«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի շարունակական կատարելագործմամբ, մշակութային և ստեղծարար ոլորտի զարգացման անհրաժեշտությամբ և ստեղծագործական աշխատանքի առանձնահատկություններով։
Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 36.3-րդ, 40 և 41.1-ին կետերին և ՀՀ մշակույթի պահպանման, տարածման զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությանը (գերակա նպատակ 2․1, գործողություն 11):
Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպությունների գործունեության խթանման, մշակույթի ոլորտում գործունեություն ծավալող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման ու ֆինանսավորման մոդելների փոփոխությամբ և կատարելագործմամբ։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 18.1-ին և 21-րդ հոդվածներում։
Փոփոխությունները վերաբերում են պետական մշակութային կազմակերպությունների աշխատողների վերապատրաստման և ատեստավորման արդյունքում հավելավճարների, սակագնային ընդհանուր քաղաքականության սկզբունքների վերաբերյալ ուղենիշային կարգերի, պետություն-մասնավոր համագործակցության և համաֆինանսավորման սկզբունքների և չափորևոշիչների, ՊՈԱԿ-ների պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների սահմանմանը, դրույքաչափերի փոփոխությանը:
Առաջարկվում է Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել «Մշակութային կազմակերպություն» և «Մշակութային ոչ առևտրային կազմակերպության»նոր սահմանմամբ:
Առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 18.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերը.
«Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներն իրականացնում են տվյալ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան գործառույթներ` համաձայն տվյալ պաշտոնի նկարագրի և պայմանագրի»,
«Մշակույթի ոլորտի պետական կազմակերպության ստեղծագործական աշխատողի կարգավիճակը, աշխատողների պաշտոնների անվանացանկը և օրինակելի նկարագիրը սահմանում է լիազորված պետական մարմինը»: Անհրաժեշտություն կա ուժը կորցրած ճանաչել Օրենքի 18.1.-րդ հոդվածի 3-րդ (Մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու նպատակով լիազորված պետական մարմնի սահմանած կարգով տվյալ կազմակերպությունը իրականացնում է ատեստավորում, եթե տվյալ ոլորտը կարգավորող օրենքով այլ բան սահմանված չէ: Ատեստավորման անցկացման պարբերականությունը, ժամկետները, արդյունքների բողոքարկման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:), 4-րդ (Սույն հոդվածի 3 -րդ մասով նախատեսված յուրաքանչյուր ատեստավորման համար մշակույթի ոլորտի տվյալ կազմակերպությունը ձևավորում է ատեստավորման հանձնաժողով` համաձայն լիազորված պետական մարմնի սահմանած կարգի:), 5-րդ. Ատեստավորման հանձնաժողովը մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի ատեստավորման արդյունքով կայացնում է որոշում` համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ չի համապատասխանում:), 6-րդ(Ատեստավորման գործընթացում մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է դրույքաչափի փոփոխության և հավելավճարի (ելույթավճարի) սահմանման համար: Ատեստավորման արդյունքներով դրույքաչափերի փոփոխության և հավելավճարի (ելույթավճարի) սահմանման դեպքերը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:) և 7-րդ (Ատեստավորման հանձնաժողովի` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշման դեպքում մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողի նկատմամբ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի` աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծելու կարգավորումները:) կետերը քանի որ նախատեսվում է ընդգրկել Օրենքի 18.1.-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով՝ հավելվածներով:
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ, 9-րդ և 11-րդ կետերը:
Փոփոխությունները պայմանավորված են ստեղծագործական աշխատանքի առանձնահատկություններով, որոնք անհնարին է վերածել ստանդարտացված չափորոշիչների: Ստեղծագործական գործունեությունը չափելի չէ դասական գնահատման գործիքներով (օրինակ՝ ուսուցիչների կամ բժիշկների պարագայում կարող են կիրառվել որոշակի հստակ չափանիշներ), քանի որ արվեստը հիմնականում գնահատվում է սուբյեկտիվ չափորոշիչներով՝ էմոցիոնալ ազդեցություն, նորարարություն, թատերական կամ երաժշտական կատարողականի յուրօրինակություն։ Ատեստավորման կառուցվածքային մոտեցումը (օրինակ՝ մի քանի բանավոր կամ գրավոր քննություններ, կատարողականի ստանդարտ գնահատում) կարող է խաթարել ստեղծագործական ազատությունը և խաթարել արվեստի էությունը։
Միևնույն ժամանակ, ատեստավորման կամ վերապատրաստման չափանիշների պարտադիր սահմանումը կարող է սահմանափակել մշակութային ազատությունը և ստեղծագործական ինքնություն ձևավորելու հնարավորությունը։
Բացի այդ, ոչ բոլոր աշխատանքներն է կարելի համադրել։ Օրինակ՝ թատերագետի, ռեժիսորի, դերասանի, երաժիշտի, նկարիչ-կոնսերվատորի և գրադարանավարի մասնագիտական փորձը և գործունեության բնույթը շատ տարբեր են։ Նրանց ատեստավորման նույն մեթոդներն ու չափանիշները կիրառելը ճիշտ և արդյունավետ չէ։
Հետևաբար, վերապատրաստման և ատեստավորման միասնական մոտեցման կիրառումը կարող է առաջացնել որոշակի ռիսկեր:
Մասնավորապես մեկ չափս բոլորի համար մոտեցման ռիսկը. Տարբեր բնագավառների մշակութային աշխատողներ ունեն տարբեր մասնագիտական պահանջներ (օրինակ՝ դերասան, երաժիշտ, ռեժիսոր, գրադարանավար), ուստի մեկ չափորոշիչի կիրառումը, կամ մեկ միասնական կարգ կարող է լինել անհասկանալի, ոչ արդյունավետ և ոչ անհամապատասխան։
Երկրորդ ռիսկը վերաբերում է արագ փոփոխվող միջավայրի անհամապատասխանությանը. Մշակութային դաշտը գտնվում է մշտական վերափոխման փուլում՝ տեխնոլոգիական և գլոբալ միտումների ազդեցությամբ, և կոշտ սակագնային ու ատեստավորման համակարգը կարող է հակասել ոլորտի դինամիկ պահանջներին։ Բացի այդ ՀՀ կառավարության կողմից կիրառության մեջ դրված ֆինանսավորման նոր մոդելը այս հարցում մշակութային կազմակերպությունների տնօրեններին ազատություն է տալիս ինքնուրույն որոշել ոչ միայն հավելավճարի սկզբունքներն ու չափը, այլև իրենց գործունեության ռազմավարությունը և գին սահմանել ըստ պահանջարկի և տեղական շուկայի հնարավորությունների։
Նման կարգերի ընդունումը դժվարություններ կառաջացնի նաև իրավական ու կառավարչական տեսանկյունից և կհանգեցնի ոլորտի վրա հավելյալ բյուրոկրատիկ բեռի ավելացմանը, ինչը կբարդացնի կազմակերպությունների աշխատանքը՝ հատկապես մարզային մակարդակում։
Չնայած մշակութային ոլորտի աշխատողների վերապատրաստման ու արդար վարձատրման ապահովումը կարևոր խնդիր է, մշակված կարգերը կարող են հանգեցնել մի շարք գործնական, իրավական և ֆինանսական խնդիրների, եթե դրանք ներդրվեն որպես միասնական, խիստ կարգավորվող համակարգ։ Մշակութային ոլորտը պահանջում է ավելի ճկուն, ոլորտային առանձնահատկությունները հաշվի առնող մոտեցումներ։ Ուստի անհրաժեշտ է կիրառել այլընտրանքային մոտեցումներ, որոնք կլուծեն այս խնդիրները առանց նշված ռիսկերի։
Հավելավճարների սահմանման հիմք պետք է հանդիսանա ոչ թե ատեստավորման բարձր գնահատականը, այլ ատեստավորվողի մասնագիտական հմտությունը:
Ռիսկեր է պարունակում նաև սակագնային ընդհանուր քաղաքականության «ուղենիշային» կարգերի հաստատումը: Պետական մշակութային կազմակերպություններն ունեն տարբեր կարգավիճակ և տարբեր ֆինանսավորման աղբյուրներ, հետևաբար՝ սակագնային ընդհանուր քաղաքականությունը դժվար է լինելու իրականացնել հավասար արդյունավետությամբ։
Անհամեմատելի ու անհամատեղելի են նաև այդ կազմակերպությունները ըստ իրենց բովանդակության: Որպես հետևանք, տեղի կունենա մրցունակության նվազում, որի արդյունքում պետությունը կարող է կորցնել իր մշակութային կազմակերպությունների գրավչությունը՝ մասնավոր հատվածի կամ միջազգային գործընկերների համար։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու արդյունքում, կդյուրանա ոլորտի կառավարումը և կբարձրանա ֆինանսական, գույքային և կադրային կառավարման արդյունավետությունը:
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության» Գործողությունների ծրագրի մասնավոր նպատակ 2․1-ի «Մշակութային և ստեղծարար ոլորտներում կառավարման մոդելների արդիականացում» գործողություն 2-ից (Օրենսդրական դաշտի բարելավում, այդ թվում՝ միջազգային օրենսդրության հետ ներդաշնակեցում) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների (իրավական ակտերի մշակում) հրամայականից։
-
Discussed
17.11.2025 - 03.12.2025
-
Type
Law
-
Area
Cultural
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
-
Status
Views 435
Print