«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2037-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը
Գործող որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2025 թվականի հոկտեմբերի 17-ի N ԿԱ/310-2025 արձանագրության 4.1-ին կետի պահանջներով:
1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Թեև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումները հնարավորություն են տալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ իրենց սեփականությունը հանդիսացող շարժական գույքը նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ անհատույց հանձնել պետությանը, որի արդյունքում նվերն ընդունվում և համապատասխան մարմնին է փոխանցվում ՀՀ կառավարության որոշման հիման վրա, սակայն գործող օրենսդրությամբ առկա չէ կարգավորում, որով հստակեցված լինի, թե այդ նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ հանձնվող շարժական գույքը պետական որ մարմնի կողմից կարող է ընդունվել և ինչ ընթացակարգով։
Գործնականում առաջանում են իրավիճակներ, երբ նվիրատվության առարկան հանդիսացող շարժական գույքը ցածրարժեք է կամ նվիրողը այն սեփականությամբ անհատույց հանձնում է կոնկրետ պետական մարմնին ամրացնելու պայմանով։ Նման դեպքերում գործընթացի իրականացումը բացառապես Կառավարության որոշմամբ ստեղծում է լրացուցիչ և անհարկի վարչարարություն, բարդացնում է ընթացակարգը և ավելացնում է կառավարության ընդունվող որոշումների քանակը։
Վերոհիշյալ խնդիրները լուծելու նպատակով Նախագծով նախատեսվում է լրացնել և փոփոխել գործող իրավական ակտը՝ սահմանելով, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող շարժական գույքի նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունումը և հաշվեկշռում հաշվառումը կարող է իրականացվել նաև պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնի ղեկավարի իրավական ակտով։ Միաժամանակ, պետական գույքի կառավարման բնագավառում վերահսկողությունն ու միասնական քաղաքականությունն ապահովելու նպատակով՝ Նախագծով նախատեսվում է, որ այդ իրավական ակտերը պիտի համաձայնեցվեն պետական գույքի կառավարման իրավասու մարմնի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ, ինչպես նաև մարմինների կողմից պետք է կոմիտե ներկայացնվեն տարեկան հաշվետվություններ նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունված շարժական գույքի վերաբերյալ։ Միաժամանակ, հաշվի առնելով պետական կառավարման մարմիններին սպասարկող տրանսպորտային միջոցների օպտիմալացման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացվող քաղաքականությունը՝ Նախագծով տրանսպորտային միջոցների ընդունման գործընթացի համար սահմանվում է բացառություն, որի նպատակն է ապահովել ոլորտում ուղենիշային մոտեցումների պահպանումը և բացառել պետական տրանսպորտային պարկի չնախատեսված մեծացումը նվիրատվության կամ նվիրաբերության միջոցով։
2. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացման ընդունման արդյունքում կհստակեցվեն պետական մարմինների լիազորությունները նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ անհատույց հանձնվող շարժական գույքը ընդունելու գործընթացում, կկարգավորվեն և կհստակեցվեն ֆիզիկական և իրավաբանական անձանցից պետության կողմից շարժական գույքը նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունելու հետ կապված իրավահարաբերությունները, գործընթացը կդառնա ավելի պարզ, արագ և արդյունավետ, կնվազեցվի վարչարարությունը և կկրճատվի կառավարության որոշումների անհրաժեշտությունը, նման դեպքերում, կապահովվի պետական գույքի կառավարման միասնական և համակարգված մոտեցումը։
Ուստի, Նախագծի ընդունումը նպատակաուղղված է գործող իրավական հարաբերությունների բարելավմանը, վարչարարական գործընթացների օպտիմիզացմանը և պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացմանը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած և «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1063-Լ որոշման հանձնառություններից։
-
Duration
14.01.2026 04.02.2026 -
Type
Decision
-
Area
State property contribution and dedication
-
Ministry
State Property Management Committee
-
Status
Views 294
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.