««Ազատ տնտեսական գոտիների մասին»» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազատ տնտեսական գոտիների մասին» 2011 թվականի մայիսի 25-ի ՀՕ-193-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 12-րդ կետի «։» նշանը փոխարինել «․» նշանով.
2) 1-ին մասը լրացնել նոր 13-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«13) աուդիտորական եզրակացություն՝ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված հերթական հայտարարագրին կից ներկայացվող աուդիտորական եզրակացություն՝ համաձայն «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի, փաստացի իրականացված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի և արտադրության ծավալների մասով։»։
Հոդված 2.
1. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-րդ և 1.2-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Ազատ տնտեսական գոտու կազմակերպչի գործունեության ժամկետը երկարաձգվում է Կառավարության որոշմամբ՝ հանձնաժողովի եզրակացության հիման վրա։
1.2. Ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը գործունեության ժամկետի երկարաձգման հայտը պարտավոր է ներկայացնել ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի ավարտից առնվազն 3 ամիս առաջ։ Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտը ենթակա է վերադարձման հայտատուին։»։
2.Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.
«8. Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը հաշվարկվում է ազատ տնտեսական գոտու գործարկման ամսաթվից սկսած մինչև ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։»։
Հոդված 3.
1. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2. Շահագործողների ռեեստրում ներառվում են այն հայտատուները, որոնց կողմից ներկայացված գործարար ծրագրի հիման վրա Կառավարության կողմից ընդունվել է համապատասխան որոշում հայտատուի հայտը բավարարելու վերաբերյալ՝ անկախ ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամների դրական գնահատման արդյունքներից, և որոնք տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի հետ կնքել են պայմանագիր: Տվյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը չի կարող լինել տվյալ ազատ տնտեսական գոտու շահագործող:»։
2.Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել նոր 3.2.-րդ, 3.3-րդ և 3.4-րդ մասերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«3.2. Շահագործողի շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը հաշվարկվում է ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում շահագործողների հաշվառման (ազատ տնտեսական գոտու շահագործողի գործունեություն իրականացնելու թույլտվության վկայականի տրման) ամսաթվից սկսած մինչև ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։
3.3. Ազատ տնտեսական գոտու շահագործողի գործունեության ժամկետը երկարաձգվում է Կառավարության որոշմամբ։
3.4. Ազատ տնտեսական գոտու շահագործողը գործունեության ժամկետի երկարաձգման հայտը պարտավոր է ներկայացնել ազատ տնտեսական գոտու շահագործողի գործունեության ժամկետի ավարտից առնվազն 3 ամիս առաջ։ Նշված ժամկետից ուշ ներկայացված հայտը ենթակա է վերադարձման հայտատուին։»։
3. 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«9. Հերթական հայտարարագիրը և աուդիտորական եզրակացությունը շահագործողը լիազոր մարմին է ներկայացնում տարեկան կտրվածքով վկայականի գործողության ժամանակահատվածում` յուրաքանչյուր օրացուցային տարին լրանալուց հետո՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում:».
4. 10-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«10. Շահագործողների ռեեստրից շահագործողը կարող է հանվել հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում.
1) իրավունքի ուժով` առանց Կառավարության համապատասխան որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման,
ա. կազմակերպչի և շահագործողի միջև պայմանագրի լուծման դեպքում՝ պայմանագրի լուծման ամսաթվով,
բ. սույն օրենքով սահմանված հիմքերով ազատ տնտեսական գոտու լուծարման դեպքում՝ ազատ տնտեսական գոտու լուծարման ամսաթվով,
գ. վկայականով սահմանված ժամկետը լրանալու դեպքում՝ վկայականի տրման ամսաթվից հաշվարկված մինչև ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը, եթե շահագործողի կողմից ժամկետը երկարաձգելու դիմում չի ներկայացվում.
դ. շահագործողի կողմից որպես շահագործող գործունեության ժամկետը երկարաձգելու դիմում ներկայացնելու և մինչև վկայականով սահմանված ժամկետի ավարտը Կառավարության կողմից որոշում չընդունվելու դեպքում՝ շահագործողի գործունեության ժամկետը երկարաձգելու հայտը մերժելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվով,
2) Կառավարության որոշմամբ` հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազոր մարմնի ներկայացմամբ`
ա. հերթական հայտարարագիրը կամ աուդիտորական եզրակացությունը սույն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, լիազոր մարմնի կողմից համապատասխան ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շահագործողին դրա վերաբերյալ ծանուցելու օրվանից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին չներկայացնելու դեպքում՝ Հանձնաժողովի համապատասխան եզրակացության տրամադրումից հետո 3-ամսյա ժամկետում,
բ. հերթական հայտարարագրում կամ աուդիտորական եզրակացության մեջ ոչ ճշգրիտ տվյալների՝ Հանձնաժողովի համապատասխան ոլորտում մասնագիտական գործունեություն իրականացնող անդամի կողմից իր ծառայողական տեղեկատվության շրջանակներում հայտնաբերվելու, դրանք Հանձնաժողովին ներկայացնելու, վերջինիս վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան եզրակացության տրամադրումից 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի կողմից շահագործողին դրա վերաբերյալ ծանուցելու օրվանից՝ 1-ամսյա ժամկետում շահագործողի կողմից հերթական ճշգրիտ հայտարարագիրը, աուդիտորական եզրակացությունը լիազոր մարմին չներկայացնելու դեպքում՝ Հանձնաժողովի համապատասխան եզրակացության տրամադրումից հետո 3-ամսյա ժամկետում,
գ. շահագործողների ռեեստրում ներառվելուն հաջորդող երկրորդ տարվանից սկսած հերթական հայտարարագրով ներկայացվող բոլոր ցուցանիշների միաժամանակյա՝ սկզբնական հայտարարագրի համապատասխան ցուցանիշներից 20%-ից ավելի բացասական շեղման, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող շահագործողների մասով նաև սույն հոդվածի 3.1-ին մասում նշված պայմանները չպահպանելու, կամ Հանձնաժողովի կողմից սահմանած ժամկետում շահագործողի կողմից սույն ենթակետում նշված շեղումը չվերացնելու և շեղումը վերացնելու մասին տեղեկատվություն չներկայացնելու դեպքերում՝ Հանձնաժողովի համապատասխան եզրակացության տրամադրումից հետո 3-ամսյա ժամկետում։
Հերթական հայտարարագրերով ներկայացված ցուցանիշների հաշվարկը և վերլուծությունը կատարվում է յուրաքանչյուր տարվա փաստացի կատարված ցուցանիշի և այդ տարվան նախորդող տարիների նույն ցուցանիշի արժեքների հանրագումարի համադրմամբ սկզբնական հայտարարագրի նույն ցուցանիշի այդ տարիների համար նախատեսված հանրագումարային արժեքի հետ:»։
5. 13-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«13. Ազատ տնտեսական գոտու տարածքում ազատ տնտեսական գոտու շահագործողների և շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջև այնպիսի գործարքների իրականացումը, որոնց շրջանակներում իրականացվում է ապրանքների մատակարարում շահագործողից շահագործող չհանդիսացող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը կարող է իրականացվել միայն ապրանքի՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելուց հետո:»։
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի ՝
1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«4) հետևում է ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի հաշվետվությունները և շահագործողների հերթական հայտարարագրերը ներկայացնելուն, դրանք ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում Հանձնաժողովի անդամներին և այն գերատեսչություններին, որոնք ներկայացված են Հանձնաժողովի կազմում, անհրաժեշտության դեպքում՝ ծանուցումներ է ուղարկում ազատ տնտեսական գոտու կազմակերպչին և շահագործողներին.»:
2) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5) Հանձնաժողովի կազմած եզրակացությունների, առաջարկների հիման վրա աշխատանքներ է կատարում դրանց օրենքով սահմանված կարգով իրականացման շուրջ։»։
Հոդված 5.
1. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինների» բառից հետո լրացնել «ներկայացուցիչներ», «ինչպես նաև» բառից հետո լրացնել «կարող են ընդգրկվել» բառերը, «ներկայացուցիչները» բառը փոխարինել «ներկայացուցիչներ» բառով։
2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
1) ուսումնասիրում և գնահատում է հայտերը և լիազոր մարմին է ներկայացնում եզրակացություններ ազատ տնտեսական գոտի ստեղծելու ու ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար ներկայացված հայտերի վերաբերյալ՝ Կառավարության կարգով սահմանած ժամկետում.
2) կայացնում է որոշումներ, ներկայացնում առաջարկներ, տալիս եզրակացություններ ազատ տնտեսական գոտիների, դրանց կազմակերպիչների, շահագործողների գործունեության, ոլորտի իրավական դաշտի և զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ.
3) կայացնում է որոշումներ և դրանց հիման վրա լիազոր մարմին է ներկայացնում եզրակացություններ ազատ տնտեսական գոտու գործարկման, ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշմամբ սահմանված վերջնաժամկետները փոփոխելու, ազատ տնտեսական գոտու գործարկման վերջնաժամկետները հետաձգելու կամ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին Կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչելու, շահագործողների ռեեստրից շահագործողին հանելու կամ չհանելու վերաբերյալ.
4) կայացնում է որոշումներ սույն օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում շահագործողին շահագործողների ռեեստրից հանելու կամ չհանելու կամ այլ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ, շահագործողին ռեեստրից հանելու կամ չհանելու վերաբերյալ որոշման կայացման դեպքում կազմում ու որոշման կայացումից 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան եզրակացություն, իսկ շահագործողի նկատմամբ այլ միջոցներ ձեռնարկելու դեպքում լիազոր մարմնին տեղեկացնում է իր կողմից կայացված որոշման վերաբերյալ՝ առաջարկելով տվյալ որոշման վերաբերյալ տեղեկացնել շահագործողին, հետևում է տվյալ որոշման կատարմանը, որի կատարման համար տրամադրված ժամկետի ավարտից հետո ընդունում է համապատասխան որոշում և տալիս եզրակացություն.
5) սույն օրենքի նպատակից ելնելով՝ լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ սույն օրենքի և այլ իրավական ակտերի փոփոխության, ազատ տնտեսական գոտիների կազմակերպման բարելավման, կազմակերպչի և շահագործողի գործունեության զարգացման վերաբերյալ.
6) իրականացնում է օրենքով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:»:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
-
Duration
03.03.2026 18.03.2026 -
Type
Law
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 355
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.