«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի № 904-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___ _______ 2026 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի № 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածք սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» № 904-Ն որոշման № 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի
․․․ № -Ն որոշման
|
« Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի № 904 -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սահմանափակման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման հետ կապված հարաբերությունները։
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Կարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝
1) պատմական գնորդներին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալ` ծավալ, որը հաշվարկվում է՝ հաշվի առնելով վերջին երեք տարվա ընթացքում պատմական գնորդների կողմից տվյալ ապրանքի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված միջին ծավալից.
2) ապրանք` այն ապրանքները, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով սահմանված են ներմուծման սահմանափակումներ.
3) հաշվարկված ժամանակաշրջան` ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող երեք օրացուցային տարին.
4) Որոշում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներ, որոնցով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սահմանափակման ենթակա ապրանքների թույլատրելի ծավալներ կամ ներմուծման առանձնահատկություններ.
5) մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ապրանքն է, և որը իրավունք է տալիս սահմանված քանակով տվյալ ապրանքի ներմուծման համար.
6) գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա սահմանափակման ենթակա ապրանք ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.
7) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով սահմանափակման ենթակա ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման մասով լիազոր նշանակված պետական կառավարման մարմին.
8) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.
9) պատմական գնորդներ` հաշվարկված ժամանակաշրջանում ներքին սպառման համար ապրանք ներմուծող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ.
10) ոչ պատմական գնորդներ` սույն կարգի 2-րդ կետի 9-րդ ենթակետում չներառված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ։
3. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
3. Սահմանափակման ենթակա ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հետևյալ կերպ՝
1) պատմական գնորդների համար` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսը.
2) ոչ պատմական գնորդների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 25 տոկոսը:
4. ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼԻ ԲԱՇԽՈՒՄԸ
4. Պատմական և ոչ պատմական գնորդների (այսուհետ` հայտատու) միջև Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սահմանափակման ենթակա ապրանքների բաշխումն իրականացվում է մինչև որոշմամբ հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառումը:
5. Ներմուծման մասին հայտ ներկայացրած պատմական գնորդի համար ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով՝
Vi = Vid x D,, որտեղ`
Vi -ն i -րդ պատմական գնորդին հատկացվող ներմուծման թույլատրելի ծավալն է,
Vid -ն բոլոր պատմական գնորդներին համապատասխան տարվա համար ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալն է,
D-ն գործակից է, որն արտացոլում է հաշվարկված ժամանակաշրջանում ապրանքի ներմուծման ընդհանուր ծավալում պատմական գնորդի մասը:
D գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով, ընդ որում՝ գործակցի մեծությունը կլորացվում է մինչև տասնորդական միավորը՝ կլորացնելով դեպի մեծությունը.
D = Vipt / Vt, որտեղ`
Vipt -ն պատմական գնորդի կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է,
Vt -ն բոլոր պատմական գնորդների կողմից հաշվարկված ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված բնաիրային ծավալն է:
6. Պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է կարգի 5-րդ կետով սահմանված հաշվարկին համապատասխան, բայց ոչ ավելի, քան իր կողմից խնդրարկված ծավալը:
7. Ոչ պատմական գնորդների միջև ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան իր կողմից խնդրարկված և պատմական գնորդներին բաշխված միջին ծավալը:
8. Եթե հայտատուները հայտը ներկայացնելու տարվանը նախորդող տարում ստացել են սահմանված քանակով տվյալ ապրանքի ներմուծման համար լիցենցիա և հաշվետու ժամանակահատվածում չեն ներմուծել լիցենզիայով նախատեսված քանակը կամ սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներին համապատասխան չեն հրաժարվելու իրենց հատկացված ծավալից, ապա սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերին համապատասխան վերջիններիս հասանելիք ծավալը պակասեցվում է նախորդ տարում չբերված քանակին համաչափ։
9․ Մեկ տարի ներմուծման թույլատրելի ժամկետ ունեցող ապրանքների դեպքում՝
1) հայտատուները մինչև հաշվետու տարվա հուլիսի 15-ն իրավունք ունեն հրաժարվելու իրենց հատկացված ծավալից՝ ամբողջությամբ կամ մասնակի։ Այն դեպքում, երբ հայտատուն հրաժարվում է իրեն հատկացված ներմուծման թույլատրելի ծավալից մասնակի, տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցվում է և 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է նոր լիցենզիա, որտեղ նշվում է իրեն հատկացված ներմուծման նոր թույլատրելի ծավալը։ Հայտատուին հատկացված ծավալից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվում է լիազոր մարմին էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ.
2) լիազոր մարմինը սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետի ավարտից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում մաքսային ոլորտի լիազոր մարմնին է տրամադրում տեղեկատվություն՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված հայտատուների վերաբերյալ՝ նշելով կազմակերպության անվանումը և լիցենզիայի համարը։
3) ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ ստանալու համար հայտատուները հաշվետու տարվա օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 10-ը լիազոր մարմին են ներկայացնում հայտ՝ ընթացակարգի 16-րդ կետի պահանջներին համապատասխան:
10․ Մեկ տարուց պակաս ներմուծման ժամկետ ունեցող ապրանքների դեպքում ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակության բաշխման կարգը կարող է սահմանվել որոշումներով։
11. Չբաշխված ներմուծման թույլատրելի ծավալը լիազոր մարմնի կողմից բաշխվում է`
1) պատմական գնորդների համար` կարգի 6-րդ կետի պահանջներին համապատասխան.
2) ոչ պատմական գնորդների միջև` կարգի 7-րդ կետի պահանջներին համապատասխան։
12․ Լիազոր մարմինը Որոշումն ուժի մեջ մտնելուց 2 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ դիմում է մաքսային ոլորտի լիազոր մարմին՝ հաշվարկված ժամանակահատվածում ապրանքի Հայաստանի Հանրապետության ներմուծման վերաբերյալ տեղեկություն ստանալու մասին:
13. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը՝ լիազոր մարմնի գրությունը ստանալուց 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում տեղեկություն հաշվարկված ժամանակահատվածում (ըստ տարիների) ապրանքի Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված բնաիրային ծավալների վերաբերյալ՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։
14. Մաքսային ոլորտի լիազոր մարմինը մինչև հաջորդող ամսվա 15-ը լիազոր մարմին է ներկայացնում հաշվետու տարվա ընթացքում ամսական պարբերականությամբ` յուրաքանչյուր ամսվա համար լիցենզիա ստացած հայտատուների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված սահմանափակման ենթակա ապրանքների բնաիրային ծավալների մասին տեղեկություն՝ նշելով կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն, լիցենզիայի համարը, տալու ամսաթիվը, ապրանքների հայտարարագրի գրանցման համարը, ամսաթիվը, փաստացի հայտարարագրված ծավալը, ապրանքի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և նկարագիրը։
15. Լիազոր մարմինը հաշվետու տարվա հուլիսի առաջին տասնօրյակում ծանուցում է սույն որոշմամբ սահմանված քվոտայի շրջանակներում սահմանափակման ենթակա ապրանքներ ներկրող հայտատուներին՝ հաշվետու տարվա առաջին կիսամյակի ընթացքում իրենց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված սահմանափակման ենթակա ապրանքների փաստացի ծավալների, ինչպես նաև քվոտայի շրջանակներում վերջիններիս հասանելիք, սակայն դեռևս չներմուծված ծավալի մասով լիազոր մարմնին հիմնավորված տեղեկություն ներկայացնելու վերաբերյալ։
5. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
16. Սահմանափակման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման համար հայտատուների կողմից լիազոր մարմին փաստաթղթերը ներկայացվելու վերջնաժամկետը սահմանվում է Որոշման ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը: Հայտատուն, մինչ սույն կետով սահմանված հայտերի ներկայացման վերջնաժամկետը, կարող է իր կողմից ներկայացված հայտը ենթարկել փոփոխության։
17. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն ձևի.
2) գլխավոր լիցենզիայի դեպքում` պայմանագրի կամ կողմերի մտադրությունների մասին վկայող այլ փաստաթղթի պատճենը, իսկ մեկանգամյա լիցենզիայի դեպքում` հաշիվ-ապրանքագրի պատճենը.
3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկություն։
4) ոչ պատմական գնորդների դեպքում՝ նաև Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված տեղեկանքը՝ ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում ոչ պակաս, քան 1 տարի գործունեություն իրականացնելու մասին։
18. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), փոստային առաքմամբ կամ առձեռն։
19. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու համար փոստային առաքմամբ կամ առձեռն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները հաստատվում են հայտատուի ստորագրությամբ:
20. Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
21. Սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո՝ 17-րդ կետին համապատախան ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում, լիազոր մարմինը դրա մասին էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցներով 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին:
22. Հայտատուն փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալուց հետո պետք է վերացնի առկա թերությունները 2 աշխատանքային օրվա ընթացքում և կարգով սահմանված եղանակով ներկայացնի լիազոր մարմին։
23. Սույն կարգի 22-րդ կետի պահանջը չկատարելու դեպում՝ սույն կարգի 22-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ժամկետում հայտը մերժվում է, որի մասին ծանուցվում է հայտատուին ։
24․ Լիազոր մարմինը՝ ներկայացված փաստաթղթերում թերություններ առկա չլինելու դեպքում կամ այդպիսիք առկա լինելու դեպքում դրանք սույն կարգի 22-րդ կետով սահմանված կարգով վերացնելուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն ստանալու նպատակով գրությամբ հարցում է ներկայացնում՝
1) Պետական եկամուտների կոմիտե՝ ոչ պատմական գնորդների կողմից ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում ոչ պակաս, քան 1 տարի գործունեություն իրականացնելու մասին և այդ ժամանակահատվածում առարկա հանդիսացող ապրանքի շրջանառության ծավալի մասին՝ բացառությամբ ոչ պատմական գնորդ հանդիսացող մսամթերք արտադրողների․
2) մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ պատմական և ոչ պատմական գնորդների ցանկում ներառված կազմակերպությունների մասին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով անբողոքարկելի դարձած որոշման համաձայն ենթարկվել են պատասխանատվության՝ ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար՝ վերջինիս պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումն անբողոքարկելի դառնալու պահից հաշված՝ նախորդ տարվա երեք տարվա ընթացքում.
3) սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ գյուղատնտեսական և պարենային ապրանքների անվտանգության մասով հայտը ներկայացնելու տարվանը նախորդող տարում վարչական վարույթի արդյունքներով հայտատուների գործունեության կասեցման մասին։
25. Սույն կարգի 24-րդ կետում նշված մարմինները 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում պահանջվող տեղեկությունը։
26. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե՝
1) ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները.
1) կազմակերպությունները (սույն կարգի 2-րդ կետի 10-րդ ենթակետում նշված) ճանաչվել են փոխկապակցված ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում գործող որևէ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով.
2) կազմակերպությունները (սույն կարգի 2-րդ կետի 10-րդ ենթակետում նշված) ներմուծման սահմանափակման կիրառման տարվան անմիջապես նախորդող տարվա ընթացքում չեն իրականացրել գործունեություն ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում կամ այդ ժամանակահատվածում նշված ապրանքի շրջանառության ծավալը պակաս է 25 (?) տոննայից․
3) կազմակերպությունը ճանաչվել է ներմուծման լիցենզիայի առարկա հանդիսացող ապրանքի ապրանքային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնությունների մեջ արձանագրված ընկերություն.
4) գյուղատնտեսական և պարենային ապրանքների անվտանգության մասով վարչական վարույթի արդյունքներով գործունեությունը կասեցված է։
27. Սույն կարգի 26-րդ կետի հիմքով 2 աշխատանքային օրվա ժամկետում հայտը մերժվում է՝ սույն կարգի 25-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո, որի մասին ծանուցվում է հայտատուին։
28. Կարգի 24-րդ կետում նշված մարմինների կողմից պահանջվող տեղեկությունը ստանալուց հետո լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում` ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է հայտատուների միջև և 2 աշխատանքային օրվա ընթացքում ձևակերպում է լիցենզիայի բնօրինակը, որը տրվում է հայտատուին:
29. Ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից հետո առաջացած նոր բաշխման թույլատրելի ծավալի մասին լիազոր մարմնի սույն կարգի 28-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից 3 աշխատանքային օր անց իր պաշտոնական կայքում տեղադրում է հայտարարություն նշելով հայտերի ներկայացման վերջնաժամկետը։
30․ Ներմուծման թույլատրելի ծավալի չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալ լիազոր մարմնի կողմից ստանալու համար հայտատուն մինչ սույն կարգի 29-րդ կետով տրված հայտարարությամբ նախատեսված վերջնաժամկետի ավարտը լիազոր մարմին է ներկայացնում հայտ։
31. Լիազոր մարմինը չբաշխված քանակությունից ներմուծման նոր թույլատրելի ծավալը բաշխոււմ է սույն կարգի պահանջներին համապատասխան։
32․
Տարբերակ 1. Եթե ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից առաջացած ծավալի երեք անգամ բաշխելուց հետո առաջացել է նոր չբաշխված ծավալ (այսուհետ՝ Մնացորդ), ապա այդ ծավալի բաշխումը իրականացվում է հետևյալ ձևով՝
1) եթե Մնացորդը առաջացել է պատմական գնորդներին հատկացված, բայց չներմուծված ծավալից, ապա այն բաշխվում է ոչ պատմական գնորդներին սույն կարգի 7-րդ կետի դրույթներին համապատասխան․
2) եթե Մնացորդը առաջացել է ոչ պատմական գնորդներին հատկացված, բայց չներմուծված ծավալից, ապա այն բաշխվում է պատմական գնորդներին սույն կարգի 7-րդ կետի դրույթներին համապատասխան․
3) եթե Մնացորդը առաջացել է պատմական և ոչ պատմական գնորդներին հատկացված, բայց չներմուծված ծավալից, ապա այն բաշխվում է գնորդների միջև հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան իր կողմից խնդրարկված ծավալը։
Տարբերակ 2. Եթե ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումից առաջացած ծավալի երեք անգամ բաշխելուց հետո առաջացել է նոր չբաշխված ծավալ, ապա այդ ծավալի բաշխումը իրականացվում է հայտ ներկայացրած պատմական և ոչ պատմական գնորդների միջև հավասարաչափ։
33․ Հայտատուն մաքսային ոլորտի լիազոր մարմին է ներկայացնում լիազոր մարմնից ստացված լիցենզիայի բնօրինակի, ինչպես նաև արտոնության տրամադրման պայմանների պահպանումը հավաստող փաստաթուղթ, եթե նման պայման նախատեսված է որոշմամբ։
34. Մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում որոշումներով նախատեսված ժամանակահատվածի ավարտը:
35. Չի թույլատրվում տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ կատարել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
36․ Իրավաբանական անձ գրանցված հայտատուի հիմնադիր փաստաթղթերում փոփոխություններ կատարվելու (կազմակերպաիրավական ձևի, անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն) կամ ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուի անձնագրային տվյալների փոփոխության դեպքում, հայտատուն պարտավոր է 5 աշխատանքային օրվա ժամկետում, տրամադրված լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և նոր լիցենզիա ձևակերպելու դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ կցելով հայտը և նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
6. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
37. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիան օրենքով չնախատեսված դեպքերում այլ անձի օգտագործման տալու, գրավ դնելու կամ օտարելու.
2) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզիա ստանալու համար հիմք հանդիսացող փաստաթղթերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին ժամանակին չհայտնելու.
3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման.
4) լիցենզիա ստացած անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու.
5) լիցենզիա ստացած անձի դիմումի համաձայն:
38. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին որոշում է կայացնում հետևյալ դեպքերում՝
1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու.
2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման կամ ֆիզիկական անձի մահվան.
3) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու.
4) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.
5) լիցենզիայի ժամկետը լրանալու:
39. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում կամ կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացվելու օրվանից 1 օր հետո։
40․ Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու հաջորդ աշխատանքային օրը։ Ընդ որում, լիցենզիայի գործողության կասեցումը դրա գործողության ժամկետի երկարաձգման համար հիմք չէ։
41. Լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ու չափով պետական տուրքի (լիցենզավորման վճար) վճարումից հետո տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը ձևակերպվում է այնպես, ինչպես բնօրինակը, և պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
42. Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։»
-
Duration
04.03.2026 22.03.2026 -
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 219
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.