Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«___» _______ 2025 թ                                                                                N __-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-րդ հոդվածի 15-րդ մասը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է.

1.     Սահմանել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգը` hամաձայն Հավելվածի:

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

3.    Սույն որոշման Հավելվածի 33-րդ և 34-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից և տարածվում են դրանից հետո սկսվող ստուգումների վրա:

 

 

Հանձնաժողովի նախագահի

պարտականությունները կատարող`                                                       Մ Գալստյան

 

 

 

 

 

 

Հավելված

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի

202_ թվականի ____-ի __  N __-Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.     Սույն կարգով կարգավորվում են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության (այսուհետ նաև` տարեկան հաշվետվություն)՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կողմից Օրենքով սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման հետ կապված հարաբերությունները:

2.    Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման հիմքերն են.

1)     պարտադիր աուդիտի ենթակա լինելը

2)    ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար նշանակություն ունեցող հանգամանք պարունակող գրավոր դիմումները.

3)    լրատվամիջոցների՝  կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար նշանակություն ունեցող հանգամանք պարունակող հրապարակումները.

4)    պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված գրավոր տվյալները, որոնք վկայում են տարեկան հաշվետվության մեջ հնարավոր խախտումների առկայության մասին

5)    Հանձնաժողովի նախաձեռնությունը:

3.    Ստուգման համար նշանակություն ունեցող է համարվում այն հանգամանքը, որով արձանագրված անհամապատասխանությունն առերևույթ կասկած է պարունակում կուսակցության տարեկան հաշվետվությամբ ներկայացված տվյալի ամբողջականության, օրինականության կամ արժանահավատության առնչությամբ:

4.    Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կուսակցության տարեկան հաշվետվության ստուգում կարող է նախաձեռնել, եթե նախապես սահմանել է տարեկան մշտադիտարկման պլան, ինչպես նաև իր լիազորությունների և գործառույթների շրջանակում հայտնի են դարձել այնպիսի տեղեկություններ, որոնք առերևույթ կասկած են հարուցում կուսակցության տարեկան հաշվետվությամբ ներկայացված տվյալի ամբողջականության, օրինականության կամ արժանահավատության առնչությամբ:

5.    Հանձնաժողովի գործառույթների իրականացման ընթացքում կուսակցության տարեկան հաշվետվության մեջ առերևույթ անհամապատասխանություն հայտնաբերելու կամ հայտնի դառնալու դեպքում կարող է նախաձեռնվել կուսակցության տարեկան հաշվետվության մասնակի ստուգում:

6.   Տարեկան հաշվետվության ստուգումը բաղկացած է հետևյալ փուլերից՝

1)     տվյալների հավաքագրում,

2)    տվյալների համադրում և անձանագրության կազմում,

3)    տվյալների գնահատում և ամփոփում:

 

2ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՓՈՒԼ

 

7.    Տվյալների հավաքագրման փուլում ձեռնարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված միջոցներ՝ ստանալու այնպիսի տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնք հնարավորություն կտան ապահովելու կուսակցության կողմից ներկայացված տարեկան հաշվետվության մեջ ներառված տվյալների արժանահավատության, ամբողջականության և օրենքով սահմանված պահանջներին համապատասխանության ստուգումը։

8.   Տվյալների հավաքագրումն իրականացվում է կուսակցության ներկայացրած հաշվետվության, ինչպես նաև պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից տրամադրված տեղեկատվության, ինչպես նաև առկայության դեպքում բաց աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա։

9.   Տվյալների հավաքագրման  նպատակով հաշվետու ժամանակահատվածի վերաբերյալ հարցում է կատարվում.

1)   ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն՝ կուսակցությունների կողմից օգտագործվող, սեփականության իրավունքով ձեռք բերված, օտարված, վարձակալած կամ վարձակալության հանձնած տրանսպորտային միջոց(ներ)ի վերաբերյալ (ներառյալ՝ մակնիշը, սերիան, թողարկման տարին, նույնականացման համարը, եթե վարձակալել է՝ վարձակալելու սկզբի և ավարտի ամսաթիվը, վարձակալության գինը, արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, եթե օտարվել է օտարելու ամսաթիվը, եղանակը օտարման գինը, արժույթը գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, եթե վարձակալվել է՝ վարձակալության հանձնելու սկզբի և ավարտի ամսաթիվ, վարձակալության հանձնելու գինը, արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն)

2)  Կադաստրի կոմիտե՝ կուսակցությունների կողմից օգտագործվող, նրանց կողմից սեփականության իրավունքով ձեռք բերված, օտարված, վարձակալած կամ վարձակալության հանձնած անշարժ գույքի վերաբերյալ (ներառյալ գույքի տեսակը, գտնվելու վայրը, մակերեսը, կադաստրային ծածկագիրը կամ վկայականի համարը, ձեռքբերման ամսաթիվը, եղանակը և գինը, ինչպես նաև գույքի օտարման կամ վարձակալության դեպքերում՝ համապատասխան ամսաթվերը, գները, և գործարքի մյուս կողմի տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե) տեղեկություններ ստանալու նպատակով

3)  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝  կուսակցության անվանման, վերաբերելի ժամանակահատվածի սկզբի և ավարտի, կուսակցության մասնակցությամբ գրանցված իրավաբանական անձի մասին տեղեկությունների (այդ թվում՝ լուծարված կամ գործունեությունը կասեցված կամ ժամանակավոր դադարեցված լինելու մասին), կուսակցության ղեկավար մարմնի պաշտոնատար անձանց (ազգանուն, անուն, հայրանուն, սեռ, պաշտոնը ստանձնելու և դադարեցնելու պետականն գրանցման ամսաթիվ) և տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ տեղեկություններ (հասցե, մարզ, գործունեության սկզբի և ավարտի ամսաթիվ) ստանալու նպատակով

 4) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե՝

 ա.Կուսակցությունների կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների վերաբերյալ ամփոփ հաշվարկների՝ ըստ եկամտային հարկի և սոցիալական վճարի, ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված եկամտային հարկի, Կուսակցությունների վերաբերյալ որոշ ցուցանիշներ (Կուսակցության վճարած ԱՎ-ում՝ Կուսակցության ՀՎՀՀ, անվանում, ՀԾՀ, անուն ազգանուն, ամիս, աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ (ՀՀ դրամ), քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն (ՀՀ դրամ), այլ հարկման բազա (բացի նպաստներ) (ՀՀ դրամ) հարկման բազայի նվազեցման գումար (ՀՀ դրամ), կուսակցության միջոցներով վճարված նպաստների գումարներ (ՀՀ դրամ) ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարված նպաստների գումար (ՀՀ դրամ) ավելի վճարված նպաստի գումարի հետպահում (ՀՀ դրամ), եկամտային հարկ (ՀՀ դրամ), սոց. վճար (ՀՀ դրամ)

բ. վճարած այլ եկամուտներ՝ Ֆիզիկական անձի անձնագրի համար, ՀԾՀ, անուն, ազգանուն, հայրանուն, եկամտի անվանում, եկամտի գումար (ՀՀ դրամ), եկամտային հարկ (ՀՀ դրամ)

գ. Կուսակցության շահույթ՝  Համախառն եկամուտ (ՀՀ դրամ), Ընդամենը ծախսեր (ՀՀ դրամ), Ընդամենը կորուստներ (ՀՀ դրամ), Ընդամենը այլ նվազեցումներ (ՀՀ դրամ),  Հարկվող շահույթ կամ հարկային վնաս (ՀՀ դրամ)

դ. Իրավաբանական անձի շահույթ՝ Կուսակցության հիմնադրած իրավաբանական անձի անվանում, գրանցման համար, գրանցման ամսաթիվ, կարգավիճակ, ամսաթիվ, իրացման շրջանառություն (ՀՀ դրամ), Համախառն եկամուտ (ՀՀ դրամ), Ընդամենը ծախսեր (ՀՀ դրամ), Ընդամենը կորուստներ (ՀՀ դրամ), Ընդամենը այլ նվազեցումներ (ՀՀ դրամ),  Հարկվող շահույթ կամ հարկային վնաս (ՀՀ դրամ)).

5) Կենտրոնական բանկ (ԿԲ)` ֆինանսական հաշիվների, ավանդների, արժեթղթերի, փոխառությունների և այլ ֆինանսական գործարքների վերաբերյալ տվյալներ.

6) Կենտրոնական դեպոզիտարիա` բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի սեփականության իրավունքի վերաբերյալ տվյալներ.

