««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի
ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետում «երրորդ անձանց» բառերը փոխարինել «ֆիզիկական և իրավաբանական անձանց» բառերով։
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1․1-ին, 1.2-րդ և 1.3-րդ մասերով․
«1.1 Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նախարարների տեղակալների, նրանց խորհրդականների (ներառյալ՝ հասարակական հիմունքներով խորհրդականների) պաշտոնը զբաղեցնող անձանց պաշտոնավարման դադարեցումից հետո՝ 12 ամսվա ընթացքում, արգելվում է լինել ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում (բացառությամբ՝ պաշտոնեական պարտականություններով պայմանավորված ներկայացուցչության), որտեղ ինքը եղել է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է եղել իրեն կամ անմիջականորեն վերահսկվել է իր կողմից:
1․2․ Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նախարարների տեղակալների, նրանց խորհրդականների (ներառյալ՝ հասարակական հիմունքներով խորհրդականների) պաշտոնը զբաղեցնող անձանց արգելվում է պաշտոնից ազատվելուց հետո՝ 18 ամսվա ընթացքում, աշխատանքի անցնել այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա պաշտոնավարման վերջին 18 ամսվա ընթացքում իրականացրել է անմիջական հսկողություն, կամ զբաղվել մասնավոր ոլորտում այնպիսի գործունեությամբ (այդ թվում՝ ձեռնարկատիրական), որն առնչվում է իր պաշտոնավարման նախկին ոլորտին և նախկինում զբաղեցրած պաշտոնով կամ նախկինում ձեռք բերած ծառայողական տեղեկատվության առկայությամբ պայմանավորված՝ կարող է տալ առավելություն:
1․3․ Վարչապետի, փոխվարչապետների, նախարարների, նախարարների տեղակալների, նրանց խորհրդականների (ներառյալ՝ հասարակական հիմունքներով խորհրդականների) պաշտոնը զբաղեցնող անձինք նախքան նոր պաշտոն ստանձնելը կամ նոր աշխատանքի անցնելը կարող են այդ մասին գրավոր տեղեկացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պարզելու տվյալ պաշտոնի կամ աշխատանքի համապատասխանությունը սույն հոդվածի 1․2-ին մասով նախատեսված պահանջին։»։
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Օրենքով նախատեսված դեպքերում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը առաջացնում է կարգապահական կամ վարչական պատասխանատվություն: Կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կարող են կիրառվել օրենքով նախատեսված դեպքերում:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.4-րդ և 3.1-ին կետերով.
«1.4) պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոնը զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների, շահերի բախման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելը.
3.1) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով նոր պաշտոնի կամ նոր աշխատանքի անցնելու համապատասխանությունը «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1․2-րդ մասով նախատեսված պահանջին ուսումնասիրելը և եզրակացություն տրամադրելը․»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում․
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.2-րդ կետով.
«2.2) պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոնը զբաղեցնող անձանց դիմումի հիման վրա տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների, շահերի բախման վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն.»։
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6․1-ին կետով․
«6․1) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով ուսումնասիրում է նոր պաշտոնի կամ նոր աշխատանքի անցնելու համապատասխանությունը «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1․2-րդ մասով նախատեսված պահանջին և տրամադրում եզրակացություն․»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 41․2-րդ հոդվածով՝
«Հոդված 41․2․ Հետաշխատանքային սահմանափակումների վերաբերյալ ուսումնասիրություն
1․ «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1․2-րդ մասով նախատեսված անձինք նախքան նոր պաշտոն ստանձնելը կամ նոր աշխատանքի անցնելը կարող են գրավոր դիմել Հանձնաժողովին՝ պարզելու տվյալ պաշտոնի կամ աշխատանքի համապատասխանությունը «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1․2-րդ մասով նախատեսված պահանջին։
2․ Հանձնաժողովը իրականացնում է ուսումնասիրություն՝ հաշվի առնելով անձի նախկին լիազորությունները ու նախկինում իրականացրած գործունեությունը և այն նոր պաշտոնի կամ նոր աշխատանքի բնույթը, որը համապատասխան անձը պատրաստվում է ստանձնել կամ կատարել։
3․ Դիմումում պետք է նշվի՝
1) դիմումը ներկայացրած անձի անունը, ազգանունը․
2) հաշվառման հասցեն (և բնակության վայրը՝ տարբեր լինելու դեպքում).
3) հեռախոսահամարը․
4) Էլեկտրոնային փոստի հասցեն․
5) նախկին պաշտոնի անվանումը.
6) նոր պաշտոնի կամ նոր աշխատանքի բնույթը, նոր գործատուի տվյալները։
4․ Հանձնաժողովը 15-oրյա ժամկետում ուսումնասիրության արդյունքների հիման վրա տրամադրում է հետաշխատանքային սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն:
5․ Եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում Հանձնաժողովը եզրակացությունն ուղարկում է դիմումը ներկայացրած անձին, ինչպես նաև այն գործատուին, որտեղ (ում մոտ) դիմում ներկայացրած անձը պաշտոն է ստանձնել կամ աշխատանքի անցել։
6․ Հանձնաժողովի եզրակացությունները ընդունման պահից եռօրյա ժամկետում հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում:
7․ Դրական եզրակացության դեպքում անձը կարող է ստանձնել նոր պաշտոնը կամ կատարել նոր աշխատանքը, իսկ բացասական եզրակացության դեպքում անձը չի կարող ստանձնել նոր պաշտոնը կամ կատարել նոր աշխատանքը:
8. Եթե մինչև Հանձնաժողովի կողմից եզրակացություն տրամադրելը անձը ստանձնել է նոր պաշտոնը կամ անցել է նոր աշխատանքի կատարմանը, ապա Հանձնաժողովի կողմից բացասական եզրակացության դեպքում անձը պարտավոր է ոչ ուշ, քան 60-օրյա ժամկետում դադարեցնել պաշտոնավարումը կամ աշխատանքի կատարումը:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 169.37-րդ հոդվածով․
«Հոդված 169.37. Հետաշխատանքային սահմանափակումները խախտելը
1․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 1.1-ին և 1.2-րդ մասերի պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված խախտման վերաբերյալ վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, խախտումը չվերացնելը կամ վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հետաշխատանքային սահմանափակման անհրաժեշտության վերաբերյալ բացասական եզրակացություն տրամադրելուց հետո նոր պաշտոնի ստանձնումը կամ նոր աշխատանքի կատարումը կամ 60-օրյա ժամկետում պաշտոնավարումը կամ աշխատանքի կատարումը չդադարեցնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենքի 244.17-րդ հոդվածում «169.31-րդ,» բառերից հետո լրացնել «169.37-րդ,» բառով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
07.11.2025 - 23.11.2025
-
Type
Law
-
Area
Justice, Fight against corruption, Public service
-
Ministry
Ministry of Justice
-
Status
Views 677
Print