2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Անհրաժեշտությունը.
«2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Ծրագիր) ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակում և հավատարմագրման համակարգի զարգացում» 1067 ծրագրի «Ստանդարտների մշակման ծառայություններ» միջոցառման շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2026 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է տնտեսության ճյուղերի նորարարական, ինչպես նաև ստանդարտացման բնագավառի զարգացումը։
Սույն որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը, «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը և այլ իրավական ակտեր։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Ստանդարտացման մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված են ստանդարտացման ոլորտում պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա գործունեության տեսակները։ Պետական աջակցության շրջանակներում ստանդարտացման ազգային մարմինն իրականացնում է ազգային ստանդարտների մշակում, միջպետական, եվրոպական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ, ստանդարտների ազգային ֆոնդի վարում և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։
2025 թ․ պետական ստանդարտացման ծրագրով ներառվել են գերակայող ոլորտներում մշակման ենթակա 26 ազգային ստանդարտներ՝ էներգախնայողության և էներգաարդյունավետության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, երկրատարածական տվյալների, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի, կառավարման համակարգերի, թվային ստորագրությունների անվտանգության ապահովման ոլորտներում։
Ստանդարտացման ազգային մարմինը 2025 թվականին աշխատանքներ է իրականացրել ստանդարտացման միջազգային, միջպետական և համագործակցության ոլորտներում։ Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթացքում ներկայացված մշակվող ստանդարտների նախագծերն անցել են փորձաքննություն և համաձայնեցվել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ։
2026 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել թվով 30 ազգային ստանդարտ, պետական կառավարման մարմինների գործունեության ապահովման, գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով հրատարակել «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ» տեղեկատուները, իսկ ՀՀ կազմակերպությունների համար՝ ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ եռամսյակային տեղեկատուների հրատարակում։
ՀՀ պետական բյուջեից 2026 թվականին Ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված է 13 558,5 հազ․ դրամ։ Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ-ում ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականությունը մշակվում է Կառավարության կողմից լիազորված պետական մարմնի՝ Էկոնոմիկայի նախարարության կողմից, ինչը բխում է «Ստանդարտացման մասին» օրենքից և ստանդարտացման միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ կնքված միջազգային ու միջպետական համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից։
4․ Կարգավորման նպատակը և բնույթը.
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել՝
· միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը,
· ազգային ստանդարտների մշակման միջոցով արտահանման գործընթացի զգալիորեն պարզեցմանը՝ առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկերում՝ ճանաչելի դարձնելով ազգային արտադրանքը,
· միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը,
· սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը,
· տեղական արտադրանքի որակի և մրցունակության մակարդակների բարձրացմանը,
· ԵԱՏՄ և ՀՀ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովելուն,
· առևտրում առկա տեխնիկական խոչընդոտների վերացմանը,
· տեխնիկական կանոնակարգման ոլորտում սպառողական իրազեկվածության բարձրացմանը,
· ՀՀ օրենսդիր և պետական կառավարման մարմինների ու կազմակերպությունների իրավակարգավորված գործունեության և որոշումների ընդունման գործընթացի բարելավմանը,
· ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավմանը։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Էկոնոմիկայի նախարարություն
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերություն
6․ Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են).
Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am տեղադրելու միջոցով։
Նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում, ինչպես նաև այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չկա։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021–2026 թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021–2026 թթ․ ծրագրով Էկոնոմիկայի նախարարությանը վերապահված 11.4 կետի միջոցառումներից, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող ստանդարտների վերանայում և նոր ստանդարտների մշակում։
8․ Ակնկալվող արդյունքը.
Ծրագրի իրականացումը կապահովի՝
• բուժհաստատություններում որակի կառավարման մեխանիզմների ներդրումը,
• տարածական տվյալների ճշգրտության և հուսալիության բարձրացումը,
• ռիսկերի գնահատման արդյունքների վերլուծության հիման վրա լաբորատոր ռիսկերը նվազեցնելու կամ կանխելու նպատակով լաբորատորիաներում որակի բարելավմանն ուղղված գործողությունների և ընթացակարգերի սահմանումը,
• ճանապարհաշինարարության ոլորտում փորձարկումների արդիական մեթոդների սահմանումը, բնակչության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների՝ միջազգային ստանդարտներին համապատասխան պաշտպանության պահանջների սահմանումը,
• սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության և համապատասխանության գնահատման մեխանիզմների բարելավումը,
• տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների սահմանումը,
• կառավարման համակարգերի ներդրման միջոցով վերահսկողության մեխանիզմների սահմանման և կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների արդյունավետության բարձրացումը,
• միջազգային նորմերին ներդաշնակ զբոսաշրջության ծառայությունների որակին ներկայացվող պահանջների սահմանումը,
• տիեզերական աղբի կառավարման և նվազեցման մեթոդների, ինչպես նաև տիեզերական աղբի նվազեցման առաջնային պահանջների սահմանումը,
• ջրում ՊՖԱՍ նյութերի հետազոտության իրականացման նպատակով ջրի որակին վերաբերող արդիական փորձարկման մեթոդների սահմանումը,
• էներգետիկ կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջների սահմանումը,
• ռազմարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորումը և բարելավումը։
-
Duration
02.03.2026 20.03.2026 -
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 102
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.