Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 984-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Տարեցներին մատուցվող խնամքի ծառայությունների բարելավման և համայնքահեն ծառայությունների ներդրման ու զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների 2021-2023 թվականների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» N 498-Լ որոշմամբ, որը տեղ է գտել նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, հաստատված հավելվածի՝ միջոցառումների ծրագրի 1-ին և 3-րդ կետերում ամրագրված միջոցառումների իրականացումից:  

ՀՀ կառավարության գործող որոշմամբ հաստատված՝ գործող կարգում ամրագրված է խնամքի և սոցիալական տարբեր ծառայությունների, այդ թվում՝ սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում ծառայություններ մատուցող կազմակերպություններ խնամքի տրամադրում հայցող անձանց ընդունելությունը, նրանց տրամադրումը: Դրանում շահառուների քանակը սահմանափակվում է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանցով, մինչդեռ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու ու անապահովության 0-ից բարձր միավոր ունենալու հանգամանքը բացակայում է։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել տարանջատել այս երկու ծառայությունները, և թողնել ճաշարաններ՝ նախատեսված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական անձանց (առանց տարիքային սահմանափակման) զուտ սննդի տրամադրման համար ու սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ՝ տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր խմբակների, մշակութային և մարզական միջոցառումների ու մրցումների, արվեստի ու աշխատանքային թերապիայի  կազմակերպման համար: Սննդի տրամադրումը հանդես է գալիս որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձանց բնաիրային օգնություն, միաժամանակ ՀՀ «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածում ամրագրված է, որ բնաիրային օգնությունը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից է, իսկ սննդապահովումը բնաիրային օգնություն է, որը տրամադրվում է դրա կարիքն ունեցող անձանց:

Ներկա դրությամբ ՀՀ-ում գործում է ավելի քան 20 ճաշարան, որոնց գործունեությունը որևէ իրավական ակտով լիարժեք կանոնակարգված չէ՝ դրանք գործում են որպես «սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ»: ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է բնաիրային օգնության տրամադրման կարգը, սակայն նշված որոշմամբ հաստատված կարգը հիմնականում վերաբերում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնությունների (հագուստ, սնունդ և այլն) բաշխմանը, և ոչ՝ ճաշարաններին։ Սույն նախագիծը կծածկի այս ոլորտում օրենսդրական բացը։ Նախարարությունը դրանից հետո այս և այլ հարցերի համար նպատակ ունի վերանայել և լրամշակել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշումը, որի մասին արձանագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում։

  • Քննարկվել է

    02.05.2022 - 17.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4376

Տպել

Առաջարկներ`

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

17.05.2022

Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունը ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 984-N որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը` առանձնացրել է ներքոնշյալ առաջարկները․ • Առաջարկվում է «Սննդի կազմակերպումը (տաք ճաշ` առաջին և երկրորդ կերակրատեսակով) իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ճաշարանների, շրջիկ խոհանոցների և այլ կազմակերպությունների կողմից։» նախադասությունը վերաձևակերպել հետևյալ կերպ․ «Սննդի կազմակերպումը (տաք ճաշ` առաջին և երկրորդ կերակրատեսակով կամ չոր մթերաբաժնի տեսքով) իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ճաշարանների, շրջիկ խոհանոցների և այլ կազմակերպությունների կողմից։»

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

17.05.2022

Առաջարկվում է Սննդի կազմակերպման ծառայությունների տրամադրումը վերնագրի երրորդ կետում թվարկվող հաստիքների շարքում՝ խոհարար, մատուցող, հավաքարար, ներառել նաև այնպիսի հաստիք (օրինակ հաստիքը կարող է կոչվել կազմակերպիչ, իսկ իրականացնող մասնագետը կարող է լինել սոցիալական աշխատողը), ում իրավասության տակ կլինի համակեցության կանոնների պահպանումը, շահառուների սանիտարական վիճակին հետևելը, բացակայող շահառուների մասին տեղեկատվության ճշտգրտումը, շահառուների վարակիչ հիվանդության կասկածի դեպքում՝ ահազանգումը, կոնֆլիկտերի կարգավորումը և այլն։

<<Առաքելություն Հայաստան>> ԲՀԿ

17.05.2022

• Առաջարկվում է Ծառայություն տրամադրելու համար հիմք են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալապես անապահով անձի դիմումը, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու ու անապահովության 0-ից բարձր միավոր ունենալը և հետևյալ փաստաթղթերը․․․ կետում վերանայել ծառայության տրամադրման հիմքերը, ներառելով նաև սոցիալապես խոցելի այն անձանց, ովքեր անձը հաստատող փաստաթուղթ չունենալու կամ օթևան չունենալու հիմքով գրանցում չունենալու պատճառով՝ դուրս կմնան ծառայության տրամադրման շրջանակից։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: