«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
1․1 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օրենսդրական մակարդակով որոշ տեսակի վեճերի առարկայական ընդդատության կապակցությամբ բավարար հստակություն ապահովելու անհրաժեշտությամբ։
Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգի պայմաններում համապատասխան նորմատիվ իրավական ակտերի հիման վրա ձևավորվել են և շարունակում են ձևավորվել ինքնին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող, մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություններ, որպիսիք օժտված են լիազորությամբ ընդունելու համապատասխան մասնագիտական խմբի համար տվյալ ոլորտին ներհատուկ կանոններ, ինչպես նաև կիրառելու կարգապահական պատասխանատվության միջոցներ։ Որպես այդպիսի կազմակերպությունների օրինակներ՝ կարելի է հիշատակել ՀՀ փաստաբանանների պալատը (այսուհետ՝ Պալատ), հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը, սնանկության գործերով կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, Նոտարական պալատը, որպիսի ոչ առևտրային, մասնագիտական կազմակերպությունների կարգավիճակը, այդ թվում՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը, համապատասխանաբար սահմանված են՝ «Փաստաբանության մասին», «Հաշտարարության մասին», «Սնանկության մասին», «Նոտարիատի մասին» օրենքներով։ Նշված կազմակերպություններն իրավասու են կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշակի մասնագիտական խմբին պատկանող անձանց՝ ընդհուպ մինչև կայացնելու որոշումներ՝ ուղղված նշված անձանց (հաշտարարներ, փաստաբաններ, սնանկության կառավարիչներ և այլն) տվյալ տեսակի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավական հնարավորության սահմանափակմանը։
Կարգապահական պատասխանատվության ենթարկված անձանց համապատասխան ոլորտային օրենսդրությամբ վերապահված է կարգապահական տույժերը կիրառող որոշումները վիճարկելու իրավական հնարավորություն, այդուհանդերձ ոլորտային օրենսդրությունը հստակ չի կարգավորում այն հարցը, թե կոնկրետ որ դատարանի իրավասության է վերապահված քննարկման առարկա հանդիսացող իրավահարաբերություններից ծագող վեճերի քննությունը, որպիսի պայմաններում նշված հարցի կարգավորումը թողնված է դատական պրակտիկայի ձևավորմանը, որը ոչ միշտ է միանշանակ։
Հարկ է նշել, որ դատական պրակտիկային խորթ չեն ինքնակարգավորվող կազմակերպությունների՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների կապակցությամբ ծագած վեճերի վերաբեյալ տարընկալումները։ Այսպես, օրինակ թիվ ՎԴ/13155/05/24 և թիվ ՎԴ/16129/05/24 գործերով սնանկության կառավարչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման վիճարկման պահանջներով «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության դեմ ներկայացված հայցադիմումներն ի սկզբանե ներկայացվել են ՀՀ վարչական դատարան։ ՀՀ վարչական դատարանն իր հերթին նշված գործերով կայացրել է հայցադիմումները վերահասցեագրելու մասին որոշումներ՝ համապատասխան հայցադիմումները վերահասցեագրելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին։ Այնուհետև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը նշված գործերով կայացրել է ենթակայությունը որոշելու համար գործը վճռաբեկ դատարան ուղարկելու մասին որոշումներ, և արդյունքում արտահայտվել է դիրքորոշումն առ այն, որ նշված գործերով դատարանի քննությանը հանձնված վեճերը ենթակա են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին[1]:
Օրենսդրական մակարդակով նմանատիպ վեճերի ընդդատության վերաբերյալ իմպերատիվ կարգավորումները նախատեսված լինելու պարագայում վերը հիշատակված խնդիրները, և ձգձգվող ընթացակարգերը պրակտիկայում նշանակալիորեն կնվազեն։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործով 2022 թվականի մայիսի 13-ի որոշմամբ ապահովելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության իր սահմանադրաիրավական գործառույթը, Պալատի մասով ըստ էության արտահայտել է իրավական դիրքորոշումն առ այն, որ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների վիճարկման կապակցությամբ վեճերն ընդդատյա են վարչական դատարանին[2], որպիսի որոշման կայացումից ի վեր կարգապահական պատասխանատվության ենթարկված փաստաբանները ձեռնամուխ են եղել իրենց դատական պաշտպանության իրավունքի իրացմանը վարչական դատավարության կարգով։
Վերը հիշատակված դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում կարելի է նկատել, որ փաստորեն ինքնակարգավորվող երկու միանման կազմակերպությունների՝ Պալատի և «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» Ինքնակարգավորվող կազմակերպության պարագայում պրակտիկայում գործում են կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների վիճարկման երկու տարբեր ընթացակարգեր, մասնավորապես՝ մի դեպքում համապատասխան վեճերը քննվում են վարչական դատավարության կարգով, մյուս դեպքում՝ քաղաքացիական դատավարության կարգով, ինչը թելադրում է միասնական, ընդհանուր մոտեցում ամրագրող օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն։
Նշվածի կապակցությամբ հարկ է նշել, որ վերջին օրենսդրական զարգացումներն ընթանում են այնպիսի հունով, որ մասնավոր, աշխատանքային իրավահարաբերությունների տարրեր պարունակող վեճերի քննությունը վերապահվում է ընդհանուր իրավասության դատարանին՝ բացառելով դրանց քննությունը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերը քննող մասնագիտացված վարչական դատարանի կողմից։ Այսպես, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 02․05․2024 թվականի թիվ ՀՕ-222-Ն օրենքով հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերի քննությունը վերապահվել է ընդհանուր իրավասության դատարանին՝ որպես առանձին աշխատանքային վեճերով գործերի հատուկ հայցային վարույթի տարատեսակ։
Նշվածի համատեքստում ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ ինքնակարգավորվող կազմակերպության իրավասու մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում ընդունելու փաստով այդ կազմակերպության կարգապահական պատասխանատվության ենթարկված համապատասխան մասնագիտական գործունեություն ծավալող անձի միջև ծագած իրավահարաբերության սուբյեկտները՝ մասնակիցները, գտնվում են ըստ էության որոշակիորեն ենթակայական հարաբերություններում, ինչը շատ բնորոշ է աշխատանքային իրավահարաբերություններին։ Այսպես, կարգապահական տույժ կիրառողը տվյալ դեպքում իրականացնում է որոշակի հսկողություն՝ տվյալ մասնագիտական խմբին պատկանող անձի կողմից ոլորտին ներհատուկ վարքագծի կանոնները պահպանելու առնչությամբ, և այդպիսիք չպահպանելու պարագայում իրավասու է կիրառել համապատասխան կարգապահական պատասխանատվության միջոցներ՝ նպատակ հետապնդելով ոչ թե պատժելու անձին, այլ ապահովելու այս կամ այն մասնագիտական գործունեության ծավալումը միայն այնպիսի անձանց կողմից, ովքեր ի վիճակի են պատշաճորեն կատարելու տվյալ մասնագիտությունը ձեռք բերելու փաստով իրենց վրա դրված պարտականությունները։
Բացի այդ, ուշադրության է արժանի նշված իրավահարաբերությունների սուբյեկտային կազմը, մասնավորապես՝ կարգապահական տույժ կիրառողի դերում հանդես է գալիս ինքնակառավարվող կազմակերպությունը, որը չի հանդիսանում ո՛չ պետական, ո՛չ տեղական ինքնակառավարման մարմին, չի իրականացնում վարչարարություն, որից ելնելով էլ՝ չի հանդիսանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի իմաստով վարչական մարմին, ինչը նշված հարաբերություններին հաղորդում է մասնավոր բնույթ, և ըստ դրա՝ պայմանավորում է դրանցից ծագող վեճերի ընդդատությունն ընդհանուր իրավասության դատարանին։
Նշված ամբողջը պայմանավորում է համապատասխան հատուկ հայցային վարույթի շրջանակներում ինքնակարգավորվող կազմակերպությունների իրավասու մարմինների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ վեճերի քննությունն ընդհանուր իրավասության դատարանին վերապահող հատուկ օրենսդրական կարգավորումներ նախատեսելու, ինչպես նաև ելնելով նշված վեճերի բովանդակային առանձնահատկություններից՝ որոշակի հատուկ կանոնների և ընթացակարգային երաշխիքների սահմանելու անհրաժեշտությունը։
1․2 Պալատի կողմից քրեական վարույթին շրջանակներում նշանակվող հանրային պաշտպանը մասնակից է դարձվում քրեական վարույթին բոլոր այն դեպքերում, երբ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում պաշտպանի մասնակցությունը վարույթին պարտադիր է, իսկ մեղադրյալը պաշտպան չունի, ինչպես նաև այն դեպքում, երբ մեղադրյալը հայտարարում է, որ չունի բավարար միջոցներ պաշտպանի ծառայությունների դիմաց վճարելու համար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ հոդվածի իրավակարգավորումների իմաստով՝ գրեթե բոլոր դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Այս իրավակարգավորումները հանգեցնում են մի իրավիճակի, երբ պաշտպան ապահովելու համար պետությունը ծախսում է ռեսուրսներ, անգամ այն դեպքում, երբ մեղադրյալն ունի բավարար դրամական միջոցներ, սակայն հայտարարում է, որ անվճարունակ է՝ չցանկանալով վճարել փաստաբանի ծառայությունների դիմաց: Արդյունքում հանրային պաշտպաններն անհարկի ծանրաբեռնվում են, որից տուժում է իրականում անվճար իրավաբանական օգնության կարիքն ունեցող անձանց շահերը: Հետևաբար անհրաժեշտ է սահմանափակել անվճար իրավաբանական օգնության շահառուների ցանկը:
● Անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերի բարելավում, զսպող մեխանիզմների ներդրում
Առաջարկվող փոփոխությունները և լրացումները միտված են բարելավելու անվճար իրավաբանական օգնության համակարգը, լավարկելու առկա կառուցակարգերը, հստակեցնելու անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև տրամադրվող օգնության սահմանները: Բացի այդ, առաջարկվող կարգավորումներով առավել արդյունավետ և թիրախային կդառնա անվճար իրավաբանական օգնության տրամադրման համար իրականացվող վարչարարությունը:
Ընդհանուր առմամբ այդ փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է բարձրացնել անվճար իրավաբանական օգնության համար պետության կողմից տրամադրվող միջոցների օգտագործման արդյունավետությունը, մատուցվող ծառայությունները դարձնել առավել թիրախային և կարիքահեն:
Միաժամանակ, նախատեսվում է բարելավել ակնհայտ վճարունակ մեղադրյալից կամ տուժողից ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու մեխանիազմները:
Նշված փոփոխությունները միտված են նվազեցնելու հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածությունը:
● Կարգապահական վարույթի կառուցակարգի բարելավում
««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-366-Ն օրենքի ընդունման արդյունքում «Փաստաբանության մասին» օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք)՝ ի թիվս այլնի փոփոխության է ենթարկվել նաև կարգապահական վարույթի իրականացման կարգը:
Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ մինչև Օրենքում փոփոխությունների կատարումը կարգապահական վարույթի իրականացման առանձնահատկությունները սահմանվում էին ինչպես Օրենքով, այնպես էլ Պալատի ընդհանուր ժողովի 2019 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1-Լ որոշմամբ հաստատված փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի իրականացման կարգով (այսուհետ նաև՝ Կարգ), որի շրջանակներում ամրագրված է եղել կարգապահական վարույթի կասեցման հնարավորությունը և դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները, ինչպես նաև փաստաբանների պալատի խորհրդին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը:
Հարկ է նշել, որ Օրենքի գործող իրավակարգավորումների համաձայն՝ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է ընդամենը երկարաձգվել, այն էլ առավելագույնը երեք ամսով, իսկ փորձաքննություն նշանակելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
Այս համատեքստում, Օրենքի գործող իրավակարգավորումներով հաշվի չեն առնվում գործնականում առաջացող այն խնդիրները, որոնք խոչընդոտում են կարգապահական վարույթի իրականացմանը, օրինակ՝ եթե անհնարին է տվյալ կարգապահական գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:
Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև նրանով, որ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի գործունեության ընթացքում ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ, որոնց առկայության պայմաններում պարզ չէ, թե ինչ կառուցակարգեր և ընթացակարգեր պետք է կիրառվեն վերջինիս կողմից դրանք հաղթահարելու համար:
Նախագծերով անհրաժեշտ է նաև կարգավորել այն հարցը, թե կարգապահական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշման բողոքարկման արդյունքում, երբ Խորհուրդը կայացնում է Հանձնաժողովի որոշումը մասնակի կամ ամբողջությամբ վերացնելու մասին որոշում, ինչ հետևանք է ունենում և ինչ ելք է ունենում կարգապահական գործը։ Այն դեպքում, երբ Խորհուրդը վերացնում է Հանձնաժողովի բողոքարկված որոշումը, պետք է կարգապահական վարույթն ուղարկվի Հանձնաժողովին նոր քննության՝ այն ծավալով, որով վերացվել է կարգապահական հանձնաժողովի բողոքարկված որոշումը։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ նաև՝ Նախագծեր) ընդունման արդյունքում նախատեսվելու են հետևյալ հիմնական փոփոխությունները.
2․1 Նախատեսել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում ինքնակարգավորվող կազմակերպությունների իրավասու մարմինների՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ հատուկ հայցային վարույթ, ելնելով քննարկման առարկա հանդիսացող իրավահարաբերությունների առանձնահատկություններից՝ որոշակի ընթացակարգային կանոնների սահմանում՝ գործի քննության, գործին մասնակցող անձանց դատավարական գործողությունների իրականացման սեղմ ժամկետներ, տվյալ վեճերի դեպքում դատարանի կողմից իրականացվող գործողություններ, ապացուցման պարտականության բաշխման հատուկ կանոններ, ինչպես նաև նախատեսել վճիռ կայացնելիս դատարանի կողմից հաշվի առնվող հանգամանքները։
2․2 Բարելավել անվճար իրավաբանական օգնության գործող կառուցակարգերը, հստակեցնել մատուցվող ծառայությունների շահառուներին և ծավալները, առավել արդյունավետ դարձնել անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու իրականացվող վարչարարությունը: Բացի այդ, առաջարկվում է բարելավել ակնհայտ վճարունակ մեղադրյալից կամ տուժողից ցույց տրված իրավաբանական օգնության վճարման համար պետության կատարած ծախսերը բռնագանձելու մեխանիզմները:
2․3 Փաստաբանի կարգապահական պատասխանատվության Օրենքով ամրագրված փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի գործունեության առնչությամբ Օրենքով չկարգավորված առանձնահատկությունները նախատեսել Պալատի խորհրդի կողմից հաստատվող հանձնաժողովի գործունեության կարգում, ինչպես նաև Օրենքով կարգավորել կարգապահական վարույթի կասեցման և վերսկսման հարցերը։ Միաժամանակ, հստակեցվել է Պալատի խորհրդի կողմից բողոքարկված կարգապահական հանձնաժողովի որոշման հետագա վարույթի քննությունը և դրա ծավալը:
2․4 Սահմանափակել քրեական վարույթի շրջանակներում անվճար իրավաբանական օգնություն ստացող շահառուների ցանկը՝ դրանում ընդգրկելով իրապես հանրային պաշտպանության կարիք ունեցող անձանց: Նախատեսվում է ոչ մեծ ծանրության հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց տրամադրել հանրային պաշտպան բացառապես որոշակի հանգամանքների առկայությամբ պայմանավորված, ինչը կնվազեցնի պետության կողմից անվճար իրավաբանական օգնության համար կատարվող ծախսերը: Խմբերն ընտրվել են՝ հիմք ընդունելով արդարադատության շահը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
4․1 Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել ինքնակարգավորվող կազմակերպությունների իրավասու մարմինների՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների կապակցությամբ առաջացող վեճերով ընդդատության վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ վերապահելով դրանց քննությունն ընդհանուր իրավասության դատարանին, ինչպես նաև բացառել նշված կազմակերպությունների իրավասու մարմինների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ վեճերի կապակցությամբ պրակտիկայում հանդիպող տարընկալումները։
4․2 Նախագծերի կարգավորումների արդյունքում առավել արդյունավետ կդառնա անվճար իրավաբանական օգնության համար պետության կողմից հատկացվող միջոցների կառավարումը և օգտագործումը: Փոփոխությունները միտված են նաև նվազեցնելու հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածությունը:
4․3 Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել կարգապահական վարույթի իրականացման կարգը, նախատեսել վարույթի կասեցման հնարավորությունը:
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն ակնկալվում։ Միևնույն ժամանակ, առաջարկվող փոփոխությունների արդյունքում ինքնակարգավորվող կազմակերպությունների իրավասու մարմինների որոշումների հետ կապված վեճերը քննվելու են քաղաքացիական դատավարության կարգով՝ հատուկ հայցային վարույթի շրջանակներում, և հայցադիմումի համար պետական տուրքը հաշվարկվելու է ոչ դրամական պահանջի տրամաբանությամբ՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով, ինչը կարող է հանգեցնել պետական բյուջեում եկամուտների ավելացմանը։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի մի շարք կարգավորումների մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշման հավելվածով սահմանված՝ դատաիրավական բարեփոխումների 2-րդ նպատակից՝ երաշխավորելու արդարադատության արդյունավետության բարձրացման և դատական պրակտիկայի միասնականության ապահովումից, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 10-րդ նպատակի 10.6-րդ գործողությունից, որն ուղղված է փաստաբանների պալատի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները հատուկ վարույթի շրջանակներում դատական կարգով բողոքարկման ընթացակարգեր նախատեսելուն։ Միաժամանակ, Նախագծերի մի շարք կարգավորումների ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 29-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ ամրագրված հանրային պաշտպանների ծանրաբեռնվածության նվազեցման նպատակից:
[1] https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071810011881
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071810008120
[2] https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/1318
-
Discussed
11.11.2025 - 26.11.2025
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 959
Print