7) Վարկային բյուրո` վարկերի, փոխառությունների և ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տվյալները ստուգելու համար։

10. Տարեկան հաշվետվության ստուգման շրջանակներում իրականացվում է նաև ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրություն։

 

4.    ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ՓՈՒԼ

 

11.  Տվյալների համադրման և արձանագրության կազմման փուլում ստուգվում է կուսակցության կողմից ներկայացված տարեկան հաշվետվության մեջ ներառված տվյալների համապատասխանությունը կիրառելի օրենսդրական պահանջներին, ինչպես նաև դրանց լրացմանը, ձևին և ներկայացման կարգին ներկայացվող պահանջներին։ Համադրման և արձանագրության կազմման փուլում կուսակցության տարեկան հաշվետվության տվյալները համեմատվում են պետական մարմինների և այլ աղբյուրների, ինչպես նաև Կուսակցության կողմից տրամադրված տեղեկությունների հետ՝ պարզելու դրանց համապատասխանությունը, ամբողջականությունը, օրինականությունը և արժանահավատությունը։

12.  Տվյալների համադրման փուլում պարզման ենթակա նվազագույն հանգամանքներն են.

1)   Տարեկան հաշվետվության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում ներկայացված լինելու փաստը

2)  Տարեկան հաշվետվության մեջ առկա տվյալների ամբողջականությունը

3)  կուսակցության կողմից դրամական վճարումների հաշվարկներն անկանխիկ կատարված լինելու փաստը

4)  կուսակցության ստացած մուտքի վճարների, անդամավճարների, նվիրատվությունների (ներառյալ բնեղենով նվիրատվությունների)՝ Օրենքով սահմանված աղբյուրներից և Օրենքով սահմանված կարգով (այդ թվում՝ դրամական հատկացումների դեպքում անկանխիկ կատարված լինելու) ստացված լինելու փաստը

5)  կուսակցության ստացած մուտքի վճարների, անդամավճարների և նվիրատվությունների (ներառյալ բնեղենով նվիրատվությունների)՝ Օրենքով սահմանված սահամանաչափի պահպանվածությունը

6)  կուսակցության ստացած մուտքի վճարների, անդամավճարների, նվիրատվության (ներառյալ բնեղեն նվիրատվությունների)՝ Օրենքով սահմանված տարեկան սահմանաչափը գերազանցելու դեպքում սահմանված չափը  գերազանցող մասը Օրենքով սահմանված ժամկետում կուսակցության անդամին, նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե փոխանցելը

7)  Օրենքով սահմանված չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների ստացման դեպքում օրենքով սահմանված ժամկետում նվիրատվությունը, իսկ բնեղենով նվիրատվության դեպքում՝ բնեղենով նվիրատվությունը կամ համարժեք դրամական գումարը՝ պետական բյուջե փոխանցելը

8)  կուսակցության կողմից իրականացված անշարժ գույքի գործարքի կադաստրային արժեքին մոտ լինելը՝ անշարժ գույքի վաճառքի, վարձակալության, անհատույց տրամադրման գործարքներում անշարժ գույքի արժեքի հաշվարկի միջոցով

9)  պետական նպատակային ֆինանսավորում ստացող կուսակցության դեպքում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի՝ պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը, ինչպես նաև կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության մարզերում տարածքային ստորաբաժանումներ ունենալու փաստը

10) Կուսակցության կողմից իրականացված միջոցառումների և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված նյութերի կամ այլ նպատակներով ծախսված միջոցները կուսակցության տարեկան հաշվետվության մեջ արտացոլված լինելը և ֆինանսական միջոցներով հիմնավորված լինեը:

13. Կուսակցության մուտքի վճարների, անդամավճարների, նվիրատվությունների (ներառյալ բնեղենով նվիրատվությունների)՝ Օրենքով սահմանված աղբյուրներից ստացված լինելու փաստը (օրինականությունը) պարզելու նպատակով իրականացվում է Կուսակցության կողմից ստացված դրամական և ոչ դրամական մուտքերի, մասնավորապես մուտքի վճարների, անդամավճարների, ինչպես նաև Կուսակցության ստացած նվիրատվությունների (ներառյալ բնեղենով նվիրատվությունների) Օրենքով սահմանված աղբյուրներից ստացված լինելու փաստի ստուգում:

14.  Սահմանաչափերի պահպանվածության ստուգման համար՝ Կուսակցության ստացած մուտքի վճարների, անդամավճարների և նվիրատվությունների (ներառյալ բնեղենով նվիրատվությունների) վերաբերյալ տվյալները, նույնականացնելուց հետո (ըստ՝ անձնագրի կամ հանրային ծառայությունների համարանիշի) ստացված մուտքի վճարների, անդամավճարների և նվիրատվությունների հանրագումարը համադրվում է Օրենքով սահմանված սահմանաչափերի հետ:

15.  Մուտքի վճարների, անդամավճարների, նվիրատվությունների (ներառյալ բնեղենով նվիրատվությունների)՝ Օրենքով սահմանված տարեկան սահմանաչափը գերազանցելու դեպքում սահմանված չափը գերազանցող մասը կուսակցության անդամին, նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե փոխանցելու փաստը պարզելու նպատակով.

1) հաշվարկվում է փաստացի ստացված գումարի և Օրենքով սահմանված սահմանաչափի տարբերությունը յուրաքանչյուր դեպքի համար:

2)  Առանձնացված մասի բոլոր տողերի համար կատարվում է համադրություն բանկային քաղվածքի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք սահմանված սահմանաչափը գերազանցող չափը փոխանցվել է կուսակցության անդամին կամ նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե:

3)  Այն դեպքում, երբ մուտքի վճարների, անդամավճարների, նվիրատվությունների (ներառյալ բնեղեն նվիրատվությունների) հանրագումարը գերազանցում է Օրենքով սահմանված սահմանաչափը և միևնույն ժամանակ պատշաճ կերպով չի իրականացվել սահամանաչափը գերազանցող մասի հետվերադարձ, ապա նշված անհամապատասխանությունները արտացոլվում են Կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման արձանագրության մեջ։

16. Օրենքով սահմանված չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների ստացման դեպքում օրենքով սահմանված ժամկետում նվիրատվությունը, իսկ բնեղենով նվիրատվության դեպքում՝ բնեղեն նվիրատվությունը պետությանը կամ համարժեք դրամական գումարը՝ պետական բյուջե փոխանցելու փաստը պարզելու նպատակով.

1)   Օրենքով սահմանված չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների ստացման յուրաքանչյուր դեպքի համար իրականացվում է մանրամասն ուսումնասիրություն՝ պարզելու համար օրենքով սահմանված ժամկետում ստացված նվիրատվությունը պետական բյուջե փոխանցելու փաստը։ Չթույլատրված աղբյուրներից ստացված նվիրատվությունը պետական բյուջե փոխանցելու դեպքում ուսումնասիրվում է Կուսակցության կողմից ներկայացված դրամական փոխանցումը հավաստող փաստաթուղթը, որը համադրվում է Կուսակցության կողմից ներկայացված բանկային հաշիվների  քաղվածքների հետ:

2)  Չթույլատրված աղբյուրներից ստացված բնեղենով նվիրատվության ստացման յուրաքանչյուր դեպքի համար իրականացվում է մանրամասն ուսումնասիրություն՝ պարզելու բնեղեն նվիրատվությունը՝ պետությանը, կամ համարժեք դրամական գումարը՝ պետական բյուջե, փոխանցելու փաստը: Բնեղեն նվիրատվության փոխանցումը պետություն Օրենքով սահմանված չթույլատրված աղբյուրներից բնեղեն նվիրատվություն ստանալու դեպքում ստուգվում է, թե արդյո՞ք կուսակցությունը փոխանցել է նվիրատվության համարժեք դրամը պետական բյուջե կամ նվիրատվությունը` բնեղեն տեսքով, պետությանը: Բնեղենով նվիրատվության համարժեքը պետական բյուջե փոխանցելու դեպքում ուսումնասիրվում են Կուսակցության կողմից ներկայացված դրամական փոխանցումը հավաստող փաստաթուղթը, իսկ բնեղեն տեսքով պետությանը փոխանցելու դեպքում՝  հանձնման-ընդունման ակտը: Բնեղեն նվիրատվության համարժեք դրամական գումարի փոխանցումը պետական բյուջե փոխանցումը հավաստող համապատասխան փաստաթուղթը  համադրվում է Կուսակցության կողմից ներկայացված բանկային հաշիվների քաղվածքների հետ։

17.  Օրենքով սահմանված նվիրատվությունները կամ կուսակցության կողմից դրամական վճարումների հաշվարկներն անկանխիկ կատարված լինելու փաստը պարզելու նպատակով՝ կուսակցության տարեկան հաշվետվության «Մուտքեր Ելքեր» թերթում ներկայացված մուտքերի և ելքերի հանրագումարները համադրվում են կուսակցության կողմից տրամադրված բոլոր բանկային հաշիվների մուտքերի և ելքերի հանրագումարների հետ՝ բացառությամբ կուսակցությանը պատկանող հաշիվների միջև ներբանկային փոխանցումների գումարի:

18. Կուսակցության կողմից անշարժ գույքով իրականացված գործարքը շուկայական արժեքին մոտ լինելու փաստը՝ անշարժ գույքի վաճառքի, վարձակալության, անհատույց տրամադրման գործարքներում անշարժ գույքի արժեքի հաշվարկի միջոցով ստուգելու նպատակով.

1)   իրականացվում է անշարժ գույքի համադրելի արժեքի հաշվարկ՝ պարզելու

ա վաճառվող անշարժ գույքի գործարքի գինը էականորեն գերազանցում է անշարժ գույքի համադրելի՝ շուկայականարժեքը

բ անշարժ գույքի վարձակալության հանձնումից վարձակալական վճարները էականորեն գերազանցում են շուկայական արժեքի հիման վրա հաշվարկված վճարների մեծությունը

գ անշարժ գույքի անհատույց օգտագործման ստանալուց վարձակալական վճարը անարժանահավատ է հաշվարկվել և հաշվառվել

դ անշարժ գույքը անհատույց կամ անշարժ գույքի հատուցմամբ գործարքներում անշարժ գույքի համադրելի արժեքը անարժանահավատ է հաշվարկվել կամ հաշվառվել:

2)  Վերոնշյալը պարզելու համար իրականացվում է կադաստրային արժեքի համադրում՝ գործարքի շուկայական գնի հետ:

3)  Կուսակցության տարեկան հաշվետվությունում անշարժ գույքի և դրանով իրականացված գործարքներում կադաստրային արժեքի ստուգման համար կատարվում էտարվա ընթացքում անշարժ գույքի իրականացված գործարքների մանրամասների ստուգում, որը կարող է իրականացվել կամ ամբողջական բազմության կամ ընտրանքի մեթոդի կիրառման միջոցով:

4)  Կադաստրային արժեքի ստուգման համար ՀՀ լիազոր մարմնից արտաքին հաստատման միջոցով ստացվում է անշարժ գույքի գործարքի ամսաթվի կամ հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ կադաստրային արժեքի մեծությունը:

5)  Արտաքին հաստատմամբ ստացված կադաստրային արժեքների մեծությունը համադրվում է կուսակցության տարեկան հաշվետվությունում ներկայացված արժեքների հետ:

6)  Այն գործարքները, որոնց շուկայական արժեքի և կադաստրային արժեքի տարբերությունն էական է, ապա առկա անհամապատասխանությունը արտացոլվում է Կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման անձանագրության մեջ, որից հետո այն համապատասխան առաջարկություններով ներկայացվում է Հանձնաժողովի անդամների հաստատմանը։

19. Պետական նպատակային ֆինանսավորում ստացող կուսակցության կողմից Օրենքով սահմանված պակաս ներկայացված սեռի կուսակցության գործունեությանը ներգրավելու, Հայաստանի Հանրապետության մարզերում տարածքային ստորաբաժանումներ ունենալու փաստը ստուգելու նպատակով ուսումնասիրվում է տարեկան հաշվետվությամբ ներկայացված համապատասխան տեղեկությունները՝ պարզելու.

1)   հաշվետու տարում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը` տոկոսային հարաբերակցությամբ, մասնավորապես պարզելու՝ թե արդյոք պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը կազմում է կուսակցության ղեկավար մարմնի 40 տոկոսից ավելին, 20-40 տոկոսը, թե 20 տոկոսից պակաս է:

2)  Թե արդյո՞ք հաշվետու տարում կուսակցությունը ունեցել է տարածքային ստորաբաժանումներ Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն կեսում և արդյո՞ք փաստացի ապահովել է տարածքային ներկայացվածություն, թե ոչ, ինչը կարող է հաստատվել նաև կուսակցությունը կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերով, որով առեևույթ կհիմնավորվի Սահմանադրական օրենքով սահմանված՝ համապատասխան պահանջի պահպանվածությունը։

20. Համադրման ընթացքում իրականացվում է մանրամասների և տվյալների արժանահավատության ստուգում ստորև ներկայացված ընթացակարգերի միջոցով՝

1) Զննում -  ստուգման ընթացակարգ, որը նախատեսում է փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերի, գործարքների, տեղեկանքների, գործարար և մասնավոր թղթակցության և այլ գրավոր նյութերի (փաստաթղթեր) նաև էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված տեղեկությունների ուսումնասիրություն։

2) Հարցում - ուսումնասիրության ընթացակարգ, որով կուսակցության պաշտոնատար անձին գրավոր կամ բանավոր կարգով ներկայացվում է տեղեկությունների կամ պարզաբանումների տրամադրման պահանջ:

3) Արտաքին հաստատում - ստուգման ընթացակարգ, որը նախատեսում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկությունների ստացում այլ՝ ստուգման օբյեկտ չհանդիսացող մարմնից կամ անձից հարցման միջոցով:

4) Վերահաշվարկ - ստուգման ընթացակարգ, որը նախատեսում է ելակետային տվյալների հիման վրա հաշվարկի ճշտության պարզում:

5) Տվյալների հավաքագրում – գործի համար նշանակություն ունեցող տվյալների հավաքման ընթացակարգ զանգվածային լրատվության միջոցներից և այլ բաց ու հասանելի աղբյուրներից:

21.  Ապացույցների բավարարությունն ապահովելու նպատակով հնարավոր է օգտագործել սույն կարգի 20-րդ կետով նշված ինչպես մեկ ընթացակարգ, այնպես էլ՝ մի քանիսը:

22. Մանրամասների ստուգման փուլում օգտագործվում են հետևյալ մեթոդները՝

1)     Ամբողջ բազմության մեթոդ - Այս մեթոդը կիրառվում է այն դեպքում, երբ բազմությունը կազմված է փոքր թվով տարրերից կամ համակարգչային ծրագրերի միջոցով հնարավոր է կատարել ամբողջ բազմության ստուգում առանց անհարկի ռեսուրսների օգտագործման: Իրականացվում է մանրամասների ստուգում՝ ընտրելով ամբողջ բազմության մեթոդը, եթե՝

ա. բազմությունը բաղկացած է փոքր թվով գործարքներից, կամ

բ. սխալի ռիսկը գնահատվել է նշանակալի և այլ ընթացակարգերի միջոցով հնարավոր չէ ստանալ բավարար ապացույցներ, կամ

գ. հաշվարկման կրկնվող բնույթից ելնելով հնարավոր է իրականացնել բազմության ամբողջ տարրերի վերահաշավարկ՝ համակարգչային ծրագրի միջոցով, առանց այլ ռեսուրսների օգտագործման:

2)    Բազմության առանձին տարրերի մեթոդ - Այս մեթոդը կիրառվում է այն դեպքում, երբ բազմության առանձին տարրերի մեթոդի որոշումը պայմանավորված է ստուգման ռիսկի գնահատականով և զննման ենթակա բազմության առանձնահատկություններով:  Բազմության առանձին տարրերի ստուգում իրականացվում է, եթե առկա են՝

ա. բազմության առավելագույն գումարով գործարքներ (օրինակ՝ 10 ամենաբարձր գումարներով գործարքներ),

բ. բազմության կասկածելի և արտասովոր գործարքներ, (օրինակ՝ արտասահմանյան գործարքներ),

գ. որոշակի մեծությունից բարձր բոլոր գործարքները, (օրինակ՝ այն գործարքները, որոնց գումարը գերազանցում է ընդհանուր բազմության հանրագումարի 10 տոկոսը),

դ. բազմության այն գործարքները, որոնց վերաբերյալ  անհրաժեշտ  է հավաքագրել տեղեկություններ, (օրինակ՝ անհատույց կատարված աշխատանքները, անշարժ գույքի անհատույց օգտագործումը և այլն):

3)    Ընտրանքային մեթոդ -  Ընտրանքային մեթոդը կիրառվում է, եթե բազմությունը բաղկացած է մեծ թվով համասեռ տարրերից, որի ընթացքում անհրաժեշտ է օգտագործել վիճակագրական ընտրանքի մեթոդաբանությունը: Կիրառվում է դրամային միավորի ընտրանքի սկզբունքը, որի դեպքում բազմության յուրաքանչյուր դրամ ընտրանքում ներառվելու հավասար հնարավորություն ունի: Գործարքները, որոնք դրամային արտահայտությամբ մեծ արժեք ունեն, ընտրանքի կազմում ընդգրկվելու առավել մեծ հավանականություն ունեն: Նման մեթոդն իրականացվում է համակարգչային ծրագրի օգնությամբ (Microsoft Excel կամ այլ նմանատիպ ծրագիր): Ընտրանքային մեթոդի էությունը կայանում է նրանում, որ ստուգման ենթակա ամբողջ բազմությունից՝ ընտրվում են ստուգման ենթակա գործարքները ելնելով գործարքների գումարային մեծությունից, որն ապահովում է յուրաքանչյուր տարրի՝ ընտրանքի մեջ հայտնվելու հավասար հավանականություն:

4)    Ստուգման ընթացքում, ըստ անհրաժեշտության, կարող են օգտագործվել նաև այլ մեթոդներ:

23. Ընտրանքային մեթոդի կիրառման դեպքում իրականացվում է ընտրանքի չափի հաշվարկ, որը որոշվում է՝ ելնելով ընտրանքի բազմություն տարրերի ընդհանուր քանակից, մասնավորապես ընտրանքի քանակը որոշվում է ստորև ներկայացված աղյուսակին համապատասխան՝

 

Բազմության տարրերի քանակ

Ընտրանքի տարրերի քանակ

Լրացուցիչ ռիսկի գործոն

< կամ =100

Ամբողջական ստուգում

 

>100 և <1000

25

20 տոկոս

>1000

50

20 տոկոս

 

24. Լրացուցիչ ռիսկի գործոնը կիրառվում է, երբ բազմության բնորոշ ռիսկը բարձր է, հետևաբար ստուգման ենթակա տարրերի քանակը վերցվում է ընտրանքի տարրերի քանակին գումարելով ընտրանքի տարրերի քանակի և լրացուցիչ ռիսկի գործոնի արտադրյալը:

25. Տվյալների համադրման ընթացքում վերլուծվում են հայտնաբերված առերևույթ անհամապատասխանությունները, որի արդյունքում կազմվում է արձանագրություն՝ հայտնաբերված առերևույթ անհամապատասխանությունների, ինչպես նաև առանձին բաժնով՝ աուդիտորական եզրակացությաան (առկայության դեպքում) վերաբերյալ: Իսկ եթե տարեկան հաշվետվության ստուգման արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվում, այդ մասին կազմվում է արձանագրություն:

 

4. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ ՓՈՒԼ

26. Տվյալների գնահատման և ամփոփման փուլում իրականացվում է կուսակցության կողմից ներկայացված տարեկան հաշվետվության արժանահավատության, ամբողջականության և օրենքով սահմանված պահանջներին համապատասխանության գնահատում՝ տվյալների հավաքագրման, համադրման և անձանագրության կազմման արդյունքների հիման վրա։

27. Եթե կուսակցության հաշվետվության ստուգման արդյունքում կազմված արձանագրության հիման վրա Հանձնաժողովը պարզում է, որ հաշվետվության մեջ առկա են սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ, որոնք վարչական կամ քրեական իրավախախտման հատկանիշներ չեն պարունակում, ապա կուսակցությանը տրամադրում է նվազագույնը 10-օրյա, առավելագույնը՝ 30-օրյա ժամկետ՝ տվյալները շտկելու նպատակով:

28. Եթե կուսակցության հաշվետվության ստուգման արդյունքում կազմված արձանագրության հիման վրա Հանձնաժողովը պարզում է, որ հաշվետվության մեջ առկա են սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ, պարզաբանման ենթակա հարցեր, որոնք կարող են վարչական կամ քրեական իրավախախտման հատկանիշներ պարունակում, ապա կուսակցությանը տրամադրում է նվազագույնը 10-օրյա, առավելագույնը՝ 30-օրյա ժամկետ՝ դրանց վերաբերյալ դիրքորոշում, պարզաբանումներ և հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու համար:

29. Ֆիզիկական անձանց կողմից համապատասխան փոխանցումները կատարելիս օրենքով պահանջվող տվյալները չնշելու, ինչպես նաև Կուսակցությանը կատարված նվիրատվությունների, վճարված անդամավճարների կամ մուտքի վճարներին վերաբերյալ սխալ կամ ոչ ամբողջական տվյալները Հանձնաժողովի սահմանած ժամկետում չշտկելու պարագայում դրանք համարվում են որպես անանուն նվիրատվություններ և դրանց նկատմամբ կիրառվում են չթույլատրված նվիրատվությունների վերաբերյալ կարգավորումները: Չթույլատրված նվիրատվություններն են համարվում նաև այն փոխանցումները, որոնք կուսակցության կողմից ներկայացվում են որպես անդամավճարներ կամ մուտքի վճարներ, սակայն այդ տվյալները (այդ թվում՝ վճարողի կուսակցության անդամ հանդիսանալու փաստը) չեն հաստատվում կուսակցության ներկայացրած փաստաթղթերով, բանկային հաշիվների քաղվածքներով կամ կուսակցության ներկայացրած պարզաբանումներով:

30.                Եթե կուսակցության կողմից դիրքորոշում, պարզաբանումներ և հիմնավորող փաստաթղթեր չեն ներկայացվում կամ դրանց գնահատման արդյունքում Հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ առկա է վարչական իրավախախտման դեպք, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։

31. Կուսակցության կողմից Հանձնաժողովի սահմանած ժամկետում հաշվետվության համապատասխանությունը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված պահանջներին չհիմնավորվելու և հաշվետվության ստուգման արդյունքում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում Հանձնաժողովը հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ։

32. Առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում Հանձնաժողովը գործի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան համապատասխան որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկում է գլխավոր դատախազություն:

33. Պետական ֆինանսավորման ենթակա կուսակցությունների ստուգման արդյունքում՝ նպատակային ֆինանսավորման կեսը տրամադրվում է՝ հաշվի առնելով Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7 կետը՝  ընդ որում եթե հաշվետու տարում Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնում տեղի են ունենում փոփոխություններ, ապա հաշվի է առնվում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թվային հարաբերակցությունը՝ հաշվարկված հաշվետու ժամանակահատվածի կտրվածքով և արտացոլված համապատասխան համամասնությամբ։ Մասնավորապես, եթե հաշվետու տարվա ընթացքում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմը փոփոխվել է, ապա պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թվային հարաբերակցությունը հաշվարկվում է յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին, իսկ հաշվետու տարվա ցուցանիշը որոշվում է տվյալ ժամանակահատվածների տևողության՝ օրերի քանակի համամասնությամբ միջինացված ցուցանիշով։

34. Կուսակցությանը տրամադրվում է պետական նպատակային ֆինանսավորման մյուս կեսը՝ հաշվի առնելով Սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ կետը: Սույն կետով սահմանված՝ պետական նպատակային ֆինանսավորում տրամադրելու հիմքերի առկայությունը ստուգելիս հաշվի է առնվում հաշվետու տարվա առնվազն երեք հարյուր օրվա ընթացքում, իսկ hաշվետու տարվա ընթացքում ստեղծված կուսակցությունների դեպքում` կուսակցության պետական գրանցման պահից մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածն ընդգրկող՝ առնվազն ութսուն տոկոսը կազմող օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարզերի առնվազն կեսում ունեցած տարածքային ստորաբաժանումները։ Սույն մասով սահմանված՝ պետական նպատակային ֆինանսավորում տրամադրելու հիմքերի առկայությունը ստուգելիս հիմք են ընդունվում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում կուսակցությունների տարածքային ստորաբաժանումների մասին գրառված տեղեկությունները: Ընդ որում տարածքային ստորաբաժանումների պետական գրանցման բացակայությունը ստուգման արդյունքում չի դիտարկվում որպես նպատակային ֆինանսավորման նվազեցման հիմք, եթե կուսակցությունն ունի փաստացի օգտագործվող տարածքներ՝ որոնք հիմանավորում են կուսակցության կողմից ներկայացրած և պետական մարմիններից ստացված տեղեկատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք հանադրվում են բանկային հաշվի/ների քաղվածքի/ների հետ։ Հաշի առնելով տարածքների փաստացի օգտագործման հիմնավորվածությունը՝ կուսակցությանը տրամադրվում է նպատակային ֆինանսավորում, եթե կուսակցությունն ապահովել է փաստացի ներկայացվածություն ՀՀ մարզերի առնվազն կեսում։

35. Օրենքի 26-րդ հոդվածի 12-րդ մասի կարգավորման համատեքստում՝ կուսակցության կողմից ներկայացված և  պետական մարմիններից ստացված տեղեկությունները համադրվում են կուսակցության կողմից ներկայացված բանկային հաշվի/ների քաղվածքի/ների հետ։ Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկություններն արտացոլվում են կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման արձանագրության մեջ:

36.Սույն կարգի 12-րդ կետի 9-րդ ենթակետով, ինչպես նաև 33-34-րդ կետերով նախատեսված հանգամանքները պարզելու արդյունքում՝ Հանձնաժողովը կայացնում է պետական նպատակային ֆինանսավորումը տրամադրելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին որոշում, որի մասին ընդունման օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

 

 

 

 

 

 

 

  • Duration

    28.11.2025 13.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Fight against corruption

  • Ministry

    Commission for Prevention of Corruption

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 414

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: