Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

   Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական և փաստացի խնդիրներից, ինչպիսիք են մասնավորապես՝ կադաստրային քարտեզներում և պետական գրանցման տվյալներում առկա սխալների՝ (քանակական, որակական, ինչպես նաև սեփականության սուբյեկտների վերաբերյալ) բացահայտման և ուղղման միասնական ու հստակ ընթացակարգի բացակայությունը, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի, չափագրողների և շահագրգիռ անձանց միջև իրավասությունների բաշխման անհստակությունը։ Հիշատակված խնդիրները հաճախակիորեն պատճառ են հանդիսանում վարչական և դատական վեճերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ձգձգումների և իրավական անորոշությունների։

   Նախագիծը նպատակ ունի վերացնել վերոնշյալ խնդիրները՝ սահմանելով սխալների բնույթի դասակարգում, դրանց ուղղման իրավական հիմքեր, ինչպես նաև ընթացակարգային երաշխիքներ՝ հիմնված վարչական վարույթի սկզբունքների վրա։ Միևնույն ժամանակ, Նախագծով առաջարկվող կարգավորումների մշակման անհրաժեշտությունն առավել արդիական դարձավ թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի նախադեպային որոշման առկայության պայմաններում, որով արձանագրվեց, որ ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ հանրային իշխանության մարմինները՝ մասնավորապես, Կոմիտեն և համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ և այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար։

 

 2. Կարգավորման առարկան և բնույթը.

   Նախագծով առաջարկվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը լրացնել նոր՝ 341.-ին հոդվածով, որի կարգավորումներով հստակեցվում են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված և կադաստրային քարտեզներում առկա սխալների հայտնաբերման, դրանց իրավաչափ ուղղման և վերջինովս պայմանավորված փոփոխությունների պետական գրանցման հարաբերությունները։

   Նախագծով մասնավորապես սահմանվում են՝

   1) կադաստրային քարտեզում անշարժ գույքի միավորի սխալի բովանդակությունն ու այդ սխալների տեսակները՝ քանակական (մակերես, գծային չափեր, երկրաչափական ձև), որակական (նպատակային և գործառնական նշանակություն, սեփականության սուբյեկտ),

   2) սխալների ուղղման իրավական հիմքերը՝ իրավահաստատող փաստաթղթեր, չափագրման տվյալների, հարևան հողամասերի սեփականատերերի համաձայնություններ, Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվող վարչական վարույթ,

   3) վարչական վարույթի ընթացակարգը՝ դիմումի փաթեթի ներկայացում, ներկայացված փաթեթի բովանդակություն, հարցումների իրականացում, ծանուցման (այդ թվում՝ հրապարակային ծանուցման) հնարավորություն և արձանագրությունների պարտադիր ձևակերպում,

  4) որակավորված անձանց պարտականությունները և մասնագիտական պատասխանատվությունը ներկայացված տվյալների իսկության համար,

   5) Կադաստրի կոմիտեի իրավասությունները՝ վարչական վարույթ հարուցելու, ուսումնասիրություններ իրականացնելու և ուղղում կատարելու կամ վերջինս մերժելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ:

 

  3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում կարգավորելու վերը շարադրված հարցերի շրջանակը, և վերջինիս կարգավորման ոլորտում, ի թիվս այլնի, ներառվում են կադաստրային քարտեզում կատարվող փոփոխությունների վերաբերյալ հետևյալ հարաբերությունները.

  Նախագծով նոր տեսակի, առավել արդյունավետ կարգավորումներ են սահմանվել այն դեպքերի համար, երբ կադաստրային քարտեզի ուղղման համար կազմված հատակագծում ուղղվող սահմանը համընկնում է իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների շրջանակներում իրավունքի պետական գրանցում ստացած կամ գույքագրված շենքերի և շինությունների սահմանի հետ: Նախագծով նախատեսվել է, որ տվյալ պարագայում այդ հանգամանքը համարվում է բավարար ապացույց կադաստրային քարտեզում ուղղում կատարելու համար և կադաստրային քարտեզում այդ սահմանի ուղղումը կատարվում է առանց փոփոխվող սահմանակից հողամասի սեփականատերերի համաձայնության։

   Ուղղման գործընթացը առավել դյուրինացնելու նպատակով Նախագծով հստակորեն ամրագրվել է նաև, որ Կադաստրի կոմիտեի կողմից հարուցված վարույթին մասնակցող անձանց անհամաձայնությունն ուղղում կատարելու համար խոչընդոտ չի հանդիսանում, եթե վարույթի նյութերում առկա են բավարար ապացույցներ՝ ուղղում կատարելու համար:

  Գործնականում հայտնաբերված բազմաթիվ խնդիրների հաշվառմամբ՝ Նախագծով սահմանվել է, որ անշարժ գույքի միավորի սխալների ուղղման համար չափագրողը չափագրման գործընթացը փաստացի իրականացնելիս սահմանների նշահարման փուլում նշահարման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ պարտավոր է ապահովել բոլոր այն սուբյելտների ծանուցված լինելը, որոնց անշարժ գույքի սահմանները կարող են առնչվել չափագրված տարածքի նշահարվող սահմանների հետ (այդ թվում՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի):

   Նախագծով նախատեսվել է նաև իմպերատիվ դրույթ, որի համաձայն՝ չափագրման ընթացքի վերաբերյալ չափագրողը պարտավոր է կազմել արձանագրություն, այդ թվում՝ արձանագրելով ծանուցված և չծանուցված անձանց (սուբյեկտների) մասին տվյալներ և չծանուցման պատճառներ: Միաժամանակ նախատեսվել է, որ ծանուցված, սակայն չափագրմանը չներկայացած անձինք համարվում են համաձայնություն տված օրենքի ուժով:

  Ամփոփելով վերոշարադրյալը՝ շեշտադրենք, որ Նախագծով կատարվող փոփոխությունների արդյունքում կադաստրային քարտեզների ուղղման գործընթացն առավել կհստակեցվի, կընդլայնվի Կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ իրականացվող ուղղումների շրջանակը, հստակ կսահմանվեն պահանջվող փաստաթղթերը, դրանց ներկայացման ընթացակարգերը: Մեր դիտարկմամբ՝ նման փոփոխությունների ընդունման արդյունքում հնարավոր կլինի ստեղծել բավարար իրավական հիմքեր՝ նշված ոլորտում առաջացող բազմաթիվ դատական և արտադատական վեճերի լուծմանն ուղղված նոր մեխանիզմներ ունենալու, ինչպես նաև զարգացող դատական պրակտիկային համահունչ գործելու նպատակով:

 4. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

   5. Նախագիծը մշակմանը ներգրավված մարմինները.

   Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագծի մշակումն պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության
2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտե» բաժնի 4
-րդ կետի 41-ին ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներով։

  • Discussed

    07.11.2025 - 27.11.2025

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1473

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: