Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Ազգային Ժողովի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստին առնչվող դրույթների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերոնշյալ օրենսդրական փոփոխությամբ «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է պետական նպաստի նոր տեսակ, այն է՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը (այսուհետ՝ նպաստ): Նպաստը նշանակվելու և վճարվելու է 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների համար:

Նպաստի իրավունքի, դրա նշանակման և վճարման, իրավունքի դադարեցման կամ վերականգնման, ինչպես նաև նպաստի վճարման դադարեցման կամ վերսկսման հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթները սահմանված են օրենքով:

Օրենքի 26.1-ին հոդվածի 5-7-րդ մասերով, 26.2-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ և 12-րդ մասերով, և 26.3-րդ հոդվածի 5-րդ և 13-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվել է սահմանել՝

1.      նպաստի նշանակման և վճարման համար շահառու երեխայի կարգաթիվը որոշելու կարգը,

2.     հիմք ընդունվող փաստաթղթերը,

3.     անհրաժեշտ տեղեկատվությունը (տվյալները) լիազոր մարմնի կողմից վարվող շտեմարանների, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջև փոխանակելու կարգը, այդ տեղեկատվության (տվյալների) կազմը,

4.     օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին  նպաստ նշանակելու և վճարելու առանձնահատկությունները,

5.     նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքը բանկի կամ տարածքային կենտրոնի կողմից կամ պետական մարմնից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությամբ հաստատելու կարգը,

6.     ծնողի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը նշանակելու և վճարելու կարգը:

Միաժամանակ, ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերոնշյալ օրենքի անցումային դրույթներով՝ 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

Հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխության արդյունքով առաջին վճարումները կատարելու անհրաժեշտությունը ծագելու է 2026 թվականի փետրվարին (հունվարին ծնվածների համար)՝ նպատակահարմար է նպաստը նշանակելու և վճարելու կարգը սահմանել հնարավոր սեղմ ժամկետում:

Հարկ է նկատի ունենալ, որ նպաստը բովանդակային առումով նույնն է, ինչ նախատեսված է Կառավարության 23.12.2021 թ. N 2169-L որոշմամբ, որի շրջանակներում դրամական աջակցություն է նշանակվում մինչև 2026 թվասկանի հունվարի 1-ը ծնված երեխաների համար:  Ընդ որում, օրենսդրական փոփոխությամբ նախատեսված է, որ 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված դրամական աջակցությունը, անկախ դրամական աջակցություն ստանալու իրավունքը կամ դրամական աջակցություն վճարելը դադարեցված լինելուց, վերանվանվում է սույն օրենքով նշանակված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի՝ անկախ այդ նպաստի իրավունքն ունենալու հանգամանքից:

Ներկայումս ներդրված է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության տեղեկատվական համակարգը, որի միջոցով իրականացվելու է նպաստի իրավունքը:

Անհրաժեշտ է այդ տեղեկատվական համակարգը լավարկել՝ նպաստի նշանակման և վճարման (այդ թվում՝ տեղեկատվական շտեմարանների միջև տվյալների փոխանակման) ինքնաշխատ գործընթացների մասով համապատասխանեցնելով նախագծին:

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել «Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

2. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով առաջարկվում է օրենքի 26.1-ին հոդվածի 5-7-րդ մասերով, 26.2-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ և 12-րդ մասերով, և 26.3-րդ հոդվածի 5-րդ և 13-րդ մասերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորություններն իրացնել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգով:

Մասնավորապես նախագծով առաջարկվում է ՝

1.        սահմանել նպաստի չափը՝ ամսական 50000 դրամ,

2.     սահմանել, որ օրենքով սահմանված լիազորած պետական մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է,

3.     հաստատել նպաստ նշանակելու և վճարելու կարգը,

4.     սահմանել, որ նպաստը նշանակվում և վճարում է Կառավարության 23.12.2021 թ. N 2169-L որոշման շրջանակներում ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցության տեղեկատվական համակարգով,

5.  հանձնարարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ապահովման ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թվականի մայիսի 1-ը.

6.  հանձնարարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Ազգային անվտանգության ծառայության պետին՝ ապահովել ինքնաշխատ եղանակով ծառայության ուղարկած հարցմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից երեխայի (ում ծննդյան կապակցությամբ նշանակվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը)՝ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու մասին տեղեկատվությունը ստուգելու գործընթացի ծրագրային գործիքի մշակումն ու ներդրումը՝ մինչև 2026 թվականի մայիսի 1-ը,

7.  համապատասխան մարմնի հետ ապահովել որոշման շրջանակներում համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման մշակումը և ներդրումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունում՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում՝ կապահովվի ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (2025 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ) օրենքի 6.1-ին գլխով Կառավարութանը վերապահված լիազորությունների դրույթների կիրարկումը:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.1-ին և 4.6-րդ կետերից, այն է՝ շարունակաբար աշխատանքներ են իրականացվելու՝ վերանայելու և զարգացնելու արդեն մեկնարկած ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երեխաների խնամքի համար տրամադրվող նպաստներին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և  քանակական բարելավման:

 

5. Տեղեկանք

«Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերն արդեն իսկ նախատեսված են (1068 ծրագրի 12004 միջոցառում)։»

  • Discussed

    23.12.2025 - 08.01.2026

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 691

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: