Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունումով, որտեղ ՀՀ կառավարությանը վերը նշված կարգը սահմանելու լիազորություն է տրված։

Օրենքով նախատեսված է, որ առողջության համընդհանուր ապահովագրության նպատակով ստեղծվելու է Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստր (այսուհետ՝ Ռեգիստր), որն իրենից ներկայացնում է առողջության համընդհանուր ապահովագրության պատշաճ իրականացման համար անհրաժեշտ անձնական և ոչ անձնական տվյալներ պարունակող էլեկտրոնային շտեմարան։ Ռեգիստրը փոխգործելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի հետ և համապատասխան տվյալները ստացվելու են ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով՝ տվյալների սկզբնաղբյուր հանդիսացող տարբեր բազաներից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է սահմանել Ռեգիստրում անհրաժեշտ տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգ՝ Ռեգիստրի գործարկման նպատակով։

2 Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով կարգավորվում են Ռեգիստրում Օրենքով նախատեսված անհրաժեշտ տվյալների հավաքման, վարման և փոխանցման հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, նախագծով սահմանվել է, որ Ռեգիստրը, որպես առանձնացված շտեմարան, գործելու է էլեկտրոնային առողջապահության համակարգում, որը հասանելի է նաև բջջային հեռախոսի հավելվածի միջոցով։ Դրա հիման վրա, ապահովագրված անձը, մուտք գործելով էլեկտրոնային առողջապահության համակարգ, հնարավորություն կստանա ծանոթանալու իր՝ որպես ապահովագրված անձի, կարգավիճակին։ Ռեգիստրը փոխգործելի է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի հետ։

Ռեգիստրի վարումն իրականացվելու է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից։ Ընդ որում, Ռեգիստրում առկա անձնական տվյալները և առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում գաղտնի տեղեկությունները Հիմնադրամի կողմից մշակվում են՝ այդ տվյալներին էլեկտրոնային եղանակով հասանելիության իրավունքով, եթե դա անհրաժեշտ է առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում օրենքով նախատեսված լիազորությունների պատշաճ իրականացման համար:

Նախագծով կարգավորված են նաև պետական իրավասու մարմինների կողմից տեղեկատվության փոխանցման հետ կապված հարցերը, այդ թվում նաև՝ այլ կազմակերպությունների և անձանց կողմից ներկայացված հարցումների հիման վրա տեղեկատվության փոխանցման, ինչպես նաև Ռեգիստրից ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով տվյալների փոխանցման մասին ամբողջական տեղեկության պահպանման հետ կապված հարցերը։

Հարկ է նշել, որ ըստ Նախագծի՝ Ռեգիստրում առկա ապանձնավորված տեղեկատվությունը համարվելու է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքի կիրարկումը, հստակեցնել Ռեգիստրի գործունեության մեխանիզմը, ապահովել պետական տարբեր մարմինների միջև փոխգործելիության հիմունքներով տվյալների փոխանցումը։

5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծն անմիջականորեն կապված է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի Առողջապահության նախարարություն բաժնի 1-ի կետի 13-րդ ենթակետով նախատեսված միջոցառման իրականացման հետ, որով սահմանված է առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։

Բացի այդ, նախագիծն անմիջականորեն կապված է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 174-Լ որոշման Հավելված 2-ի 23-րդ բաժնի 3-րդ կետի՝ Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի և դրա կառավարման խորհրդի ստեղծում, վերջինիս գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակում, առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունում միջոցառման իրականացման հետ։

  • Discussed

    26.12.2025 - 10.01.2026

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 854

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: