Add to favourites

Under development

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

                                                                                         ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ դատախազն իրավասու է հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում նրանք թույլ են տվել օրենքի խախտում: Նախագծով ներկայացվող փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ընդհանուր առմամբ քննիչին վարույթից հեռացնելու իրավական կարգավորման անորոշությանբ և դրա դեմ առարկություններ ներկայացնելու կառուցակարգերի անարդունավետությամբ։

1.1. Գործող օրենքով հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին վարույթից հեռացնելու հիմքի իրավական անորոշությունը։ Ինչպես նշվեց, հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին վարույթից հեռացնելու հիմքն օրենքի խախտումն է և ակամա ստացվում է օրենքի ցանկացած, այդ թվում՝ ձևական բնույթի խախտումը կամ շեղումը կարող է հիմք լինել հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին վարույթից հեռացնելու համար։ Քանի որ օրենքի նման ձևակերպումն ընդհանուր բնույթի է, այն տարածական մեկնաբանման և իրավական անորոշության տեղիք է տալիս: Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու օրենսդրական հիմքերի անորոշությունը դատախազի համար ստեղծում է ոչնչով չսահմանափակված հայեցողություն և հնարավորություն է տալիս դատախազին դրսևորելու կամայական վերաբերմունք: Գործնականում մի խախտումը դիտվում է որպես վարույթից հեռացնելու հիմք, մեկ այլ դեպքում, կախված մի շարք, այդ թվում` սուբյեկտիվ գործոններից, այն չի դիտվում որպես վարույթից հեռացնելու հիմք՝ ձևավորելով տարբերակված պրակտիկա քննչական տարբեր ստորաբաժանումներում և մարմիններում։  

1.2. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու բացասական ազդեցությունը վարույթի մասնավոր մասնակիցների վրա։ Քննիչին վարույթից հեռացնելն ուղղակիորեն անդրադառնում է քրեական գործի քննության ժամկետների և հետևաբար վարույթի մասնավոր մասնակիցների վրա: Այսպես, քննիչին վարույթից հեռացնելու և այն նոր քննիչին հանձնարարելու դեպքում, վերջինս պետք է ծանոթանա քրեական գործին, պլանավորի այն և իր ծանրաբեռնվածությանը համապատասխան բաշխի նոր վարույթ ընդունած գործով իրականացվելիք քննչական գործողությունները, ապա դա տևում է մոտ 10 օր։ Այսինքն, քննիչին վարույթից հեռացնելու դեպքում նրանից փոխանցված գործի վարույթի քննությունն առնվազն հետաձգվելու է 10 օրով: Ուստի ներգործության այս միջոցը պետք է լինի ծայրահեղ միջոց՝ հաշվի առնելով խախտման բնույթը։

Այս առումով հատկանշական է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի օրինակը, երբ բաժնի 3 քննիչները 17.01.2017թ-15.12.2017թ. ընթացքում գործով վարույթից հեռացվել են 19 անգամ: Նման հեռացումներն ակամա հանգեցնում են քննիչների գերծանրաբեռնվածությանը, նրանց միջև ծանրաբեռնվածության անհավասարությանը, քրեական գործի քննության ժամկետների երկարացման: Այսպես. թիվ 91260517 քրեական գործով, որը հարուցվել է 11.08.2017թ-ին, քննիչը վարույթից հեռացվել է 15.12.2017թ-ին և այն մինչև հիմա գտնվում է ընթացքի մեջ: Նույնական իրավիճակ է թիվ 91254817 քրեական գործով, որը հարուցվել է 10.05.2017թ-ին, քննիչը վարույթից հեռացվել է 15.11.2017թ-ին, 30.11.2017թ.-ին այն միացվել է թիվ 91262117 քրեական գործին և միացված գործը մինչև հիմա գտնվում է ընթացքի մեջ:

Թիվ 91254017 քրեական գործով, որը հարուցվել է 26.04.2017թ.-ին, քննիչը վարույթից հեռացվել է 25.08.2017թ.-ին, իսկ նախաքննությունն ավարտվել է  11.12.2017թ.: Այսինքն այս գործի նախաքննությունը տևել է 8 ամիս, որից 4-ական ամիս՝ տարբեր քննիչների վարույթում:

Թիվ 91255317 քրեական գործով, որը հարուցվել է 20.05.2017թ.-ին, քննիչը վարույթից հեռացվել է 06.10.2017թ.-ին, իսկ դրանից հետո նախաքննությունը տևել է ևս 6 ամիս և ավարտվել 16.04.2018թ.: Իսկ թիվ 91256417 քրեական գործով, որը հարուցվել է 02.06.2017թ.-ին, քննիչը վարույթից հեռացվել է 31.08.2017թ.-ին, իսկ դրանից հետո նախաքննությունը տևել է ևս 9 ամիս և նախաքննությունը ավարտվել է 22.05.2018թ.:

Համանման վիճակ կարող է առաջանալ նաև հետաքննության մարմնի աշխատակցին հեռացնելու դեպքում:

1.3. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելը քննիչի քրեադատավարական պատասխանատվության միջոց է։ Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հիմքն առերևույթ դատավարական խախտում է, ուստի դատախազը, քննիչին վարույթից հեռացնելով, վերջինիս ենթարկում է քրեադատավարական պատասխանատվության[1]: Քննիչին վարույթից հեռացնելը հետապնդում է առավելապես պատժիչ նպատակ. դատախազը քննիչի կողմից թույլ տված առերևույթ դատավարական խախտումների կապակցությամբ արտահայտում է պարսավանք[2]:

Տեսության մեջ քննարկվում է նաև քննիչին վարույթից հեռացնելու մասին դատախազի որոշումը դատական կարգով բողոքարկելու հարցը[3]: Ի դեպ, ՌԴ Սահմանադրական դատարանը 2005թ. հունիսի 23-ի N 269-О որոշմամբ նշել է, որ ՌԴ քր. դատ. օր-ի 19-րդ և 123-րդ հոդվածները (որոնք բովանդակային առումով համապատասխանում են ՀՀ քր. դատ. օր-ի 290-րդ հոդվածի 1-ին մասին) չեն պարունակում որևէ դրույթ, որը կախված դատավարության մասնակիցների կարգավիճակից, կսահմանափակի նրանց իրավունքները, այդ թվում՝ կբացառի այդ մասնակիցների իրավունքներն ու օրինական շահերը խախտող որոշումները և գործողությունները դատական կարգով ստուգելու հնարավորությունը: Ավելին, նշված նորմերը և դրանց հետ կապված այլ նորմերն անմիջականորեն ամրագրում են  քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց իրավունքը դատական կարգով բողոքարկել այն որոշումները և գործողությունները, որոնք վնասում են իրենց սահմանադրական իրավունքները և օրինական շահերը կամ խոչընդոտում են արդարադատության մատչելիությանը:

Այսպես՝ քննիչին վարույթից հեռացնելով և նրան դատավարական առերևույթ խախտումներ վերագրելով կարող են խախտվել քննիչի՝ որպես քաղաքացու հետևյալ սահմանադրական իրավունքները:

Առաջին՝ անմեղության կանխավարկած և արդյունավետ պաշտպանության իրավունք:  

Երկրորդ՝ հետաքննության մարմնի աշխատակցի կամ քննիչի մասնագիտական արժանապատվության (արհեստավարժության) սահմանադրական իրավունք: ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, իսկ 14-րդ հոդվածի համաձայն՝ մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից։ Մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքի դրսևորումներից է նաև մասնագիտական արժանապատվությունը, որը կոչված է պաշտպանելու ծառայողի գործարար համբավը, նրա արհեստավարժությունը: «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  հանրային ծառայության հիմնական սկզբունքներն են՝

..3) արժանիքահեն կարիերային առաջընթացի վրա հիմնված հանրային ծառայության կայունությունը,

…6) հանրային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից,

7) հանրային ծառայողի արհեստավարժությունը:

Քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, նույնպես հանրային ծառայողներ են, և նրա մասնագիտական գործունեության նկատմամբ նույնպես տարածվում են վերը նշված սկզբունքները: Դատախազը, քննիչին կամ հետաքննության մարմնի աշխատակցին վարույթից հեռացնելով, կասկածի տակ է դնում քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի մասնագիտական կարողությունները, նրա հեղինակությունը, արհեստավարժությունը:

Այսպիսով, կարծում ենք դատախազի և քննիչի միջև իրավական վեճերը դատական կարգով լուծելու հարցի քննարկումը պետք է ընդգրկվի ՀՀ քրեական դատավարության բարեփոխումների օրակարգ:

Դատախազի կողմից քննիչին վարույթից հեռացնելն արտաքին բացասական ներգործություն է և դրա հետևանքներն ազդում են մարդու` գործը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական իրավունքի և նախաքննության բնականոն ընթացքի վրա։

Այսպիսով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չեն այն կոնկրետ դեպքերը, որոնց պարագայում միայն դատախազն իրավունք կունենա քննիչին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, հնարավորություն տալով դատախազին դրսևորելու կամայական մոտեցում, ինչն իրավաչափ չէ, կարող է չարաշահումների տեղիք տալ և հղի է կոռուպցիոն ռիսկերով:

Վերը նշվածն առավել ակնառու կերպով փաստվում է հետևյալ վիճակագրական տվյալների վերլուծությամբ.

2017թ.-ի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին դատավարությանը մասնակցելուց հեռացնելու մասին հսկող դատախազների կողմից կայացվել է 189 որոշում (2016թ.-ին՝ 77 կամ 112-ով պակաս), որից 45-ը՝ զինվորական քննչական գլխավոր վարչությունում (2016թ.-ին՝ 4), 63-ը՝ Երևանում (2016թ.-ին՝ 60), իսկ 81-ը՝ մարզերում (2016թ.-ին՝ 13):

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քննիչին վարույթից հեռացնելու որոշումների հիմքում հիմնականում դրվել է անհամաչափ, ձգձգումներով և հսկող դատախազի ցուցումները ժամանակին չկատարելու պատճառաբանությունները:

2017թ.-ին կայացված որոշումների վերաբերյալ քննիչների կողմից ներկայացվել է 17 առարկություն, որից 7-ը՝ զինվորական քննչական գլխավոր վարչությունում, 4-ը՝ Երևանում, իսկ 6-ը՝ մարզերում: Ներկայացված առարկություններից 16-ը վերադաս դատախազի որոշմամբ մերժվել է, իսկ 1-ն առհասարակ չի քննարկվել (Շիրակի մարզային քննչական վարչություն):

Գործնականում առկա են որոշ հետաքրքրական իրավիճակներ:  Այսպես. ԻԻՀ քաղաքացի Ղ.Ն.-ի կողմից Կ. Ն.-ից 200 գլուխ գառ գնելու վերաբերյալ գնման ակտում Կ. Ն.-ի ստորագրությունը կեղծելու վերջինիս դիմումի հիման վրա 12.06.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված 68104717 քրեական գործի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ քննիչ Գ. Թ.-ն հեռացվել է քրեական գործով դատավարությանը մասնակցելուց, այն պատճառաբանությամբ, որ քրեական գործը 12.06.2017թ. վարույթ ընդունելուց հետո մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 11.07.2017թ.-ն ընկած ժամանակահատվածում՝ քննիչը կատարել է մեկ քննչական գործողություն, որն արտահայտվել է վկայի հարցաքննությամբ:

Քննիչը վերադաս դատախազին ներկայացնելով առարկություն իր անգործությունն արդարացրել է վարույթում գտնվող քրեական գործերով և նյութերով ծանրաբեռնված լինելով, իսկ որոշմամբ հիշատակված քննչական և դատավարական գործողությունները նախատեսվել են քննչական գործողությունների պլանում:

Վերադաս դատախազը 25.07.2017թ.-ի գրությամբ վերադարձրել է քննիչի առարկությունն առանց քննարկման այն պատճառաբանությամբ, որ վերադաս դատախազին չի ներկայացվել քրեական գործը, առանց որի քննարկումը լիարժեք չի կարող դիտվել, մինչդեռ օրենքով քննիչի վրա որևէ պարտականություն դրված չէ առարկության հետ վերադաս դատախազին ներկայացնել նաև քրեական գործը, իսկ դատախազն իր լիազորություններն իրականացնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն կարող էր պահանջել քրեական գործը կամ ծանոթանալ տեղում:

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է նաև, որ նույն ժամանակահատվածում քննիչը 13.06.2017թ.-ի որոշմամբ հեռացվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով 18.04.2017թ.-ին հարուցված թիվ 22150817 քրեական գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, ինչն ըստ դատախազի որոշման պայմանավորված է եղել քրեական գործը 20.03.2017թ.-ին վարույթ ընդունելուց հետո անհամաչափ քննություն կատարելով, իսկ 19.06.2017թ.-ից մինչև 11.07.2017թ.-ն ընկած ժամանակահատվածում, գործով պաշտպանի միջնորդության կապակցությամբ որոշում կայացնելուց բացի՝ որևէ այլ քննչական կամ դատավարական գործողություն չկատարելով, ընդ որում՝ այս որոշման դեմ քննիչն առարկություն չի ներկայացրել:

Ե՛վ 1.2, և՛ 1.3 կետում բերված օրինակների դեպքում օրենքի կոպիտ խախտումները բացակայում էին, և հնարավոր էր նման խիստ միջոց կիրառելու՝ քննիչին վարույթից հեռացնելու, փոխարեն կիրառվեր դատախազական ցուցումների մեխանիզմը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծով առաջարկվում են նոր իրավական կարգավորումներ, որոնք հանգում են հետևյալին.

  1. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հստակ օրենսդրական հիմքերի նախատեսում։ Նման նորմի նախատեսումը հետապնդում է իրավաչափ նպատակ՝ վերացնելու օրենքում առկա բացը և երաշխավորելու իրավական որոշակիությունը:

Այդպիսի հիմքեր նախատեսված են օրինակ Մոլդովայի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, որի համաձայն դատախազի վարույթից գործը վերցվում է միայն օրենքի դատավարության մասնակիցների իրավունքների կոպիտ խախտման կամ ապացույցների հավաքման ընթացքում անդառնալի թերացումների դեպքում:

  1. Հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու հսկող դատախազի որոշումն անմիջական վերադաս դատախազի կողմից հաստատելու կարգի նախատեսում։ Նման մեխանիզմի նախատեսումը կունենա զսպող ազդեցություն, հնարավորություն կտա ոչ միայն լրացուցիչ կերպով ապահովել այդ որոշման օբյեկտիվությունը, այլև կբարձրացնի դատախազական հսկողության արդյունավետությունը:
  2. 3. Բաժնի պետին առարկություն ներկայացնելու լիազորության վերապահում։

Նախագծի համաձայն հետաքննության մարմնի կամ քննչական բաժնի պետը համապատասխանաբար հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին վարույթից հեռացնելու մասին հսկողություն իրականացնող դատախազի որոշմանը համաձայն չլինելու դեպքում անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում՝ դրա վերաբերյալ գրավոր առարկություններ է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին, իսկ Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների որոշումների վերաբերյալ` Երևան քաղաքի դատախազին։ Այս մոտեցումն ապահովվելու է քննչական բաժնի պետի և հսկող դատախազի լիազորությունների հստակ տարանջատում այս իրավահարաբերության ընթացքում և հանգեցնելու է դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը՝ իրավական որոշակիության պայմաններում:

Բաժնի պետին նման լիազորություն վերապահելը պայմանավորված է նրանով, որ հաճախ դատախազները, գործնականում բացասական դիտելով իրենց որոշումների դեմ հետաքննության մարմնի աշխատակցի կամ քննիչի բողոքարկումը, հետաքննության մարմնի աշխատակցի կամ քննիչի նկատմամբ իրականացնում են «պատժիչ» գործողություններ, օրինակ՝ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդություն են ներկայացնում, վերացնում են կայացրած տարաբնույթ որոշումներ, իսկ բաժնի պետին նման լիազորություն վերապահելը կչեզոքացնի այդ վտանգները:

Համանման կարգավորումներ տրված են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում, որի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչի կողմից իրականացվող վարույթով հսկող դատախազի վարութային ակտի, այդ թվում` քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման վերաբերյալ առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հստակ կսահմանվեն դատախազի կողմից քննիչին վարույթից հեռացնելու դեպքերն ու կարգը՝ ապահովելով իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջները:

 

                                                                                       

 

                                                                                         ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ

 ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

         «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

  

 

  

                                                                                       ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

         «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

[1] Ընդ որում իրավագիտության մեջ հանրաճանաչ է, որ դատավարական առերևույթ խախտումների հիմքով քննիչին վարույթից հեռացնելը դատավարական սանկցիայի (պատասխանատվության) միջոց է: Այս մասին տես Уголовно- процессуальное право РФ: учебник для вузов/ под ред. И. А. Петрухина. 2-е изд., перераб. и доп. М., 2009. С. 21,  Ветрова Г.Н. Уголовно-процессуальная ответственность. М.: Наука, 1987. С. 103, Պետության և իրավունքի տեսություն: Խմբ. Ա. Ղամբարյան, Մ. Մուրադյան: Եր., 2014թ.: ՀՀ քր. դատ. օր-ի նախագծում վարույթից հեռացնելը նույնպես դիտվում է որպես քրեադատավարական սանկցիա:

[2] Громов Н.А., Полунин С.А. Санкции в уголовно-процессуальном праве России. - М.: Городец, 1998. С. 78.

[3] Ю. А. Цветков. //Уголовное судопроизводство. -2017. - № 2. - С. 27 – 31, Овсепян А.Г., Гамбарян А.С. Перспективы разрешения правовых споров между про­курором и следователем в судебном порядке в Республике Армения // Вестник Следствен­ного комитета РФ. 2015. № 4 (30). С. 64,68.

  • Discussed

    12.06.2018 - 02.07.2018

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    RA Investigative Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9747

Print

Suggestions

Grigor Minasyan

14.06.2018

սույն նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործը նոր քննիչին փոխանցվելուց հետո առնվազն 10 օր հետաձգվում է գործի ընթացքի լուծումը` դրանով իսկ խախտվելով դատավարության մասնավոր մասնակիցների իրավունքները, այնինչ նախագծի հեղինակները մոռացել են, որ գործը բավական երկար ժամանակ մնում է առանց շարժի (որևէ քննչական կամ դատավարական գործողություններ չեն կատարվում), որն ավելի վտանգավոր է մասնավոր մասնակիցների իրավունքների խախտման առումով, որովհետև նույն քննիչի մոտ մնալով, այսպես կոչված, սայլը տեղից չի շարժվում, իսկ նոր քննիչն այն վարույթ ընդունելուց հետո, թեկուզ և 10 օր ուշացումով, գործով կատարում է քնչական գործողություններ, որպիսի պայմաններում որոշակի ժամանակ որևէ գործողություն չկատարելը ևս պետք է լինի վարույթից հեռացնելու հիմք: Ինչ վերաբերվում է հիմնավորման մեջ նշված այն մտքին, որ վարույթից հեռացնելու փոխարեն բացը կարելի է լրացնել դատախազի կողմից տրված ցուցումով, ապա հենց հեղինակները նշել են, որ դատախազի ցուցումի կապակցությամբ ներկայացված առարկության մեջ նշվել է, որ գործողությունները ներառված եղել են պլանում, այլ կերպ ասած, ցուցում տալու դեպքում քննիչը կարող է ցանկացած ժամանակ ասել, որ դա իր պլանում առկա է, քանի որ պլան կոչեցյալ փաստաթուղթը որևէ կերպ չի հաշվառվում, և ցանկացած պահի կարող է դա կազմվել, ու դրանով փորձել արդարացնել անգործությունը: Երկար ժամանակ մի գործով գործողություն չկատարելը պայմանավորել այլ գործերով ծանրաբեռնվածությամբ, արդարացի չէ գոնե տվյալ գործով մասնավոր մասնակիցների նկատմամբ, ուստի սրանով ևս մեկ անգամ հիմնավորվում է, որ երկար ժամանակ գործողություն չկատարելը վարույթից հեռացնելու իրավաչափ հիմք է, ինչը պետք է նախատեսել:

Grigor Minasyan

12.06.2018

Դատախազին առարկություն ներկայացնելու համար սահմանված է ժամկետ: Ըստ նախագծի` կարելիէ հասկանալ, որ բողոքարկման ժամանակահատվածում քրեական գործը մնում է նույն քննիչի վարույթում: Այս դեպքում առաջանում է այդ ընթացքում ձեռք բերված ապացույցների թույլատրելիության հարցը, այլ կերպ ասած` որքանով է թույլատրելի լինում այդ ընթացքում ձեռք բերված ապացույցը` պատշաճ սուբյեկտի առումով: Այդ հարցը բաց է մնում, ուստի առաջարկում եմ որևէ կերպ հստակեցնել որոշման բողոքարկամ ժամանակահատվածում քրեական գործով ապացույցների ստացման գործընթացը:

Grigor Minasyan

12.06.2018

Այս առաջարկով ստացվում է, որ քննիչը պետք է առերևույթ հանցանք կատարի, որ հնարավորություն ստեղծվի նրան հեռացնել վարույթից: Դրանից հետո պարտադիր պետք է քննարկվի նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորության հարցը: Այլ կերպ ասած, վարույթից հեռացնելու համար կարգապահական խախտում կատարելը բավարար չի լինի, ինչը կիմաստազրկի այս ինստիտուտը: Բացի այդ, չի նախատեսվել որոշակի ժամանակ որևէ քննչական կամ դատավարական գործողություն կատարված չլինելու դեպքում վարույթից հեռացնելու հնարավորությունը:

See more