27.01.2025
1. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում և 10-րդ կետի 2-րդ ենթակետում «12» թիվը փոխարինել «9» թվով։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցնել 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ.։ Համարժեք սահմանաչափ սահմանվում է նաև առկա գույքի նկատմամբ։ Գտնում ենք, որ առկա գույքի նկատմամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսի նվազեցումն էական կարող է վատթարացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքների վիճակը, որոնք ունեն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով մինչև 12 քմ բնակմակերեսի տարածք, քանի որ վերջիներս այլևս Ծրագրի շահառու չեն համարվելու։ Նշենք, որ եթե կացարանի ընդհանուր մակերեսը (քառակուսի մետր) ընտանիքի մեկ անդամի հաշվով փոքր է 10-ից, ապա այն համապատասխանում է ամենաանապահով վիճակին (https://www.arlis.am/documentview.aspx?docid=202013)։ Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9 N 27-Ն որոշումը, որով սահմանվում է ընտանիքի անապահովության գնահատման կարգը, ընտանիքի անդամների ապահովվածության աստիճանը՝ հիմք ընդունելով, ի թիվս այլնի, բնակելի մակերեսը, առաջարկում ենք առկա անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանափակումը յուրաքանչյուր անդամի հաշվով սահմանել 20 քմ, հետևաբար ՀՀ կառավարության N 710-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «12» թիվը փոխարինել «20» թվով։