Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ՈՒՍՈՒՄՆ ԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Դանիել Աբրահամյան 10.04.2026 13:41:23

Հարգելի՛ խմբագրող,

 

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված և արդեն իսկ քննարկման փուլ անցած նախագիծը (հասանելի է՝ https://e-draft.am/projects/9829/about) նախատեսում է լրացում կատարել օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունում՝ «քաղաքացիներին» բառից հետո ավելացնելով «, բացառությամբ այն քաղաքացու, որին նպատակային ուսումնառության համար տրամադրված տարկետումը դադարեցվել է առողջական վիճակի պատճառով» ձևակերպումը, առաջարկում եմ համապատասխան փոփոխությունն արտացոլել նաև Ձեր ներկայացրած օրենքի նախագծում։

 

Մասնավորապես, առաջարկվում է 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Սույն կարգի հիմքով տարկետում չեն կարող ստանալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն տարկետում ստացած քաղաքացիները, բացառությամբ այն քաղաքացու, որի նպատակային ուսումնառության համար տրամադրված տարկետումը դադարեցվել է առողջական վիճակի պատճառով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան զորակոչի ոչ ենթակա քաղաքացիները, ինչպես նաև սույն որոշման հավելված N 2-ի հիմքով տարկետում ստացած կամ հավելված N 2-ի 8-րդ կետով համապատասխան հայտ ներկայացրած քաղաքացիները»։

Նախագծում առաջարկվող տարբերակը բխում գործող օրենսդրական կարգավորումից և նախագծի հիման վրա հնարավոր չէ համապատասխան կարգավորում սահմանել

2 Հովհաննես Մինասյան 13.04.2026 01:17:43

Առաջարկում եմ 2026թ․-ի ամառային զորակոչին ենթակա անձանց ևս ընձեռել հնարավորություն՝ ստանալու տարկետում սույն որոշման շրջանակներում։ Սա հնարավոր է իրականացնել այս տարվա համար բացառություն սահմանելով և երկարաձգելով դիմումի ժամկետները մայիսից մինչև հունիս, որը իրապես չի խանգարի զորակոչի իրականացմանը և օրենքին թույլ կտա ընձեռել այս հնարավորությունը թիրախային խմբի ավելի մեծ լսարանի։

Այս բացառությունը և դրանից բխող պայմանները հատկապես կարևոր նշանակություն ունեն 27 տարին լրացած և գիտական աստիճանը ստանալու հնարավորություն չունեցող, բայց աշխարհի լավագույն համալսարններից մեկում մագիստրոսի կոչում ստացած ուսանող-զորակոչիկների համար։ Ուստի առաջարկս կարող է վերաբերել կա՛մ բոլոր ամառային զորակոչի ենթակա զորակոչիկներին, կա՛մ միայն 27 տարին լրացած և աշխարհի լավագույն համալսարաններից մեկից բակալավրի, մագիստրոսի կամ ասպիրանտի կոչում ստացած անձանց։

 

Հիմնավորում․

Ներկայումս կան ուսանողներ (հանձին ինձ), ովքեր ավարտելով մագիստրոսական ծրագիրը աշխարհի թոփ հիսուն համալսարաններից մեկում և ընդունվելով ասպիրանտական ծրագիր՝ կրկին թոփ համալսարաններից մեկում, ստացել են կրթական տարկետում ավելի կարճ ժամկետով, քան իրենց ծրագրի ավարտը՝ օրենքի սահմանափակման պատճառով (տարկետում կարող է տրվել առավելագույնը մինչ 27 տարին լրանալը)։ Կառավարության որոշման մեջ ամառային զորակոչի չընդգրկման դեպքում այս ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից և պետք է զորակոչվեն այն դեպքում, երբ իրենց կրթությունը աշխարհի լավագույն համալսարաններից մեկում մի քանի տարով ավելի երկար է եղել և գրեթե ամբողջությամբ ներառել է առնվազն երկու աստիճան՝ դարձնելով նրանց սույն օրենքի իրական թիրախ, քանի որ նրանց կրթությունը և փորձը համապատասխան մասնագիտական ոլորտներում անդրժելիորեն ավելի մեծ է քան բազմաթիվ ուսանողների, ովքեր միայն բակալավրի աստիճանով կկարողանան ձմռան զորակոչի ընթացքում օգտվել սույն օրենքի ընձեռած հնարավորություններից։

Նախագծով կարգի ուժի մեջ մտնելու և գործելու ժամկետները սահմանվել են նախատեսվող վարչարարության իրականացման իրատեսական ժամկետներից ելնելով: Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով հստակ սահմանված են զորակոչի ենթական լինելու տարիքային շեմերը, և կառավարության որոշմամբ չի կարող օրենքով սահմանված տարիքային շեմից այլ կարգավորումներ սահմանվել:

3 Լևոն Բ. 14.04.2026 12:51:40

Հարգելի ԿԳՄՍ նախարարություն,

 

Այս և կից օրենսդրական փաթեթները չեն ներառում 27 տարին լրացած մասնագատներեն: Որևէ Մեխանիզմ չկա քրեական գործերը դադարեցնելու համար: Խնդրում եմ հաշվի առնել նշվածս հանքամանքը և հնարավոր մարդկային ռեսուրսների կորուստը:

 

Հարգանքներով՝

Լևոն

Արված առաջարկը ենթադրում է օրենսդրական կարգավորում և դուրս է նախագծի կարգավորման տիրույթից

4 Գոռ Սարգսյան 16.04.2026 05:12:41

Հարգելի՛ պարոն/տիկին,

 

Ես գրում եմ՝ առաջարկ ներկայացնելու նպատակով՝ «Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և ոլորտները սահմանելու մասին» իրավական ակտով սահմանվող ոլորտների ցանկը ընդլայնելու վերաբերյալ։

 

Կարծում եմ, որ նպատակահարմար կլինի այդ ցանկում ներառել նաև շինարարության և ճարտարապետության ոլորտները։

 

Այս ոլորտները հանդիսանում են պետության զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ուղղություններ, քանի որ անմիջականորեն կապված են ենթակառուցվածքների զարգացման, քաղաքաշինության, բնակարանաշինության, ինչպես նաև ինժեներական նախագծման և տեխնիկական վերահսկողության գործընթացների հետ։

 

Շինարարության և ճարտարապետության ոլորտների ներառումը հնարավորություն կտա խթանել համապատասխան մասնագետների պատրաստումը աշխարհի առաջատար համալսարաններում և ապահովել նրանց ներգրավումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող զարգացման ծրագրերում՝ բարձրացնելով ոլորտի մասնագիտական որակը և արդյունավետությունը։

 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում եմ դիտարկել շինարարության և ճարտարապետության ոլորտների ներառումը նշված իրավական ակտով սահմանվող ոլորտների ցանկում։

 

Շնորհակալություն ուշադրության համար։

Նախագծով առաջարկվող ոլորտները ընտրելու համար հիմք են հանդիսացել պետական առաջնահերթությունները և դրանցում համապատասխան մասնագետներ ներգրավելու անհրաժեշտությունը:

5 Vardan Vardanyan 17.04.2026 20:34:12

Ողջունելի է, որ պետությունը ձգտում է հետ բերել աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստացած Հայաստանի քաղաքացիներին։ Ծրագիրը ճիշտ նպատակ է հետապնդում, և Հայաստանի համար կենսական նշանակություն ունի որակյալ մասնագետների վերադարձը։ Սակայն պայմանները պետք է համապատասխանեն Հայաստանի տնտեսության իրականությանը, այլ ոչ թե ստեղծեն արհեստական խոչընդոտներ, որոնք մղում են ամենաբարձր ներուժ ունեցող անձանց ընտրելու այլ երկիր։ Ծրագիրը պետք է բավականաչափ ճկուն լինի, որ կարողանա մրցել միջազգային շուկայի հետ, այլ ոչ թե բյուրոկրատական արգելքներ ստեղծի հենց սկզբից։

Կարևոր է նաև հաշվի առնել, որ 2018 թ.-ից ի վեր լավագույն համալսարաններում սովորող ուսանողների ճնշող մեծամասնությունը չի վերադարձել Հայաստան։ Այսինքն՝ ներկայիս վիճակում պետությունը այսպես թե այնպես կորցնում է այդ մարդկանց։ Ուստի ավելի թեթև ու հրապուրիչ պայմաններ սահմանելով՝ պետությունը ըստ էության ոչինչ չի կորցնում, բայց կարող է շատ բան շահել։

ՏՏ ոլորտում 20+ և ֆինանսական ոլորտում 100+ աշխատողի պայմանը գործնականում բացառում է հայկական տնտեսության ամենաաշխույժ հատվածը՝ ստարտափ ընկերությունները։ Առաջարկում եմ հանել կամ էապես նվազեցնել այդ չափանիշները։

Կարգի կիրարկման արդյունավետության տեսանկունից կարևոր է կատարվող աշխատանքների կայունությունը և հստակ կանոնակարգվածությունը, հետևաբար առաջարկվող կարգավորման տրամաբանությունը բխել է վերը նշվածից:

6 Vardan Vardanyan 17.04.2026 20:34:12

Առաջարկում եմ նաև ստեղծել նախապես հաստատված գործատուների ցանկ և թվային հարթակ, որտեղ շրջանավարտները կարողանան դեռ արտասահմանում միջնորդավորված կապ հաստատել հայկական ընկերությունների հետ։

Գործատուններ ընտրելու ընթացակարգերը սահմանված են նախագծում, որոնցով սահմանվում են նաև համապատասխան ռեեստրների սահմանում:

7 Vardan Vardanyan 17.04.2026 20:34:12

Ծրագիրը հավասարապես է վերաբերում բոլոր կրթական աստիճաններին, ինչն արդարացված չէ։ Մագիստրոսի կամ դոկտորական կոչում ունեցողն ավելի բարձր ներուժ ունի, ուստի նրանց ընտրության ազատությունը և շրջանակը՝ ներառյալ ինքնազբաղվածությունն ու ստարտափ հիմնումը, պետք է ավելի լայն լինի, քան բակալավրի շրջանավարտինը։

Կարգի նպատակն է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներին Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու մեխանիզմներ ստեղծելուն և նրանց մասնագիտական գիտելիքները համապատասխան ոլորտներում օգտագործելուն, իսկ ըստ կրթական աստիճանի տարբերակված մոտեցուց ցուցաբերելը հիմնավորված չէ: Կարգի կիրարկման արդյունավետության տեսանկունից կարևոր է կատարվող աշխատանքների կայունությունը և հստակ կանոնակարգվածությունը, հետևաբար ինքնազբաղվածության ու ստարտափի համար տարկետում տրամադրելը չի բխում կարգի կարգավորման տրամաբանությունից:

8 Vardan Vardanyan 18.04.2026 10:16:14

Ողջունելի է, որ պետությունը ձգտում է հետ բերել աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստացած Հայաստանի քաղաքացիներին։ Ծրագիրը ճիշտ նպատակ է հետապնդում, և Հայաստանի համար կենսական նշանակություն ունի որակյալ մասնագետների վերադարձը։ Սակայն պայմանները պետք է համապատասխանեն Հայաստանի տնտեսության իրականությանը, այլ ոչ թե ստեղծեն արհեստական խոչընդոտներ, որոնք մղում են ամենաբարձր ներուժ ունեցող անձանց ընտրելու այլ երկիր։ Ծրագիրը պետք է բավականաչափ ճկուն լինի, որ կարողանա մրցել միջազգային շուկայի հետ, այլ ոչ թե բյուրոկրատական արգելքներ ստեղծի հենց սկզբից։

Կարևոր է նաև հաշվի առնել, որ 2018 թ.-ից ի վեր լավագույն համալսարաններում սովորող ուսանողների ճնշող մեծամասնությունը չի վերադարձել Հայաստան։ Այսինքն՝ ներկայիս վիճակում պետությունը այսպես թե այնպես կորցնում է այդ մարդկանց։ Ուստի ավելի թեթև ու հրապուրիչ պայմաններ սահմանելով՝ պետությունը ըստ էության ոչինչ չի կորցնում, բայց կարող է շատ բան շահել։

ՏՏ ոլորտում 20+ և ֆինանսական ոլորտում 100+ աշխատողի պայմանը գործնականում բացառում է հայկական տնտեսության ամենաաշխույժ հատվածը՝ ստարտափ ընկերությունները։ Առաջարկում եմ հանել կամ էապես նվազեցնել այդ չափանիշները։

Առաջարկվող պայմանները ընտրելու համար հիմք են հանդիսացել տնտեսության կոնկրետ ոլորտների առաջնահերթությունները, իսկ կարգի կիրարկման տեսանկյունից անհրաժեշտ է համապատասխան կազմակերպություններ որոնք կայուն գործունեություն են ծավալում, որի պատճառով էլ սահմանվել են նշված պայմանները:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: