Նախագծով առաջարկվող փոփոխության պայմաններում օրենսդրորեն հստակ կամրագրվի, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ ժառանգության իրավունքի վկայագրից) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացը պարտադիր է նոտարի համար՝ անկախ նրանից, թե արդյոք գործարքի կողմը ներկայացրել է այդպիսի պահանջ, թե՝ ոչ: Այս կարգավորման արդյունքում կպարզեցվի գործարքների նոտարական վավերացումից հետո գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացը: Նշվածն, իր հերթին, կարող է շատ դեպքերում էապես կրճատել գործարքի նոտարական վավերացման և գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման միջև ընկած ժամանակահատվածը, դրանով իսկ հստակություն և նոտարի կողմից պետական գրանցման ներկայացնելու մասով վստահելիություն հաղորդելով գործընթացին: Այսինքն՝ պարզեցված կարգավորումը կնպաստի ոչ միայն անձի կողմից գործարքի վավերացումից մինչև այդ գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման համար Կոմիտե դիմելն ընկած ժամանակի կրճատմանը, այլ նաև ողջ գործընթացի վստահելիության և արդյունավետության բարձրացմանը։