«Փրկարարական ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ն Ե Ր Ք Ի Ն Գ Ո Ր Ծ Ե Ր Ի Ն Ա Խ Ա Ր Ա Ր
Հ Ր Ա Մ Ա Ն
« » 2025թ․ N -Ն
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85․21-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հրամայում եմ՝
1. Սահմանել փրկարարական ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն իրականացնելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Արփինե Սարգսյան
« » 2025թ.
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի
2025 թվականի -ի թիվ - Ն հրամանի
ԿԱՐԳ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Սույն կարգով կարգավորվում են փրկարարական ծառայողի նկատմամբ պարզեցված ընթացակարգով ծառայողական քննություն (այսուհետ՝ ծառայողական քննություն) իրականացնելու հետ կապված իրավահարաբերությունները:
2․ Ծառայողական քննություն իրականացվում է հետևյալ հանգամանքների միաժամանակյա առկայության պայմաններում՝
1) ենթադրյալ խախտումը չի պարունակում կարգապահական կոպիտ խախտման հատկանիշներ և չի առնչվում ոստիկանության ծառայողի վարքագծի կանոնների, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների կամ շահերի բախման կանոնների հետ․
2) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողը գրավոր հաստատմամբ ընդունում է իր մեղքը․
3) նախատեսվում է կիրառել «նախազգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժը․
4) կարգապահական տույժը կիրառելու է փրկարարական ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայողը։
3. Ծառայողական քննությունը նախաձեռնվում է՝
1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին վերահսկողական գործառույթ իրականացնող ստորաբաժանման (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանում) ղեկավարի միջնորդությամբ, երբ ուսումնասիրության արդյունքում հիմնավորվում է դրա նպատակահարմարությունը․
2) փրկարարական ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի որոշմամբ, եթե վերջինիս Հայաստանի Հաանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով պատվիրակված է «նախազգուշացում» կամ «նկատողություն» կարգապահական տույժ կիրառելու լիազորությունը։
4․ Ծառայողական քննությունն իրականացվում է իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող փրկարարական ծառայողի կողմից՝ ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի հանձնարարությամբ։
5․ Իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող փրկարարական ծառայողի ներգրավումն իրականացվում է․
1) իրավասու ստորաբաժանման ղեկավարի միջնորդության հիման վրա․
2) ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձի կողմից ընդունված գրավոր հանձնարարությամբ։
6․ Հանձնարարությամբ պարտադիր սահմանվում է՝
1) ծառայողին վերապահվող գործողությունների շրջանակը․
2) նրա իրավունքներն ու պարտականությունները․
3) այլ ծառայողական հանձնարարությունների սահմանափակման չափը։
7․ Իրավասու ստորաբաժանման ղեկավարի միջնորդության հիման վրա ծառայողական քննություն նշանակելու և այն իրավասու ստորաբաժանման ծառայող չհանդիսացող փրկարարական ծառայողին հանձնարարելու վերաբերյալ իրավական ակտերը 3-օրյա ժամկետում տրամադրվում են իրավասու ստորաբաժանմանը։
8․ Փրկարարական ծառայության բարձրագույն կամ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող համապատասխան պաշտոնատար անձի նախաձեռնությամբ ծառայողական քննություն նշանակելու դեպքում ծառայողական քննություն նշանակելու և ծառայողական քննություն անցկացնելու հանձնարարություն տալու մասին իրավական ակտերն անհապաղ ներկայացնում են իրավասու ստորաբաժանմանը։
9․ Ծառայողական քննություն իրականացնող անձը՝
1) սահմանված ժամկետներում անցկացնում է լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն.
2) պարզաբանում է խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի և ծառայողական քննությանն առնչվող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
3) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի կամ իրավասու ստորաբաժանման ղեկավարի պահանջով նրանց ներկայացնում է ծառայողական քննության նյութերը և զեկուցում ծառայողական քննության ընթացքի մասին.
4) վերցնում է գործի համար նշանակություն ունեցող իրեր, փաստաթղթեր և ուսումնասիրում է դրանք.
5) վերցնում է գրավոր կամ բանավոր բացատրություններ, այդ թվում՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողից և ծառայողական քննությանն առնչվող անձանցից և դրա վերաբերյալ կազմում է համապատասխան արձանագրություն․
6) կատարում է զննություն և դրա վերաբերյալ կազմում արձանագրություն.
7) օրենքով և փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված դեպքերում դադարեցնում է ծառայողական քննությունը.
8) իրավասու ստորաբաժանման ղեկավարին գրավոր տեղեկացնում է ծառայողական քննության ընթացքում հայտնաբերված մեկ այլ խախտման փաստի մասին.
9) ստացված, ներկայացված փաստաթղթերը և նյութերը կցում է գործին.
10) ծառայողական քննությունն ավարտելուց հետո ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմում է եզրակացություն.
11) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողին ծանոթացնում է ծառայողական քննության նյութերին, ներառյալ եզրակացությանը.
12) իր իրավասության սահմաններում լուծում է խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի միջնորդությունները.
13) հայտնում է ինքնաբացարկ, եթե կան հանգամանքներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նա ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված է ծառայողական քննության ելքով։ Այս դեպքում ինքնաբացարկի հարցը լուծում է իրավասու ստորաբաժանման ղեկավարը:
10․ Ծառայողական քննություն իրականացնող անձը պարտավոր է՝
1) գործել անաչառ, առանց կողմնակալության․
2) ապահովել խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի լսված լինելու իրավունքը․
3) իրականացնել բացառապես հանձնարարությամբ սահմանված գործողություններ․
4) պահպանել քննության գաղտնիությունը․
5) ապահովել օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանումն ամբողջ քննության ընթացքում․
6) ապահովել խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողի իրավունքների պաշտպանությունը՝ առանց քննության շահերին վնաս պատճառելու․
7) պատրաստել պատճառաբանված եզրակացություն, որը հիմնված է փաստերի վրա և ենթակա է իրավական գնահատման։
11․ Ծառայողական քննության առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը։
ԳԼՈՒԽ 2
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
12․ Ծառայողական քննության փուլերն են՝ փաստերի հավաքման փուլը, վերլուծական փուլը, եզրահանգման փուլը և ծառայողական քննության եզրակացություն կազմելու փուլը։
13․ Փաստերի հավաքման փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է՝
1) խախտում կատարելու մեջ կասկածվող փրկարարական ծառայողից և ծառայողական քննությանն առնչվող անձից վերցնել բացատրություններ.
2) իրականացնել իրավախախտման վայրի ուսումնասիրություն.
3) կատարել խախտման տարածքի դիտարկում․
4) ստուգել տեխնիկական կամ նյութական միջոցներ․
5) իրականացնել փաստաթղթերի զննություն․
6) հավաքել ծառայողական քննությանը առնչվող փաստաթղթեր, հրամաններ, գրառումներ, հաշվետվություններ, արձանագրություններ, քաղաքացիների դիմումներ, տեղեկանքներ, հաղորդումներ և տեղեկատվության այլ աղբյուրներ, տեխնիկական միջոցներով արձանագրված տվյալներ (տեսագրություններ, ձայնագրություններ, լուսանկարներ), այլ նյութեր, որոնք կարող են ունենալ ապացուցողական նշանակություն։
14․ Սույն կարգի 13-րդ կետով սահմանված գործողություններ կատարելիս ծառայողական քննություն իրականացնող անձը առաջնորդվում է փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու կարգով։
15․ Վերլուծական փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը իրականացնում է՝
1) փաստական հանգամանքների բազմակողմանի և ամբողջական ուսումնասիրություն․
2) ապացույցների համադրված գնահատում՝ դրանց հավաստիության, բավարարության և նշանակության տեսանկյունից․
3) առերևույթ խախտման իրավական որակավորում՝ կիրառելի նորմերի սահմանման միջոցով․
4) օրինականության, արդյունավետության, համաչափության և արդարացիության սկզբունքների գնահատում։
16. Եզրահանգման փուլի ընթացքում ծառայողական քննություն իրականացնող անձը վերլուծական փուլի արդյունքների հիման վրա ամփոփում է քննության ընթացքում պարզված փաստական հանգամանքները և ծառայողական քննության արդյունքներով կայացվելիք որոշման հիմքերը։
17․ Եզրահանգման փուլում ծառայողական քննություն իրականացնող անձը՝
1) արձանագրում է քննության ընթացքում պարզված հանգամանքները և ստուգված փաստերը․
2) ներկայացնում է դրանց նկատմամբ իր ներքին համոզմունքով կատարված իրավական գնահատականը․
3) հիմնավորում է խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ իր եզրահանգումը․
4) առաջարկում է կիրառել «նախազգուշացում» կամ «նկատողություն» տույժ կամ նշում է դրա չկիրառման անհրաժեշտությունը։
18․ Ծառայողական քննությունը եզրափակվում է համապատասխան գրավոր եզրակացությամբ, որը պետք է պարունակի՝
1) ծառայողական քննության նշանակման իրավական հիմքը,
2) պարզված հանգամանքների նկարագրությունը,
3) ծառայողի մեղքի ընդունումը,
4) կիրառելի կարգապահական տույժի առաջարկությունը։
19․ Ծառայողական քննության արդյունքում կազմված եզրակացությունը ծառայողական քննությունն իրականացրած փրկարարական ծառայողը՝ այն կազմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին։
ԳԼՈՒԽ 3
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ, ՊԱՏՇԱՃ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒՅԺԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
20․ Ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը և կից նյութերը ստանալու պահից 1-օրյա ժամկետում փրկարարական ծառայության բարձրագույն կամ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող անձը կայացնում է որոշում՝
1) նախազգուշացում կամ նկատողություն կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ․
2) կարգապահական տույժ չկիրառելու վերաբերյալ։
21. Կարգապահական տույժ կիրառելու մասին փրկարարական ծառայության բարձրագույն կամ գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կայացրած ակտը 3-օրյա ժամկետում՝ պատշաճ կարգով տրամադրվում է փրկարարական ծառայողին։
22․ Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության ընթացքում իրեն հանձնարարված գործողությունների մասով հաշվետու է իրավասու ստորաբաժանման ղեկավարին։
23․ Ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացության և կարգապահական տույժ կիրառելու մասին հրամանի, ինչպես նաև լրացված վիճակագրական քարտի պատճենները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են իրավասու ստորաբաժանում։
24․ Ծառայողական քննության արդյունքում կիրառված տույժի հետ անհամաձայնության դեպքում փրկարարական ծառայողը կարող է այն՝ որոշումը ստանալու պահից 5-օրյա ժամկետում բողոքարկել վերադասության կարգով՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին։
25․ Բողոքի ստացման պահից 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը կայացնում է քննություն նշանակելու վերաբերյալ որոշում, որի կատարումն իրականացնում է իրավասու ստորաբաժանումը՝ փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու կարգով։
26․ Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված ծառայողական քննության արդյունքներով կազմվում է եզրակացություն, որի մեջ պետք է դիրքորոշումներ ներկայացված լինեն նաև բողոքի հիմնավորվածության, ծառայողական քննության իրավաչափության և կիրառված պատասխանատվության միջոցի համաչափության վերաբերյալ։
27․ Կազմված եզրակացությունը ներկայացվում է իրավասու ստորաբաժանման ղեկավարի հաստատմանը և 3-օրյա ժամկետում տրամադրվում բողոք ներկայացրած անձին՝ ծանոթացման համար։
28․ Բողոք ներկայացրած անձը իրավունք ունի իր միջնորդությունները ներկայացնել եզրակացությանը ծանոթանալու պահից 2-օրյա ժամկետում, որոնք կցվում են ծառայողական քննության նյութերին։
29․ Սույն կարգի 25-րդ կետով նախատեսված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունն իրավասու ստորաբաժանման ղեկավարի կողմից եզրակացությունը հաստատելու պահից 5-օրյա ժամկետում տրամադրվում են լիազոր մարմնի ղեկավարին։
30․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը նյութերը ստանալու պահից 1-օրյա ժամկետում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) բավարարել բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն և փոփոխել կարգապահական տույժի տեսակը կամ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումն անվավեր ճանաչել,
2) մերժել բողոքը՝ կարգապահական տույժ կիրառելու մասին որոշումը թողնելով անփոփոխ։
-
Duration
19.12.2025 05.01.2026 -
Type
Order Decision
-
Area
Public services
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 77
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.