24.11.2025
Առաջարկում եմ լրամշակել նախագիծը՝ հետևյալ պատճառաբանությամբ:
Նախագծով առաջարկվում է ներդնել դատաքննության ժամկետներ. համապատասխան նորմն ունի հետևյալ բովանդակությունը՝ Դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը և այն հանգամանքները, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երեք անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նախագծով չի հստակեցվում՝ դատաքննության ժամկետը երկարաձգելու մասին Դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման հատուկ վերանայման, թե վերաքննության կարգով:
Միևնույն ժամանակ այն պայմաններում, երբ դատաքննության ժամկետի երկարաձգումը կապակցված է գործի իրավական բարդության, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու և այն հանգամանքների հետ, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, ենթադրվում է, որ դատարանը վերը նշված հանգամանքների պատճառաբանված որոշման հիման վրա միայն կարող է երկարաձգել դատաքննության ժամկետը: Սույն ձևակերպումները խնդրահարույց են այնքանով, որքանով այն դեպքերում, երբ դատարանը չպատճառաբանված, վերը հիշատակված հանգամանքների փոխկապակցվածության բացակայության պայմաններում կայացնի որոշում դատաքննության ժամկետը երկարացնելու մասին, ապա ո՞րը պետք է լինի դրա իրավական հետևանքը:
Միևնույն ժամանակ իրավական հետևանք նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ Դատարանը դատաքննության առավելագույն ժամկետը սպառելուց հետո, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, չի ավարտի գործի դատաքննությունը: Սույն դեպքում, մի կողմից, կաշկանդված լինելով օրինականության սկզբունքով, չի կարող կայացնել չորրորդ անգամ դատաքննության ժամկետը երկարացնելու մասին որոշում, քանի որ այդպիսի որոշում կայացնելու համար օրենքով նախատեսված հնարավորություն չի ունենա, և մյուս կողմից չի կարող շարունակել գործի քննությունը, քանի որ դատաքննության առավելագույն ժամկետները սպառված են: Սույն դեպքում, նույնիսկ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելը չի կարող երկարացնել դատաքննության ժամկետը և ապահովել քրեական գործի քննության բնականոն ընթացքը: Գործի քննությունը մտնում է փակուղի:
Վերոշարադրյալով պայմանավորված ստացվում է մի իրավիճակ, երբ դատավորին չորրորդ անգամ դատաքննության ժամկետը երկարաձգելու հնարավորություն չտալը կարող է դառնալ սահմանադրական արդարադատության քննության առարկա, ինչը որքան տրամաբանական է, հատկապես տուժողի իրավունքների և ազատությունների պաշտպանության համատեքստում, այնքան էլ անտրամաբանական՝ դատաքննության ժամկետներով դատարանին, իբրև, կաշկանդելու հարցում:
Հատկանշական է, որ սույն նախագծով նախանշված ժամկետները չեն նույնանում "Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին" Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի ԲԴԽ-74-Ո-142 որոշմամբ նախատեսված ժամկետների հետ, որպիսի պարագայում առաջանում է հարցադրում՝ Պետությունն ինչպիսի՞ պարտականություն է նախատեսում դատավորների համար, հետևել Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, թե՞ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատաքննության ժամկետների պահպանմանը:
Հ.Գ. ԵԴ1/0245/01/25 գործով գրեթե 1 տարի է ինչ չեն ավարտվել նախնական դատալսումները: Նման գործերը բազմաթիվ են:
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.