Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1176-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1176-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը բխում է 2023 թվականի դեկտեմբերի 21-ին Էկոնոմիկայի նախարարությունում Վարչապետի կողմից անցկացված խորհրդակցության N Վ/202-2023 արձանագրության 5-րդ կետի 5.1-ին ենթակետի՝ սպանդանոցներում սպանդը սուբսիդավորելու հարցերը քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու հանձնարարականից ու պայմանավորված է ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարումներ ապահովելու և սպանդանոցային սպանդը խրախուսելու նպատակով սպանդանոցներին սպանդի ծառայության ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելու անհրաժեշտությամբ։


2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշմամբ հաստատված Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) մեկնարկից սկսած ստացվել է ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցություն տրամադրելու 2 շահառուի 8 հայտ՝ շուրջ 32.4 մլն դրամի չափով։
Ծրագրի իրականացման ընթացքից ելնելով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու և լրամշակելու դիմումի մերժման հիմքերը։
Միաժամանակ սպանդանոցային սպանդի ծավալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուկայահանվող ամբողջ մսեղիքի ծավալում սպանդանոցային սպանդի արդյունքում ստացված մսեղիքի մասնաբաժինը շատ փոքր է և անհրաժեշտ է խթանել սպանդանոցային մորթի ծավալների ընդլայնումը։ Այդ նպատակով մշակվել է նոր՝ Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագիր (այսուհետ՝ նոր ծրագիր)։
Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում ԽԵԿ-երի գլխաքանակը կազմել է 491.6 հազար գլուխ, իսկ 2023 թվականին ԽԵԿ-ի մսի արտադրության ծավալը կազմել է 60.5 հազար տոննա, որի շուրջ 30 տոկոսը ֆերմերային տնտեսությունների կողմից օգտագործվում է սեփական կարիքների համար, հետևաբար շուկայահանվող ԽԵԿ-ի մսեղիքի ծավալը կազմում է շուրջ 42.0 հազար տոննա։
Ըստ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկատվության՝ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում «Սպանդանոցների կառավարման միասնական էլեկտրոնային հարթակ»-ում գրանցված տվյալներով 14 ամսվա ընթացքում սպանդանոցներում մորթի է ենթարկվել շուրջ 25821 գլուխ ԽԵԿ՝ շուրջ 10316.1 տոննա կենդանի քաշով։ Հետևաբար միջին տարեկան սպանդանոցային մորթի ենթարկված ԽԵԿ-ի միջին գլխաքանակը կազմել է շուրջ 22132.0 գլուխ, իսկ մսեղիքի միջին ծավալը՝ 8842.4 տոննա։ Սպանդանոցային մորթի ենթարկված 1 ԽԵԿ-ի միջին քաշը կազմել է շուրջ 400.0 կգ, որից մսեղիքի ելանքը գնահատվում է շուրջ 50 տոկոս կամ 200.0 կգ։
Վերոգրյալից ելնելով ստացվում է, որ 2023 թվականին շուկայահանվող ԽԵԿ-ի շուրջ 42.0 հազար տոննա մսեղիք արտադրելու համար սպանդի է ենթարկվել շուրջ 210.0 հազար գլուխ ԽԵԿ, որի շուրջ 10.5 տոկոսն է ենթարկվել սպանդանոցային սպանդի։
Էկոնոմիկայի նախարարության կողմից աշխատանքային կարգով հանրապետությունում գործող սպանդանոցներից հավաքագրվել է վերջիններիս կողմից ԽԵԿ-ի սպանդի ծառայության վճարների չափերը, որոնց միջին չափը կազմել է շուրջ 10 000 դրամ, ինչը հիմք է ընդունվել նոր ծրագրի նախագծով սպանդի ծառայություն մատուցած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու դիմաց ծառայության ծախսերի մասնակի փոխհատուցման չափ սահմանելու համար։
Նոր ծրագրի նախագծի մշակման համար հիմք է ընդունվել Ավստրիայի փորձը, ըստ որի՝ 2000 թվականից մինչև 2010 թվականը կենդանիների բակային մորթը նվազագույնի հասցնելու, կենդանիների սպանդը պաշտոնական գրանցված սպանդանոցներում իրականացնելու և ֆերմերների եկամուտներն ավելացնելու նպատակով ցուցաբերվել է պետական աջակցություն՝ սպանդանոցային սպանդի ենթարկված 1 գլխի հաշվով 32-ից մինչև 80 եվրոյի չափով։

3. Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է՝
- հստակեցնել և լրամշակել գործող Ծրագրով սահմանված դիմումի մերժման հիմքերը։
- Նախագծի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ամսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ֆերմերային տնտեսության համար մատուցած սպանդի ծառայության դիմաց պետության կողմից շահառուին տրամադրել ծառայության ծախսերի մասնակի փոխհատուցում՝
ա․ սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 ՀՀ դրամը,
բ․ նախապես սահմանված սանիտարական օրերին բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 15000 ՀՀ դրամը։
Ընդ որում փոխհատուցում չի տրամադրվում ներտնտեսային (ֆերմերային տնտեսություններին խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայություն չմատուցող) սպանդանոցներին և շահառուին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող կամ շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամներին (ծնող, ամուսին, զավակ) պատկանող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության դիմաց։
Նոր Ծրագրի շրջանակներում ստացվող դիմումների ուսումնասիրությունը և ծրագրի ընթացքի մոնիթորինգը նախատեսվում է իրականացնել սպանդանոցների տեղակայման վայրի համայնքների ղեկավարների աշխատակազմերի ներգրավմամբ և այդ նպատակով նախատեսվում է համայնքներին հատկացնել ստացված դիմումներով սպանդանոցներին տրամադրվող փոխհատուցման 3%-ի չափով գումար։


4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից: Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:


5. Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում կխթանվի սպանդանոցային սպանդը, կբարելավվի ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ ԽԵԿ-ի մսեղիքի մատակարարման գործընթացը։


6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն միջին տարեկան սպանդանոցային մորթի ենթարկված ԽԵԿ-ի միջին գլխաքանակը կազմել է շուրջ 22132.0 գլուխ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի ընդունումը կխթանի սպանդանոցային սպանդը, կակտիվացնի սպանդանոցների գործունեությունը, որի արդյունքում ԽԵԿ-ի սպանդանոցային սպանդի թիվը 50%-ով ավելանալու դեպքում տարեկան սպանդանոցային սպանդի ծավալը կկազմի շուրջ 33.2 հազար գլուխ։ Նախագծի ընդունման դեպքում՝ նշված ցուցանիշի հաշվարկով 2025 թվականի համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների պահանջարկը կկազմի շուրջ 332.0 (33200գլուխX10000 դրամ=332.0 մլն դրամ) մլն դրամ, իսկ համայնքներին հատկացվող ֆինանսական միջոցների չափը կկազմի շուրջ 10․0 մլն դրամ։
Մյուս կողմից, Կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշմամբ հաստատված Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագրից (այսուհետ՝ Ծրագիր) 2024 թվականին (3 ամիս) օգտվել է 2 շահառու շուրջ 18.0 մլն դրամի չափով։ Ծրագրի 2025 թվականի հաստատված բյուջեն կազմում է 350.0 մլն դրամ։ Հաշվի առնելով 2024 թվականին Ծրագրից փաստացի օգտված տնտեսավարողների թիվը, վերջիններիս տրամադրված աջակցության ծավալը և 2025 թվականին Ծրագրից օգտվող տնտեսավարողների ակնկալվող թիվը (5 տնտեսավարող) կանխատեսվում է, որ 2025 թվականին 5 տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը կկազմի շուրջ 180.0 մլն դրամ (2024 թվականին 1 տնտեսավարողին տրամադրված միջին ամսական աջակցության չափը կազմում է շուրջ 3.0 մլն դրամ։ 2025 թվականին 5 տնտեսավարողին տրամադրվող միջին ամսական աջակցության չափը կանխատեսվում է 15.0 մլն դրամ, իսկ տարեկան չափը՝ 12x15.0 մլն դրամ=180.0 մլն դրամ)։ Հաշվի առնելով վերոգրյալը կանխատեսվում է, որ Ծրագրի 2025 թվականին հաստատված՝ 350.0 մլն դրամ բյուջեից շուրջ 170.0 մլն դրամը տնտեսվելու է և այն կարող է վերաբախշվել և ուղղվել նախագծով նախատեսվող Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի իրականացմանը։
Նախագծի ընդունման դեպքում Կառավարության 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշմամբ հաստատված աջակցության ծրագրի երկու բաղադրիչների համար 2025 թվականին պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների լրացուցիչ պահանջարկը կկազմի շուրջ 172.0 (342.0 մլն դրամ-170.0 մլն դրամ=172.0 մլն դրամ) մլն դրամ, որը նախատեսվում է ապահովել Էկոնոմիկայի նախարարության կողմից պետական աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025 թվականին պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներից վերաբախշումներ կատարելու արդյունքում։ 2026 թվականի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջարկը կներկայացվի Ծրագրի 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի շրջանակներում։


7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի 9.6-րդ միջոցառման «Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ապահովում» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/7/2023_N2300hav.1.pdf, 253-րդ էջ), ըստ որի նախագծի ընդունման պարագայում ազգաբնակչությանը կմատակարարվի որակյալ և անվտանգ մսեղիք։

 

  • Քննարկվել է

    20.01.2025 - 04.02.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3186

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: