ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված «Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը» (այսուհետ՝ Ծրագիր) լավարկելու, Ծրագրի շրջանակներում ծառայություն մատուցող կազմակերպությունների մասնակցության գործընթացը դյուրինացնելու, Ծրագրում ներառված որոշ դրույթներ հստակեցնելու և Ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
Ծրագրի գործարկման նպատակով 2025 թվականին ՀՀ Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացվել են կովերի արհեստական սերմնավորման միջոցառումներ։ Քանի որ Տավուշի մարզում Ծրագրին մասնակցության հայտ չի ներկայացվել, ապա Տավուշի մարզը փոխարինվել է Լոռու մարզով՝ նկատի ունենալով Լոռին հանրապետության առաջատար տոհմասելեկցիոն ավանդական տարածաշրջան հանդիսանալու հանգամանքը։
Ըստ Ծրագրի պահանջների՝ արհեստական սերմնավորման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է ունենան տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ, մինչդեռ նման կազմակերպությունների թիվը հանրապետությունում խիստ սահմանափակ է, որի հետևանքով Ծրագրին մասնակցելու վերաբերյալ հրապարակված հայտարարություններին արձագանքել են քիչ կազմակերպություններ կամ ընդհանրապես մասնակցության հայտ չի ներկայացվել (Տավուշի մարզ)։ Դրան զուգահեռ, հանրապետության մարզերում կան մեծ թվով սերմնավորող մասնագետներ, որոնք ունեն հավաստագիր և մեկ տարուց ավելի փորձ, սակայն չունեն անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ և չեն կարող Ծրագրի շրջանակներում ծառայություն մատուցել։ Առկա խնդիրը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ ունենալու պահանջը վերապահել ոչ թե Կազմակերպությանը, այլ մասնագետին, ինչը թույլ կտա նաև հարակից ոլորտում ծառայություն իրականացնող Կազմակերպությանը ընդգրկել արհեստական սերմնավորման համապատասխան մասնագետ և իրականացնել արհեստական սերմնավորման ծառայություններ։
Ծրագրով նախատեսվում է սերմնավորում իրականացնել հոլշտին, ջերսեյ, սիմենթալ և շվից ցեղերի ցուլերի սերմնահեղուկով, մինչդեռ ներկայումս բուծվում են նաև ժամանակակից տեխնոլոգիաներին հարմարված կաթնային և կաթնամսային ուղղության այլ ցեղեր, ուստի անհրաժեշտություն չկա սահմանափակել ցեղերի տիրույթը։ Նախագծում նախատեսված են նաև ընթացակարգային փոփոխություններ, որոնք վերաբերվում են կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների կազմանը և ներկայացմանը։
Սերմնավորման արդյունքում չհղիացած կովերի տեսակարար կշիռը փոխարինվել է 35 -ով՝ հաշվի առնելով տարբեր երկրների սերմնավորման միջոցով հղիացած կովերի միջին ցուցանիշը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է Ծրագրի շրջանակներում ծառայություն մատուցող կազմակերպությունների մասնակցության գործընթացը դյուրինացնելու, Ծրագրում ներառված որոշ դրույթներ հստակեցնելու, և կովերի արհեստական սերմնավորման սահմանված չափաքանակները մարզերի միջև վերաբաշխելու միջոցով նպաստել Ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը։
4․ Պետական բյուջեի վրա ազդեցությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը նախատեսում է 2026 թվականին նվազեցնել արհեստական սերմնավորման ենթակա գլխաքանակը՝ 16840-ի փոխարեն սահմանելով 12640 գլուխ։ Դրան համապատասխան, 2026 թվականին նախատեսված 168400 հազար դրամի փոխորեն անհրաժեշտ գումարը կազմում է 126400 հազար դրամ, ինչի հետևանքով 2026 թվականին Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից տրամադրվող գումարը կնվազի 42,0 մլն․ դրամով։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 9-րդ «Գյուղատնտեսության զարգացում և արտադրողականության բարձրացում», 9.1-րդ «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության իրականացում» կետերից:
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
7. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումն հնարավորություն կընձեռնի Ծրագրի շրջանակներում արդյունավետ կազմակերպել կովերի արհեստական սերմնավորման գործընթացը, որը կնպաստի տավարի նախիրներում ընդգրկուն տոհմասելեկցիոն աշխատանքների իրականացմանը, տավարի գենոֆոնդի բարելավմանը և մթերատվության բարձրացմանը։
-
Discussed
19.11.2025 - 04.12.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 525
Print