Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2025 թվականի ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման /այսուհետ՝ Որոշում/ 9-րդ կետի ա) ենթակետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, որով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2025 թվականի ծախսերի կատարման նորմատիվների վերաբերյալ։

2.Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1531-Ն որոշմամբ հաստատվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթներ իրականացնող սպասարկման կենտրոնների ցանկը, նստավայրերը և հաստիքային միավորները՝ 77 հաստիքային միավոր, որից 11 մասնագետը՝ բարձր լեռնային վայրերում:«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածի N1 և N2 աղյուսակների «1052. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրի «11001 Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների տրամադրում» միջոցառման գծով հատկացված է 156 433 200 դրամ, որը ներառում է պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակիցների համար օրենքով սահմանված աշխատավարձը և գործունեության իրականացման համար անհրաժեշտ պահպանման ծախսերը:

ՀՀ տվյալ տարվա պետական բյուջեով հատկացված գումարի սահմաններում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի կատարման նորմատիվները սահմանելիս հաշվարկվում է աշխատավարձը, ինչպես նաև ջեռուցման, ջրամատակարարման, փոստային ծառայությունների, համակարգիչների, տպիչ սարքերի, քարտրիջների լիցքավորման և այլ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերը, իսկ բարձր լեռնային բնակավայրերի համար` ջեռուցման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսերը:

ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնների մասնագետների աշխատանքի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 1517-Ն և ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Բարձր լեռնային վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց տրվող հավելումների չափերը և վճարման կարգը սահմանելու մասին» N 670-Ն որոշումներով:

3.Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում օրենքով սահմանված կարգով կապահովվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացումը և սպասարկման կենտրոնների բնականոն գործունեությունը:

4.Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունnւմը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություն չի առաջացնի:

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայությոն մասին

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում, և այն համապատասխանում է միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։

7.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը կապված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի, ռազմավարական փաստաթղթերի հետ: Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման 9-րդ կետի ա) ենթակետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ։

  • Քննարկվել է

    14.01.2025 - 29.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում, Հանրային կառավարում

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2681

Տպել

Առաջարկներ`

Ժաննա Հարությունյան

23.01.2025

Խնդրում եմ վերանայել ՔԿԱԳ սպասարկման կենտրոններին հատկացվող հաստիքային միավորների քանակը և վարձատրության չափը։ Հույս ունեմ, որ այս հարցերը կարժանանան անհրաժեշտ ուշադրության։ Հիմնավորեմ ասելիքս` ՀՀ կառավարության` 16.09.2021թ.-ի N1531-Ն որոշման արդյունքում ՔԿԱԳ բաժինների հաստիքները զգալիորեն կրճատվեցին` հիմք ընդունելով 2020թ.-ին կատարված գործարքների քանակը. մինչև 2000 գործարք կատարած ՔԿԱԳ մարմիններին հատկացվեց 1, մինչև 4000 գործարքի դեպքում` 2, 4000-ից ավելիի դեպքում` 3 հաստիք, որը սակայն անարդարացի ու ժամանակավրեպ էր այն առումով, որ այդ տարվա գործարքները չէին կարող արտացոլել ՔԿԱԳ մարմինների կողմից կատարված գործարքների լիարժեք, վերջնական, հստակ քանակը, որովհետև, ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նկատառումներից, իրականացվել էին մի շարք միջոցառումներ, որոնք էականորեն նպաստել էին վերոնշյալ գործարքների քանակի նվազեցմանը`արտակարգ դրություն, թերթիկով տեղաշարժ` խիստ անհրաժեշտության` սննդի և դեղորայքի ձեռքբերման նպատակով։ ԱՆ-ը, հիմք ընդունելով Պարետի` 24.03.2020թ.-ի որոշումը, սահմանափակել էր ՔԿԱԳ հետ կապված ծառայությունների մատուցումը (բացառապես երեխայի ծննդյան և անձի մահվան պետական գրանցումներ կատարելու համար դիմումների` ժ. 10.00-14.00-ն առանց ընդմիջումների ընդունման վերաբերյալ 25.03.2020թ.-ի N292594 հանձնարարական, ապրիլի 2֊12֊ը քաղաքացիների սպասարկումը` բացառապես ծննդյան և մահվան պետական գրանցումները, ժ. 11.00֊13.00֊ը կատարելու, իսկ մնացած աշխատանքային ժամերի ընթացքում 2006թ.֊ից մինչև 30.09.2014թ.֊ի ծննդյան ակտերի թվայնացման աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ 01.04.2020թ.֊ի N292917 հանձնարարականներ` կորոնավիրուսային հիվանդության հետևանքների հնարավոր նվազեցմանն ուղղված ՀՀ կառավարության սոցիալական ծրագրերը կյանքի կոչելու համար աջակցություն տրամադրելու նպատակով)։ Հաստիքների կրճատումը, 2020թ.֊ին կատարված գործարքների քանակի վրա հիմնվելով, արդարացված չէր նաև այն պատճառով, որ 44֊օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիների հոսքը ՔԿԱԳ մարմիններ դադարեց, իսկ մինչև տարեվերջ սկսեցին դիմել հիմնականում պատերազմում զոհված քաղաքացիների մահվան վերաբերյալ ակտերը գրանցելու նպատակով։ Այնուամենայնիվ, եթե հիմք են ընդունվել ՔԿԱԳ մարմինների կողմից 2020թ.֊ի պետական տուրքի մասին ՔԿԱԳ գործակալություն ուղարկված հաշվետվությունները, ապա պետք է արդարացիորեն նշել, որ դրանցում չէին ներառվում ՔԿԱԳ մարմինների կողմից կատարված գործարքները` նախկին ակտերի թվայնացում, ՀՀ պետական մարմիններից ստացված հարցումներին ի պատասխան` ակտերի պատճենների կամ այլ տեղեկատվության տրամադրում (դատարան, ոստիկանություն, նոտար, ՀԿԱԾ...), ՀՀ պետական մարմիններին հարցումների ուղարկում, անձնագրային բաժիններին յուրաքանչյուր ամիս մահացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում, ՀՀ ԱԳՆ փոխանցելու նպատակով օտարերկրյա քաղաքացիների մահվան ակտերի ռուսերեն թարգմանությամբ ՔԿԱԳ գործակալությանն ուղարկում, զինապարտի կամ զինակոչիկի մահվան, հայրության ճանաչման, անվանափոխության ակտային գրանցումների վերաբերյալ զինկոմիսարիատներին հաղորդումների ուղարկում, վկայականների կրկնօրինակներ և տեղեկանքներ ստանալու վերաբերյալ ՀՀ և ԱՊՀ երկրների ՔԿԱԳ մարմիններին (ԱՊՀ երկրների դեպքում` ռուսերեն լեզվով կազմված) ծանուցումների ուղարկում և այլն։ ՔԿԱԳ մասին նոր` 19.01.2021թ.֊ի օրենքով սահմանվեցին ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների գործառույթները, վերոնշյալ որոշ գործառույթներ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնները դադարեցին կատարել, և թյուր կարծիք ձևավորվեց, որ սպասարկման կենտրոնը <<դիմում ընդունող>> մարմին է, մոռանալով սակայն, որ ՀՀ ՔԿԱԳ թղթային արխիվն ամբողջությամբ թվայնացված չէ, որի թվայնացումը հսկայածավալ աշխատանք է և այժմ էլ կատարվում է սպասարկման կենտրոնների կողմից։ Ինչպես 2020թ.֊ին, այնպես էլ հիմա ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների գործունեության տարեկան հաշվետվությունների ձևում (արդարադատության նախարարի` 07.09.2021թ.֊ի N435֊Ն հրաման) ՔԿԱԳ մարմինների կողմից կատարված աշխատանքներն ամբողջությամբ չեն արտացոլվում` ակտերի թվայնացում (օրինակ` Նոյեմբերյանի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի կողմից 2024թ.֊ի ընթացքում թվայնացվել է 828 ակտ, որը որևէ փաստաթղթում չի արձանագրվել), Գործակալության կողմից կազմված եզրակացությունների հիման վրա ուղումների կատարում, որը ևս բավականին ժամանակատար և աշխատատար է (հիմքային փաստաթղթերը պատկերամուտի միջոցով արված <> ձևաչափի ֆայլի տեսքով կցվում են էլեկտրոնային կառավարման համակարգին, բացի էլեկտրոնային կառավարման համակարգում թվայնացված ակտում ուղղում կատարելուց, նույն ուղղումը կատարվում է նաև ակտային գրքում), ուղղման վերաբերյալ հաղորդումների կազմում, ուղարկում, իսկ օտարերկրյա պետություններ ուղարկվող հաղորդումները կազմվում են ռուսերեն և միջնորդագրի հետ միասին ուղարկվում Գործակալության պետին, օտարերկրյա պետությունից քաղաքացու վերաբերյալ վկայականի կամ տեղեկանքի ստացման համար քաղաքացու դիմումի, ծանուցման ռուսերեն լեզվով կազմում և միջնորդագրի հետ միասին Գործակալության պետին ուղարկում։ Այս ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանքը ՔԿԱԳ մոտ 3 տասնյակ սպասարկման կենտրոններում կատարվում է 1 աշխատակցի կողմից, իսկ վերջինիս հիվանդության պատճառով ժամանակավոր անաշխատունակության մեջ կամ արձակուրդում  գտնվելու  դեպքերում սպասարկման կենտրոնը փակվում է, ինչը մի կողմից ավելորդ անհարմարություններ ու ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում քաղաքացիների (քանի որ ստիպված են լինելու մեկնել այլ սպասարկման կենտրոններ), իսկ մյուս կողմից՝ բավականին մեծածավալ աշխատանքի կուտակում՝ աշխատանքի վերադարձած սպասարկման կենտրոնի մասնագետի համար։ Այս դժվարին իրավիճակում սպասարկման կենտրոնները հաճախ աշխատում են արտաժամյա և ոչ աշխատանքային օրերին՝ օրենքով սահմանված ժամկետները պահպանելու և քաղաքացիներին որակյալ ծառայություն մատուցելու նպատակով։   Փաստ է, որ բոլոր դեպքերում` թե' կորոնավիրուսի սրացման շրջանում, թե' պատերազմի դժնդակ օրերին ու դրանից հետո էլ ՔԿԱԳ աշխատակիցները քաղաքացիական ամենաբարձր պատասխանատվության զգացումով ու նվիրումով են կատարել իրենց գործառույթները և այժմ ակնկալում են իրենց խնդիրների արդարացի լուծում, որոնցից մեկին` հաստիքային միավորների քանակի վերանայմանը, այս առաջարկությամբ անդրադարձ կատարվեց, մյուսին` վարձատրության չափի վերանայմանն անդրադարձել են գործընկերներս... Կանխավ` շնորհակալություն             

Քրիստինե Ալեքսանյան

16.01.2025

Հարգելի Արդարադատության նախարարություն. Վերլուծելով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի հավելվածում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրի համար նախատեսված ֆինանսական նորմատիվները՝ անհրաժեշտ է ընդգծել, որ առաջարկվող գումարները չեն համապատասխանում ՔԿԱԳ աշխատակիցների կողմից իրականացվող գործառույթների ծավալին, բարդությանը և պատասխանատվության աստիճանին։ Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի ստանալ իր աշխատանքի ծավալին և բարդությանը համարժեք վարձատրություն։ Սակայն նախագծում նշված ֆինանսական նորմատիվները ակնհայտորեն չեն արտացոլում ՔԿԱԳ աշխատակիցների գործառույթների ծավալն ու ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, ներկայիս տնտեսական պայմանները, գնաճի մակարդակը և աշխատավարձերի գործող չափերը չեն ապահովում արժանապատիվ վարձատրություն ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող համայնքային ծառայող հանդիսացող մասնագետների համար։ Նման մոտեցումը հակասում է ինչպես սոցիալական արդարության սկզբունքներին, այնպես էլ հանրային ծառայողների աշխատանքի արժանապատիվ գնահատման սկզբունքին։ Հաշվի առնելով վերոնշյալը, հանդիսանալով ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող համայնքային ծառայող առաջարկում ենք՝ 1.Ապահովել վարձատրության համաչափություն՝ հիմք ընդունելով ինչպես համայնքային ծառայողների, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության աշխատակիցների աշխատավարձերի մակարդակը։ 2. վերանայել նախագծի համապատասխան դրույթները և ապահովել համայնքային ծառայող ՔԿԱԳ մասնագետների աշխատանքի ու աշխատավարձի արդար գնահատումը՝ պահպանելով օրենքի պահանջներն ու սոցիալական արդարության սկզբունքները։

Քրիստինա Դաշյան

16.01.2025

Հարգելի Արդարադատության նախարարություն, Վերլուծելով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի հավելվածում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրի համար նախատեսված ֆինանսական նորմատիվները՝ անհրաժեշտ է ընդգծել, որ առաջարկվող գումարները չեն համապատասխանում ՔԿԱԳ աշխատակիցների կողմից իրականացվող գործառույթների ծավալին, բարդությանը և պատասխանատվության աստիճանին։ ՔԿԱԳ աշխատակիցների աշխատանքը ներառում է բարձր իրավական և կազմակերպչական պատասխանատվություն։ Նրանք իրականացնում են անձնական տվյալների վավերացում, իրավական հիմքերի ուսումնասիրություն և ակտերի գրանցման կարևոր գործառույթներ, որոնք անմիջական ազդեցություն ունեն քաղաքացիների իրավունքների իրացման վրա։ Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի ստանալ իր աշխատանքի ծավալին և բարդությանը համարժեք վարձատրություն։ Սակայն նախագծում նշված ֆինանսական նորմատիվները ակնհայտորեն չեն արտացոլում ՔԿԱԳ աշխատակիցների գործառույթների ծավալն ու ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, ներկայիս տնտեսական պայմանները, գնաճի մակարդակը և աշխատավարձերի գործող չափերը չեն ապահովում արժանապատիվ վարձատրություն ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող համայնքային ծառայող հանդիսացող մասնագետների համար։ Նման մոտեցումը հակասում է ինչպես սոցիալական արդարության սկզբունքներին, այնպես էլ հանրային ծառայողների աշխատանքի արժանապատիվ գնահատման սկզբունքին։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանդիսանալով ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող համայնքային ծառայող առաջարկում եմ․ 1. Վերանայել ֆինանսական նորմատիվները՝ առավել օբյեկտիվ կերպով հաշվի առնելով ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող համայնքային ծառայող հանդիսացող մասնագետների աշխատանքի ծավալը, բարդությունը և հանրային կարևորությունը։ 2. Համադրել առաջարկվող աշխատավարձի չափը աշխատակիցների ծանրաբեռնվածության և պատասխանատվության աստիճանի հետ։ 3. Ապահովել վարձատրության համաչափություն՝ հիմք ընդունելով ինչպես համայնքային ծառայողների, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության աշխատակիցների աշխատավարձերի մակարդակը։ Հորդորում եմ վերանայել նախագծի համապատասխան դրույթները և ապահովել համայնքային ծառայող ՔԿԱԳ մասնագետների աշխատանքի ու աշխատավարձի արդար գնահատումը՝ պահպանելով օրենքի պահանջներն ու սոցիալական արդարության սկզբունքները։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: