Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը, առկա խնդիրները, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության II բաժնի 6-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի N 13 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման՝ 2016-ից մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար ծրագրի կատարման ապահովմամբ։

Ծրագիրը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան և հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության  (այսուհետ՝ Միություն) միասնական տրանսպորտային տարածքի, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և անդամ պետությունների կողմից ավտոտրանսպորտային ծառայությունների տրամադրման փուլային ազատականացմանն ուղղված գործընթաց։

Անդամ պետությունների միջև արտաքին տնտեսական կապերը ապահովվում են տրանսպորտի գործնականապես բոլոր տեսակներով, ընդ որում ավտոմոբիլային տրանսպորտը կարևոր դեր է խաղում բեռների փոխադրման գործընթացում և ապահովում է անդամ պետություններում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալի 80 տոկոսից ավելին՝ սպասարկելով տնտեսության բոլոր ոլորտները։

ԵԱՏՄ տարածքում ինտեգրումը խորացնելու և անդամ պետությունների տարածքներում գրանցված փոխադրողներին Միության ամբողջ տարածքում առանց թույլտվությունների բեռների միջպետական ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնելու, այդ թվում՝ կաբոտաժային փոխադրումների փուլային ազատականացումը Միության շրջանակներում տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման գործընթաց է։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս կաբոտաժային փոխադրումների կարգավորումը սահմանված է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի: Փաստացի ներկայումս Հայաստանի Հանրապետությունում օրենսդրորեն լիարժեք կանոնակարգված չէ Միության կաբոտաժային փոխադրումների ազատականացման ծրագիրը։

Գործընթացի իրականացման համար մշակվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են, որ Եվրասիական Տնտեսական Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են իրականացվել կաբոտաժային փոխադրումներ, ընդ որում մինչև երեք հերթական կաբոտաժային փոխադրումներ, միջպետական փոխադրման ավարտից հետո 7 օրվա ընթացքում։ Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջները կհաստատվեն լիազոր մարմնի կողմից։

Ծրագրի նպատակը Միության շրջանակներում ավտոտրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորումն ու Միության անդամ պետությունների  փոխադրողների համար Միության ամբողջ տարածքում, քաղաքացիությունից և գրանցման պետությունից անկախ, ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունների հասանելիության դյուրինացումն է։

Կաբոտաժային փոխադրումների ազատականացումը ակնկալում է միջազգային փոխադրումների ընդհանուր ծավալում բեռնատարների դատարկ վազքի կրճատում, Միության անդամ պետությունների տարածքում ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման ծախսերի նվազեցում, ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրում իրականացնելու կարգի խախտումների քանակի նվազեցում, բեռների միջպետական փոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցում։

Կաբոտաժային փոխադրումների ազատականացման արդյունքում  կստեղծվեն պայմաներ ավտոտրանսպորտային ծառայությունների շուկայում մրցակցության զարգացման և բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների արդիականացման համար։

Կաբոտաժային փոխադրումների ազատականացումը Միության շրջանակներում բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունների տրամադրման միասնական պայմանների ու կանոնների սահմանումն է։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Օրենքների նա­­խագծերը մշակվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

4 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Օրենքի նախագծի մշակումը բխում է ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության II բաժնի 6-րդ կետի համաձայն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի N 13 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման ծրագրից։

6 Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա մշակել ենթաօրենսդրական իրավական ակտ։

 

  • Քննարկվել է

    26.12.2024 - 12.01.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1958

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

09.01.2025

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՝ Առաջարկում եմ նախագծի 1-ին կետը հանել՝ «կաբոտաժային փոխադրում» հասկացության խմբագրումը, քանի որ ՀՀ փոխադրողը չի կարող այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքում իրականացնել գործունեություն՝ ներքին բեռնափոխադրումներ։ Իսկ եթե ՀՀ կառավարությունը նպատակ է հետապնդում թույլատրել ՀՀ տարածում ՀՀ փոխադրող հանդիսացող ընկերությունների կողմից ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով իրականացնել փոխադրումներ ապա այն կարող է առաջ բերել կոլապսային իրավիճակի։ Այսինքն, այլ պետությունների փոխադրողները կարող են հաշվառվել ՀՀ-ում և իրենց՝ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով իրականացնել ներքին և ինչու ոչ նաև միջպետական բեռնափոխադրումներ, ինչն էլ առաջ կբերի ոչ առողջ մրցակցության, արդեն իսկ ոչ մրցունակ ՀՀ փոխադրողները կհայտնվեն առավել վատ վիճակում։ Ոչ մտածված օրենսդրական փոփոխություն է, առաջին հայացքից տպավորություն է ձևավորվում, որ օրենքում հստակություն է մցվում, սակայն այն հղի է բազմաթիվ վտանգներով։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

09.01.2025

Առաջարկում եմ նախագծի 2-րդ կետը հանել, քանի որ օրենքում նման բացվածքով կատարվող փոփոխությունը կարող է առաջ բերել օրենքի պարբերաբար փոփոխության անհրաժեշտության, այսինքն ՀՀ-ն կարող է հետագայում նաև այլ պետությունների հետ կնքի համաձայնագրեր, որոնցով կարող է երկկողմանի թույլատրվի կաբոտաժային փոխադրումների իրականացումը, կամ ԵԱՏՄ շրջանակներում նախատեսվի կաբոտաժային փոխադրումների իրականացման այլ կարգավորում և վերջին հաշվով ԵԱՏՄ համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականությունը միտված է միասնական տրանսպորտային տարածքի, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և անդամ պետությունների կողմից ավտոտրանսպորտային ծառայությունների տրամադրմանը, ինչը ենթադրում է, որ հետագայում պետք է լինի ընդհանուր տրանսպորտային տարածք։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

09.01.2025

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու թույլտվություն ստանալու պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1226 որոշմամբ հաստատված կարգով, հետևաբար, անհրաժեշտության դեպքում կարելի է փոփոխություններ կատարել նշված կարգում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: