Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«    »              2017   թվականի N   -Ն

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել Հանրայինծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները՝ համաձայն N 1 հավելվածի:
  2. Սույն որոշման համաձայն` հասարակական կազմակերպությունների ընտրություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն է:
  3. Սույն որոշման համաձայն` ընտրված հասարակական կազմակերպություններին գումարը տրամադրող Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:

 

  1. Առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և հանձնարարարել ֆինանսների նախարարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում սահմանել օրենքով սահմանված գումարի փոխանցման ընթացակարգը:
  2. Սույն որոշումնուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

--------- ------ի  N –Ն որոշման

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ, ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

  1. Սույն կարգը սահմանում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություն) ընտրության և գումարի տրամադրման կարգը և պայմանները:
  2. Սույն կարգի համաձայն կազմակերպությունների ընտրությունը և վերջիններիս գումարի տրամադրումն իրականացվում է՝ կազմակերպությունների կարողությունների զարգացման և նրանց անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով:
  3. Կազմակերպությունների ընտրության նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ՝ ընտրող հանձնաժողով):
  4. Կազմակերպությունը ընտրվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
  • կազմակերպության կանոնադրական նպատակներից է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերի պաշտպանությունը,
  • կազմակերպության անդամներից առնվազն երեքն ունեն հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներից որևէ մեկում նվազագույնը երեք տարվա աշխատանքային ստաժ։ Կարգավորվող ոլորտի ստաժ է համարվում նաև այդ ոլորտում պետական կառավարում կամ կարգավորում իրականացնող մարմիններում կամ այդ ոլորտում սպառողների հետ կապերի գծով աշխատանքային ստաժը.
  • կազմակերպությունը՝

ա. առաջին անգամ ընտրվելու համար դիմելու դեպքում՝ մասնակցել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) վերջին երեք տարվա ընթացքում անցկացրած նիստերի առնվազն 5 տոկոսին.

բ. առաջին անգամ ընտրվելուց հետո՝ երկրորդ տարվանից սկսած ընտրվելու համար դիմելու դեպքում՝ մասնակցել է Հանձնաժողովի վերջին մեկ տարվա ընթացքում անցկացրած նիստերի առնվազն 15 տոկոսին

  • առաջին անգամ ընտրվելուց հետո՝ երկրորդ տարվանից սկսած ընտրվելու համար դիմելու դեպքում՝ կազմակերպությունը մասնակցել է տվյալ տարվա ընթացքում Հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային խորհրդակցություններին և լսումներին, որոնց մասին Հանձնաժողովը նախապես հրապարակել է իր պաշտոնական կայքում, ինչպես նաև ներկայացրել է գրավոր դիրքորոշում իրեն կարծիքի ուղարկված՝ Հանձնաժողովի գրությունների և որոշումների նախագծերի վերաբերյալ։
  1. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը կազմակերպությունների ընտրության գործընթացը սկսելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակում է իր պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/):
  2. Ընտրվելու նպատակով կազմակերպությունը մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 15-ը դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն՝ ներկայացնելով սույն կարգի 4-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ հիմնավոր փաստաթղթեր (այսուհետ՝ դիմում), այդ թվում՝
  • Հանձնաժողովի կողմից տրամադրված՝ վերջինիս նիստերին կազմակերպության մասնակցության վերաբերյալ տեղեկանք․
  • կազմակերպության անդամների աշխատանքային ստաժի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր․
  • Հանձնաժողովի կողմից տրամադրված՝ վերջինիս կազմակերպած աշխատանքային խորհրդակցություններին, լսումներին կազմակերպության մասնակցության և կազմակերպությանը կարծիքի ուղարկված՝ Հանձնաժողովի գրությունների և որոշումների նախագծերի առնչությամբ գրավոր դիրքորոշման ներկայացման վերաբերյալ տեղեկանք՝ սույն կարգի 5-րդ կետի համաձայն։
  1. Կազմակերպությունը, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար:
  2. Դիմումում ոչ էական թերությունների (վրիպակների և այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում ընտրող հանձնաժողովը դիմումը ստանալու պահից 3 օրվա ընթացքում գրավոր առաջարկում է կազմակերպությանը 2 օրվա ընթացքում վերացնել թերությունները, որի դեպքում սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետը երկարաձգվում է մինչև կազմակերպության կողմից համապատասխան թերությունների վերացումը, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը:
  3. Ընտրող հանձնաժողովը դիմումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին է ներկայացնում եզրակացություն՝ կազմակերպության ընտրության կամ ընտրության մերժման վերաբերյալ, որի հիման վրա նախարարը 1 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է համապատասխան  հրաման՝ այդ մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնելով կազմակերպությանը:
  4. Կազմակերպության ընտրությունը մերժվում է, եթե կազմակերպությունը՝
  • չի համապատասխանում սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին․
  • սահմանված ժամկետում չի վերացրել սույն կարգի 8-րդ կետում նշված թերությունները․
  • նախորդ գրանցման ժամանակահատվածի ընթացքում չի ներկայացրել կամ հրապարակել սույն կարգի 16-րդ կետով նախատեսված հաշվետվությունը․
  • նախորդ ընտրման ժամանակահատվածի ընթացքում տրամադրված գումարը չի օգտագործել սույն կարգի 14-րդ կետի համաձայն։
  1. Կազմակերպության ընտրությունն իրականացվում է մեկ օրացուցային տարով:
  2. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաշվարկված Հանձնաժողովի տարեկան բյուջեի մեկ տոկոսի չափով հաշվարկված գումարը (որը ներառվում է Հանձնաժողովի պահպանման ծախսերում) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվում է սույն կարգին համապատասխան ընտրված կազմակերպություններին եռամսյակային կտրվածքով՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա ավարտը։
  3. Սույն կարգի 12-րդ կետում նշված գումարը բաժանվում է ընտրված կազմակերպությունների թվի վրա և բաշխվում հավասարապես։
  4. Կազմակերպությունն իրեն տրամադրված գումարի 50 տոկոսը մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը պետք է ուղղի իր կարողությունների զարգացմանը, իսկ 50 տոկոսը անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը։
  5. Ընտրված կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը իրեն տրամադրված գումարի օգտագործման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն և հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am/
  6. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից ատացված տեղեկատվության հիման վրա` Ֆինանսների նախարարի հրամանով կազմակերպությանը տրամադրված գումարը վերջինիս կողմից սույն կարգին համապատասխան չօգտագործվելու դեպքում այդ չափով ենթակա է վերադարձման՝ հրամանով սահմանված ժամկետում :
  7. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հրամանով  կազմակերպության ընտրությունը չեղյալ է համարվում և դրա հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով գումարի տրամադրումը դադարեցվում է, եթե.
  • կազմակերպության գործունեությունն օրենքով սահմանված կարգով դադարեցվել է.
  • կազմակերպությունը դիմում է ներկայացրել այդ մասին.
  • կազմակերպությունը ընտրման ժամանակահատվածի ընթացքում դադարել է բավարարել սույն կարգի 4-րդ կետում նշված պահանջներին:
  1. Սույն կարգի 17-րդ կետով նախատեսված դեպքերում, դադարեցմանը հաջորդող ժամանակահատվածի համար արդեն իսկ տրամադրված գումարը կազմակերպության կողմից ենթակա է վերադարձման մինչև դադարեցման ամսվա ավարտը, ինչի վերաբերյալ համապատասխան դրույթ է ամրագրվում սույն կարգի 17-րդ կետում նշված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանում:
  2. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը յուրաքանչյուր տարի կազմակերպության ընտրության գործընթացի ավարտից հետո 5-օրյա ժամկետում սույն կարգի 5-րդ կետում նշված կայքերում տեղեկատվություն է հրապարակում ընտրված կազմակերպությունների վերաբերյալ։
  3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վարում է ընտրված կազմակերպությունների էլեկտրոնային մատյան (այսուհետ՝ մատյան)։ Դիմումն ստացվելուց հետո անմիջապես գրանցում է կատարվում մատյանում  կազմակերպության տվյալների, վերջինիս ընտրության կամ ընտրության մերժման, ժամկետի, այդ մասին կազմակերպությանը պաշտոնական գրություն ուղարկելու ամսաթվի, ընտրությունը չեղյալ համարելու, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկությունների վերաբերյալ։

 

  • Քննարկվել է

    06.09.2017 - 22.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11103

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: