«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1284-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակումն ու ընդունումը պայմանավորված է՝ խոշոր ջերմատնային տնտեսությունների ներդրման ոլորտում երիտասարդ տնտեսավարողների ներգրավվածությունը խրախուսելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։
Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում կնքվել է 14 պայմանագիր՝ 59,75 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։ Միայն 2025 թվականին՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ, կնքվել է 10 պայմանագիր՝ 44,5 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու նպատակով։
Ծրագրով արդյունքային ցուցանիշ է սահմանվել շուրջ 35 հա ընդհանուր մակերեսով արդիական պահանջներով ջերմատնային տնտեսությունների կառուցում, որն արդեն իսկ գերազանցվել է։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արդյունավետության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդի տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների՝ գյուղացիական տնտեսությունների, կոոպերատիվների, գյուղատնտեսական մթերք վերամշակողների եկամուտների ավելացմանը:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նպատակ է դրվել շարունակել վարկային, լիզինգային և փոխհատուցման գործիքներով օժանդակել ջերմատնային տնտեսությունների հիմնմանը։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «Աջակցություն գյուղական համայնքների կայուն զարգացմանը» առաջնահերթությունում կարևոր խնդիր է երիտասարդների համար գյուղական շրջաններում մնալու, տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու և իրենց համայնքների զարգացմանը մասնակից դառնալու հնարավորությունների ստեղծումը (էջ՝ 69)։
Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծով առաջարկվում է 2026 թվականի հունվարի 1-ից 1 տոկոսային կետով ավելացնել յուրաքանչյուր երիտասարդ տնտեսավարողին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, առևտրային իրավաբանական անձանց) տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը։ Մասնավորապես, տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը 2026 թվականի հունվարի 1-ից սուբսիդավորվելու է 8 տոկոսային կետով, նախագծով առաջարկվում է երիտասարդ տնտեսավարողներին սուբսիդավորել՝ 9 տոկոսային կետով, 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 7 տոկոսային կետով, երիտասարդ տնտեսավարողների դեպքում առաջարկվում է սուբսիդավորել 8 տոկոսային կետով, 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով, իսկ երիտասարդ տնտեսավարողների դեպքում՝ 9 տոկոսային կետով։
Նախագծով գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդների մասով՝ վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը տարածվում է այն առևտրային իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ունեն մեկ հիմնադիր (մասնակից), բաժնետեր, որը հանդիսանում է նաև նշված առևտրային իրավաբանական անձի տնօրեն, և վերջինիս տարիքը չի գերազանցում սույն ենթակետով ֆիզիկական անձանց համար սահմանված տարիքը: Ընդ որում, նշված դեպքում առևտրային իրավաբանական անձը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չիրականացնի իրավաբանական անձի հիմնադրի (մասնակցի) փոփոխություն, ինչպես նաև վերջինիս հիմնադիրը (մասնակիցը), բաժնետերը պետք է վարկային պայմանագրի գործողության ժամկետում չօտարի բաժնեմասը (բաժնետոմսերը) կամ դրանց մի մասը։
«ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27–ի N 1284–Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության 02․10․2025 N 1399-Լ որոշման շրջանակում սուբսիդավորման տոկոսադրույքները նվազեցվել են 2 տոկոսային կետով: Սույն նախագծի շրջանակում 2026 թվականին երիտասարդ տնտեսավարողների համար 1 տոկոսային կետով սուբսիդավորման տոկոսադրույքի բարձրացման դեպքում (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, առևտրային իրավաբանական անձանց) մեր գնահատմամբ շուրջ 3 հա տարածքով ջերմատնային տնտեսություններ հիմնելու պայմաններում, 2026 թվականի պետական բյուջեի տարեկան լրացուցիչ ծախսը գնահատվում է շուրջ 22,7 մլն դրամ։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է խթանել ջերմատնային տնտեսությունների ոլորտում երիտասարդ տնտեսավարողների (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, առևտրային իրավաբանական անձանց) ներգրավվածությունը։
-
Duration
24.11.2025 10.12.2025 -
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 689
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.