«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի թիվ 355-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
1. Անհրաժեշտությունը։ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած՝ առաջիկա տարիների հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցերի վերաբերյալ խորհրդակցության N Վ/145-2025 արձանագրության 2.3 կետի համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է տնտեսության արդիականացման նպատակային ծրագրում (ՀՀ կառավարության 2021 թվականի թիվ 355-Լ որոշում) իրականացնել համապատասխան փոփոխություններ (լրացումներ), այն տրամաբանությամբ, որ միայն մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին տրվի իրենց կողմից վճարված շահութահարկի որոշակի տոկոսային չափով հետվերադարձ։
Տնտեսության կայուն և հավասարակշռված զարգացման ապահովման, արտադրական հիմքի ամրապնդման, ինչպես նաև ներդրումային միջավայրի բարելավման նպատակով անհրաժեշտ է խթանել արտադրական նոր հզորությունների ստեղծումն ու արդիականացումը։ Մշակող արդյունաբերությունը հանդիսանում է տնտեսության առանցքային ճյուղերից մեկը։
Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ C (ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» ոլորտում գործունեություն ծավալող և նույն ոլորտում ծրագիր իրականացնող տնտեսվարողները (այսուհետ՝ Շահառու), որոնք 2025 թվականի հունվարի 1-ից օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) N 1 հավելվածով՝ տնտեսության արդիականացման նպատակային ծրագրից՝ Շահառուներին տրամադրել լրացուցիչ ֆինանսական խթաններ, ուղղված ներդրումային բեռի թեթևացմանը և շրջանառվող միջոցների վերաօգտագործման հնարավորության ավելացմանը։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության ոլորտում նկատվում են զարգացման դրական միտումներ։
Շահութահարկի մասով հետվերադարձի մեխանիզմի ներդրումը ուղղված է ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի թեթևացմանը, որը կուղղվի Որոշման N 1 հավելվածով ստացված վարկի կամ լիզինգի մայր գումարի որոշակի մասի մարմանը։ Այս մոտեցումը ստեղծում է հավելյալ ֆինանսական խթան՝ սեփական և վարկային միջոցների ներգրավման համար, ինչի արդյունքում ներդրումային ծրագրերը դառնում են ոչ միայն իրագործելի, այլ նաև տնտեսապես ավելի արդյունավետ՝ խթանելով արտադրության ընդլայնումը և նոր արդյունաբերական նախաձեռնությունները։
Ներկայացվող մեխանիզմը հնարավորություն է տալիս նվազեցնել այդ ծանրաբեռնվածությունը՝ ուղղելով վճարված շահութահարկը Որոշման N1 հավելվածի շրջանակներում ստացված վարկի կամ լիզինգի մայր գումարի մարմանը՝ ապահովելով ներդրումային ծրագրերի արագ և արդյունավետ իրականացում։
Ներկայումս բանկային համակարգում վարկերի տոկոսադրույքները հիմնականում կազմում են 11–14 տոկոս, իսկ ՀՀ կառավարության 2020 թվականի մասրտի 26-ի թիվ 355-Լ որոշմամբ մշակող արդյունաբերության ոլորտի համար նախատեսված է 8-10 տոկոս սուբսիդավորում։
Հիմք ընունելով վերոգրյալը սույն ծրագրի շրջանակներում սահմանվել է օժանդակության տրամադրման առավելագույն շեմ, մասնավորապես տրամադրվող օժանդակությունը չի կարող գերազանցել Որոշման N 1 հավելվածով ստացված վարկի կամ լիզինգի ընդանուր գումարի 3 տոկոսը։ Որոշման շրջանակներում տրամադրված վարկի կամ լիզինգի օժանդակության չափը կազմում է 8-10 տոկոս, իսկ բանկերի կողմից տրված վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքը կազմում է 11-14 տոկոս, ուստի այդ 3 տոկոսը կազմում է դրանց տարբերությունը։Ներկայացվող մեխանիզմի արդյունքում առաջին 2 տարվա համար տրվող օժանդակությունը հավասարվում է տոկոսների համագումարին, որը կուղղվի մայր գումարի մարմանը։ Ըստ մեր կողմից իրականացված գնահատականների այդ 3 տոկոսը կազմում է մոտավորապես 5 մլրդ դրամ, ինչն էլ իր հերթին կազմում է մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների կողմից վճարված շահութահարկի 15 տոկոսը։
Վերոգրյալի համար հիմք են հանդիսացել նաև պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված տվյալները, համաձայն որի 2024 թվականին մշակող արդյուբաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների կողմից վճարված շահութահարկը կազմում է մոտ 31 մլրդ դրամ, որի 15 տոկոսը մոտ 5 մլրդ դրամ է (երկու տարվա հաշվարկով՝ շուրջ 10 մլրդ դրամ)․ այս ծավալը հնարավորություն է տալիս լիարժեքորեն իրականացնել առաջարկվող աջակցման մեխանիզմը։
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Հետվերադարձվող գումարների ուղղումը բացառապես վարկի կամ լիզինգի մայր գումարի մարմանը նախատեսված է տնտեսավարողների ֆինանսական կայունությունն ամրապնդելու նպատակով։ Այս սկզբունքը թույլ է տալիս նվազեցնել երկարաժամկետ ֆինանսական ծանրաբեռնվածությունը, արագացնել ներդրումային պարտավորությունների մարման ընթացքը և նվազեցնել վարկային ռիսկերը։ Արդյունքում՝ կազմակերպությունները ունենում են ավելի կանխատեսելի դրամական հոսքեր, որոնք հնարավորություն են տալիս ընդլայնել արտադրության ծավալները, ներգրավել նոր աշխատուժ և կատարել հետագա ներդրումներ՝ առանց ֆինանսական լարվածության աճի։Նախագիծը հանդիսանում է ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ հաստատված նպատակային ծրագրերի շարունակական զարգացում, ապահովելով աջակցության առկա գործիքակազմի համալրում և հասցեական կիրառություն։
4. Կարգավորման նպատակը և բնույթը: Ծրագրով սահմանվող օժանդակությունը կառուցված է այնպես, որ այն տրամադրվում է միայն այն տնտեսավարողներին, որոնք փաստացի իրականացնում են արտադրական ներդրումներ և վճարում են շահութահարկ՝ ապահովելով պետական միջոցների նպատակային և արդար բաշխում։ Կիրառվող չափորոշիչները (վճարված հարկերի ստուգելիությունը, ներդրումային ծրագրի փաստացի իրագործման վերահսկելիությունը, վարկային միջոցների նպատակային օգտագործումը) հնարավորություն են տալիս բացառել ոչ արդարացված արտոնությունների տրամադրումը և ապահովել հանրային միջոցների թափանցիկ և արդյունավետ կառավարում։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքները: Նախագծի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տարածքում մշակող արդյունաբերության ոլորտում արտադրական հզորությունների զարգացմանը, ներդրումային միջավայրի կայունացմանը և Շահառուների ֆինանսական ծանրաբեռնվածության նվազեցմանը։ Շահութահարկի մի մասի հետվերադարձման մեխանիզմի կիրառումը հնարավորություն կտա տնտեսավարողներին ավելի արագ ազատվել վարկային պարտավորություններից, ուղղել խնայված միջոցները արտադրական արդիականացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը և արտադրության ընդլայնմանը։
7. Պետական բյուջեի վրա ազդեցությունը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բյուջեի ծախսերի ավելացում 10 միլիարդ ՀՀ դրամի չափով:
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ: Ծրագիրը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» և «Արդյունաբերության զարգացում» առաջնահերթություններից։
-
Duration
19.01.2026 03.02.2026 -
Type
Decision
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 307
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.