունքային ցուցանիշներին հասնելու համար, այն է՝ «Իրավական ակտերի քննարկումներում հանրային մասնակցության աճ, %» և «Իրավական ակտերի հանրային քննարկումների արդյունավետության աճ, %»։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի էական ավելացում չի առաջանում։

Որոշակի ֆինանսական միջոցներ նախարարությունները պետք է պլանավորեն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում, նախարարությունների պաշտոնական կայքերը սույն որոշման պահանջներին համապատասխանեցնելու համար:

 

  1. Այլ տեղեկություններ.

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ կլինի նախարարությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումների նախագծերը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը։

 

  • Քննարկվել է

    10.03.2025 - 25.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղեկատվության ազատություն ապահովման, Հանրային կառավարում

  • Գերատեսչություն

    Վարչապետի աշխատակազմ

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2796

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

25.03.2025

ԿԱՐԾԻՔ «Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի (Նախագիծ) վերաբերյալ Սույն թվականի մարտի 10-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը : Արձանագրելով նախագծով սահմանված մի շարք առաջընթաց կարգավորումները, որոնք ուղղված են բաց և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող հարթակի ստեղծմանը, հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում որոշ էական խնդիրների վրա, որոնք ենթակա են հասցեագրման Նախագծի լրամշակման շրջանակում: 1․ Նախագծի Հավելված 2-ի «Խորհրդի անդամներին եվ հայտերին ներկայացվող պահանջները» բաժնում սահմանված են բավականին խիստ չափանիշներ՝ թեկնածուների փորձի և ծրագրային գործունեության վերաբերյալ (օր․՝ առնվազն 3 տարվա փորձ և 2 իրականացված ծրագիր ոլորտում, այդ թվում՝ իրականացրել են փորձագիտական աշխատանքներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), ինչը կարող է բացառել փոքր կամ նոր ձևավորված ՔՀԿ-ների մասնակցությունը, հատկապես՝ մարզերում։ Չնայած նախագծում ներառված է համայնքային ՔՀԿ-ների ներգրավման 25%-անոց պահանջ, մուտքի շեմերը մնում են բարձր, ինչը կարող է խաթարել ներառականությունն ու բազմազանությունը։ Նշված պահանջները արհեստականորեն խոչընդոտ են ստեղծում ոլորտային ՔՀԿ-ների համար, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են կոնկրետ ոլորտում՝ ելնելով իրենց կանոնադրական նպատակներից և խնդիրներից, սակայն դեռևս չունեն նշված ոլորտում գործունեության երեք տարվա փորձառություն կամ իրականացված ծրագրեր։ Բացի այդ, դիմումների և փաստաթղթերի փաթեթները չափազանց ծանրաբեռնված են՝ պահանջելով շատ տեղեկություններ, այդ թվում՝ փաստաթղթերի, ծրագրային հիմնավորումների և այլն, ինչը կարող է դիտարկվել որպես տեխնիկական և վարչարարական բեռ շատ ՔՀԿ-ների և անհատների համար։ Առաջարկ․ Նվազեցնել ՔՀԿ-ների անդամակցության պահանջները՝ ապահովելու բազմազանություն, տարածքային ներկայացվածություն և զերծ մնալ քաղաքական կողմնակալությունից։ Օրինակ, նվազեցնել պահանջվող տարիների քանակը և/կամ փոխարինել ծրագրերի քանակի պահանջը մասնակցության կամ ոլորտում փորձառության այլ ձևերով։ Դիմումների ներկայացման ձևերը դարձնել պարզեցված և հնարավորություն ստեղծել դիմումը ուղարկելու թվային հարթակների միջոցով։ Խթաններ ստեղծել անկախ, մարզային և ոլորտային բազմազանության ապահովման համար՝ ընտրության սկզբունքներում ներառելով հավասարակշռված ներկայացվածության չափանիշ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

25.03.2025

2․ Նախագծի Հավելված 2-ի «Խորհրդի անդամների ներգրավման ընթացակարգը» բաժնում առկա է ընտրության չափանիշների անորոշություն։ Այսպես, Նախագծի համաձայն, նախարարը Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված հայտերը, կից փաստաթղթերը և որոշում կայացնում հայտատուին Խորհրդի կազմում ընդգրկելու կամ հայտը մերժելու մասին: Ուստի նախարարը ստանում է լայն լիազորություններ՝ ընտրելու կամ մերժելու թեկնածուներին՝ առանց հստակ գնահատման մեթոդաբանության։ Թեև նախատեսված է հնարավոր գնահատող հանձնաժողովի ձևավորում, այն պարտադիր չէ, և հետևաբար բացակայում է անկախ գնահատման ու հաշվետվողականության երաշխիքը։ Բացի այդ, թեև Նախագծով նշվում է, որ մերժելու դեպքում պետք է հիմնավորվի մերժման որոշումը, սակայն որևէ չափելիության չկա, սահմանված չէ նաև մերժման որոշման բողոքարկման ընթացակարգ։ Նախագծով նախարարությանը վերապահված է լիարժեք վերահսկողություն՝ խորհրդի ձևավորման, կազմի և գործունեության նկատմամբ, ինչը բացառում է հավասարակշռված և անկախ մասնակցությունը։ Բացակայում են երաշխիքներ, որ խորհուրդը կներառի անկախ և քննադատող ՔՀԿ-ներ։ Մշտական ներգրավվածության հնարավորությունն առավել հասանելի կլինի նախարարության հետ սերտ կապված կամ պետականամետ կազմակերպությունների համար՝ սահմանափակելով բազմակարծությունն ու առողջ հակակշիռները։ Առաջարկ․ Հստակեցնել ընտրության չափանիշները և սահմանել միավորային համակարգ։ Նախատեսել անկախ գնահատող հանձնաժողովի պարտադիր ձևավորում, որի կազմում պետք է ընդգրկված լինեն ոչ միայն նախարարության, այլև արտաքին մասնագետները։ Հրապարակել ընտրության հիմքերը և մերժման դեպքում տրամադրել պատճառաբանված պարզաբանում։ Սահմանել մերժման որոշման բողոքարկման ընթացակարգ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

25.03.2025

3․ Նախագծի Հավելված 2-ի «Խորհրդի անդամների ներգրավման ընթացակարգը» բաժնում սահմանված են ռոտացիայի կարգավորումները։ Այնուամենայնիվ, ռոտացիայի համակարգը անորոշ է և կարող է խաթարել շարունակականությունը։ Չնայած երկու տարին մեկ անդամների մեկ երրորդի ռոտացիան տեսականորեն դրական երևույթ է, սակայն այն կատարվում է վիճակահանությամբ, ինչը կարող է հանգեցնել փորձի կորստի և ինստիտուցիոնալ հիշողության թուլացմանը։ Վիճակահանությամբ ռոտացիայի պարագայում կարող են պարբերաբար մնալ նույն մարդիկ, ինչը ևս խնդրահարույց է։ Բացի այդ, ռոտացիայի գործընթացը կարող է խոչընդոտել խորհրդի գործունեության արդյունավետ շարունակականությունը։ Առաջարկ․ Ռոտացիայի հիմքում դնել փորձի, ակտիվության կամ ոլորտային համամասնության չափորոշիչներ։ Նախատեսել անդամների վերականգնման հնարավորություններ՝ նախորդ ակտիվության հիման վրա։ Ռոտացիան դարձնել ոչ միայն տեխնիկական, այլև մասնագիտական շարունակականության պահպանող գործիք։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: