«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործում են պետական լիցենզիա ունեցող 60 բուհեր և բուհական կրթություն տրամադրող կազմակերպություններ, որոնցից 23-ը պետական, 25-ը` մասնավոր, 4 օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր, 4 միջպետական կամ պետության մասնակցությամբ բուհեր և 4 այլ տեսակի կազմակերպություններ: Սրա արդյունքում փոշիացվում է ինչպես մարդկային ռեսուրսը` որակյալ դասախոսական կադրերի առումով, այնպես էլ` բարձրագույն կրթության որակը, քանի որ նշված բազմազանությունը երաշխավորում է ցածրակարգ կրթությունը:
Սրան զուգահեռ հանրապետության գիտական համայնքը նկարագրվում է վերջին տասնամյակում հետազոտողների քանակի անընդհատ նվազմամբ, մասնավորապես, 2017-2022 թվականների ընթացքում` 50 տարեկանից ավել տարիք ունեցող գիտնականների թվաքանակը նվազել է 506 անձով: Սա բերում է ոլորտում սերնդափոխության և որակյալ կադրերի ներգրավման հրամայականի:
Մյուս կողմից` ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով պետությունը որդեգրել է գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը, որի շրջանակներում իրականացվում են մի շարք բեկումնային ծրագրեր, մասնվորապես, արտերկրի գիտական ներուժի ներգրավման և դրա միջոցով առաջատար ուղղություններում լոկալ գիտական ներուժի զարգացման և ձևավորման նպատակով: Այս իմաստով նմանատիպ ծրագրերի առավել արդյունավետությունը կերաշխավորվի, եթե դրանց շրջանակներում ձևավորված գիտական խմբերը ոչ միայն լինեն ֆիզիկապես իրար մոտ, այլ նաև ներգրավված լինեն բուհական համակարգում` առավել արդյունավետ սերնդափոխությանը նպաստելու և երիտասարդ կադրերին գիտական գործունեության ոլորտ ներգրավելու համար:
Ի հավելումն, «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմամբ հնարավորություն է ստեղծվելու մարզերի և արտերկրի ուսանողների և աշխատակիցների համար իրենց մասնագիտական գործունեությունը ծավալել արժանապատիվ պայմաններում` հնարավորինս տրամադրվելով անմիջական գործունեության մեջ առավելագույնս ներդրվելուն և զերծ մնալով այլ տեսակի լոգիստիկ խնդիրներից, նույն պայմանները հնարավորություն կընձեռեն նաև հանրապետության բարձրագույն կրթության համակարգ ներգրավել նաև արտերկրի լավագույն հետազոտողներին: Ակադեմիական քաղաքը նաև իր կենտրոնացվածության և հասանելիության շնորհիվ հնարավորություն է տալու միջդիսցիպլինար հետազոտությունների համար, որոնք ժամանակակից աշխարհում հանդիսանում են բեկումնային առաջընթաց ապահովող հետազոտությունների լավագույն ձևերը: Ակադեմիական քաղաքի կոմպակտության շնորհիվ նաև նախապայմաններ կստեղծվեն փորձարարական մշակումների և նախատիպավորման համար խոշոր ենթակառուցվածքների կառուցման համար, ինչն իր հերթին կնպաստի հանրապետությունում հետազոտական և ինովացիոն համակարգի կայացմանը և մշակումների` ներքին և գլոբալ արժեքային շղթաներում ներդրմանը:
«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությամբ նախատեսվում է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական միջավայրի ապահովման եղանակ։ Ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է բուհական կրթության մեջ հետազոտական բաղադրիչի ավելացման նպատակից, ինչի օգնությամբ կապահովվի գիտելիքի և հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը կիրառության մեջ և իրական համատեքստում: Ակադեմիական քաղաքը նաև երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` ապահովելով հետազոտությունների գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման և դրանց փոխանցման, նորարարական գործունեության խթանման և մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքները, այսպիսով ծառայելով հանրությանը` սոցիալական, տնտեսական և մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին:
«Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 585-Ա որոշմամբ ստեղծվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ)։ Հիմնադրամի կողմից «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման արդյունավետությունն ապահովելու, Ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքների հստակեցման ու կանոնակարգման նպատակով
ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը, որի հիման վրա իրականացվել են մի շարք աշխատանքներ, ինչպես բովանդակային բաղադրիչի ապահովման, այնպես էլ՝ նախագծման և իրագործելիության ուսումնասիրությունների ուղղություններով:
Սույն նախագիծը հանդիսանում է վերոնշյալ՝ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի լրամշակված և համալրված տարբերակը, որը մշակվել է հիմք ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասը (4. Կառավարությունը հաստատում է ակադեմիական քաղաքի գործունեության կարգը և զարգացման հայեցակարգը, որը սահմանում է`․․․), ինչպես նաև ի ամփոփումն գործող հայեցակարգի շրջանակներում երկուսից ավել տարիների ընթացքում իրականացված աշխատանքները:
Զուգահեռաբար տարբեր մակարդակներում քննարկումներ են ծավալվել տաղանդների զարգացման պետական ծրագրի իրականացման ուղղությամբ և 2024 թվականին շրջանառվել էր «Հայաստանի տաղանդների զարգացման հիմնադրամ ստեղծելու», «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի քննարկումների արդյունքում որոշում կայացվեծ ծրագրի պիլոտային տարբերակն իրականացնել Հիմնադրամի կառուցվածքում` հաշվի առնելով երկու ծրագրերի տրանսֆորմացիոն բնույթը և այն, որ երկու ծրագրերի գլխավոր նպատակն էլ մարդկային կարողությունների և տաղանդի բացահայտումն ու զարգացումն է:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Ակադեմիական քաղաքի» ծրագրի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվում են Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը և ռազմավարական նպատակները, ծրագրի կառավարման նկարագիրը, կազմակերպական կառուցվածքը և կլաստերների ընդհանուր մոդելը և նկարագրերը, տեղադիրքը, ենթակառուցվածքները, տարածքի զարգացման սկզբունքները անդրադարձ է կատարվում նաև ռիսկերի կառավարման և կայունության վերաբերյալ:
Առանձին գլխով նկարագրվում է նաև տաղանդների զարգացման ծրագիրը, որի ընդունմամբ կմեկնարեն տաղանդների բացահայտման և զարգացմանը միտված աշխատանքները, որը կապահովի «Ակադեմիական քաղաք» ծրագրի հանրային ավելի արդյունավետ տեսանելիությունը և բովանդակային ընկալումը:
Համալրվել է Հիմնադրամի և ծրագրի կառավարման հատվածը, ինչպես նաև լրացվել է ռիսկերի ռեգիստրը և դրանց կառավարման սցենարները: «Ակադեմիական քաղաքի» ծրագրի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում կլաստերների շարքում ավելացվել են նաև դասական և բժշկական կլաստերները` ծրագրի վերաբերյալ մասնակի պատկերացումից խուսափելու համար, ինչպես նաև համալրվել է թարմացված ժամանակացույցով:
Այսպիսով, սույն նախագծի ընդունմամբ կորոշակիացվեն «Ակադեմիական քաղաք» ծրագրին ներկայացվող պահանջները, իրականացման համար նախատեսվող տեղամասերը, ֆինանսավորման համար բյուջետային հատկացման ձևերը, հստակ կսահմանվեն Հիմնադրամի խնդիրները, ինչպես նաև հնարավոր կլինի հետևել կատարվելիք աշխատանքի ընթացքին՝ ելնելով նախագծով սահմանված ժամանակացույցից։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Ակադեմիական քաղաքի» ծրագրի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից` հիմք ընդունելով ԱրԷսՅուՓի Րաբե Սթրաթիջիք Ուրբան Փլենինգ (RSUP) ընկերության կողմից մշակված քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի որոշ արդյունքներ։
4. Ակնկալվող արդյունքը
«Ակադեմիական քաղաքի» ծրագրի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման ընթացքի առավել թափանցիկությանը, կապահովի Հիմնադրամի առջև դրված խնդիրների արդյունավետ կատարումը և կխթանի «Ակադեմիական քաղաք» ծրագրի բնույթի մասին հանրության համակարգված իրազեկմանը, ինչպես նաև կնպաստի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում բացառիկ ընդունակություններ ունեցող անձանց բացահայտմանը, նրանց ընդունակությունների զարգացմանն ու տաղանդների խթանմանը, այդ ոլորտներում մատչելիության և հավասար մասնակցության հնարավորության ապահովմանը, կրթական նոր, նորարարական ծրագրերի և տեխնոլոգիաների ներդրմանը և զարգացմանը, ապագային միտված և հեռանկարային զարգացման պահանջներին համապատասխան գիտելիքի և կարողությունների զարգացմանը։
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
«Ակադեմիական քաղաք» ծրագրի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Ակադեմիական քաղաք» ծրագրի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Ակադեմիական քաղաք» ծրագրի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է`
- Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությամբ նախատեսված 1. «կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» և 15. «գիտելիքահենք Հայաստան» նպատակներից,
- «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 75-րդ կետի «75. Կրթության զարգացման տեսլականն է՝ յուրաքանչյուրն օժտված է որոշակի տաղանդով, և կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորին չափ զարգացնել յուրաքանչյուրի տաղանդը՝ ընդլայնելով իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը։», ինչպես նաև 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» «դ. ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները,» պարբերությունից,
- ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 351-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի` Նպատակ 2 «Բարձրագույն կրթության արդյունավետության բարձրացում» 2.2 «Ցանցային կրթական համակարգերի ներդրում և ենթակառուցվածքների բարելավում» մասի 2.2.2 «Ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ» կետից,
- ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 4-րդ` «Մարդկային կապիտալի զարգացում» կետի 4.3 «Կրթություն» մասով սահմանված` բարձրագույն կրթության ոլորտում ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելու համար ակադեմիական քաղաք հիմնելու ռազմավարական նպատակից,
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ի «Կրթություն» բաժնի 20-րդ` «Ակադեմիական քաղաքի հիմնադրման հայեցակարգի մշակում» կետի և նույն հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 1.7 «Խոշոր ներդրումային ծրագրերի հայեցակարգի հաստատում վարչապետի աշխատակազմ, հաստատման դեպքում ճանապարհային քարտեզի մշակում և իրագործում» ենթակետի 1-ին մասով` «Ակադեմիական քաղաք - Նպատակ է հետապնդում կառուցել համալսարանական քաղաք-համայնք (Երևանից դուրս)` համալրված համալսարանական բնակչությամբ, որտեղ տեղափոխվելու են հիմնական քոլեջները և համալսարանները։ Այն դառնալու է կրթական հաբ, որն իր մեջ ներառելու է տարբեր ակադեմիական ոլորտներ և ծրագրեր» ակնկալվող արդյունքի կատարման տրամաբանությունից:
-
Duration
15.12.2025 30.12.2025 -
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 152
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.