29.04.2026
Մինչև 2028 թ. ծնված երեխաներին նույնպես ընդգրկել բնակապահովման ծրագրում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
—–––––––––– 2026 թվականի N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 710-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) N 1 հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին կետով՝
«7.1. Եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի՝ ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա (երեխաներ), ապա երեխան (երեխաները) համարվում է այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է երեխան (երեխաները)։ Դատարանի որոշման բացակայության դեպքում, երեխան (երեխաները) համարվում է մոր ընտանիքի միավորի պարտադիր անդամ և հայրը կարող է դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց այդ երեխայի (երեխաների)։»։
2) N 1 հավելվածի 10-րդ կետի 5-րդ ենթակետում «0 տոկոս է» բառերը փոխարինել «20 տոկոս է, որը վճարում է պետությունը» բառերով.
3) N 1 հավելվածի 11.1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «՝ վարկի տրամադրման պահին» բառերը.
4) N 1 հավելվածի 11.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11.2. Հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող 36 ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն փոփոխվում է Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ)։ Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան երկու անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով։».
5) N 1 հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետը «վերանորոգում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհատական բնակելի տան վերակառուցում և տնամերձ տարածքի կառուցապատում» բառերով.
6) N 1 հավելվածը 13.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.2-րդ և 13.3-րդ կետերով՝
«13.2. Սույն հավելվածի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված սահմանաչափի շրջանակում վերանորոգման նպատակով գործընկեր ֆինանսական կազմակերպությունները կարող են տրամադրել մեկից ավելի վերանորոգման վարկեր։»․
«13.3. Հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Այս դեպքում աջակցության գումարը կարող է իրացվել որպես դրական մնացորդ սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված ուղղություններով և սահմանաչափերով։».
7) N 1 հավելվածը 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին կետով՝
«16.1. Տրամադրվող ֆինանսական աջակցությունը (հիփոթեքային վարկը և այդ վարկով ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքը) չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց:»․
8) N 4 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «դրությամբ» բառից հետո լրացնել «բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ» բառերով.
9) N 4 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
10) N 4 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետը «բ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ՝
«գ. 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունքի վերաբերյալ փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը չի գերազանցում 12 քմ.».
11) N 4 հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետը «ունեցել է» բառերից հետո լրացնել «բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ» բառերով, իսկ «անհնարինության» բառից հետո՝ «կամ այլ հիմնավոր» բառերով.
12) N 4 հավելվածի 9-րդ կետի 2-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
13) N 4 հավելվածի 9-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով՝
«3) դիմում-բողոք ներկայացրած անձը (ընտանիքը) 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում չունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, որի բնակելի մակերեսը դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով գերազանցում է 12 քմ։»։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) 3-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության մեջ «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 3-րդ կետի 1-ին ենթակետը «ե» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «զ» պարբերությամբ՝
«զ. ամուսնալուծված անձանց դեպքում՝ դատարանի որոշումը (առկայության դեպքում) այն մասին, թե ում հետ պետք է ապրի երեխան (երեխաները).».
3) 3-րդ կետի 5-րդ ենթակետը «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո տեղահանվածների համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 6 տարին չլրացած երեխաների» բառերով.
4) 3-րդ կետի 8-րդ ենթակետը «կնքելուց» բառից հետո լրացնել «հետո կազմակերպությունը ծառայությանն է տրամադրում այդ պայմանագրով սահմանված կանխավճարի չափն ու հաշվեհամարը, որին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը փոխանցում է այդ գումարը։ Կանխավճարը ստանալուց» բառերով.
5) 3.1-ին կետի 3-րդ ենթակետը «վերանորոգման» բառից հետո լրացնել «, անհատական բնակելի տան վերակառուցման և տնամերձ տարածքի կառուցապատման» բառերով.
6) 3-րդ կետի 11-րդ ենթակետը «գրանցված ամուսնության» բառերից հետո լրացնել «կամ ամուսնալուծության, ամուսնալուծված ծնողների դեպքում՝ անչափահաս երեխային (երեխաների) ծնողներից մեկի ընտանիքի միավորի պարտադիր կազմում ներառելու» բառերով։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Տևողություն
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Կարգավիճակ
Դիտումներ` 2720
Տպել29.04.2026
Մինչև 2028 թ. ծնված երեխաներին նույնպես ընդգրկել բնակապահովման ծրագրում:
29.04.2026
Առաջարկս ավելի շատ ուղերձ է այն հայրենակիցներիս, ովքեր փոքր կազմով ընտանիքները /1-3/ դիտարկում են որպես մեկ միավոր խնդիր,և առաջարկում ՝ անձի հաշվով գումարի ավելացում։
Եթե 3 անդամ - ընտանիքը այսօրվա և՛ շուկայական, և՛ կադաստրային արժեքով /1 սենյականոց բնակվելու պիտու բնակարանի գինը սկսվում է 12 միլիոն ՀՀ դրամ արժեքից / չեն կարողանում բնակարան գնել, ապա անձի հաշվով գումար ավելացնելու դեպքում ինչպե՞ս 1 անդամ - ընտանիքը 5 միլիոն ՀՀ դրամ արժեքով, կամ 2 անդամ - ընտանիքը 10 միլիոն ՀՀ դրամ արժեքով կկարողանան բնակարան ձեռք բերել; Հաշվի առնենք, որ ունենք երիտասարդներ՝ ովքեր դեռ ընտանիք պիտի կազմեն, նորասստեղծ ընտանիքներ՝ ովքեր բալիկներ պիտի ունենան, միայնակ մարդիկ՝ ովքեր արդեն երազում են ապրել իրենց գոնե 40 քառակուսի մետր տանիքի տակ։
Ներողություն եմ խնդրում ձեր առաջարկները մեկնաբանելու համար, սակայն չեմ կարող չբարձրաձայնել, որ այդ դեպքում բնակչության մի ստվար հատված կրկին մնալու է անորոշության և անճարության մեջ։
23.04.2026
Առաջարկում եմ 1-3 հոգանոց ընտանիքների համար ձեռնարկել այլ միջոց, քանի որ փաստացի անհնար է գտել բնակարան նման գնով։
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: