ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----- նոյեմբերի 2025 թվականի N -Լ
ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 25-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունըորոշում է.
1. Հաստատել՝
1) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) ապահովել սույն որոշմամբ հաստատված միջոցառման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) ապահովման մշակումն ու ներդրումը «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջոցով՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված համակարգի մշակման ու ներդրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ՝ մինչև 2026 թվականի մարտի 1-ը.
3) ապահովել համակարգի շահագործումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից.
4) ապահովել ծառայության կայքէջի միջոցով սոցիալական աջակցության տրամադրման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը սույն որոշմամբ հաստատված միջոցառման շահառուներին։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ սույն միջոցառման շրջանակներում տեղահանվածների տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը) հիմնադրամից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամին տրամադրել այդ անձանց 2026 թվականի հուլիսի 1-ից և վերջին սահմանահատումների վերաբերյալ տվյալները։
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ սույն միջոցառման շրջանակներում տեղահանվածների կողմից ներկայացված տվյալները (վարձատուի անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը) հիմնադրամից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամին տրամադրել այդ անձանց վարձատու լինելու վերաբերյալ տվյալները։
5. Սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:
6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված սոցիալական աջակցության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով ծառայությանը թույլատրել՝
1) ֆինանսավորողի կամ ծառայության նախընտրած բանկի հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.
2) ֆինանսավորողին կամ ծառայության նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում, պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին։
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 710-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
«3) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում դրամական աջակցություն ստացած շահառուների։»։
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» պարբերությամբ.
«ը. դիմողը կամ ընտանիքի որևէ անդամը Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում դրամական աջակցություն ստացած շահառու է.»։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից: