ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
Նախագծի ընդունմամբ կհաստատվեն ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
- պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 180 տեղ,
- նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 90 տեղ,
- պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 35 տեղ:
Նախագծի ընդունմամբ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը: