Նախագծի հոդված 12-ում «համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների,» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել «արհեստակցական կազմակերպությունների (միությունների),» բառերը։
—————————————————————————————————————————————
Հիմնավորում >>>>>
Արհեստակցական միությունները գործում են համաձայն «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի։ Արհեստակցական միությունը (հետագայում՝ արհմիություն) մասնակցային, ժողովրդավար կառույց է, որը հիմնադրվում է արհեստակցական միության բարձրագույն մարմնի՝ աշխատողների ժողովի կողմից։ Արհմիության ժողովը որոշակի պարբերականությամբ ընտրում է արհմիության ղեկավար մարմին, որը կոլեգիալ մարմին է։ Ղեկավար մարմնի անդամներից մեկը սովորաբար նույն ժողովի կողմից ընտրվում է որպես արհմիության նախագահ։
Այսպիսով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 14-րդ կետի երեք ենթակետերով սահմանված իրական շահառուները ոչ մի առնչություն չունեն արհմիությունների ղեկավար մարմնի հետ։ Գործնականում, իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնելիս արհմիությունները ստիպված են ներկայացնել վերոնշյալ հոդված 3-ի 14-րդ կետի գ) ենթակետի իմաստով իրական շահառուի տվյալները և որպես այդպիսին՝ լրացնել արհմիության նախագահի տվյալները։
Սակայն արհմիության նախագահի տվյալներն արդեն իսկ գրանցվել են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում արհմիության հիմնադրման ժամանակ, ինչպես որ պահանջում է օրենսդրությունը։ Ամեն անգամ, երբ արհմիության նախագահն ընտրությունների արդյունքում փոխվում է կամ նախագահի անձնական տվյալները փոխվում են, այդ փոփոխությունները նույնպես գրանցվում են պետական ռեգիստրում, այլապես արհմիությունը լիարժեք գործունեություն չի կարող ծավալել պետական ռեգիստրի գրանցամատյանից քաղվածքում տվյալների անհամապատասխանության պատճառով։ Փաստորեն, իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելիս, արհմիությունը փաստացի պետական ռեգիստրի գործակալությանը հայտնում է տվյալներ, որոնք արդեն իսկ գրանցված են պետական ռեգիստրում՝ ստեղծելով անհարկի վարչարարական բեռ թե՛ պետական ռեգիստրի գործակալության, և թե՛ արհմիությունների համար։ Արդարադատության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2023թ ապրիլի 21-ի դրությամբ գրանցված են 691 արհեստակցական կազմակերպություն և 111 արհեստակցական կազմակերպությունների միություն։ Հետևաբար, պետական ռեգիստրի գործակալության վրա դրվել է հավելյալ 800 կազմակերպության վերաբերյալ (ընդ որում՝ այդ թիվը կարող է ավելանալ) հավելյալ վարչարարություն՝ հավաքագրել արդեն իսկ հավաքագրված տվյալները։
Ավելացնենք նաև, որ ելնելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի 14-րդ կետով տրված Իրական շահառուի սահմանումից, արհմիությունները, որպես այդպիսին, իրական շահառու չունեն, քանի որ արհմիությունը, լինելով կոլեգիալ ղեկավարվող անդամակցային կառույց, չի գործում արհմիության նախագահի անունից կամ արհմիության նախագահի օգտին։ Այս իմաստով արհմիության շահառու են հանդիսանում արհմիության բոլոր անդամները, իսկ որոշ դեպքերում նաև անդամ չհանդիսացող աշխատողները, քանի որ կոլեկտիվ պայմանագրի գործողությունը կարող է տարածվել նաև այլ աշխատողների վրա։
Բյուրոկրատիկ բեռից զատ, արհմիությունների համար իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պարտավորությունը հանգեցնում է նաև ֆինանսական բեռի և հավելյալ բարդություն է ստեղծում արհմիությունների պետական գրանցման գործընթացում, ինչը չի բխում Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից։ Այսպես, արհմիության նախագահի, նախագահի անձնական տվյալների, արհմիության անվանման, հասցեի փոփոխությունների դեպքում այդ փոփոխությունները պետք է գրանցվեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, և այդ գրանցումը կատարելու համար արհմիությունը պետք է վճարի 10 000 դրամ (նախագահի անձնագրային տվյալների փոփոխության գրանցման դեպքում՝ 5000 դրամ)։ Վերը նշված օրենքի գործարկման հետևանքով ստացվում է, որ այդպիսի փոփոխություն գրանցելու դեպքում, փոփոխությունների գրանցումից առավելագույնը 40 օրյա ժամկետում արհմիությունը պետք է պետական ռեգիստրի գործակալությանը ներկայացնի նաև իրական շահառուների վերաբերյալ նոր հայտարարագիր՝ կրկին վճարելով 10 000 դրամ, ընդ որում՝ տրամադրելով այն նույն տվյալները, որոնք արդեն տրամադրվել են համապատասխան փոփոխության գրանցումն իրականացնելուց։ Փաստացի նշանակում է, որ արհմիության և/կամ արհմիության ղեկավարի հետ կապված տվյալների փոփոխությունների գրանցման համար արհմիությունը պետք է ծախսի առնվազն 20 000 դրամ և պետական ռեգիստրին կրկնակի անգամ ներկայացնի նույն տվյալը։ Մինչդեռ արհմիությունները երեք և ավելի աշխատողներից կազմված շահույթ չհետապնդող միավորումներ են, որոնց գույքը գոյանում է անդամների վճարած անդամավճարից։ Օրինակ՝ երեք աշխատողների միավորման արդյունքում ստեղծված արհմիության դեպքում 75 000 մինիմալ աշխատավարձի պայմաններում արհմիության յուրաքանչյուր անդամից մոտ 3500 դրամի ներդրում կպահանջվի արհմիության հիմնադրումը գրանցելու համար, և 6600 դրամի ներդրում՝ արհմիության տվյալների փոփոխության պետական գրանցում իրականացնելու համար։ Ինչը սահմանափակում է միավորման ազատության իրավունքի լիարժեք իրացումը։ Ինչպես հայտնի է, ՀՀ կողմից 2006 թվականին վավերացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Միավորման ազատության և կազմակերպվելու իրավունքի պաշտպանության մասին» թիվ 87 հիմնարար Կոնվենցիան։ Համաձայն ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի, որը լիազորված է մեկնաբանել Կոնվենցիայի դրույթները և Կոնվենցիային համապատասխանության մասին որոշումներ ընդունել, արհմիությունների պետական գրանցման գործընթացը պետք է կրի ձևական բնույթ, ինչպես նաև գործընթացը չպետք է լինի ֆինանսապես ծախսատար և ժամանակատար, քանի որ այդ դեպքում սահմանափակվում է միավորման ազատությունը լիարժեք իրացնելու իրավունքը (ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների ժողովածու, վերջին էլեկտրոնային հրատարակություն, bit.ly/e-compilation, կետեր՝ 427, 430, 448, 463, 464)։
Բացի ֆինանսական ծախսից, արհմիության հիմնադրման կամ տվյալների փոփոխության պետական գրանցումների հետ մեկտեղ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը bo.e-register.am համակարգով ներկայացնելը արհմիություններից պահանջում է տեխնիկական ռեսուրսներ, ինչպիսիք են ակտիվացված էլեկտրոնային ստորագրությամբ նույնականացման քարտի, քարտը կարդացող սարքի, համակարգչի, համակարգչային ծրագրերի փաթեթի առկայությունը, համակարգչային և իրավաբանական գիտելիքները, ինչը լրացուցիչ բարդացնում է գործընթացը և սահմանափակում է միավորման ազատության իրավունքը։
Հարկ է նշել նաև, որ արհմիությունների համար իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պահանջը և այդ հայտարարագիրը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հասանելի դարձնելը նպատակահարմար չէ նաև արհմիության իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։ ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների համաձայն՝ պետական գերատեսչությունների կողմից արհմիության անդամների, այդ թվում՝ արհմիության հիմնադիրների անձնական տվյալների տրամադրման պահանջը հակասում է թիվ 87 Կոնվենցիային։ Այդպիսի տվյալները պետք է գաղտնի պահվեն՝ արհմիությունների հանդեպ խտրականությունից խուսափելու համար (ԱՄԿ Միավորման ազատության կոմիտեի որոշումների ժողովածու, վերջին էլեկտրոնային հրատարակություն, կետեր՝ 433, 434)։ Նմանապես, համաձայն «Անձնական տվյալների մասին պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, արհեստակցական միությանն անդամակցությունը հատուկ կատեգորիայի անձնական տվյալ է։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ միջազգային փորձում առկա է արհմիությունների, ասոցիացիաների և քաղաքական կուսակցությունների համար իրական շահառուների հայտարարագրման պահանջի բացառություն, կամ յուրահատկություն։ Այսպես, Լատվիայի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենսդրության համաձայն՝ ասոցիացիաների, քաղաքական կուսակցությունների և արհմիությունների դեպքում առկա է հնարավորություն չհայտարարագրել իրական շահառուին, այն հիմնավորմամբ, որ նրանց հստակ նույնականացնել հնարավոր չէ, քանի որ այդ իրավաբանական անձինք անդամակցային են և նրանց գործունեությունն ուղղված է հօգուտ իրենց բոլոր անդամների կամ համընդհանուր բարիքի ստեղծմանը (https://www.ur.gov.lv/en/explanation-of-beneficial-owners/associations-trade-unions-political-parties/ ):
Ուկրաինայի «Հանցագործության արդյունքում ձեռք բերված եկամուտների օրինականացման (լվացման), ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման և հակազդեցության մասին» օրենքով իրավաբանական անձանց համար սահմանված է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման պահանջ, սակայն նշվում է, որ այդ պահանջը չի վերաբերվում քաղաքական կուսակցություններին, արհմիություններին, արհմիությունների միավորումներին, գործատուների միություններին, ասոցիացիաներին, համատիրություններին, պետական և համայնքային կառավարման մարմիններին, փաստաբանական պալատներին և մի շարք այլ կազմակերպություններին (https://zakon.rada.gov.ua/laws/show/361-20#Text)։
Ավստրիայի օրենսդրական կարգավորումներում նշվում է, որ իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը չի տարածվում ասոցիացիաների և կոոպերատիվների վրա։
Կարծում ենք, պետք է հաշվի առնել նաև, որ պետությունների մեծ մասում արհեստակցական կազմակերպություններն ընդհանրապես իրավաբանական անձ չեն համարվում, քանի որ ԱՄԿ Միավորման ազատության հիմնարար սկզբունքից ելնելով, արհեստակցական կազմակերպությունների համար պետական գրանցման պարտավորություն ընդհանրապես սահմանված չէ կամ սահմանված է միայն ազգային և ճյուղային մակարդակի արհմիությունների և արհմիությունների ֆեդերացիաների համար։ Ուստի, նման պետություններում արհեստակցական կազմակերպությունների/միությունների համար հայտարարագրերի պարտավորությունը բացակայում է, նույնիսկ առանց դրա մասին օրենքում հատուկ հիշատակման։