Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 17.10.2018 - 02.11.2018

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ 2018 թվականի փետրվարի 09-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) ներդրված պարզեցված վարույթը գործը ընդհանուր հայցային վարույթից տարբերվող հեշտացված ընթացակարգի միջոցով քննելու հնարավորություն է ստեղծել: Այդուհանդերձ, այս վարույթի կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունը, ինչպես նաև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում քաղաքացիական գործերի քանակի աննախադեպ աճի պատճառների վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կատարած գործոնային վերլուծությունը[1] թույլ են տալիս եզրահանգել, որ պարզեցված վարույթի ինստիտուտը որոշակի կատարելագործման կարիք ունի: Այսպես՝ Օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ: Մինչդեռ այս կարգավորումից պարզ չէ, թե որ պահն է հիմք ընդունվում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշելու համար՝ հայցադիմում ներկայացնելու պահը, թե դրանից հետո. Օրենսգիրքը չի պարունակում դրույթներ արտարժույթով ներկայացված պահանջի՝ Հայաստանի Հանրապետության դրամի հետ համարժեքության որոշման վերաբերյալ, ինչը արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում կարող է խնդրահարույց լինել. Օրենսգիրքը չի նախատեսում պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու պարագայում կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գործին մասնակցող անձանց գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ, ինչը, սակայն, այս վարույթի արդյունավետությունը, ինչպես նաև գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքների իրականացման նախադրյալներ ապահովելու համար անհրաժեշտ է թվում. Օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, այնուամենայնիվ գործնականում պարզեցված վարույթով որոշակի հարցեր պարզելու համար առաջանում է դատական նիստ հրավիրելու անհրաժեշտություն: Այսպես, հայցից հրաժարվելու, հաշտության համաձայնություն կնքելու, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար անհրաժեշտ է նախատեսել դատական նիստ հրավիրելու հնարավորություն. Օրենսգրքի 302-րդ հոդվածից հետևում է, որ պարզեցված վարույթի կարգով գործը քննելու դեպքում դատարանի կողմից կայացվող վճռի պատճառաբանական մասի բովանդակությանը ներկա­յացվող պահանջները ընդհանուր կարգով քննվող գործերով կայացվող վճիռների պատճառաբանական մասին ներկայացվող պահանջների համեմատ քիչ են: Այնինչ, վերջին տարիներին բռնագանձման պահանջների կտրուկ աճը և այդ գործերով կայացված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքների սակավաթվությունը վկայում են, որ բոլոր դեպքերում վճիռը պատճառաբանելը դատարանի համար առաջացնում է անհարկի ծանրաբեռնվածություն[2]: Ներկայումս պարզեցված վարույթ կիրառելու հարցը դատարանը լուծում է հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում, այսինքն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացված լինելու պարագայում կայացվում է պարզեցված վարույթ կիրառելու մասին առանձին որոշում: Բացի այդ, պարզեցված վարույթով գործի քննության ընթացքում որոշակի գործողությունների կատարման համար սահմանված են ժամկետներ, որոնց հաշվարկումը ևս լրացուցիչ ծանրաբեռնում է դատարանին: Ամբողջ վերոգրյալը վկայում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:   [1] Մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգը (http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf): [2] Դատարաններում 2013-2017 թվականներին ստացված քաղաքա­ցիական գործերի վիճակագրական տվյալների համեմատական վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ 2017 թվականի ընթացքում ստացված քաղաքացիական գործերի 83.5% եղել են գումարի բռնագանձման պահանջի մասին, որի 80 տոկոսի հայցագինը հիմնականում չի գերազանցել 2.000.000 ՀՀ դրամը։ Ընդ որում, տվյալ կատեգորիայի գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքները չեն գերազանցում 1%-ը (ավելի մանրամասն տե՛ս Հայաստանի Հանրապետության արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգի 38-39-րդ էջերը) (http://www.court.am/news/21-08-2018/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%81%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.pdf):
1 10844

The draft has been accepted

Discussed 09.10.2018 - 25.10.2018

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 1998 թվականի մայիսի     5-ին, որից հետո Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արդյունքում Օրենքը պարունակում է մի շարք թերություններ և հակասություններ, ինչպես նաև չի համապատասխանում Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ձևավորված պրակտիկային, մասնավորապես՝   Օրենքում առկա են անհստակություններ և թերի կարգավորումներ կապված կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարանների, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաև  դրանց բողոքարկման հետ: Այսպես՝ Օրենքի որոշ կարգավորումներից բխում է, որ եթե վերաքննիչ դատարանը կայացնի, օրինակ, դատական սանկցիա կիրառելու մասին դատական ակտ, ապա կատարողական թերթը պետք է տա առաջին ատյանի դատարանը, այն դեպքում, երբ ակտը կայացրել է վերաքննիչ դատարանը, Օրենքում բացակայում է կատարողական թերթ տալու դիմումը մերժելու և առանց քննության թողնելու կառուցակարգեր, 2018 թվականի փետրվարի 9-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխում է, որ արբիտրաժի վճիռների, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, օտարերկրյա դատարանների և արբիտաժի վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ ստանալու նպատակով անձի դիմումի համաձայն դատարանը կայացնում է որոշում, մինչդեռ Օրենքի 18-րդ հոդվածի վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ դատարանի որոշումը բավարար չէ կատարողական թերթ տալու համար և դատարանի որոշման առկայության պայմաններում անհրաժեշտ է կրկին դիմում ներկայացնել, Օրենքով կատարողական թերթ տալը կամ կատարողական թերթ տալու դիմումը մերժելը բողոքարկելու իրավական հնարավորություն նախատեսված չէ, ինչը հակասում է Սահմանադրական դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 13-ի ՍԴՈ-1330 որոշմամբ արտահայտված դիրքորոշմանը, որի համաձայն՝ կատարողական թերթը կազմում է դատական ակտի օրգանական մասը, հետևաբար` այն ենթարկվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերի օրենքով նախատեսված բողոքարկման ընդհանուր կանոնին:   Օրենքում բացակայում են կատարողական թերթով նախատեսված պարտավորությունը կամովին կատարելու և անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը խրախուսելու մեխանիզմները: Օրենքը հարկադիր կատարողի կողմից ընդունված որոշումների և ծանուցումների ուղարկման և հանձնման հետ կապված հարաբերությունների կարգավորման համար հղում է կատարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, որում առկա նոր մոտեցումները անհրաժեշտ է ներդնել կատարողական վարույթում: Օրենքը ներկայումս չի նախատեսում կատարողական թերթի պահանջների կատարումն ապահովելու համար պարտապանին կամ այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու հնարավորություն: Օրենքը չի ապահովում պարտատիրոջ պահանջների բավարարման լիարժեք մեխանիզմ: Այսպես՝ գործնականում դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացում առաջանում են իրավիճակներ, երբ կատարողական վարույթի ընթացքում պարտապանը միջոցներ չի ձեռնարկում իրեն փաստացի պատկանող (օրինակ՝ ժառանգության իրավունքի վկայագրի, դատական ակտի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա) և իր անունով գրանցման ենթակա գույքային իրավունքը գրանցելու ուղղությամբ՝ վճռով իր վրա դրված պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով, Օրենքը չի սահմանում գույք կամ գույքային իրավունք ձեռք բերելու դեպքում նոր հայտարարագիր ներկայացնելու պարտականություն: Օրենքի 40-րդ և 41-րդ հոդվածների կարգավորումից բխում է, որ պարտապանի բացակայության դեպքում հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը, մինչդեռ գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ պարտապանի ներկայության անհրաժեշությունն ընդհանրապես բացակայում է կատարողական գործողություններ իրականացնելու համար (օրինակ՝ պարտապանի բանկային հաշվին առկա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելիս), սակայն, փաստորեն, նրա բացակայության պայմաններում հարկադիր կատարողը կարող է ավարտել կատարողական վարույթը: Օրենքըպարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել մուտք գործելու հնարավորություն նախատեսելու պարագայում չի կարգավորում պարտապանի բացակայության, համաձայնություն չտալու կամ այլ կերպ հարկադիր կատարողի՝ բնակարան մուտք գործելը խոչընդոտելու դեպքում ձեռնարկվող միջոցների հարցը: Գրավով ապահովված պարտավորության կատարման ընթացքում գրավի առարկայի անբավարարության կամ գրավի առարկան չհայտնաբերելու դեպքում հարկադիր կատարողը չի կարող բռնագանձում տարածել պարտապանի այլ գույքի վրա, քանի որ կատարողական թերթում դրա մասին նշված չի լինում: Օրենքը նախատեսում է միայն հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան և այլ շինության նոր սեփականատիրոջ պահանջով բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարելու հնարավորություն: Օրենքով սահմանված կարգավորումների համաձայն՝ դատարանը կատարողական թերթը հարկադիր կատարողին ուղարկում է էլեկտրոնային եղանակով, սակայն հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումները դատարանին էլեկտրոնային եղանակով տրամադրելու մասին դրույթներ նախատեսված չեն: Օրենքի 44.1-ին հոդվածում ներառված չեն պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում պարտապանի դրամական միջոցների վրա նախկինում պարտավորության ողջ ծավալով դրված արգելանքը հանելու կառուցակարգեր: Օրենքում առկա են նաև վերոնշյալ և այլ կարգավորումների հետ փոխկապակցված մի շարք խնդիրներ ևս:           Վերոշարադրյալը վկայում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:
9 9699

The draft has been accepted

Discussed 30.10.2017 - 22.11.2017

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի լրամշկված նախագիծ և կից օրենքների նախագծեր 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված և 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ընդունված կարևոր իրավական ակտերից է: Այն միասնական, համակարգված և համապարփակ ակտ է, որը կարգավորում է ոչ միայն քաղաքացիական դատավարական հարաբերությունները, այլև կարգավորում էր վարչադատավարական հարաբերությունները։ Սակայն օրենսգիրքն իր դրական հատկանիշներով հանդերձ գործողության ընթացքում ի ցույց դրեց որոշակի անհստակություններ, կարգավորման բացեր, ինչպես նաև անհամապատասխանություն հասարակական հարաբերությունների զարգացման արդի միտումներին, մասնավորապես` Oրենսգրքում առկա են ինստիտուտներ, որոնք իրենց գոյության ընթացքում չստացան արդյունավետ կիրառում (արագացված դատաքննություն և այլն). Օրենսգրքում առկա են թերի կարգավորմամբ ինստիտուտներ (ենթակայություն, ընդդատություն, ապացուցում, հատուկ վարույթներ, դատավարական ժամկետներ, դատական ծախսեր և այլ հարցեր): Ընդ որում, Օրենսգրքի գործողության ընթացքում դրանում բացահայտված մի շարք թերություններ ու բացթողումներ լրացվեցին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումներով. Օրենսգրքում բացակայում են կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարաբերությունների կանոնակարգման նորմեր (գործերի նոր քննության, պարզեցված վարույթի, խմբային հայցերի, հեռակա դատաքննության, էլեկտրոնային ծանուցումների, հայցադիմումի և այլ փաստաթղթերի էլեկտրոնային կարգով դատարան ներկայացնելու, տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ դատական նիստին մասնակցելու հնարավորության վերաբերյալ կարգավորումներ). Օրենսգիրքը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 2015 թվականի փոփոխություններին (ապացույցների անթույլատրելիության, ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքի, Վճռաբեկ դատարանի գործառույթների հետ կապված սահմանադրական կարգավորումներին). «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և դրա կիրառման արդյունքում ձևավորված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որշումներով արտահայված դիրքորոշումներից բխող օրենսդրական կարգավորումները տեղ չեն գտել Օրենսգրքում. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներով սկզբունքային իրավական դիրքորոշումներ է արտահայտել քաղաքացիական դատավարության տարբեր ինստիտուտների էության և կիրառման վերաբերյալ, որոնք ենթադրում են նոր հայեցակարգային մոտեցումներ: Օրենսգիրքը իրավական տեխնիկայի տեսանկյունից չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ վերջինս ընդունվել է ավելի ուշ:           Ամբողջ վերոշարադրյալը վկայում է նոր օրենսգիրք ընդունելու անհրաժեշտության մասին:
8 17288

The draft has been accepted

Discussed 20.10.2017 - 05.11.2017

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով` նվազեցվել է դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի նվազեցման սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս` բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի: հանվել է սահմանաչափը գերազանցող չափով գործերի բաշխման տոկոսաչափը սահմանելու Դատարանների նախագահների խորհրդի հայեցողական լիազորությունը, սահմանվել է, որ Երևան քաղաքում գործում է մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով, մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ և այլն:
2 11372

Under development

Discussed 16.06.2017 - 03.07.2017

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք և հարակից օրենքների փաթեթ     Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ փաստարկներով: Անցման ժամանակաշրջանում սա այն եզակի հիմնարար օրենսդրական ակտերից է, որը երբևէ համակարգված քննարկման առարկա չի դարձել և ընդգրկված չի եղել իրավական բարեփոխումների ծրագրերում, այսինքն՝ ըստ էության, բացակայում էր այդ ոլորտի օրենսդրական կարգավորման որևէ ամփոփ հայեցակարգ, որը կկանխորոշեր հետագա օրենսդրական զարգացումները: Արդյունքում՝ ոլորտը կանոնակարգող օրենսդրական ակտերում պարբերաբար անխուսափելիորեն կատարվել են տարաբնույթ, երբեմն էլ անհարկի իրարամերժ ու հակասական փոփոխություններ, լրացումներ, ինչպես նաև ընդունվել են նոր օրենսդրական ակտեր, որոնք հիմնականում առաջադրել են իրավիճակային լուծումներ, հընթացս էլ ավելի խրթին դարձնելով իրավակիրառ պրակտիկան։     Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում է դեռևս ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված և 1986թ. հունիսի 6-ին կիրառության մեջ դրված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը: Այդ օրենսգիրքն իր հիմքում դրված հայեցակարգային տրամաբանությամբ և փիլիսոփայությամբ, համակարգային կառուցվածքով և տասնյակ այլ օրենքների հետ ունեցած անլուծելի հակասություններով, տասնամյակների ընթացքում կատարված բազում հաջողված և անհաջող փոփոխություններով, հնացած կամ գործնական կիրառում չունեցող բազմաթիվ դրույթներով, թերի և ոչ լիարժեք վարչական պատասխանատվության միջոցներով ունակ չէ լուծել իր առջև դրված խնդիրները և չի համապատասխանում իրավական պետության պահանջներին:         Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքով լուծվել են առնվազն հետևյալ սկզբունքային հարցերը՝         1.Օրենսգրքի նախագիծը համապարփակ կերպով ընդգրկում է բոլոր վարչական իրավախախտումները, իսկ այլ օրենքներում վարչական իրավախախտման դեպքեր այլևս  նախատեսված չեն: Այսինքն, չկա վարչական պատասխանատվություն, եթե դա նախատեսված չէ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով:         2. Օրենսգրքի նախագիծը, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի հետ կապված հարցերը կարգավորելիս, ընդհանուր առմամբ հիմնվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարչական վարույթի ընդհանուր սկզբունքների վրա՝ միաժամանակ հաշվի առնելով հատուկ վարույթների առանձնահատկությունները:         3. Օրենսգրքի նախագիծը էականորեն բարեփոխել է վարչական պատասխանատվության միջոցների շրջանակը: Կատարելագործվել են գործող օրենսգրքում արդեն իսկ սահմանված վարչական տույժերը, ինչպես նաև նախատեսվել են նոր վարչական տույժի տեսակներ:         4. Օրենսգիրքը մշակելիս  հաշվի է առնվել արարքի և դրա համար նախատեսված պատասխանատվության համաչափության սկզբունքը:          Օրենսգրքի նախագծի  առնչությամբ միջազգային փորձագետների կողմից 2016 թվականի հուլիսին տրվել է աննախադեպ բարձր գնահատական:
4 17074

Under development

Discussed 20.03.2017 - 05.04.2017

«Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավական կարգավիճակը, գործունեության սկզբունքները, Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, Հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները, ներառյալ՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կրթական և կանխարգելիչ գործառույթների վերապահումը Հանձնաժողովին: Նախագծում կարգավորվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների շահերի բախման (ներառյալ՝ շահերի հայտարարագրման), հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց ակտիվների և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Նախագիծը սահմանում է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնները, անհամատեղելիության պահանջները և վերջիններիս նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները, նվերներ ընդունելու արգելքը, ինչպես նաև ներների հաշվառման հետ կապված դրույթներ: Նախագծում իրենց կարգավորումն են ստացել նաև Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի առանձնահատկությունները:
7 18136