Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ «ԳԱՎԱՌԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ռուզան Նիկոյան 28.02.2025 23:47:35 Բարև Ձեզ, Ուսումնասիրելով նախագիծը և հիմավորումը՝ կան հստակեցման կարիք ունեցող որոշ կետեր. 1.Երեխաների անցումային փուլ. Թեև հիմնավորման մեջ նշվում է, որ երեխաները կտեղափոխվեն «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամ, սակայն բացակայում է մանրամասն նկարագրությունը, թե ինչպես է այդ գործընթացը կազմակերպվելու գործնականում: Օրինակ, չի նշվում. Ինչպես է ապահովվելու երեխաների հոգեբանական աջակցությունը տեղափոխման ընթացքում: Ինչպես է իրականացվելու երեխաների անհատական կարիքների գնահատումը և նրանց նոր միջավայրին հարմարվելու աջակցությունը: Ինչպես է կազմակերպվելու երեխաների ծանոթությունը նոր խնամակալների և հասակակիցների հետ: 2.Աշխատակազմի ապագան. Թեև հիմնավորման մեջ նշվում է աշխատակազմի որակավորման բարձրացման մասին, սակայն չի նշվում, թե ինչպես է ապահովվելու նրանց հետագա աշխատանքային ճակատագիրը լուծարումից հետո: Անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք աշխատակիցներին կառաջարկվեն այլ աշխատատեղեր, թե ինչպես է իրականացվելու նրանց ազատման գործընթացը, և արդյոք նրանք կստանան փոխհատուցում: 3.Ֆինանսական հստակություն. Թեև նախագիծը ներկայացնում է ֆինանսական հաշվարկներ, սակայն անհրաժեշտ է ավելի մանրամասն հստակեցնել դրամաշնորհի պայմանագրի ֆինանսավորման մեխանիզմները և ապահովել բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման վերահսկումը: Օրինակ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչպես է իրականացվելու ֆինանսական հաշվետվողականությունը, ինչպես է վերահսկվելու միջոցների ծախսումը, և ինչպես է ապահովվելու թափանցիկությունը: 4.Գույքի փոխանցման մանրամասներ. Անհրաժեշտ է ավելի մանրամասն սահմանել Գավառի մանկատան գույքի փոխանցման գործընթացը, ներառյալ գույքագրումը, գնահատումը և փոխանցման ժամանակացույցը: Անհրաժեշտ է հստակեցնել, թե ով է պատասխանատու գույքի գնահատման և փոխանցման համար, ինչպես է ապահովվելու գույքի անվտանգությունը, և ինչպես է լուծվելու հնարավոր վեճերը: Այսպիսով, չնայած հիմնավորման մեջ առկա որոշակի բացատրություններին, իմ կարծիքով նշված բացերը դեռևս մնում են հստակեցման կարիք ունեցող հարցեր, որոնք կարևոր են նախագծի հաջող իրականացման համար: 1. Գործընթացը սկսելուց առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Գավառի մանկատանը խնամք ստացող երեխաների հետ, քննարկել գործընթացը և ստացել նրանց իրազեկ համաձայնությունը՝ հաստատությունից դուրս գալու և ընանեկան տիպին մոտ խնամք ստանալու վերաբերյալ։ Մնացած հարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նա կարգավորվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ Հիմնադրամի հետ կնքվելիք հուշագրում և պայմանագրում։ 2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները հանդիպել և զրուցել են նաև Գավառի մանկատան աշխատողների հետ։Նրանց հետագա զբաղվածության հարցով զբաղվելու է ՄՍԾ համապատասխան տարածքային կենտրոնը՝ իր լիազորությունների և ծրագրերի շրջանակում։ Բացի այդ «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ Հիմնադրամը նույնպես հայտնել է իր պատրաստակամությունն ընդունելու Գավառի մանկատան աշխատակիցներին, եթե բավարարեն ՀՀ օրենսդրության և հաստիքին ներկայացվող պայմաններին ու պահանջներին։ Աշխատողների աշխատանքային պայմանագրերի լուծումն իրականացվելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով ու պայմաններով։ 3. Նշված հարաբերություններւ կարգավորվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ Հիմնադրամի հետ կնքվելիք հուշագրում և պայմանագրում։ 4. Նախագծում նշվել են այն բոլոր անհրաժեշտ կարգավորումները, որոնք անհրաժեշտ են գույքի ճակատագրի մասով։ Մինչև լուծարումը գույքի պատասխանատուն լինելու է կազմակերպությունը՝ իր լիազորությունների շրջանակում, իսկ լուծարման գործընթացը սկսելուց հետո ամբողջ գործընթացը համակարգելու է լուծարային հանձնաժողովը, որի հիմնական գործառույթները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.03.2025 23:10:47 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն կարևորում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքին նպաստող նախաձեռնությունները։ Միևնույն ժամանակ գտնում ենք, որ տվյալ նախագծում առկա են մի շարք հիմնարար խնդիրներ, որոնք կարող են չբերել իրական ապաինստիտուցիոնալացան և վտանգել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների լավագույն շահը։ Մասնավորապես՝ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Միտքը չի ավարտվում, ուստի հնարավոր չէ արձագանքել։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.03.2025 23:10:47 Երեխայի լավագույն շահի հայեցակարգը ենթադրում է մոտեցումների անհատականացում, այդ թվում՝ երաշխավորելու, որ յուրաքանչյուր երեխայի դեպքում կիրառվող լավագույն լուծումը համապատասխանում է իր անհատական գործոններին։ Սակայն այս նախագծով բոլոր երեխաների համար ընդունվել է մեկ որոշում՝ «Գավառի մանկատան» փակումը և նրանց ՍՕՍ-Մանկական գյուղեր տեղափոխումը։ Այս մոտեցումն անտեսում է երեխաների տարբեր կարիքները, այդ թվում՝ նոր միջավայրին (բնակավայր, դպրոց և այլն) չհարմարվելու ռիսկը և չվնասելու կանոնը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Գործընթացը սկսելուց առաջ իրականացվել է անհատական աշխատանք բոլոր երեխաների հետ, ինչպես նաև ուսումնասիրվել է յուրաքանչյուր դեպք, որից հետո միայն որոշում է կայացվել մշակելու Նախագիծը։
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.03.2025 23:10:47 Հիմնադրամում խնամքն իրականացվում է առանձին տներում, որտեղ կարող են խնամվել 6-8 երեխա։ Չկա որևէ հիմնավորում, թե ինչով է այս լուծումը համարվում ընդունելի և Երեխայի իրավունքների մասին և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիաներին համապատասխանող։ Վերջինս իր ընդհանուր մեկնաբանություն 5-ում (CRPD/C/GC/5) թվարկում է այն տարրերը, որոնք բնակելի տարածքները դարձնում են հաստատություններ՝ անկախ մեծ կամ փոքր լինելուց։ Կոմիտեն ընդգծում է, որ «ապաինստիտուցիոնալացման քաղաքականությունը պահանջում է կառուցվածքային բարեփոխումների իրականացում՝ ինստիտուցիոնալ միջավայրերի փակումից անդին: Մեծ կամ փոքր խմբային տները հատկապես վտանգավոր են երեխաների համար, որոնց համար ընտանիքի հետ մեծանալու կարիքը չի կարող փոխարինվել: «Ընտանիքին մոտ» հաստատությունները հաստատություններ են և չեն կարող փոխարինել ընտանիքի խնամքին»։ Ուստի, այս նախագիծը ոչ թե ապաինստիտուցիոնալացման, այլ տրանսինստիտուցիոնալացման մասին է։ Ավելին՝ Երեխայի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն՝ Հայաստանի մասին իր 2024 թ. եզրափակիչ դիտարկումներում (CRC/C/ARM/5-6) կոչ է անում. «(գ) ապահովել ընտանիքի և համայնքի վրա հիմնված խնամքի բավարար այլընտրանքային տարբերակներ երեխաների համար, ովքեր չեն կարող մնալ իրենց ընտանիքներում, այդ թվում՝ հատկացնելով բավարար ֆինանսական միջոցներ խնամատարության և որդեգրման համար, կանոնավոր կերպով վերանայելով երեխաներին տեղավորման հնարավոր միջոցառումները և հեշտացնել նրանց ընտանիքների հետ վերամիավորումը, «դ) Ապահովել համապատասխան երաշխիքներ և հստակ չափանիշներ՝ հիմնված երեխայի կարիքների, ինչպես նաև լավագույն շահերի վրա, որոշելու համար, թե արդյոք երեխան պետք է տեղափոխվի այլընտրանքային խնամքի տակ»։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Առաջարկվող մոդելը չի հակասում հարցադրմամբ ներկայացված դիտարկումներին։ Միաժամանակ, հարկ է նշել, որ համաձայն երեխաների կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորման արդյունքների՝ սույն նախաձեռնության համատեքստում կապահովվի երեխաների հետագա խնամքը ընտանեկան միջավայրին մոտ տներում, կբարելավվի նրանց կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.03.2025 23:10:47 Նախագծում և դրա հիմնավորումներում չի նշվում, թե արդյոք իրականացվել է երեխաների կարիքների և ցանկությունների գնահատում կամ քննարկվել են կոնկրետ երեխաների համար այլընտրանքային լուծումներ՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորումը, խնամատար ընտանիքի ծառայությունը կամ որդեգրումը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Գործընթացը սկսելուց առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Գավառի մանկատանը խնամք ստացող երեխաների հետ, քննարկել գործընթացը և ստացել նրանց իրազեկ համաձայնությունը՝ հաստատությունից դուրս գալու և ընտանեկան տիպին մոտ խնամք ստանալու վերաբերյալ։ Նախագծի ընդունման դեպքում ևս շարունակվելու են իրականացվել աշխատանքներ ԱԾԽՄ երեխաներին կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորելու, խնամատարության կամ որդեգրման հանձնելու ուղղությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.03.2025 23:10:47 2024 թվականին մանկատան ֆինանսավորումն իրականացվել է 240,861,400 դրամով, իսկ հիմնադրամն իր ծառայությունների համար առաջարկել է 347,660,000 դրամ։ Սա նշանակում է, որ մեկ երեխայի հաշվով տարեկան ծախսերը կբարձրանան (մոտ 44% աճ), ինչը մանրամասն հաշվարկների չհրապարակված լինելու պարագայում առաջացնում է լրացուցիչ հարցեր։ Հիմնավորումներում տեսանելի չեն նաև անցումային փուլի ծախսերը։ Այս հանգամանքները հաշվի առնելով՝ անհասկանալի է հիմնավորումներում նշումը, որ «նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջանում»։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծի ընդունմամբ 2025 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջանում, քանի որ վերաբաշխումը նախատեսվում է իրականացնել ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի 1141 ծրագրի 11001 և 11007 միջոցառումների գծով գնումների արդյունքում տնտեսված, ինչպես նաև նախարարության կողմից շրջանառվող Գավառի մանկատուն ՊՈԱԿ-ի լուծարման նախագծի ընդունման արդյունքում ձևավորված ազատ միջոցների շրջանակում։ Ընդ որում, 2025թ․ համար ՀՀ պետական բյուջեով «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ում 70 շահառուի շուրջօրյա խնամքի համար հաստատված է 249,721,600 դրամ կամ մեկ շահառուին ընկնող մեկ օրվա ծախսը կազմում է 9․774 դրամ, իսկ «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի կողմից առաջարկվող մեկ օրվա ծախսը նախատեսվում է 11․906 դրամ, այսինքն՝ աճը կազմում է շուրջ 22 %, որը պայմանավորված է խնամքի նոր տեսակով, ինչպես նաև շահառուների թվի ավելացմամբ։
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.03.2025 23:10:47 Հիմնավորման մեջ չի նշվում, թե ինչպիսի մրցակցային կամ գնահատման գործընթաց է իրականացվել, որը հանգեցրել է «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի ընտրությանը։ Չկա վերլուծություն, որը հիմնավոր կպատասխանի հարցին՝ ինչո՞ւ է հենց այս կազմակերպությունը համարվել լավագույն տարբերակը այդ երեխաների համար։ Նախագծով նախատեսվում է շրջանցել «Գնումների մասին» ՀՀ օրենքը, ինչը մեծացնում է ֆինանսական ռիսկերը։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագիծը կազմելիս հաշվի է առնվել ինչպես ՍՕՍ-Մանկական Գյուղերի միջազգային փորձը, այնպես էլ «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի ՝ ՀՀ-ում աշխատանքային տարիների փորձը, կատարված աշխատանքները, որոնք ներկայացված են Նախագծի հիմնավորման և փաթեթի կից այլ փաստաթղթերի մեջ։ «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարիներ շարունակ համագործակցել է և շարունակում է համագործակցել։ Ընդ որում, առաջարկվող խնամքի տեսակը ՀՀ-ում դեռևս տրամադրվում է միայն «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի կողմից։ Նախագծով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների չկիրառումը պայմանավորված է խնամքի նոր տեսակի առանձնահատկություններով, մասնավորապես, յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշելու, թե ինչպիսի հագուստ, սնունդ ձեռքբերել երեխայի համար` հաշվի առնելով երեխայի լավագույն շահը և կարծիքը։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.03.2025 23:10:47 Նախագծով նախատեսվում է մանկատունը փակել մինչև 2025 թվականի մայիսի10-ը, ինչը, եթե նույնիսկ նախագիծն ընդունվի մարտի երրորդ շաբաթում, չափազանց կարճ ժամկետ է նման բարդ սոցիալական ծրագրի իրագործման համար։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Գտնում ենք, որ Նախագծով նախատեսվել է իրատեսական ժամկետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ նախապատրաստական աշխատանքներ արդեն իսկ իրականացվում են նաև այսօր։
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.03.2025 23:10:47 Հստակ չէ, թե իրազեկման, լայն համախոհության ձևավորման, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման (այդ թվում՝ մանկատան աշխատողների աշխատանքային իրավունքները և զբաղվածության հարցերը), երեխաների հոգեկան առողջության խթանման ինչ գործողություններով է ծրագիրն ուղեկցվելու։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները հանդիպել և զրուցել են Գավառի մանկատան աշխատողների հետ։ Միասնական սոցիալական ծառայությանը հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ Գավառի մանկատան աշխատողներին զբաղվածության ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Գործընթացը սկսելուց առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել նաև Գավառի մանկատանը խնամք ստացող երեխաների հետ, քննարկել գործընթացը և ստացել նրանց իրազեկ համաձայնությունը՝ հաստատությունից դուրս գալու և ընտանեկան տիպին մոտ խնամք ստանալու վերաբերյալ։
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 14.03.2025 23:10:47 Նախագծով առկա չէ ՍՕՍ-Մանկական գյուղերում երեխաների իրավունքների և խնամքի որակի նկատմամբ մշտադիտարկման, այդ թվում՝ հասարակական վերահսկողության վերաբերյալ դրույթներ՝ հաշվի առնելով նման հաստատություններին բնորոշ բռնությունների բարձր ռիսկը, դրա մասին ազդարարման սակավ հնարավորությունները և մշտադիտարկման ներկա պրակտիկաները։ Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ «Սոցիալական աջակցության մասին» 2024 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-414-Ն օրենքի 58-րդ հոդվածի համաձայն՝ հասարակական կազմակերպությունները կարող են իրականացնել հասարակական մշտադիտարկում շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների գործունեության նկատմամբ՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից։ Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը սահմանում է պետական լիազոր մարմինը։Նույն օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ մշտադիտարկման և գնահատման անցկացման կարգը, պայմաններն ու մեթոդաբանությունը հաստատում է պետական լիազոր մարմինը։ Այսինքն, օրենքով արդեն իսկ սահմանվել են սոցիալական ծառայությունների մշտադիտարկման և գնահատման հետ կապված հիմնական իրավակարգավորումները, իսկ առավել մանրամասն կարգավորումները կսահմանվեն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: