ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ուղեցույցների մշակումը պայմանավորված է 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ Կառավարության որոշման N 2 հավելվածի 5․2․ կետի կատարման անհրաժեշտությամբ:
Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (այսուհետ՝ ՎՎՀԿԿ) համակարգն իրենից ներկայացնում է անվտանգ և որակով, միջազգային չափանիշներին համապատասխան սննդամթերք արտադրելու համար արդյունավետ կառավարման, ինչպես նաև՝ վերահսկողության համակարգ: Աշխարհի զարգացած արդյունաբերություն ունեցող երկրներում վերջինս ճանաչված է որպես սննդամթերքի անվտանգության հավաստի, օգտակար, հուսալի և արդյունավետ համակարգ՝ երաշխավորված Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպության (FAO), Կոդեքս Ալիմենտարիուս Հանձնաժողովի կողմից (Codex Alimentarius Commission):
ՎՎՀԿԿ համակարգը պարտադիր է նաև ՀՀ օրենսդրությամբ և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» N 880 որոշմամբ ընդունված (ՄՄ ՏԿ 021/2011) տեխնիկական կանոնակարգի պահանջներով, այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունում այն դեռևս չունի լայն տարածում։ ՎՎՀԿԿ համակարգի ներդրման սկզբունքների և մեթոդների մասին գիտելիքների բացակայությունը, վերջինիս առավելությունների և պահանջների վերաբերյալ ցածր իրազեկվածությունը խոչընդոտում է ՎՎՀԿԿ համակարգի ակտիվ կիրառմանը։
ՎՎՀԿԿ ուղեցույցների նպատակն է բարձրացնել տնտեսավարող սուբյեկտների իրազեկվածությունը և աջակցել համակարգի ներդրման գործընացում։
ՎՎՀԿԿ սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման ուղեցույցներն ընդունելու նպատակով, ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում նախատեսվում է սահմանել լիզորող նորմ՝ ոլորտի քաղաքականությունը մշակող նախարարի հրամանով ուղեցույցները հաստատելու վերաբերյալ։
Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 5-րդ կետի 5․2-րդ ենթակետով սահմանված միջոցառման ժամկետ սահմանել 2025 թվականի մայիսի երրորդ տասնօրյակը, իսկ միջոցառումը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ ««ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի ուղեցույցների մշակում» նախարարի հրամանի նախագիծ»»։
Նախագծի ընդունման դեպքում կապահովվի ՀՀ օրենսդրության և միջազգային չափանիշներին համապատասխան սննդամթերքի արտադրության արդյունավետ կառավարման և վերահսկման համակարգի ներդրումը:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է աջակցել սննդամթերքի արտադրության ու շրջանառության փուլերում գործող ձեռնարկություններին՝ ՎՎՀԿԿ համակարգի ներդրման գործընթացում։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ տնտեսավարողներին հնարավորություն կտրվի ՎՎՀԿԿ համակարգի ներդրման գործընթացն առավել արդյունավետ և գրագետ իրականացնել։ ՎՎՀԿԿ համակարգը ներդնելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք նախապատրաստական քայլեր, որոնց ոչ պատշաճ կամ թերի կատարումը կարող է հանգեցնել ՎՎՀԿԿ համակարգի անարդյունավետ ներդրմանը և կառավարման դժվարություններին, մինչդեռ ՎՎՀԿԿ համակարգի արդյունավետության հիմքը հանդիսանում է ՎՎՀԿԿ ծրագրի գրագետ մշակումը, համակարգի կիրառման հետևողական հսկողությունը և շեղումների դեպքում՝ ճիշտ միջոցառումների իրականացումը: Նախագծի ընդունումը կնպաստի ձեռնարկություններում անվտանգ սննդամթերքի թողարկմանը, վտանգների կանխարգելմանը, ռիսկերի գնահամանն ու կառավարմանը, տեղական արտադրության անվտանգության նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետությունից ՄՄ, Եվրամիության և այլ երկրներ սննդամթերքի արտահանմանն ու տեղական արտադրանքի ծավալների ավելացմանը:
-
Քննարկվել է
18.12.2024 - 08.01.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3931
Տպել